ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հաճախ չենք նկատում իրական արժեքները»

«Հաճախ չենք նկատում իրական արժեքները»
19.06.2009 | 00:00

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նախախնամության անմեկնելի քմայքով բանաստեղծները հաճախ շուտ են ամփոփում երկրային կյանքի իրենց ուղին և տեղափոխվում հոգևոր հավերժության այնկողմնային աշխարհ: Այս «օրինաչափության» կրողն է վաղամեռիկ բանաստեղծ ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ում 40-ամյակը կլրանար հունիսի 18-ին, եթե…
2001 թվականին, երեսուներկու տարեկան հասակում, նա դարձել է ավտովթարի զոհ՝ մինչ այդ ընթերցողին ու գրական աշխարհին հասցնելով ներկայանալ «…ՈՒ արտասվել մազերիդ մեջ», (1996), «Երկնքից այն կողմ» (1998) բանաստեղծական ժողովածուներով և արժանանալ ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակին (1999):
Օրերս լույս է տեսել բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուն՝ «Սպասիր ինձ, Տե՛ր» վերնագրով: Գիրքը կազմել և ծանոթագրել է բանաստեղծի եղբայրը՝ մասնագիտությամբ բժիշկ Գարիկ Համբարձումյանը:
Կարճ, բայց բովանդակալից կյանքն առլեցուն է եղել գրական շփումներով, սկսնակ բանաստեղծին նկատել ու գնահատել են իր ժամանակի մեծերը։
«Էս տղային չշեղեք, նրա ուղին պոեզիան է»,- հորդորել է Համո Սահյանը, երբ Արտակի հայրենի գյուղի դպրոցում կազմակերպված հանդիպման ժամանակ լսել է նրա ասմունքն ու արժևորել պոեզիայի զգացողությունը:
1992-ին Վահագն Դավթյանը «Գրական թերթում» տպագրել է «Բարով եկար, սիրելի Արտակ» վերնագրով մի հոդված, որում այս կերպ են բնութագրված երիտասարդ բանաստեղծի գործերը. «Արտակ Համբարձումյանի բանաստեղծություններում դժվար է որոնել ու գտնել մեր այս դրամատիկ, ավելին` ողբերգական օրերի արտաքին նշանները, բայց նրանց մեջ ապրող դրամատիզմը գալիս է հուշելու, որ բանաստեղծությունները հենց մեր օրերի ծնունդն են, մարդկային հոգու խախտված ներդաշնակության, ծվատող կասկածանքների, հուսախաբությունների, անպատասխան հարցերի ծնունդ»:
Այսպիսի գնահատականները, անշուշտ, տպավորիչ են, բայց Արտակ Համբարձումյանի ստեղծագործական ժառանգության իսկական արժևորումն այն ապրումներն ու հոգևոր լիցքերն են, որոնք պարուրում են պոեզիա, գրականություն սիրող մարդուն՝ «Սպասիր ինձ, Տե՛ր» ժողովածուն ընթերցելիս:
Արտակ Համբարձումյանի պոեզիայի անկյունաքարը սիրերգությունն է: Սիրո քնարի բոլոր լարերին թրթռում է միևնույն նվիրական անունը՝ Գայանե: Այս կինն աստվածանում ու վեհանում է Արտակ Համբարձումյանի սիրային քնարերգության բազմաշերտ մոտիվներում, սիրո անօրինակ խոստովանություններում. «…ես խոնարհվում եմ քո հմայքի առաջ, /Իբրև զորեղ ստրուկ, բայց ոչ թույլ տեր»: Թվում է, թե աննյութեղեն, վերերկրային են այս էակը, նրա բնորոշումները, նրան սիրելու կերպը. «Ես փնտրում եմ բայե՛ր, / Որոնք քեզ կբերեն իմ ցանկության լուրը», «Ես սիրում եմ ցավով քեզ մասնատել / ՈՒ քեզ սիրել հերթո՛վ»:
Բանաստեղծի վերաբերմունքն իր քնարական հերոսուհու նկատմամբ ստեղծում է տպավորություն, թե մենք գործ ունենք ոչ սովորական, ոչ իրական, ոչ հողեղեն մահկանացուի հետ.
Հիշողության նման գիշերահամ,
Կասկածների նման իրիկնաբույր,
Քո տեսիլքներն անվերջ ինձ մոտ կգան,
Դու իմ բախտի շուրթին մեռա՛ծ համբույր:
Բայց նույնքան բանաստեղծական ու ռոմանտիկ է սիրելիի նկարագիրը հասարակ հայ կնոջ ընտանեկան, կենցաղային միջավայրում: Հաճախ Արտակ Համբարձումյանն իր երգերում բանաստեղծականացնում է հենց այդպիսի կնոջը՝ առօրյա հոգսի, տառապանքի, չհասկացվածության և վիրավորանքների համապատկերում: Այսինքն՝ չի վախենում երևան հանել սիրո իրական պատկերը, չի փորձում քողարկել սիրո փշերը.
Եվ ուշ գիշերով՝ հարբա՛ծ, հոխորտո՛ւն,
Շվշվացնելով մի երգ անհեթեթ,
Դուռը կոտրեի ու մտնեի տուն
Ինձանից խելառ ընկերներիս հետ:
ՈՒ քե՛զ տեսնեի, իմ հավերժահա՜րս,
Անսահման սիրուց ապտակեի քեզ,
Ընկերներիս հետ բռնեի գրազ,
Որ տանն ինչ ունենք՝ հիմա կբերես:
Եվ այսօրինակ առտնին խելահեղությունները, քնարական հերոսուհու անգունազարդ, շքեղ պաճուճանքներից զերծ նկարագրություններն ավելի համոզիչ ու իրական են դարձնում սերը: Ամենակոպիտ պրոզայից ծնվում են ամենապոետիկ տրամադրությունն ու պատկերը.
Ինձ հետ վերցրի հոգիդ և դագաղը հոգուդ,
Չցանկացա արդեն իմ ուզածին հասնել,
Եվ դառնաղի հույսով՝ մռայլ ու անօգուտ,
Քեզ կամեցա հավերժ չսանրված տեսնել:
Ցանկացա քեզ տեսնել անզարդ ու անարև՝
Նման իրիկնային թափվող տերևների,
Դու փայլեցիր իբրև աշնան անփայլ տերև,
Եվ բարձրացար… ներքև… վերևներից:
Արտակ Համբարձումյանի քնարերգության մեջ գերիշխող են անդրադարձումները մահվան թեմային, նրա առեղծվածային ու միաժամանակ գաղտնազերծված խորհրդին: Զարմանալիորեն սթափ, խոհական ու անլաց է Արտակ Համբարձումյանի «մահերգությունը»: Այո՛, անբացատրելի մի զգացողությամբ նա կանխատեսել է մոտալուտ մահը և հորինել նրա բանաստեղծական դիմանկարը.
Ես կավանդեմ հոգիս, և աշխարհի վրա մի նոր լույս կբացվի,
Կհավաքվեն ծերեր, կհավաքվեն կանայք, ու հանճարներ կգան,
Եվ մութ անտառներից կգան սև թռչուններ, ու ձայն կգա լացի,
Եվ բիլ ջրվեժ հագած՝ փխրուն ճանապարհով իմ Գայանեն կգա:
Նա մեն-մենակ կգա, կգա իբրև արցունք՝ աշխարհի դեմքն այրող,
Նա հուսահա՜տ, նվա՜ղ կորոնի մորս ու ցած կիջնի ծունկի,
Եվ դառնության խայթից մարդիկ՝ շանթահարված ու ամենակարող,
Ներկա կգտնվեն ուրախ հանդիպմանը ողբի ու արցունքի:
Կիջնի՜, կնվաղի՜, մորս գրկում կայրվի իմ Գայանեն դալուկ,
ՈՒ ցավալին այն է, որ չեմ կարողանա գեթ սփոփել նրան,
Մարդիկ կհեկեկան, հանճարները կասեն, որ անձրև է գալու…
Ես կավանդեմ հոգիս, և նո՛ր լույս կբացվի մութ աշխարհի վրա:
Մահվան թեման այսպես փիլիսոփայորեն ծանրութեթև անող բանաստեղծը ողբերգական ապրումների հորձանուտում է հայտնվում, երբ անդրադառնում է բանաստեղծի հոգու, ստեղծագործող մարդու ես-ի վերլուծությանը.
Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում,
Նրան ծերացնում է հարազատ մայրն անգամ,
Նա մեռնում է, ինչպես շախմատում է լինում,
Թագուհուն են խոցում, բայց զոհվում է արքան:
Հայրենասիրությունն ու հայրենիքը բանաստեղծի համար կոնկրետանում են, դառնում որոշակի անուններ՝ Չարենց, Վահագն Դավթյան, Համո Սահյան, Վահան Թամարյան, ազատամարտիկներ Մովսես Գորգիսյան, Վահե Բաղդասարյան, ծնողներ, ընտանիք: Բայց և աշխարհը չի սահմանափակվում հայրենի եզերքի թանկ անուններով. վերջիններիս կողքին իրենց բնութագրող «ներհարդարանքով» պատկերաշարը լրացնում են Վիվիեն Լին, Լոուրենս Օլիվիեն, Քլարկ Գեյբլը, Լուի Արմսթրոնգը, Վան Գոգը, Մոցարտը:
Արտակ Համբարձումյանը «նկարում է» բանաստեղծական պատկերներ՝ բնորոշ ամենագունեղ կախարդական հեքիաթներին: Բայց պատկերի հեքիաթայնությունը չի ստեղծում անբնականության, արհեստականության զգացողություն: Բանաստեղծական տողերից կարծես հառնում է նրա ստեղծած դյութական նկարը, ու թվում է` կարելի է ոչ միայն տեսնել, այլև շոշափել այն.
Մի հոգնած արև ուսապարկն ուսին գնում էր տուն,
Մի դեղնած տերև հենված իմ հույսին մտնում էր քուն:
Կամ.
Աստղերի գինովցած քարավանն իջնում էր գիշերի մեջքով,
ՈՒ հարբած մի աստղի գրպանից իմ հոգին ընկավ երկիր:
Եվ էլի մեկը.
Ինձ համար երազ է մնացել քեզ լուսնի կոնքերին դնելը,
Երազս դարձել է արտասուք՝ իմ ցավով ողողված ըմպանում:
Ա. Համբարձումյանի պոեզիայում հանդիպում ենք պարադոքսների յուրատեսակ ներդաշնակության: Այստեղ կողք կողքի բառեր և հասկացություններ են, որոնք, թվում է, ոչ մի կերպ չպիտի հայտնվեին միևնույն հարթության վրա. «բիրտ նազանք», «անգույն աստղ», «սիրո դառն համբույրի մեղեդի», «որբ թախիծ», «թախծի լույսեր», «խարդախ աչքերի մեղմություն», «անուշահամ դառը», «սիրո բութ նողկանք», «ջերմորեն խայթել», «սպիտակ սուգ» և այլն: Նրա պոեզիայում բանաստեղծական են անգամ մասնագիտական տերմիններն ու ձևակերպումները (Արտակը մասնագիտությամբ բժիշկ էր. բժշկագիտական անծանոթ, խրթին բառապաշարը բնականորեն ձուլվում է պոետիկ բառաշերտին):
Երբ կարդում ես գրքի «Անտիպ ժառանգություն» բաժինը, հասկանալի է դառնում, թե որքան խստապահանջ է եղել բանաստեղծն իր բառի ու տողի նկատմամբ, որովհետև այստեղ կան բանաստեղծություններ, որոնք, անտարակույս, չէին տպագրվի կամ այս ձևով չէին տպագրվի, եթե հիմա ապրեր ու իր գիրքն անձամբ կազմեր հեղինակը: Բայց և կան գործեր, որոնց տպագրությանը պարզապես խանգարել է կյանքի` ցավալիորեն կարճ ժամանակը: Ինչպես, օրինակ.
Մի կտոր ոգեղեն հաց ունեմ,
Կներեք, ուտելու եմ մենակ,
Այսինքն, կարող եք չներել,
Ես արդեն ուտում եմ այն…։
Վերջին տարիներին գրված բանաստեղծություններում զգացվում են քաղաքացիական հնչերանգի դրսևորումներ, փիլիսոփայական, հայրենասիրական խոհեր: Սիրային քնարը կարծես դառնում է նամականի, ու հաճախ անորոշ է մնում հասցեատերը: Նույն տրամադրություններն են նաև հատուկենտ արձակ ստեղծագործություններում:
«Մենք շատ ենք խոսում երիտասարդական պոեզիայի մասին, երբեմն տատանվում ենք այս ափից այն ափը, բան ենք որոնում, բան ենք կորցնում, ճշտումներ ենք անում, բայց հաճախ չենք նկատում իրական արժեքները: Արտակ Համբարձումյանի պոեզիան իրական արժեք է, այն բանաստեղծական որակն է, որի կարիքն իսկապես ունենք: Նրան պետք է դիտել իբրև Տերյանի, Չարենցի, մասամբ` Սևակի գծի շարունակող: Նա ավելի շատ դասականության կրողն է, քան այլ հակումների տեր, բայց, այդուհանդերձ, շատ ինքնուրույն, կազմակերպված բանաստեղծ է, և մեծ ցավ է նրա վաղաժամ կորուստը: Նա դեռ պիտի բացվեր, պիտի արթնանար ու պիտի գրեր: Այն, ինչ արել է մինչ մահը, պիտի լիներ նախանվագ, նախաբան մի մեծ գործի, որը պիտի գար, բայց, դժբախտաբար, չեկավ: Նրա գրականությունը շատ տարողունակ է և լուրջ տեղ ունի մեր այսօրվա երիտասարդական պոեզիայի մեջ»,- այսպիսին է «Սպասիր ինձ, Տե՛ր» գրքի խմբագիր և ընդարձակ առաջաբանի հեղինակ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի գնահատականը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6251

Մեկնաբանություններ