Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՔԻՉ ԷՐ ՄԱՐՏԻ 1-Ը, ՀԻՄԱ ԷԼ ԳԵՆԵՐԱԼՆԵ՞ՐՆ ԻՐԱՐ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԳԱՆ»

«ՔԻՉ ԷՐ ՄԱՐՏԻ 1-Ը, ՀԻՄԱ ԷԼ ԳԵՆԵՐԱԼՆԵ՞ՐՆ ԻՐԱՐ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԳԱՆ»
15.12.2009 | 00:00

Վերջերս ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ գործընթացների ակտիվացման ֆոնին հաճախ է հնչում այն տեսակետը, թե գեներալները, պատերազմին լուրջ մասնակցություն ունեցած անձինք պասիվ կեցվածք են ընդունել։ Այդպե՞ս է, հարցրինք գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ։
-Զինվորականն իրավունք չունի մասնակցելու քաղաքականությանը,- ասաց Տեր-Թադևոսյանը։- Գեներալները նրա համար են, որ պաշտպանեն երկիրը, ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ։ Նրանք կարող են իրենց տեսակետն էլ ունենալ, բայց այն չպետք է բարձրաձայնեն։ Գեներալի խնդիրը զինվորի հետ պետությունը պաշտպանելն է։ Ով ում հետ ինչ հարց ունի, որևէ խնդիր լուծելու կարիք, իրար վրա ցեխ շպրտելու ցանկություն, շահարկում է ղարաբաղյան հիմնահարցը։ Զինվորականները նման խնդիր չունեն։ Եթե մեկին էլ չեմ հարգում կամ նրա դիրքորոշումը չեմ ընդունում, դա իմ մոտեցումն է, ու հարկ չեմ համարում դրա մասին խոսել։ Մեկ-մեկ ասում են, թե գեներալները պիտի հավաքվեն, որոշում ընդունեն։ Ի՞նչ որոշում, գեներալը կռվում է ու զբաղվում երկրի պաշտպանությամբ` խաղաղություն, կայունություն ապահովելով։ Է՜, գեներալնե՞րն էլ էդ ամեն ինչի մեջ խառնվեն։ Քիչ էր մարտի 1-ը, հիմա էլ գեներալնե՞րն իրար դեմ դուրս գան։
-Սասուն Միքայելյանի համար ՀՀ նախագահին ուղղված Ձեր նամակը զուտ զինվորականի՞ դիրքորոշում էր։
-Սասուն Միքայելյանի առողջական վիճակը շատ վատ է, նա իմ մարտական ընկերն է, ու այդ քայլը շատ բնական էր։ Շնորհակալ եմ, որ նախագահը խնդրանքս չմերժեց։
-Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնանք։ Ձեր կարծիքով` այսօրվա գործընթացներն ո՞ւր են տանում։
-Ղարաբաղյան բանակցությունները հենց առաջին օրվանից սխալ ուղու վրա են դրվել։ Չեմ ցանկանում որևէ մեկի հանդեպ բացասական արտահայտվել, բայց պետության ղեկավարներն առաջին իսկ օրից որոշել էին, որ այդ տարածքները չեն կարող Հայաստանին մնալ, դրանք տրվելու են Ադրբեջանին։ Մենք հողեր էինք ազատագրում, երկիր պաշտպանում, իսկ իրենք այստեղ այլ ձևով էին հարցերը լուծում, այսինքն` հողերը տալ Ղարաբաղի ինքնավարության դիմաց։ Տալ ու լավ ապրել։ Սա հանգեցնելու էր զրոյական վիճակի։ Երկրորդ նախագահն էլ սխալներ արեց։ Չեմ ցանկանում նրան ինչ-որ բան ասել, քանի որ նա եղել է իմ գլխավոր հրամանատարը։ Չեմ կարող ասել նաև, որ նա է միակ մեղավորը, որովհետև նա մենակ չէր, նրա կողքին այլ մարդիկ էլ կային։ Հիմքը, որի վրա այսօր հենվում է երրորդ նախագահը, լիովին խարխլված էր։ Հիմա Սերժ Սարգսյանը քայլ առ քայլ կարծես ոտքի է կանգնեցնում։ Այսօր քննադատում են Սերժ Սարգսյանին, ես էլ եմ քննադատում, բայց լավն էլ, վատն էլ պիտի ասել։ Ղարաբաղն այսօր ոտքի է կանգնում։ Ղարաբաղցին իր գործը գիտի ու կարող է իր երկիրը պահել։ Զարմանում եմ, բայց մենք չենք գրում, ասում, որ 94-ի մայիսի 12-ին զինադադարը ադրբեջանցիները չեն ստորագրել։ Մեզ խնդրել են, որ իրենց վրա չհարձակվենք, չկրակենք, սակայն չեն ստորագրել։ Ադրբեջանն իրավունք չունի միջազգային պայմանագրեր ստորագրելու, քանի դեռ Թուրքիայի հետ պայմանավորվածություն չունի։ Դրա համար էլ նրանք գնացին Թուրքիա ու շուրջ երեք ամիս հետո եկան ստորագրեցին։ Իսկ մենք հավատացինք նրանց։ Ալիևը քաղաքականության վարպետ էր ու կարողացավ ֆռռացնել, խաբել։
-ՈՒզում եք ասել` երրորդ նախագահը, ի տարբերություն նախորդների, գործընթացը կամաց-կամաց ճիշտ հունի մե՞ջ է դնում։
-Այո, բայց երրորդին էլ քննադատում եմ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ։ Փաստաթուղթ չպետք է ստորագրվեր Ապրիլի 24-ի նախօրեին։ Իհարկե, թուրքերի հետ կարելի էր բանակցել, խոսել, բայց դրանից գոնե հինգ օր առաջ կամ հետո։ Ինչո՞ւ են դրանով մեզ ծիծաղի առարկա դարձնում։
-Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, թե իշխանությունները պատրաստ են ազատագրված հողերը վերադարձնելու։ Նման բան հնարավո՞ր է։
-Ով ուզում էր հանձնել, չկարողացավ։ Այսօրվա ընդդիմությունը, որ ժամանակին իշխանություն էր, ինքն էր ուզում հանձնել։ Մի փաստաթուղթ չկար, որտեղ գրված լիներ, թե Ղարաբաղը պետք է անկախ լինի։ Պարզապես չկար այն գաղափարախոսությունը, որ ոչ թե մեզ համար ապացուցեինք, այլ միջազգային հանրությանը, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ։ Մեր խնդիրն այսօր էլ սա է։ Ներքին հակասությունները պետք է վերացնել ու համախմբվել, միավորվել։ Ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ պիտի աշխարհին ապացուցենք, որ այդ տարածքները մերն են, ու անգամ այլ տարածքներ էլ ունենք ազատագրելու։ Ի՞նչ է, ամաչո՞ւմ ենք։
-Իսկ կրտսեր Ալիևի պարբերաբար հնչող ռազմաշունչ հայտարարություններում ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք։
-Եթե կարողանային ռազմական ճանապարհով հարցը լուծել, վաղուց կանեին։ Ճիշտ է, որ զենք, զինամթերք շատ ունեն, բայց պատերազմում դրանով չեն հաղթում։ Թուրքիան Ադրբեջանի մեծ եղբայրն է և ուժեղ պետություն, բայց հասկանում է, թե ինչպիսի փոքր եղբայր ունի։ Հիմա մտածում են, որ ավելի լավ է չունենային։
-Ղարաբաղյան հարցի լուծումը միայն ռազմակա՞ն ճանապարհով է հնարավոր։
-Մեր գոյության ողջ ընթացքում խաղաղության ճանապարհով հողի հարց չի լուծվել։ Այսօր տեսնում ենք, թե զենքի առևտուրը տարեցտարի ինչպես է աճում։ Իսկ ինչպես ասում են, «պատից կախված հրացանը մի օր անպայման կկրակի»։ Մենք ոչ մեծ եղբայր ունենք, ոչ ռազմավարական գործընկեր։ Մեր ուժը մեր մեջ է։ Ի դեպ, նույն ադրբեջանցիներն էլ իրենց երկրում խնդիրներ ունեն։ Այդ երկրում բազմաթիվ ազգային փոքրամասնություններ կան, որոնք միմյանց հետ շատ հակասություններ ունեն։
-Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, կգտնվե՞ն նախկինի պես հայրենիքի համար կռվող տղաներ։
-Ես այս հարցը չեմ հասկանում։ Բոլորը գնացել են իրենց հողը, երկիրը, մորը, կնոջը, երեխային, ինձ ու քեզ պաշտպանելու։ Կարո՞ղ է հիմա ասեմ, թե հա, կգնամ էս պառլամենտը, էս պաշտոնյաներին պաշտպանելու համար։ Կռվողն իր երկրի համար է պայքարում ու գիտի` հանուն ինչի է պատրաստ կյանքը զոհելու։
-Ավարտվում է տարին։ Զինվորականի մաղթանքը զինուժին։
-Բանակը մի նոր կազմավորման փուլ է անցնում, որը, կարծես, դրական արդյունք է տալիս։ Կուզենայի հայոց բանակը միշտ այն դիրքում լինի, որն այսօր կա, քանի որ տարածաշրջանում ամենաուժեղը մեր զինուժն է։ Բոլոր զինվորականներին մաղթում եմ առողջություն։ Նրանք ունեն հաղթողի ոգի։ Թող թշնամին իր հայտարարություններով մեզ չվախեցնի, որովհետև ջարդվել են ու կրկին ջարդվելու են։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ