«Միջազգային հանրության ուղարկած «մեսիջը» հստակ է՝ հեռու մնալ գրաքննությունից»
23.03.2020 | 18:28
Խորհրդարանը երեկ՝ մարտի 23-ին, միաձայն՝ 117 կողմ ձայնով, ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում քաղաքացիների նկատմամբ իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի լրացումները նաև մեզ՝ լրագրողներիս է վերաբերում: Արտակարգ դրության ժամանակ պատասխանատվության կկանչվեն այն լրատվամիջոցները, որոնք սահմանված տեղեկատվությունից դուրս ինֆորմացիա կհայթայթեն ու կհրապարակեն: Թեմայի վերաբերյալ «Իրատեսը» կարճ զրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԻ հետ:
-Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար պատիժ սահմանող նախագծին դուք երեկ կողմ քվեարկեցիք, ինչու՞ :
-Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ մեր խմբակցությունը ներկայացրել էր գրավոր առաջարկներ, բոլոր դրույթների հետ չէ, որ համաձայն էինք: Մեր առաջարկների մեծ մասն ընդունվել էր կառավարության կողմից: Դրանք միտված էին ներկայացված նախագծերի տրամաբանության մեղմացմանը, մասնավորապես՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանների խախտման դեպքում պատժաչափերի նվազեցմանը, վարչական տուգանքների նվազեցմանը և այլն:
Սանկցիաները կարծես շատ խիստ են: Մարդ, հավանական է, չիմանա, որ վարակակիր է, ու ակամա խախտի «ինքնամեկուսացման» կամ «մեկուսացման» կանոնը:
-Սանկցիաների մասով, այո, ճիշտ եք նկատում, և մենք նույնպես քննարկումների ժամանակ նշել ենք, որ դրանք անհամաչափ են: Եթե նայեք ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածը, ապա կտեսնեք, որ խախտվել է սահմանված մեղքի սկզբունքի և պատժի համաչափության դրույթը: ՈՒստի առաջարկել էինք տարանջատել անզգուշությամբ վարակելու դրույթը դիտավորությամբ վարակ տարածելու դրույթից, և առավելագույնը 5 տարվա ազատազրկման պատժաչափը կիրառել միայն դիտավորությամբ կատարված արարքի հմար։ Այդպես կպահպանվեր նաև օրենսդրության համաչափության սկզբունքը, բայց, ցավոք, մեր այդ առաջարկը չընդունվեց:
-Տպավորություն է, թե նախագիծն ուղղված է մարդկանց դեմ:
-Մեր խորին համոզմամբ՝ նման բնույթի օրինագծերի հիմքում պետք է ընկած լինի միայն հանրության լավագույն շահը: Այն էլ առկա իրավիճակում, երբ արտակարգ դրություն է հայտարարված, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը կայուն աճ է գրանցում, նման նախագծերի միակ նպատակը համաճարակի նախականխիչ բնույթը պետք է լինի: Մեր խմբակցության կողմից ներկայացված գրավոր առաջարկների հիմքում հենց այս առաջնահերթությունն էր ընկած, որպեսզի օրենքի նախնական փուլում, քանի դեռ դա հնարավոր է, տարընկալման տեղիք տվող բոլոր դրույթները և անհամաչափությունները շտկվեն:
-Արտակարգ դրությունը բարդացրել է նաև լրատվամիջոցների աշխատանքը: Սահմանափակումներ կան, որ լրատվամիջոցների ուղիղ աշխատանքին են խփում: Վրաստանում, օրինակ, արտակարգ դրությունը լրատվամիջոցների վրա չի տարածվում: Այս նոր օրենքն էլ, կարծես, վիճակն ավելի ահագնացնելու միտում ունի:
-Իհարկե մեզ համար երբևէ խրախուսելի չէ ԶԼՄ-ների աշխատանքներում սահմանափակումներ մտցնելու գաղափարը, սակայն կոնկրետ այս դեպքում կառավարության տեսակետն է՝ խուճապային տրամադրություններից խուսափելու համար օգտվել հենց այդ մեխանիզմից։ Երեկ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը հրապարակել են համատեղ հայտարարություն ու նշել, որ hամաճարակի հետ կապված տեղեկատվության քրեականացման ցանկացած փորձ կարող է անվստահություն առաջացնել ինստիտուցիոնալ տեղեկատվության նկատմամբ և սառը ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա: Թեև մենք կողմ ենք քվեարկել օրենքի նախագծերի փաթեթին, որովհետև մեզ համար ընդհանուր նպատակը, այն է՝ պանդեմիկ իրավիճակում իրավական կոնկրետ մեխանիզմներ ներդնել, ընդունելի է, սակայն միջազգային հանրության կողմից ուղարկված վերոնշյալ «մեսիջը» հստակ է՝ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում հեռու մնալ գրաքննությունից կամ խոսքի ազատության սահմանափակումներից:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ