«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ
-Պարոն Բաբայան, ի վերջո, ինչո՞ւ և ինչի՞ց սկսվեց «Գրանդ Քենդիի» շուրջ, այսպես ասած, «ապրանքանիշային» այս ողջ աղմուկը:
-Ամեն ինչ սկսվեց «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկայի» տնօրենի բողոքից: Մի անհեթեթ բողոք այն մասին, որ մենք գրանցել ենք իրենց պատկանող ապրանքային նշանները Հայաստանում և այդ ապրանքանշաններով ապրանք ենք արտադրում: Ցավոք, այդ տիկնոջ ստահոդ պահանջները Հայաստանում բուռն արձագանք գտան, արժանացան կառավարական մակարդակի քննարկումների: Որքանո՞վ է լուրջ, որ մեր կառավարությունում անհանգստանում և հրապարակային վերաբերմունքի են արժանացնում մի հայտարարություն, որը պարունակում է բացահայտ սուտ տեղեկություն: Այդ կինը հայտարարել էր, թե մենք գրանցել ենք «Սլաբոժանսկայա լաստոչկա» և «Սլաբոժանսկայա ռոմաշկա» անվանմամբ ապրանքանիշեր, ինչը բացահայտ սուտ է. նման ապրանքանիշ մենք չենք գրանցել և առաջին անգամ ենք լսում այդ անվանումները: Սա փաստ է:
-Շատ հետաքրքիր իրադրություն է, բոլոր դեպքերում, ստացվում. Հայաստան ժամանած Ալլա Կովալենկոն («Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկայի» տնօրենը), հայտարարություն է անում, մեկ էլ ու պարզվում է, որ նման ապրանքանիշ դուք չեք գրանցել, բայց «իրերի դրությունը» մնում է նույնը։ Այդ դեպքում ինչո՞ւ վերջինս չի հերքում այդ ապակատեղեկությունը, կամ` ինչո՞ւ իրավական դաշտում չեք փորձում լուծել հարցը:
-Մենք ունենք գործողությունների մեր ծրագիրը, որն էլ իրականացնում ենք: Ինչ վերաբերում է իրավական դաշտում հարցը լուծելուն, ապա այդ ճանապարհը պետք է ընտրեր ՈՒկրաինայի արտադրողը, եթե իր պահանջներն օրինական էին: Բայց նրանք ողջ աշխարհում ընդունված իրավական պրակտիկայից խուսափեցին և, չգիտես ինչու, դիմեցին կառավարությանը: Ներմուծողները նույնիսկ Խարկովի մարզից պատվիրակություն բերեցին Հայաստան` այս հարցը բարձրաձայնելու: Մենք օրենսդրությանը համապատասխան կարգով գրանցել ենք ապրանքանիշեր և արտադրում ենք: Իսկ այն ապրանքանիշերը, որոնք գրանցել ենք, բայց չենք արտադրում, օրենքով սահմանված կարգով հինգ տարվա ընթացքում արտադրելու ենք:
-Ի դեպ, քանի՞ անուն ապրանքանիշ եք մինչ այս գրանցել և որքա՞նն եք արտադրում:
-Մենք ունենք գրանցած 700 ապրանքային անվանում, որից 100-ը վերջերս գնել ենք «Սվիթլենդ» ընկերությունից: Այս պահին օգտագործում ենք մոտ 300-ը:
-Մնացածն ինչո՞ւ չեք արտադրում:
-Բոլոր ապրանքանշաններն էլ մենք օգտագործելու ենք: Այս տարի տեմպը մի փոքր ընկավ տնտեսական ճգնաժամի պատճառով: Ապրանքանիշը տրվում է 10 տարով: Այն հավերժորեն որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ 10 տարիներից 5-ը տրվում է ապրանքի արտադրությունը նախապատրաստելու համար, իսկ մնացած 5 տարին` ապրանքանիշն օգտագործելու համար: Իսկ եթե մենք գրանցման օրվանից 5 տարի չենք արտադրի որևէ ապրանքանշանով արտադրանք, ապա յուրաքանչյուրը կարող է բողոքարկել մտավոր սեփականության գործակալություն և խորհրդի որոշմամբ, սեփականացնել այդ ապրանքանիշը: Ոչ մի խնդիր չեմ տեսնում:
Իսկ այն մարդը, ով ասում է, թե դա մոնոպոլիա է կամ անբարեխիղճ մրցակցություն, կամ տգետ է, կամ չարությամբ լցված մրցակից, որը փորձում է մամուլի բոլոր հնարավոր միջոցներով ապատեղեկություն տարածել:
-Իսկ ծանո՞թ եք ապրանաքանիշերին վերաբերող օրենքում կառավարության կատարած փոփոխություններին. համաձա՞յն եք դրանց հետ:
-Այստեղ էլ են ներմուծողները փորձել ազդել չինովնիկների վրա, որ իրենց շահերը արտահայտեն այդ օրենքում, բայց հուսով եմ, որ Ազգային ժողովի քննարկումների ընթացքում պատգամավորները կանեն ամեն ինչ, որ առավելագույնս պաշտպանեն արտադրողների շահերը: Այդ փոփոխությունները դեռ քննարկման փուլում են:
-Արտահանման ի՞նչ աշխարհագրություն և ամպլիտուդ ունեք:
-Արտահանման ծավալները շատ մեծ չեն: Երբ տեղական արտադրողին վերաբերվում են այնպես, ինչպես Հայաստանում, ապա արտահանման գործը դժվարանում է: Եթե այլ երկրների կառավարության ղեկավարները մեզ վերաբերվեն այնպես, ինչպես մեր երկրի վարչապետը վերաբերվում է ուկրաինական գործարանի տնօրենին, ապա մեր արտահանման ծավալները այնքան կտրուկ կաճեն, որ չենք հասցնի արտադրել:
-Հետաքրքիր է` գործո՞ւմ է, արդյոք, այսպես ասած, ԽՍՀՄ-ի «իրավահաջորդության համակարգը» ձեր ոլորտում. ասել է` «Բելոչկա» և այլ տեսակի կոնֆետներ այն տարիներին արտադրվում էին նաև միութենական հանրապետություններում: Ի՞նչ իրավահարաբերություններ են ոլորտում, ինչպե՞ս է կարգավորվում դաշտը:
-ԽՍՀՄ-ում արտադրվում էին ապրանքանիշեր, որոնք բոլորի սեփականությունն էին` հանրային սեփականություն էին: Այո՛, նույն ապրանքանիշերով ապրանքներ էին արտադրվում նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետություններում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարբեր հանրապետություններում մասնավոր ձեռնարկություններն իրենց անուններով գրանցեցին հայտնի ապրանքանիշերը` դարձան ապրանքային նշանների օրինական սեփականատերեր: Այսօր եթե Հայաստանից որևէ մեկը փորձի, ասենք «Բելոչկա» կոնֆետ արտահանել նույն ՈՒկրաինա կամ Ռուսաստան, այդ երկրների մաքսային մարմինները կարգելեն: Մենք ունենք նամակներ տարբեր երկրներից, որով նրանք արգելում են տվյալ ապրանքանիշի ներմուծումն իրենց երկիր: Իսկ Հայաստան թույլատրվում է ներմուծել ամեն ինչ: Մեր գրանցած և արտադրած ապրանքանշաններով, բայց ՈՒկրաինայում կամ այլ երկրում արտադրված բազմաթիվ կոնֆետներ կարող եք տեսնել մեր շուկայում: Ներմուծողներն այսօր այնքան են ոգևորված կառավարության վրա իրենց ազդեցությամբ, որ նույնիսկ չպատասխանեցին մեր նամակին, որում մենք պահանջում էինք դադարեցնել անօրինական ներմուծումը: Ես կրկին պնդում եմ, որ չի կարելի սեփական երկրի շուկան ձրի նվիրել յուրաքանչյուրին: Շուկան գին ունի, և այդ գինը շատ բարձր է: Մենք այն հանձնել ենք դրսի արտադրողներին, որոնք տզրուկի նման մեր երկրից քաշում են գումարներ, աշխատատեղեր: Որքա՞ն կարող է սա շարունակվել: Մեր գործազուրկի դժբախտության հաշվին երջանկանում է այլ երկրի աշխատատեղ ունեցողը: Այս դասագրքային ճշմարտությունները մենք պետք է հասկանանք, ի վերջո:
-Պարոն Բաբայան, շուտով, ըստ ամենայնի, հայ-թուրքական սահմանը կբացվի. խոսվում է տնտեսական էքսպանսիայի մասին. դա ձեզ ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է:
-Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ: Դրական է այն հանգամանքը, որ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, բացի այդ, Թուրքիան մի մեծ շուկա է հայկական մրցունակ ապրանքների համար: Իսկ բացասական հետևանքներ կարող են լինել միայն մեր շուկայի անպաշտպան վիճակի պատճառով: Եթե այսօր ուկրաինացի գործարանի տնօրենն է մեր կառավարության վրա մատ թափ տալիս և ստիպում գնալ օրենսդրական փոփոխությունների, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի Թուրքիայի դեպքում:
-Ի դեպ, օրերս ՀՅԴ խմբակցությունից պատգամավոր Արա Նռանյանը հարց ուղղեց կառավարությանը, թե ինչպես բացատրել այն հանգամանքը, որ մինչև այսօր որևէ անուն ապրանքանիշ գրանցված չէ մաքսային կոմիտեում։ Կառավարությունը պահանջեց հարցը գրավոր ներկայացնել, ու ներկաներս չիմացանք պատճառը։ Գուցե Դո՞ւք գիտեք:
-Ցանկացած երկրի մաքսային կոմիտե պետք է ունենա ապրանքային նշանների գրանցամատյան: Եթե երկիր է ներմուծվում մի այնպիսի ապրանքանշանով ապրանք, որն արդեն գրանցված է տվյալ երկրում, ներմուծումն արգելվում է: Մեր երկրում գրանցամատյան չի վարվում: Փաստորեն, չի պաշտպանվում սեփականության իրավունքը: Պատկերացրեք, որ Հայաստանում կամ, ասենք, աֆրիկյան որևէ երկրում արտադրվել է «Սնիքերս» անվամբ կոնֆետ, որը փորձում են արտահանել ԱՄՆ կամ մեկ այլ երկիր, որտեղ «Սնիքերսը» գրանցել է իր ապրանքանիշը: Այդ արտադրողին կամ ներմուծողին կտուգանեն, ապրանքը կբռնագրավեն, մի խոսքով` ներմուծմանը կասեն` ոչ: Իսկ մենք անբարոյական կնոջ պես ոչ ոքի «ոչ» չենք ասում, և ով ինչ ուզում` անում է մեր շուկայի հետ: Մեր շուկան մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն: Եթե մեր շուկան լիովին հանձնենք օտարներին, ապա կվտանգենք մեր երկրի տնտեսությունը: Սա ազգային անվտանգության խնդիր է: Բոլոր մյուս պետական ատյանների կողմնապահ կամ անտարբեր լինելու պատճառով դիմում եմ Ազգային անվտանգության ծառայությանը` մեր ներքին շուկան փրկելու խնդրանքով: Հայրենական արտադրողի գրանցած գրեթե բոլոր ապրանքանշաններով այսօր ապօրինաբար ապրանքներ են ներմուծվում մեր շուկա: Սա քայքայում է մեր տնտեսությունը, խարխլում մեր պետականության հիմքերը: Խնդրում ենք ձեր աջակցությունը` հետաքննեք և ձեռնարկեք քայլեր հօգուտ մեր երկրի տնտեսական անվտանգության:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ