ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մեր կյանքի սքանչելիքները

Մեր կյանքի  սքանչելիքները
03.11.2013 | 12:41

Չէ, ընդունեք, որ մեր օրերի խառնաշփոթն ուղղակի սքանչելի է: Սքանչելի բոլոր առումներով. նախ` Հայաստանը (հավանաբար վերջին անգամ) դրսևորում է իր անկախության արտոնությունները և ակտիվությունը, ապա` հանգամանալից ու համատեղ որոնում են Հայաստանի շահը ու չեն գտնում, որովհետև գտնել կամ կորցնել հնարավոր է գոյություն ունեցողը, իսկ Մաքսային միությունը ոչ մի կերպ չես համարի ավարտուն գոյություն (կամ` հաստատուն), առավել ևս Եվրասիական միությունը, որ պետք է գործի 2015-ի հունվարից, ինչպես հրովարտակում են Մաքսային միության լավատես անդամները: Իսկ առավել սքանչելին, որ հայտարարվում է, թե Մաքսային միությանը անդամակցելու հայտ է ներկայացրել Թուրքիան, իսկ Թուրքիան հերքում է իր նման մտադրությունը: Հերքում է նաև Հնդկաստանը: Բայց ինչ սքանչելի կլիներ իրապես: ՈՒ` հատկապես Հայաստանի համար: Եվ հետո` խառնաշփոթը սքանչելի է նաև նրանով, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրում ընթացքի համար, առավել ևս` արդյունքի: Չէ որ առայժմ ինքնիշխան պետությունները կարող են որոշում կայացնել` պե՞տք է իրենց ինքնիշխանությունը որպես սրբապատկեր, թե՞ ուզում են լավ ապրել: Փաստորեն ինքնիշխանության պարագայում լավ ապրել չի ստացվում: Համենայն դեպս` Բելառուսում: Նաև` Հայաստանում, բայց Հայաստանն արդեն հրաժարվել է իր ինքնիշխանությունից` Մինսկում հուշագիր ստորագրելով, որով պարտավորվում է ձեռնպահ մնալ ՄՄ-ի շահերին հակասող որևէ գործողությունից ու հայտարարությունից: Իսկ ո՞րն է ՄՄ-ի շահը: Ստորագրվելո՞ւ է ևս մեկ հուշագիր, որ շարադրի Մաքսային միության շահերը և Մաքսային միության շահերին հակասող գործողություններն ու հայտարարությունները: Թե՞ դա էլ անհատական մոտեցում է ենթադրում: Փաստ է, որ առայժմ Մաքսային միությունն իր գործող ձևաչափով ընդհանրական շահի դրսևորում չի ունեցել` եղել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի առանձին շահերի բազում դրսևորումներ, ի դեպ, չափազանց հաճախ միմյանց հակասող (Գենադի Օնիշչենկոն այլևս ՌԴ գլխավոր սանիտարական-քաղաքական բժիշկը չէ, բայց խոսուն են գործերը): Հիմա Հայաստանը ստանձնում է այդ երկրների փաստաբանի՞ դերը: Իսկ ո՞վ է պաշտպանելու Հայաստանի շահը: Այս իրավիճակում ենթադրվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Մի՞թե սքանչելի չէ: Կառավարությունն աշխատանքային 7 խումբ է ստեղծել` այդ շահերի պաշտպանության համար, բայց նախքան այդ խմբերն աշխատանքի կանցնեն, որպեսզի բանակցեն և նախապատրաստեն ՄՄ-ին անդամակցելու համաձայնագիրը, Հայաստանն արդեն պարտավորվել է ոչինչ չանել ու չհայտարարել ՄՄ-ի շահերի դեմ: Ո՞րն է տրամաբանությունը: 7 խումբ բանակցում են, որ ընդունեն ինչ առաջարկվելո՞ւ է: Իսկ առաջարկվելու է, բնականաբար, այն, ինչ բխում է գործող անդամների շահերից: Սքանչելի պարադոքս, որի մեջ խրվում ենք չգիտես շտապողականությունի՞ց, թե՞ արարողակարգային հարկադրանքով: Բայց չէ որ մենք դեռ չենք փոխել մեր Սահմանադրությունը, որի մասին 1995-ից ինչ ասես ասում ենք, գրում ենք, փնովում ու զրպարտում, ինչքան կարող ենք, չենք հարգում, երբ պետք է, պաշտպանվում ենք Սահմանադրությամբ, երբ ձեռնտու է, փոխում ենք, երբ հարմար է, բայց չենք հարգում: Որովհետև եթե հարգեինք, կկարդայինք գոնե: Իսկ եթե կարդայինք, հենց սկզբից կիմանայինք, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իշխանությունն էլ պատկանում է ժողովրդին: Ճիշտ է, մեր դեպքում դա հնչում է իբրև հավուր պատշաճի ասված խոսք, որովհետև ոչ ժողովուրդն է հիշում, որ իշխանությունն իրենն է, ոչ իշխանությունն է հիշում ժողովրդին: Հանուն արդարության, այնուամենայնիվ, ասվում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու փաստաթղթերի ավարտուն տեսքից հետո միայն հնարավոր է ասել` միությանն անդամակցելը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունենալու երկրի տնտեսության վրա: Տրամաբանական է` ձուկը չբռնած, չես ասի` խավիար կա, թե չկա: Իսկ էժան էներգակիրների հեքիաթն արդեն այնքան է պատմվել, որ նույնիսկ իմաստ չունի հարցնել, թե ո՞ր ձեռնարկությունների արտադրանքի վրա է անդրադառնալու էներգակիրների էժանությունը:

Ա՞յն, որ պարտքի դիմաց իբրև գույք հանձնվեց Ռուսաստանին, թե՞ այն, որ համարվում են երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող, բայց աշխարհում արդեն երկիր չի մնացել, որ հերթով գնում ու հրաժարվում են այդ ձեռնարկություններից: Պատճառները հայտնի են: Հետևանքները` նույնպես: Համարյա այդ պատճառով ենք 21-րդ դարի երկրորդ տասնամյակում էլիտար շինարարությունից անցնում սոցիալականին: Այսինքն` Հյուսիսային պողոտային զուգահեռ կկառուցվի Հարավայի՞ն փողոց` նվազ բարձրահարկ, նվազ հարմարավետ, նվազ աղմկահարույց, բայց նույնքան անբնակ: Սքանչելի չէ՞:
Իսկ Եվրոպան` տոլերանտ, ժողովրդավար, համբերատար Եվրոպան արդեն սկսել է ցույց տալ քաղցրաբլիթի հակառակ կողմը` մտրակի տեսքով: Եվրախորհրդարանի բանաձևերն` ապացույց: Բնականաբար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993-ին ընդունած որոշումները այսօր չեն կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հիմք դառնալ: Բայց դա մեր կարծիքով, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լռում են, անդամ երկրների նախագահները լռում են: Տոլերանտ, ժողովրդավար, համբերատար Եվրոպան ինքն էլ գիտի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անշրջելի փաստ է, այս դեպքում անգամ հայի բախտը չի կարող գործել, բայց ի՞նչ անի նույն այդ Եվրոպան, եթե հայը` ղարաբաղցի հայը, ի լուր աշխարհի հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է գա և տեր կանգնի իր տարածքներին, որ Թուրքմենչայի դաշնագրով իրեն են հանձնվել: Իսկ ինչո՞ւ որևէ հայ չի հայտարարում, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագրով Թուրքիային հանձնված Ռուսական կայսրության մեջ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն: Թեկուզ Ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանին, բայց պետք է վերադարձվեն: Հետո կպարզվի, որ Ռուսական կայսրությունը 1917-ին դադարել է գոյություն ունենալ, անգամ Ռուսական կայսրության իրավահաջորդ ԽՍՀՄ-ն էլ դադարել է գոյություն ունենալ և ԽՍՀՄ-ի կազմից դուրս են եկել բոլոր 15 հանրապետությունները, նաև Ռուսաստանը` Բելովեժյան թավուտում: Եվ կան անկախ պետություններ: Հետո՞: Պատմության մեջ դեգերումներից վերադառնանք մեր օրերը: 2015-ին Հայոց ցեղասպանության 100 տարին է բոլորում, Մաքսային միության անդամ պետությունները այդ փաստին ինչպես են անդրադառնալու` Ղազախստանի նախագահը այս անգամ էլ Թուրքիայի՞ տարածքային ամբողջականությունն է ընդունելու, Բելառուսի նախագահն էլ ասելու է` սպասեք Ադրբեջանին հարցնենք, թե ինչ կասի: Իսկ Ռուսաստանը զենք է վաճառելու այս անգամ Թուրքիայի՞ն: Թե՞ բոլորը սպասելու են ապրիլքսանչորսյան ուղերձում ինչ կասի ԱՄՆ-ի նախագահը` եղե՞ռն կասի, գենոցի՞դ կասի: Չի ասի: ԱՄՆ-ի որևէ նախագահ ցեղասպանությունը կընդունի, երբ դա բխի ԱՄՆ-ի շահերից: Իսկ ԱՄՆ-ի շահերը շոշափում են անկախ, ինքնիշխան պետություններին վերաբերող խնդիրներ: Որպես կանոն: Որովհետև նրանք սրբապատկերները օգտագործում են բուն նշանակությամբ:
Իսկ ի՞նչ կլինի Վիլնյուսում: Մի՞թե որևէ մեկին դեռ հետաքրքրում է Եվրամիության հետ ասոցացման ինչ-որ փաստաթուղթ, որի նախապատրաստման համար ոչ միայն տարիներ են ծախսվել, այլև հայերիս համար ավելի շոշափելի ու նյութական, հետևաբար, կարևոր ռեսուրսներ` փող: Փող, որ դուրս է եկել ոչ միայն եվրոպացիների, այլև մեր գրպանից: Եվ ո՞ւր է գնացել: Այս կետում մենք դադարո՞ւմ ենք Հայաստանի տնտեսական շահը պաշտպանել: Թե՞ մեր տնտեսական շահը այսօր ¥այս ընթացքով` և վաղը, և մյուս օրը¤ մեզ թելադրում է միանալ մի միության, որի անդամ երկրների արտադրանքը, ինչպես և մերը, մրցունակ չէ միջազգային շուկայում, բայց փոխարենը փակում ենք աշխարհի ամենամեծ սպառման շուկայի դուռը և կամովին հրաժարվում ենք երբևէ մրցունակ ապրանք արտադրելու ու սպառելու հնարավորությունից: Ինչո՞վ սքանչելի չէ: Կա նաև մեկ այլ տարբերակ. նմանը գտնում է նմանին` մեզ ձգում է այն շուկան, որտեղ պայմանները թելադրում են մոնոպոլ դիրքեր ունեցող օլիգարխները` բոլորը, առանց բացառության, պետական, քաղաքական հույժ ազդեցիկ գործիչներ: Մոռացե՞լ ենք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, թե՞ համոզված ենք, որ նույնքան ռեսուրսներ ունենք, նույնքան տարածք ու բնակչություն որքան Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը: Թե՞ մեր հույսը Ղրղզստանն է: Կամ` Թուրքիան ¥հենց այնպես հիշեցնեմ` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան¤ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով կմտնի Մաքսային միություն, կստորագրի Մաքսային միության ու եվրասիական տնտեսական շահերին հակասող գործողություններ ու հայտարարություններ չանելու հուշագիր ու ամոթից հաջորդ օրը կբացի Հայաստանի սահմանը, իսկ մյուս օրը Ադրբեջանին կասի` ես երրորդ երկիր եմ` գնացեք ու Հայաստանի հետ ձեր խնդիրները ինքնուրույն լուծեք: Ճապոնիայի վարչապետն էլ Չինաստանից է դժգոհ, ասում է` Չինաստանի աճող ազդեցությունը պիտի հաղթահարվի, ու մենք պետք է ավելի մեծ դեր խաղանք Ասիայում: Պարզ է, չէ՞, որ խորամանկ ճապոնացին եվրասիական տնտեսական տարածք մտնելու հայտ է ներկայացնում: Իսկ հաջորդ քայլը հաստատ Չինաստանը կանի` կվերցնի ու կմտնի Մաքսային միություն, 2015-ից էլ` Եվրասիական միություն: Դե մի՞թե սքանչելի չէ այս խառնաշփոթը` Վլադիվոստոկից Վանկուվեր: Իսկ Ազգային ժողովի պատգամավորները, ինչպես միշտ, ամեն ինչ իմանում են կատարվելուց հետո, տեսակետ հայտնում են իմանալուց հետո, ավելի ճիշտ` նույնիսկ իմանալուց հետո հայտնում են միայն անձնական տեսակետ, որովհետև կուսակցական տեսակետը շատ բարդ, պատասխանատու, անշնորհակալ գործ է: Կուսակցությունը լավ է, երբ դառնում է տանիք, աշխատանքի տեղավորման գրասենյակ, անձնական հավակնությունները պետականաշինություն ներկայացնելու պատրվակ, բայց ոչ մեկին պետք չէ իբրև քաղաքականություն մշակող, գաղափար ու ծրագիր ունեցող, վերջապես` բազմակուսակցական համակարգի մաս կազմող քաղաքական ուժ: Որովհետև մեր երկրում փորձը ցույց է տալիս, որ այդ «բազմա»-ն որոշվում է մեկի կամքով ու մեկ օրում: Թե աջ, թե ահյակ շրջադարձին: Ի՞նչ կա առավել սքանչելի: Բացիր կուսակցությունդ ու գնա առաջ: Ոչինչ, որ ճանապարհորդություն է լաբիրինթոսում, կարևորը ընթացքն է, արդյունքի մասին կմտածենք հետո: Հետոն էլ հետո կերևա: Վիկտոր Խրիստենկոն կասի: Կամ` պաշտոնով ավելի ցածր մեկը կասի, ու կարվի: Իսկ Պուտինը կնայի ու կժպտա: Բարի-բարի: Համարյա Լենինի պես: Կարևորը, որ ժպիտը կլուսավորի ամբողջ միասնական տնտեսական գոտին, Եվրասիական միությունը ու այն ամենը, ինչ բխում է միության շահերից: Հետո կպարզվի` ո՞ր միության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Զայրանում ես, ուրեմն ճիշտ չես: Իրավունք ունեք, կարող եք ասել: Իհարկե: Ես կարող եմ սխալվել, որովհետև սխալ, թե ճիշտ լինելու միակ չափանիշը մեր երկրում մնացել է միայն ժամանակը: Մենք արդեն մեր սխալն ու ճիշտը սահմանելու, գնահատելու, որոշելու բոլոր չափանիշները բովանդակազրկել ենք: Մենք հետևողական ենք մեր անհետևողականության մեջ և կանխատեսելի` մեր անկանխատեսելիության մեջ: Իսկ ժամանակը, զայրանաս, չզայրանաս, քո կյանքից է գնում, և այն, ինչ այսօր չես անում, վաղը հաստատ չես անելու, որովհետև վաղը անելու ես օրվա անելիքը: Եվ այն, ինչ չունես այսօր, վաղը չես ունենալու, ունենաս էլ` արդեն պետք չի լինելու, որովհետև վաղվա պահանջները միշտ այսօրվա պահանջներից տարբեր են: Կյանքն է այդպիսին: Եվ դա, իսկապես սքանչելի է, այլապես տեղապտույտի մեջ գլխապտույտ էինք ունենալու, գլխապտույտի մեջ` անպտուղ զայրույթ: Ահա այսպես 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո մենք դեռ հաղթահարում ենք շոկը, որ ժխտում ենք, և խառնաշփոթը, որ արդեն անիմաստ է ժխտելն իսկ: Հոկտեմբերի 27-ից հետո, օր, որ շրջեց Հայաստանի երրորդ Հանրապետության ընթացքը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության ճանապարհից դեպի ֆորպոստ: ՈՒ դա արդեն սքանչելի չէ բոլորովին:

Դիտվել է՝ 1709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ