Ես, որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ հայկական կողմը պարտավոր է բանակցությունների ներկայանալ առաջարկությունների փաթեթով առ այն, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հայրենազրկումը, ենթարկվի միջազգային օրենքներով սահմանված համապատասխան պատժամիջոցների և հատուցման, պետք է ստիպի իր եղբայր ազերիներին հետևելու նոյեմբերի 9-ին ստորագրված չարաբաստիկ հայտարարության կետերի կատարմանը, այն է՝ զորքերը դուրս բերել թուրք-ազերիական օկուպացիայի տակ գտնվող Արցախի և Հայաստանի հանրապետությունների տարածքներից, վերադառնալ ստորագրման պահին զինված ուժերի գտնվելու դիրքեր, ազատ արձակել բոլոր գերիներին և այլն: Հակառակ դեպքում, հրաժարվել բանակցային գործընթացից:
Իշխանական ուժերը, վկայակոչելով նախկին նախագահների բանակցությունները թշնամու հետ, մոռանում են այն ժամանակ հայկական կողմի բարենպաստ և շահեկան դիրքերի մասին:
Թշնամու ախորժակը ուտելիս է բացվել: Նրանք մի կողմից սպառնում են ուժի կիրառմամբ նվաճել իբրև թե իրենց պապենական հողերը՝ Սևանից մինչև Երևան, Սյունիքից մինչև ՀՀ հյուսիս-արևելյան սահմաններ, մյուս կողմից արդեն հոխորտում են Սողոմոն Թեհլիրյանի Մարալիկում կանգնեցված հուշարձանի դեմ: Իհարկե, գերմանական դատարանի փոխարեն, եթե հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշին դատեին որոշ մերօրյա դուրսպրծուկներ, կարծում եմ, ցմահ կդատապարտեին նրան, բայց այդ անունն ու հիշատակը համայն հայության սրբազնագույն իրողություն է: Համոզված եմ, որ թուրք-ազերիական ցանկությունների շղթայի հաջորդ կռվանները Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի արձանները կդառնան, այնուհետև կթիրախավորվեն Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, ինչու ոչ, կցանկանան Մայր Հայաստանի կոթողի փոխարեն տեսնել թալեաթի կամ էնվերի արձանները... Ի դեպ, որոշ օլիգարխներ թող օղ անեն իրենց լոշտակներին, որ յաթաղանն առաջինը նրանց գլուխներն է թռցնելու, քանզի հարստության անչափելի կուտակումներն ու ներպետական թալանը հենց նրանց է պատկանում:
Ի վերջո, ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ կիսում ոչ իշխանության, ոչ որոշ ընդդիմադիրների այն տեսակետը, թե խնդիրը միայն բանակցող անձն է, ես կարծում եմ, որ գերխնդիրը ընդամենը ամիսներ առաջ մեր զինվորներին և խաղաղ բնակչությանը բարբարոսաբար ոչնչացրած, տարածքներ օկուպացրած, ահաբեկիչներ և արգելված զինատեսակներ կիրառած և դրանով ցինիկաբար հպարտացող հայակեր դահճի գլխավոր հովանավորի, հանցակցի և ավագ եղբոր հետ միևնույն սեղանի շուրջ նստելու հայկական շահի համար վտանգավորությունն ու աննպատակահարմարությունն են:
Հետաքրքիր է, ի՞նչ հիմնախնդիրների շուրջ են ընթանալու բանակցությունները հայի և թուրքի միջև, պահանջատե՞ր ենք, թե թրքահպատակ խամաճիկ: Միգուցե մե՞նք ենք ցեղասպանել նրանց, տիրացել նրանց հայրենիքին ու հարստությանը:
Մի՛ մոռացեք, որ թուրքը մնում է թուրք, անփոփոխ է Հայաստանը ոչնչացնելու նրա ծրագիրը: