38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աշխարհականներն օգնության ձեռք են մեկնում հոգևորականների՞ն

Աշխարհականներն օգնության ձեռք են մեկնում հոգևորականների՞ն
06.02.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Սկիզբը` թիվ 6-ում
Այս հոդվածը գրելիս ձեռքիս տակ ընկավ «Էջմիածին» ամսագրի 1957 թ. մի հին համար, որտեղ մեր Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ (և իսկապես, և բառիս բուն իմաստով, ոչ թե որպես խոսքի համեմունքով) Վազգեն Ա-ին է դիմում Անգլիկան եկեղեցու առաջնորդը հետևալ տողերով. «Նորին սրբություն Վազգեն Ա, կաթողիկոս Ամենայն հայոց», իսկ մեր կաթողիկոսը նրան պատասխանել է այսպես. «Նորին ամենապատվություն… այսինչին»։ Իսկ եթե հիմա պատասխանելու լիներ, ի՞նչ պետք է գրեր միասեռական «եպիսկոպոսին», նույն խոսքե՞րը, թե՞ «Նորին ամենաանպատվություն... այսինչին»։ Ինչևէ, իր ծառաներին դատողը Տերն է, բայց մենք էլ մեր գլուխները չաշխատենք մեղքի ավազի տակ թաքցնել։
Այս վերջին ժամանակների առումով սուրբ հայրերից մեկն ասել է. «Մեզանից առաջ սուրբ հայրերը մեծ ճգնություններ արեցին, մենք նրանց կեսն էլ չենք անում, բայց վերջին ժամանակներում կգան օրեր, որ քրիստոնյաներն այդքանն էլ չեն անի, բայց նրանցից ով որ փրկվի մեզանից, մեծ կլինի երկնքում, որովհետև նրանք բարի օրինակ չունենալով իրենց առջև, պետք է բարին փնտրեն ու նրա հետևից գնան»։ Այս միտքը կա նաև Հովհաննու «Հայտնության» մեջ, որտեղ պատգամներ են տրվում յոթ եկեղեցիներին։ Բոլոր պատգամների վերջում Տիրոջ խոսքը հավատարմաբար պահելու համար կան տարբեր խոստումներ։ Եփեսոսի եկեղեցու քրիստոնյաներին այսպես է ասում Տերը. «Ով հաղթի, Ես նրան թույլ կտամ ուտելու կյանքի ծառից, որ գտնվում է Աստծո դրախտի մեջ»։ Զմյուռնիայի եկեղեցուն ասում է. «Ով որ հաղթի, չպիտի վնասվի երկրորդ մահից»։ Թիվատիրի եկեղեցուն ասում է. «Ով հաղթի ու Իմ գործերը պահի մինչև վերջ, նրան իշխանություն պիտի տամ ազգերի վրա, և նրանց պիտի հովվի երկաթե գավազանով ու նրանց պիտի փշրի ինչպես բրուտի անոթ…։ Եվ նրանց պիտի տամ առավոտյան աստղը»։ Սարդիկեի եկեղեցուն ասում է. «Ով հաղթի, ճերմակ կհագնի, և նրա անունը չի ջնջվի Կյանքի գրքից, և նրա անունը պիտի խոստովանեմ Իմ Հոր առաջ և հրեշտակների առաջ»։ Ֆիլադելֆիայի եկեղեցուն ասում է. «Ով հաղթի, նրան Իմ՝ Աստծո տաճարին սյուն պիտի դարձնեմ. և նա այնտեղից դուրս չի գալու, և նրա վրա վրա պիտի գրեմ Իմ՝ Աստծո անունը և Իմ՝ Աստծո քաղաքի անունը. Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից»։ Եվ վերջապես Լավոդիկեի եկեղեցուն գրում է. «Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու Ինձ հետ Իմ Աթոռին»։ Իսկ վերջում բոլորի համար գրում է. «Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» («Հայտնություն», Բ և Գ գլուխներ)։
Ինչո՞ւ այսքան հանգամանալից գրվեց այս մասին: Որպեսզի տեսնենք, որ հոգևոր պատերազմը գնալով թեժանում է, ու ըստ այդմ էլ հաղթողներին տրված խոստումներն են մեծանում, ընդհուպ Աստծո գերագույն Գահին նստելու իրավունք է վերապահվում։ Ավելի մեծ խոստում չկա։ Ինչո՞ւ, որովհետև վերջին ժամանակների գայթակղություններն ու փորձություններն այնքան մեծ ու ահավոր պիտի լինեն, որ մինչև վերջ համբերությամբ հաղթողներին մեծագույն պարգև է սպասելու։
Եվ, ըստ Աստծո խոսքի ու մեր սուրբ հայրերի մարգարեական պատգամների, այս մեր ապրած օրերը հենց այդ վերջին ժամանակներին են վերաբերում։ Չե՞ք հավատում։ Քննեցեք գրքերը և լավ բացեք ձեր ականջներն ու աչքերը ու կտեսնե՛ք։ Հենց թեկուզ այսօրվա քննելիք հարցն է ապացույց, որ վերջին ու չար ժամանակներում ենք ապրում։
Եվ, ինչ խոսք, այժմյան գայթակղություններով լեցուն ժամանակներում, իհարկե, կուսության սխրանքն իրոք մեծ ջանք ու ճիգ է պահանջում, քանզի մինչև վանական խցերը կարող են սողոսկել աշխարհի սոդոմական ձայներն ու նույնիսկ պատկերները։ Բայց դա դեռ չի նշանակում, որ անհնար է կուսակրոնության սխրանքը մինչև հաղթություն հասցնել, քանզի Տիրոջից խոստում ունենք. «ՈՒր մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ. 5. 20)։
Տողերիս հեղինակը մի քանի տարի Երուսաղեմում է ապրել ու տեսել այնպիսի գայթակղություններ, որ «Սուրբ քաղաք» անունը պետք է չակերտների մեջ առնվեր։ Իսկ այս վերջին դեպքերը, որ հեռարձակումով տեսան շատերը, ընդամենը երեխայական ծեծկռտուք են` համեմատած հոգևոր այն պատերազմների հետ, որոնք լինում են այնտեղ։ Պողոս առաքյալը հռոմեացիներին, այսինքն` այն ժամանակվա կայսերական պետության մայրաքաղաքի բնակիչներին, որտեղ բորոտության նման տարածված էին ազատ ու այլասերված բարքերն ու հեթանոսական այլ սովորությունները, իր նամակներով քրիստոնյաներին հորդորում է, որ մարմնավոր ընթացքից զգուշանան, քանի որ. «Մարմնի խորհուրդը թշնամի է Աստծուն» (Հռոմ. 8.7), իսկ մի այլ տեղ ասում է. «Մարմինն ու հոգին իրար հակառակ են»։ Ասել կուզե` եթե մենք ինչ-ինչ պատճառաբանություններով տեղի տանք մարմնի խորհուրդներին, ապա տանուլ պետք է տանք հոգևոր ասպարեզում ձեռք բերած հաղթանակների անգնահատելի արժեքները, որ այդքան ջանք ու ճիգով ձեռք են բերվել դարերի ընթացքում մեր սուրբ հայրերի միջոցով։
Եթե մի փոքր հետ նայելու լինենք, ապա մեզ օրինակ կարող են հանդիսանալ մեր քաջ ֆիդայիները, ովքեր թշնամու դեմ պատերազմելու համար, կանանց նկատմամբ իրենց ցանկությունները մի կողմ դրած, «կուսական» վիճակում էին պատերազմում, որովհետև գիտեին, որ դա կարող էր իրենց խանգարել հաղթանակելու։ Իսկ ի՞նչ է, մեր հոգիների թշնամու՝ սատանայի դեմ պատերազմն ավելի թեժ չէ՞, քան մարմնավոր թշնամու դեմ պատերազմելը։
Եթե սպորտային մրցումներում հաղթում են բարձր նշաձողը հաղթահարողները, ապա Պողոս առաքյալի ասած հոգևոր մրցասպարեզում հաղթանակի դափնուն արժանանալու համար, ի՞նչ է, մեր պապերի դրած ու հաստատած հոգևոր նշանաձողն իջեցնե՞նք, որպեսզի այժմյան կուսակրոն հոգևորականներն իրենց հավատքի չեմպիոննե՞ր համարեն ու իրենցից գոհ-գոհ աշխարհի ծափահարություններն ու փա՞ռքը վայելեն։
Այս հարցի պատասխանը ես չեմ ուզում տալ, քանզի ինքս էլ մեղավոր ու անարժան մարդ եմ, այլ Սուրբ Գրքի Աստծո իմաստուն այրի միջոցով հոդվածի վերջում կկարդաք այն։
Իսկ, ըստ իս, կուսակրոնների արած ուխտի խախտման պատճառներից մեկը (եթե չասենք ամենահիմնականը) գալիս է նրանից, որ այդպիսիներին երկար ժամանակ ու համապատասխան հնարավորություն չի տրվում իրենք իրենց ճանաչելու, սեփական ուժերը փորձելու, իրենց ներաշխարհի թաքնված զորություններին ծանոթանալու և նոր մեծ սխրանքի ուխտին զինվորագրվելու։ Ինչպես որ Տեր Հիսուսն է զգուշացնում, ասելով. «Ձեզանից ո՞վ, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի՞, որպեսզի, գուցե, երբ հիմքը դնի և չկարողանա ավարտել, ու բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել և ասել, թե՝ այս մարդը սկսեց կառուցել և չկարողացավ ավարտել» (Ղուկ. 14.28-29)։ Նրանց բոլորին, դեռ ճեմարանական նստարանից չվերկացած, ընդամենը քառասուն օր են տալիս ընտրելու իրենց հետագա ծառայակերպը։ Այսինքն՝ նրանք, որ քահանայական ընթացքն են գերադասում, ապա քահանա դառնալու համար պետք է հապճեպ հարսնացու գտնեն (որը նույնպես վտանգավոր է, քանի որ բազում փորձություններ են սպասում հոգևորականի ընտանիքին), որ քահանա ձեռնադրվեն, իսկ նրանք, ովքեր կուսակրոնության ուխտի մեջ են մտնում առանց նախապատրաստական շրջան անցնելու, հետագայում պատերազմի սաստկությունը զգալով հետ են կանգնում իրենց ուխտից կամ գաղտնի կերպով անթույլատրելի կապերի մեջ են մտնում, դառնալով ուխտազանցներ, ինչը, ինչ խոսք, ցավալի պիտակ է քրիստոնյայի համար ու հոգու կորստյան պատճառ։ ՈՒրեմն ի՞նչ անենք, որ մեր եկեղեցին զերծ լինի նման պարտություններից ու կորուստներից։
Դարերի փորձն ու վկայությունները մեզ հուշում են, որ արդեն ժամանակն է ամբողջ թափով ու հնարավոր ամեն միջոցներով վերականգնելու վանականության դպրոցը (ի տարբերություն մնացած առաքելահիմն եկեղեցիների, մեր Հայ առաքելական եկեղեցին միակն է, որ չունի գործող վանքեր, իսկ եղածն էլ իրենց մի քանի վանականներով, առայժմ զբոսաշրջիկների կամ ուխտավորների այցելավայրեր են ընդամենը։ Օրինակ, հարևան Վրաստանում այժմ տասնյակ վանքեր ու կուսանոցներ են գործում` հազարավոր վանականներով ու միանձնուհիներով լեցուն։ ՈՒ ոչ թե լոկ անունով վանականներ են պետք, որոնք մեծ մասամբ ադմինիստրատիվ ծառայություններ են անում, այլ, բառիս բուն իմաստով, վանքերում ամենապակասը երկու տարով կուսակրոնին վայել կյանք ապրելով, իրենց գիշերային հսկումներով, պահքով ու ծոմով, աղոթքով ու ջանքով։ ՈՒ միայն այս փորձությունների մեջ հաղթանակած հավատարիմ հոգիներին հարկ է թույլ տալ կուսակրոնության ուխտի մեջ մտնելու, որոնք պետք է հետագայում հսկեն քրիստոնյա հոտին։ Այլապես այժմյան երիտասարդ, դեռ հոգևոր պատերազմի «վառոդի հոտը» չառած վարդապետներն ու եպիսկոպոսները չեն կարող ոչ կյանքով, ոչ էլ գործով օրինակ լինել իրենց վստահված քրիստոնյա հոտի համար։ ՈՒ գաղտնիք չէ, որ այդ ուխտազանցների պատճառով են ամենաշատը բացվում աղանդավորների ու անհավատների չարախինդ բերանները։
Գրիգոր Տաթևացին իր քարոզներից մեկում ավետարանական հայտնի սերմնացանի առակը` «Լավ հողի մեջ սերմանվածն այն է, որ երբ լսում է խոսքը և հասկանում, պտուղ է տալիս. կա, որ մեկի դիմաց ՝ հարյուր, կա որ մեկի դիմաց՝ վաթսուն և կա որ մեկի դիմաց՝ երեսուն» (Մատթ. 13.23), մեկնաբանում է, որ հարյուրապատիկ պտուղը տվողները Աստծուն նվիրյալ մաքուր կուսակրոններն են, վաթսունը՝ ամուսնացյալ, հավատարիմ քահանաները, իսկ երեսունը՝ աշխարհական բարեպաշտ քրիստոնյաներն են։
ՈՒրեմն` ով կարող է, թող տանի այդ կուսակրոնության լուծը և հարյուրապատիկ պտղաբերի, իսկ ով չի կարող, թող ամուսնացյալ կարգավիճակում հավատարմաբար պտղաբերի, իսկ մենք՝ աշխարհականներս, ջանանք գոնե երեսնապատիկ պտուղով բեռնավորված կանգնել Տիրոջ առաջ։ Այլապես ռացիոնալիզմը մոլախոտի նման կտարածվի դարերով «քաղհանած» մեր ազգի հոգևոր անդաստանը և կխեղդի առանց այն էլ արդեն սակավապտուղ մեր այգին։ Իսկ «ռացիոնալիզմ» բառը Օրմանյան պատրիարքը թարգմանել է «բանականություն». այսինքն, երբ ճանաչողության միակ աղբյուրը համարվում է բանականությունը, փաստերի ու տրամաբանության վրա ծանրանալով, ու բոլորովին հաշվի չի առնվում հավատը, որ է հոգու աներևույթ, բայց իրական ու մշտնջենավոր զորություն։
Այս մտորումներից հետո արծարծված հարցերի պատասխանի խոսքը, վերջապես, տանք Սիրաք իմաստունին, որ գրել է.
«Նա՛, ով չի նորոգում և բարձրացնում նախնիների առաքինությունը, այդպիսին ամոթ ու նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք» (Սիրաքի իմաստություն 20.28)։
Ով ականջ ունի՝ կլսի։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3298

Մեկնաբանություններ