Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ»
02.07.2010 | 00:00

Մեր հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ
-ԱԺ գարնանային նստաշրջանում քննարկված և ընդունված օրինագծերից ո՞րն եք առանձնացնում իբրև ամենակարևոր ու կենսական նշանակություն ունեցող:
-Դեռ տարեսկզբին ՀՅԴ-ն կանխատեսում էր, որ կառավարության շնորհիվ նստաշրջանն անցնելու է շատ հետաքրքիր` կառավարությունը բերելու է լուրջ օրինագծեր, որոնք հասարակական քննարկման առարկա են դառնալու, և կառավարությունն իր քայլերով ավելի սրելու է թե՛ հասարակական հարաբերությունները, թե՛ քաղաքացիների սոցիալական վիճակը: Փաստորեն, մեր այդ կանխատեսումն իրականացավ, և ԱԺ-ն վերջին ամիսներին դարձավ իսկապես հասարակական ուշադրության կենտրոններից մեկը:
-Այդքան խնդրահարույց և անշնորհակալ ուշադրությունը պե՞տք էր ԱԺ-ին:
-Երբ քաղաքացին ընտրվում է ԱԺ պատգամավոր և հատկապես եթե քաղաքական մեծամասնության մաս է կազմում, պետք է պատրաստ լինի պատասխան տալու բոլոր արած-չարածների, երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության համար: Դա է պատճառը, որ ԱԺ-ում քննարկվեցին հարցեր հայ-թուրքական հարաբերություններից մինչև Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ շրջագծում: Այս նստաշրջանի առանձնահատկությունն էր, որ քաղաքական մեծամասնությունն արդեն հայտնվել է լուրջ դեպրեսիայի մեջ: Բոլորին ակնհայտ են իշխանությունների թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության ձախողումները: Պարզապես ելնելով իրենց ստանձնած դերից` քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները ստիպված են պարբերաբար արդարացնել օրենսդիր ու գործադիր իշխանության այս ու այն ձախողումները, իսկ որոշ դեպքերում էլ` չուզենալով մասնակից դառնալ այդ ձախողումներին:
-Ի՞նչն եք համարում ձախողում:
-Ձախողումների շարքը մեծ է ու երկար, դժվարանում եմ գտնել ոլորտ, որտեղ իշխանությունը վերջին շրջանում հաջողություն ունեցավ: Արտաքին քաղաքականության ձախողումն ակնհայտ է նույնիսկ քաղաքական մեծամասնության հավատարիմ կողմնակիցներին. ոչ միայն կանխատեսումները չիրականացան, այլև բացահայտվեց իշխանության անկարողությունն ու անպատրաստությունը արտաքին քաղաքականություն վարելու: Քաղաքական մեծամասնության արտաքին քաղաքականության իդեալիստական կոնցեպցիան ձախողվեց, թեև դա ներկայացվում է որպես իրական քաղաքականություն, կյանքը վկայեց, որ իրական քաղաքականությունը բոլորովին այլ կատեգորիա է, և իդեալիստական, միամիտ կանխատեսումներով արտաքին քաղաքականություն կառուցելը հղի է ծանր հետևանքներով: Կառավարությունը ձախողումներից զերծ չմնաց նաև ներքին կյանքում: Սոցիալ-տնտեսական վիճակի, մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացումը, քաղաքացիների ռեալ կյանքի վատթարացումը ասվածի ապացույցն է: Կառավարությունը ԱԺ բերեց և շարունակում է բերել մի շարք օրինագծեր, որոնք մեծացնում են տնտեսության մոնոպոլացման աստիճանը, տնտեսության ճյուղերի կենտրոնացվածության մակարդակը, ինչը ոչ բարենպաստ մթնոլորտ է ձևավորում գործարար ակտիվության համար: Սկսած խաղատնային բիզնեսից մինչև փոխանակման կետեր` այդ քաղաքականությունն ակնհայտ է: Կառավարությունը շարունակում է իր նեոլիբերալ կուրսը` ի հաշիվ աշխատավորների ապահովելով թվացյալ ակտիվություն տնտեսական կյանքում:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Ճգնաժամային նեղ իրավիճակում կառավարությունը չխուսափեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անելու գայթակղությունից, որը որևէ դրական արդյունքի չի հանգեցնելու:
-Ի՞նչ էր ուզում կառավարությունն այդ փոփոխությամբ:
-Նպատակը մեկն էր` անցումային շրջանի տնտեսություններում պաշտպանել ոչ թե աշխատավորի, այլ գործատուի շահերը` նրան տալով առավելություն աշխատավորի նկատմամբ, որպեսզի տնտեսական գործունեություն ծավալելու շահագրգռություն ունենա: Սա շարունակությունն է այն կուրսի, որ Հայաստանում պետք է լինեն ցածր աշխատավարձեր, տնտեսության մրցունակության ապահովման համար աշխատատեղերը սոցիալապես ոչ ապահովված պետք է լինեն, ինչը թույլ կտա գործատուին շահույթներ կուտակել և նոր ներդրումներ անել տնտեսության մեջ: Այս թեզը բազմիցս քննադատվել է, համաշխարհային պատմությունը ցույց տվեց, որ զարգացան այն երկրները, որտեղ պաշտպանվեցին աշխատավորների շահերը, վճարվեց արժանապատիվ աշխատավարձ, քաղաքացին աշխատեց ոչ թե ստիպողաբար, այլ նվիրված ու գիտակից: Լավագույն օրինակը ԵՄ-ն և այլ զարգացած պետություններն են տվել, որտեղ աշխատավորները լինելով ապահովված` շահագրգռված են տնտեսական բարիքներ ստեղծելով: Հայաստանում կառավարությունը շարունակում է կառուցել հետամնաց երկրի մոդել: Հայաստանն աշխարհին չի ներկայանում որպես պատրաստի արտադրանք ունեցող երկիր, առավել ևս` բարձր տեխնոլոգիաներ, այլ հումք և աշխատուժ արտահանող պետություն: Կառավարությունը բերեց, և առաջին ընթերցմամբ քաղաքական մեծամասնությունն ընդունեց կենսաթոշակային համակարգի «բարեփոխումների» ծրագիր, որն ավելի է նվազեցնում պետության դերը տնտեսության մեջ, փաստացի տեղի է ունենալու կենսաթոշակային համակարգի մասնավորեցում, և հետևանքը լինելու է այն, որ Հայաստանն արտահանելու է զարգացած պետություններ երրորդ հումքը` փողը: Ակնհայտ է, որ կառավարության պատկերացրած ապագա Հայաստանը բոլորովին էլ զարգացած, տեխնոլոգիական և արդյունաբերական հզորություններ ունեցող պետություն չէ, այլ, լավագույն դեպքում, մի պետություն, որտեղ զարգացած է սպասարկման ոլորտը, բանկային համակարգը և երեք տեսակի հումքի աղբյուր է զարգացած պետությունների համար: Աշխարհում կան կապիտալիստական կենտրոններ, որոնց ծառայում են մանր-մունր պետությունները, և կան պետություններ, որոնք փոքր են, բայց զարգացած պետության հավակնություններ ունեն: Ես չեմ ընդունում զարգացած և զարգացող պետություններ դասակարգումը, կան զարգացած պետություններ, զարգացող պետություններ, որոնք հավակնում են դառնալու զարգացած պետություններ, և հետամնաց պետություններ, որոնց զարգացումը երբեք չի հանգեցնելու զարգացած պետություն դառնալուն, և նրանք շարունակելու են մնալ հումքի աղբյուր: Ցավոք, Հայաստանում զարգանում է երրորդ մոդելը:
-Չե՞ք կարծում, որ նաև միջազգային ֆինանսական կառույցներն են դրան մղում, և լինելով ոչ ինքնաբավ երկիր` մենք հարկադրված ենք այդպիսին լինելու:
-Ես համամիտ չեմ հասարակության որոշ շերտերում տարածված մտայնությանը, թե Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականությունը հետևանք է արտաքին ուժերի պարտադրանքի: Աշխարհում գոյություն ունեն պետություններ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի անդամ են, սակայն վարում են այլ արտաքին ու ներքին քաղաքականություն. կառուցում են ազգային տնտեսություն և մասնակցում են գլոբալ քաղաքական խնդիրների լուծմանը: Մինչդեռ ՀՀ-ն այսօր ձայնազուրկ է նույնիսկ իրեն առնչվող խնդիրների հարցում: Եթե չլինեին այդ օրինակները, գուցե Ձեզ հետ համաձայնեի: Ես դեմ եմ, որ մեր թերությունների մեղավորը միջազգային կառույցներն են, որովհետև ընդունեք, որ Հայաստանում կան ուժեր և մարդիկ, որոնց այս համակարգը ձեռնտու է, և նրանք այսպիսի մոդելի կառուցման գործում կարևորագույն դերակատարություն ունեն: Քանի նրանք կան, սխալ է մեղադրել միջազգային կառույցներին: Եթե ՀՀ-ն ցանկանա իրականացնել բոլորովին այլ տնտեսական քաղաքականություն, բոլոր հնարավորություններն ունի, պարզապես աշխարհը վերադասավորում է իր մոտեցումներն ըստ երկրների վարած քաղաքականության և հաշվի է առնում այն իրականությունը, որ կա այդ երկրում: Չեխիան ինքնուրույն տնտեսական քաղաքականություն էր վարում և ԵՄ-ի քննադատությանն էր արժանանում, նույնիսկ եվրոյի ներդրման համար ժամկետ ԵՄ-ն սահմանեց 2015 թ., իսկ այսօր Չեխիան ինքն է հայտարարում, որ հնարավոր է 2015-ին չցանկանա կրոնից եվրոյի անցնել` հաշվի առնելով եվրոյի վիճակը: Չեխիան կարողանում է ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարել, որը գուցե դուր չի գալիս գերմանացիներին, դուր չի գալիս ֆրանսիացիներին, բայց իրենք կառուցում են նորմալ պետություն:
-Ո՞րն է խնդիրը այդ դեպքում:
-Խնդիրն ազգային արժանապատվության գիտակցումն է և ազգային հավակնություններ ունենալը: Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի ինքնուրույն, հեղինակություն վայելող պետությո՞ւն, որի հետ հաշվի կնստեն, թե՞ պատրաստ ենք շարժվելու ընդհանուր հորձանքի մեջ, որ նշանակում է գնացքի պոչավագոն լինել: Ես մերժում եմ բոլոր հարցադրումները, որ Հայաստանն ի վիճակի չէ դա անելու, որովհետև դա ստորացուցիչ ու վիրավորական է ինձ համար որպես հայ մարդու: Եթե այլ պետություններ ու ազգեր կարողացել են, վիրավորական է լսել, որ հայերս ի վիճակի չենք: Հենց փոխենք այդ մտածելակերպը ու հավատանք, որ կարող ենք դա անել, ի վիճակի կլինենք: Տեսեք Հարավային Կորեայի օրինակը, որ միշտ Չինաստանի ու Ճապոնիայի միջև կռվախնձոր է եղել, երբեք իրենից լուրջ պետություն չի ներկայացրել` դարեր շարունակ պայքարելով միայն իր ինքնության պահպանման համար: Բայց եկավ մի սերունդ, որ հայտարարեց, որ այդպես շարունակել չի ուզում և ի վիճակի է ամեն ինչ անելու: Հարավային Կորեան այսօր մեծ հաջողություններ ունի ֆուտբոլից գեղասահք, բարձր տեխնոլոգիաներից նավաշինություն... Այսօր Կորեան 20 պետություններից մեկն է, որոնք որոշում են համաշխարհային տնտեսության զարգացման ուղղությունները: Հիշեք նաև Հարավային Կորեայի փոքր տարածքը, հանքահումքային ռեսուրսների բացակայությունը:
-Չայլուի միջադեպը Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողման դրսևորո՞ւմ էր, թե՞ նոր շրջան է սկսվում տարածաշրջանում:
-Չայլուի միջադեպը դեռևս գործոն չէ, քանի դեռ Հայաստանն այդ փաստը որպես գործոն չի օգտագործել: Նման դեպքեր էլի են եղել, բայց արդյոք կարողանո՞ւմ ենք նման դեպքերից հետո վերադասավորել մեր մոտեցումները, արտաքին քաղաքականության և մեր հոգեբանության մեջ շտկումներ կատարելուց հետո հարվածել մեր հակառակորդին և նախաձեռնություն ստանալ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում: Պետական շրջանակների արձագանքը վկայում է, որ ոչ: Առիթներ շատ ենք ունեցել փոխելու մեր վերաբերմունքը թե՛ Ադրբեջանի, թե՛ մեծ տերությունների նկատմամբ: Ցավոք, ընդհանուր հոսանքի մեջ շարժվելու տրամադրությունը երբեք թույլ չի տվել ընդվզել և ինքնուրույն գործոն ներկայանալ: Չայլուի միջադեպից հետո որևէ փոփոխություն չեղավ ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոդելի փոփոխության հարցում: Արտաքին գործերի նախարարը շարունակում է ողջունել եռանախագահների կուրսը և լավատես մնալ` աննպաստ պայմաններում:
-Ըստ լրատվամիջոցների` Չայլուն Ադրբեջանի արձագանքն էր սանկտպետերբուրգյան բանակցություններին ու համարյա թե Ալիևի հուսահատ ընդվզումը։ Իրո՞ք այդպես կարող է լինել:
-Ալիևի տրամադրությանը կամ եռանախագահներին գնահատականներ տալով մեր պրոբլեմները ծածկելը սխալ եմ համարում: Ցավալի է, որ մեզ մոտ չկա տարածքները հանձնելու մտահոգությունը, այլ իշխանական լրատվամիջոցները ոգևորված են Ալիևի վատ տրամադրությամբ: Ես կարծում եմ` առաջնայինը պետք է լինի ոչ թե այս կամ այն հարևան երկրի նախագահի, այլ մեր պետության ու մեր ժողովրդի տրամադրությունը: Իսկ տարածքները հանձնելու իշխանական որոշ տրամադրությունները բոլորովին էլ ընդունելի չեն: Այսօր պետական քարոզչությունը Հայաստանում շատ է նմանվել ադրբեջանականին, երբ կա իրականություն, բայց ժողովրդին ներկայացվում է բոլորովին այլ պատկեր: Իրականությանն անհամարժեք վարդագույն պատկերի ներկայացումը բթացնում է հասարակության զգոնությունը, և անհրաժեշտ պահին ամբողջ հասարակության մոբիլիզացումը ազգային խնդիրների համար դժվարանում է:
-ՄԽ անդամ երկրների նախագահների հայտարարությունն արձանագրում է և՛ տարածքների հանձնում, և՛ խաղաղության համաձայնագրի մշակում, և՛ ԼՂՀ ժողովրդի ազատ կամահայտնությամբ կարգավիճակի որոշում... Ինչո՞վ է այս հայտարարությունը մեզ համար վտանգավոր և ինչո՞վ է նպաստավոր:
-Երբեք եռանախագահները հայտարարություն չէին անի այն կետերի մասին, որոնք նախօրոք չեն քննարկվել կողմերի հետ: Եռանախագահները հայտարարել են այն, ինչի շուրջ երկու կողմերի միջև եղել է համաձայնություն: ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները երբեք չէին գնա կոպիտ դիվանագիտական սխալի` հայտարարելով այն, ինչ հաջորդ օրը այս կամ այն երկրի նախագահը կարող էր հերքել: Այս հայտարարության պատճառները պետք է փնտրենք մեր երկրում:
-Ո՞րն էր մեր սխալը, որ միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին սկսեցին Հայաստանն ընդունել որպես այլ պետության տարածքները բռնազավթած ագրեսորի և ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի մակարդակով հորդորում են վերադարձնել:
-Ակնհայտորեն դա մեր արտաքին քաղաքականության սխալն էր, որ բավարար քարոզչություն չտարվեց ու դիվանագիտական անհրաժեշտ աշխատանք չկատարվեց: 1988-ից անցել է տևական ժամանակ, և այս ընթացքում եկել է նոր սերունդ, որը չգիտի հարցի նախապատմությունը, չգիտի հակամարտության նախապատմությունը, քաղաքական գործիչների այս սերունդը տեսնում է իրադարձությունների այս վիճակը, որտեղ Ադրբեջանին հաջողվում է հայկական ագրեսիայի զոհ ներկայանալ, ու տրամաբանական է թվում տարածքների 20 տոկոսի ու 1 միլիոն փախստականների առասպելը: Աշխարհը չի ընկալում հայ ազգի և թուրքական էթնոսի հակամարտության իրական պատճառը և դիտարկում է ղարաբաղյան հակամարտությունը շարքային տարածքային վեճի շրջանակում, այնինչ մեր պարագայում առկա է մի ժողովրդի (թուրքի) կողմից սեփական հողի վրա ապրելու հայ ժողովրդի իրավունքի վիճարկում, որի արդյունքն են թե՛ 1915 թվականի Ցեղասպանությունը, թե՛ Սումգայիթը, թե՛ ղարաբաղյան պատերազմը:
-Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը վկայում է, որ պատերազմն էլ ելք չէ:
-Որքան էլ մենք բարձրաձայն ասենք, որ պատերազմը ելք չէ, այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ հենց պատերազմն է իրական լուծումը: Համենայն դեպս, զինադադարը և արդեն երկրորդ տասնամյակը ստատուս քվոյի պահպանությունը պատերազմի արդյունք էր: Համաշխարհային պատմությունը վկայում է, որ հենց պատերազմներով են նման հարցերը առավել հաճախ լուծվում:
-Հնարավոր համարո՞ւմ եք պատերազմն իբրև հարցի լուծման տարբերակ:
-Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: ՈՒժեղ, ինքնավստահ երկրների դեմ չեն պատերազմում, պատերազմում են թույլ և իրենց ուժերին անվստահ, երկչոտ քաղաքականություն վարող երկրների դեմ: Ես կարծում եմ` պատերազմը քաղաքականության մեջ հարցի լուծման միջոց է, բայց ընդամենը միջոցներից մեկը:
-Ֆուտբոլո՞ւմ էլ է այդպես:
-Իհարկե, ֆուտբոլը կյանքի մի մասն է:
-Ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն:
-Իսկ Դուք նկատե՞լ եք, որ համաշխարհային քաղաքականության հիմնական դրսևորումները արձանագրվում են նաև այս առաջնության ընթացքում, տեսնո՞ւմ եք, ինչ գեղեցիկ ու տպավորիչ ֆուտբոլ են խաղում այն երկրները, որոնք մինչ այս ֆուտբոլային տերություններ չեն եղել. ակնհայտորեն Հարավային Կորեայի համար քիչ է համաշխարհային տնտեսության մեջ իններորդ արտահանող լինելը, նրան անհրաժեշտ է և մարզական տերության հպարտությունը: Նույնը` ասիական մյուս թիմերը, որոնք խաղում են ժամանակակից, գեղեցիկ ֆուտբոլ: Իսկ ինչպես են նահանջել ֆուտբոլային հիմնական տերությունները: Այս առաջնությունը վկայեց, որ բոլոր թիմերը լավ պատրաստ են եկել և ուզում են հաղթել, արժանի են հաղթանակի: Իհարկե, հերթական փուլ դուրս եկած թիմերը նախ և առաջ արժանի էին իրենց խաղով, թեպետ եղան մրցավարական սխալներ: Իսկ չեմպիոնին պետք է որոնել Արգենտինայի, Գերմանիայի, Բրազիլիայի թիմերում:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ