Առաջին ձյան հետ հերթական անգամ երևան եկավ այն փաստը‚ որ ենթակառուցվածքներն ամբողջ հանրապետությունում կաթվածահար են։ Եվ Երևանում‚ և հանրապետության մարզերում սառած ճանապարհներով անվտանգ երթևեկելու հույսը լրիվ մարել է։ Ճանապարհներին ձմեռային սպասարկման աշխատանքներ գրեթե չեն կատարվում կամ էլ անարդյունավետ են։ Երևանում ոչ տրանսպորտ է գործում‚ ոչ էլ տաքսիներն են ռիսկային պայմաններում աշխատանքի դուրս գալիս։ Մարդիկ չեն կարողանում աշխատավայր հասնել։
Ընդ որում‚ տեղեկացնենք‚ որ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը արդեն մի քանի օր տեղեկացնում է և՛ առատ տեղումների‚ և՛ հնարավոր մերկասառույցի մասին։ Այս պայմաններում անգործությունը կարելի է միայն մեկ հանգամանքով բացատրել՝ մարդիկ անկարող են կառավարելու‚ կազմակերպելու և իրականացնելու որևէ գործառույթ։
Մի խոսքով, անկարող կառավարության անգործությունը վաղուց արդեն սպառնում է մարդկանց անվտանգությանն ու կյանքին։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ