ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժողովրդական երգեր՝ «Սաղմոս» հոգևոր երգչախմբի կատարմամբ

Ժողովրդական երգեր՝ «Սաղմոս» հոգևոր երգչախմբի կատարմամբ
15.08.2008 | 00:00

ՀՈԳԵՎՈՐ
Օրերս հայ ժողովրդական երգերի ձայնասկավառակ էր թողարկել և այդ առթիվ շնորհանդես կազմակերպել, որքան էլ զարմանալի է, եկեղեցական հոգևոր երգչախումբը:
...Հայ առաքելական սուրբ եկեղեցու Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու «Սաղմոս» երգչախումբն ստեղծվել է 1991թ.` եկեղեցու վերաբացման հետ մեկտեղ, ընդամենը 5 անդամով: Այսօր այն մեզ է ներկայանում ավելի քան 30 կատարողով: Ու թեև երգչախմբի բոլոր անդամները ոչ պրոֆեսիոնալ են, սակայն դա չի խանգարում հայ ժողովրդական երգը ներկայացնել նույնքան հոգեթով, նույնքան սրտահունչ և գեղեցիկ, որքան հոգևորը: Եվ այդ աստվածահաճո, օրհնաբեր ծառայության մեջ իր շնորհակալ ավանդն ունի նաև եկեղեցու մեներգչուհի Աննա Մայիլյանը:
Շնորհանդեսին ներկա ազգագրագետ, գուսան Շահեն Էլինարի խոսքով` «Հրաշալի է հայ եկեղեցու կամարների տակ տեսնել հոգևոր և աշխարհիկ երգերի նման ներդաշնակ, գեղեցիկ միահյուսումը, թեև ոչ պրոֆեսիոնալ, սակայն անչափ մաքուր և ոգեղեն... »: Մնում է ցանկալ, որ այն հոգևոր լեցուն կյանքը, որ կա Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցում` եկեղեցու հովիվ, սիրված քահանա տեր Կյուրեղի շնորհիվ, այդպես առատորեն լինի նաև մյուս բոլոր եկեղեցիներում:
Երգչախմբի խմբավար Լիլիթ Սարգսյանի տեղեկացմամբ` «Սա երգչախմբի 2-րդ ձայնասկավառակն է, որտեղ հիմնականում տեղ են գտել հայկական ժողովրդական երգերի կոմիտասյան և Թաթուլ Ալթունյանի մշակումներ, Հայրիկ Մուրադյանից փոխանցված երգեր: Իսկ առաջին` «Առաւօտ լուսոյ» ձայնասկավառակում հոգևոր երգերի կատարումներ են»:
«Սաղմոս» երգչախումբն իր կատարումներով զմայլել է ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան ունկնդրին` Լեհաստանում հոգևոր երգի միջազգային մրցույթ-փառատոնում նվաճելով առաջին պատվավոր տեղը, իսկ Գերմանիայի Հանովեր քաղաքում «Քիրխենթագ» փառատոնին արժանավայել մասնակցություն ունենալուց հետո այն շուրջ մեկ ամիս համերգներով շրջագայել է ողջ երկրում:
...Այն իրողությունը, որ մեր նախնիների երգն ու տաղը միանգամայն հայեցի, անխառն ու զուլալ նորանում են հայ երիտասարդների շուրթերին` արտահայտելով մեր ժողովրդի հավաքական հույզերն ու ապրումները և իբրև սեր ու կարոտ ընձյուղվում ունկնդրի հոգում, պայմանավորված է հայ երգն անաղարտ պահելու, հանրայնացնելու և նրան հարատև կյանք շնորհելու կենսական անհրաժեշտությամբ: Ինչպես նաև՝ սերունդներին կապող այն կենդանի հուշով, առանց որի դժվար է պատկերացնել ժողովրդի հոգևոր մաքրության ավազանը:
Նվարդ ԲՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8817

Մեկնաբանություններ