ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խորհրդարանը լուծարելու «դավադրական» ծրագիրը հասունանում է

Խորհրդարանը լուծարելու «դավադրական» ծրագիրը հասունանում է
19.09.2008 | 00:00

ԳԱԼԻՍ ԵՆ ԴԱԺԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Եվ այսպես, հանրապետության նախագահը երեք օր առաջ հրապարակավ հաստատեց ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին տեսնելու ՀՀԿ որոշումը։ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այս կապակցությամբ, անշուշտ, վճռորոշ էր, որովհետև դրանից հետո պարզ դարձավ՝ իշխանության վերնախավում այս կապակցությամբ կայացվել է վերջնական քաղաքական որոշում։
Բավական անսպասելի էր Տիգրան Թորոսյանի արձագանքը։ ԱԺ արդեն նախկին նախագահի նախորդ քաղաքական գործունեությունը և իր կուսակցության շահերն ամեն գնով պաշտպանելու մշտական պատրաստակամությունը տրամաբանորեն բացառում էին նրա քաղաքական կարիերայի մեջ այսպիսի կտրուկ շրջադարձը։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Տիգրան Թորոսյանը հրաժարվեց ոչ միայն խորհրդարանի խոսնակի պաշտոնից, այլև դիմում ներկայացրեց ՀՀԿ-ից հեռանալու մասին, ինչը սկզբունքորեն բավական ուժեղ հարված էր իր կուսակցական ընդդիմախոսներին։ Ներկուսակցական սկանդալը պարտակել չհաջողվեց. երբ առանցքային իշխանական կուսակցությունից հեռանում է այդ կազմակերպության երկրորդ դեմքը՝ առաջին փոխնախագահը, դա չի կարող սկզբունքորեն վնաս չհասցնել կուսակցության հեղինակությանը, անկախ նրանից, թե ինչպիսին է Տիգրան Թորոսյանի հասարակական հեղինակությունը։ Այսպիսով, առաջին կորուստը, որ կրում է ՀՀԿ-ն, բարոյաքաղաքական է, և որքան էլ շատ երիտասարդ ու ոչ այնքան երիտասարդ հանրապետականները փորձեն մեկնաբանել, թե առանձնապես ոչ մի կարևոր բան տեղի չի ունեցել, փաստ է, որ ԱԺ նախկին խոսնակի «ձիով քայլը» բավական անսպասելի էր կուսակիցների համար։
Հաջորդ կորուստը զուտ քաղաքական է՝ ընդհանուր խորհրդարանի դիմագծի իմաստով։ Ընդունենք՝ անհնար է պատկերացնել, որ Հովիկ Աբրահամյանն ավելի ժողովրդավար է կամ ավելի մեծ քաղաքական հեղինակություն ունի, քան իր նախորդը։ Նույնիսկ եթե իշխանության համակարգում Ազգային ժողովի դերակատարության բարձրացման իմաստով այս փոփոխության հետ կապված ինչ-որ հույսեր կան, ապա բացարձակապես հասկանալի չէ, թե դրանք գործնականում ինչպես են արդարանալու։ Այսինքն, ի՞նչ է անելու Հովիկ Աբրահամյանը, որ չէր կարողանում անել Տիգրան Թորոսյանը։ Ընդունենք, որ այս հարցի շուրջ իշխող կուսակցության շրջանակներից, բացի ոչինչ չնշանակող բառակապակցությունների հեղեղից, ոչ մի տրամաբանական բացատրություն չկա։
Մինչդեռ կարելի է առանց կասկածի արձանագրել, թե ինչ չի կարող անել Հովիկ Աբրահամյանը, որ այս կամ այն չափով կարողանում էր Տիգրան Թորոսյանը։ Դա խորհրդարանի խոսնակի արտաքին քաղաքական գործառույթների իրականացումն է, որովհետև ԱԺ նախագահի պաշտոնը կարևոր ներկայացուցչական պաշտոն է։ Գաղտնիք չէ, որ Տիգրան Թորոսյանը սկզբում իբրև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ապա խորհրդարանի խոսնակ շատ որոշակի արտաքին քաղաքական գործառույթներ էր իրականացնում հատկապես Արևմուտքի հետ հարաբերություններում, և առանձնապես եվրոպական ուղղությամբ։ Եվ ինչպիսի արժանիքներ էլ Հ. Աբրահամյանին վերագրելու լինեն կուսակիցներն ու «հարակից» շահագրգիռ անձինք, նույնիսկ միջին քաղաքական գիտելիքներ ունեցող Հայաստանի քաղաքացու համար շատ դժվար է պատկերացնել, թե խորհրդարանի ապագա նախագահն ինչպես է երկխոսություն ծավալելու, ասենք, ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի կամ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Վան դեր Լինդենի հետ։ Այս հանգամանքը շեշտադրելով՝ բնավ նպատակ չունենք Տ. Թորոսյանին պաշտպանելու, որովհետև եթե որոշվեր նրան փոխարինել, ասենք, Դավիթ Հարությունյանով կամ դիվանագիտական աշխատանքում որոշակի փորձառություն ունեցող Ավետ Ադոնցով, դեռ ինչ-որ տեղ հասկանալի կլիներ։
Բայց այս իրողությունները խորհրդարանական մեծամասնությանը զարմանալիորեն չեն մտահոգում։ Ավելին, վերոհիշյալ մտահոգությունները նախօրեին փորձեց «փարատել» ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ և հայտարարեց հետևյալը. «Հանրապետական կուսակցությունն ինքն է որոշում, թե իր կադրային ռեզերվից ինչ թեկնածու ընտրի և առաջադրի։ Այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Շառլ դը Գոլը, Միտերանը, Դանտոնը, Ռոբեսպիերը, նույնպես իրենց երկրներում ունեցել են որոշակի վերապահումներ»։ Հոմերոսին արժանի համեմատություն է, այնպես չէ՞։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ վերոնշյալ պատմական անձինք ոչ թե երկրներ են ներկայացնում, այլ մի երկիր՝ Ֆրանսիան։ Բայց ՀՀԿ մամուլի խոսնակի մտքի սրությունն ու ինտելեկտի ընդարձակությունն անմիջապես երևում են։ Երիտասարդ է Է. Շարմազանովը, մազերի մեջ դեռ չի հայտնվել առաջին ճերմակը, չի տառապում ստամոքսի խոցով, և երիկամներում քարեր նույնպես չկան։ Դրա համար էլ այդպիսի թեթևությամբ և մտքի խորությամբ կարողանում է դատողություններ անել հավերժականի մասին։ ՈՒրեմն, ասում եք՝ Դը Գոլ, Ռոբեսպիեր, Դանտոն։ Ամբողջ Հայաստանը, ներկուսակցական այս գզվռտոցին հետևելով, միաժամանակ փորձում էր հասկանալ, թե ում է այդքան նման Ազգային ժողովի ապագա նախագահը։ Դե, իհարկե, Դանտոնն է, ուղղակի խնձորը մեջտեղից կիսած։ Թուլացել է հայ ժողովրդի տեսողությունը վատ սննդից և անվերջանալի սոցիալական տագնապներից, և միայն երիտասարդ հանրապետական արծվի սրատես աչքը կարող է ի հայտ բերել այդքան՝ ուղղակի ժառանգական նմանությունը։
ՀՀԿ խոսնակի հետ ինտելեկտով մրցելը, անշուշտ, անիմաստ է։ Նման մարդիկ սովորաբար գիտեն ամեն ինչ և ամեն ինչի մասին։ Այնուամենայնիվ, արժե հիշեցնել Արթուր Շոպենհաուերի հայտնի արտահայտությունը, որ միայն խելացի մարդիկ կարող են կասկածով վերաբերվել սեփական դատողություններին։ Ինչպես տեսնում ենք, երիտասարդ հանրապետական Շարմազանովը բացարձակապես զուրկ է կասկածամտության նշույլից անգամ։ Այսինքն... Բայց բավական է խոսել տխուր բաների մասին։ Մանավանդ որ խորհրդարանում խոսակցություններ են շրջում, թե Հ. Աբրահամյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ՀՀԿ խմբակցության ղեկավարի թափուր տեղը զբաղեցնելու է հենց Էդուարդ Շարմազանովը։
Այսքանից հետո, իհարկե, դժվար է ազատվել այն մտքից, որ խորհրդարանը լուծարելու «դավադրական» ծրագիրը իշխանության վերևում գնալով հասունանում է։ Ոչ մի այլ տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել խորհրդարանական մեծամասնության այսպիսի շարունակական վարկաբեկումը։ Տրամաբանորեն Սերժ Սարգսյանի պես բազմափորձ գործիչը չէր կարող այս ամենը չհասկանալ և եթե որևէ կերպ չի խոչընդոտում այդ գործընթացին, ուրեմն... Բայց չխոսենք շա՛տ տխուր բաների մասին. մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսել բաղձալի մանդատին տեր դառնալու համար, և հանկարծ այդ ամենը մի օրում...
Իսկ եթե ավելի լուրջ դիտարկենք տեղի ունեցող զարգացումները, ապա գնալով ակնհայտ է դառնում, որ այնպիսի լճացած մարմնից, ինչպիսին ներկա խորհրդարանն է, հանրապետության նախագահը չի կարող չազատվել։ Եվ ոչ այնքան արմատական ընդդիմությանը զիջումներ անելու անհրաժեշտությունից դրդված, որքան վերջին տարածաշրջանային փոփոխությունների պատճառով։ 2007-ին ձևավորված այս ԱԺ-ն հասարակական ուժերի և այն ժամանակվա համեմատաբար հանդարտ արտաքին քաղաքական իրավիճակի արտահայտությունն էր, երբ տարածաշրջանում ձևավորվել էր ուժերի որոշակի ստատուս քվո, և Արևմուտքն ու Ռուսաստանը կարծես խուսափում էին կտրուկ միջոցներով այն խախտելուց։ Ռուս-վրացական պատերազմն ամեն ինչ շուռ տվեց գլխիվայր՝ ստեղծելով բոլորովին նոր իրավիճակ, որին այս խորհրդարանն արտաքին քաղաքական գործառույթների իրագործման տեսանկյունից, ինչպես նաև քաղաքական ուժերի ներկապնակի առումով, բոլորովին չի համապատասխանում։ Այսօր Հայաստանին պետք է իրապես բազմավեկտոր արտահայտություն ունեցող խորհրդարան, ուր ընդգրկված լինեն և՛ ազգայնականներ, և՛ իրական լիբերալներ, և՛ սոցիալիստներ, և՛ ռուսամետներ ու արևմտամետներ։ Իսկ ամենակարևորը, որ լինի իրական ուժեղ ընդդիմություն՝ ընդունակ 1990-95-ի Գերագույն խորհրդի օրինակով շրջափակելու Լեռնային Ղարաբաղի հարցում արտաքին ճնշումներից բխող ոչ հայանպաստ առաջարկները, որոնք բանակցությունների ընթացքում գործադիր իշխանության համար այնքան էլ հեշտ չէ միանգամից մերժելը։ Այդպես էր նաև 1990-ականների սկզբներին, երբ ղարաբաղյան հարցի հերթական սրացման փուլում Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, համաձայն որի Հայաստանի որևէ իշխանություն չէր կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, ուր Ղարաբաղն ամրագրված կլիներ Ադրբեջանի կազմում։ Այդ որոշումը ժամանակին փրկօղակ հանդիսացավ այն օրերի իշխանության համար՝ արտաքին ճնշմանը դիմակայելու առումով։ Ակնհայտ է, որ ներկա փուլում էլ ղարաբաղյան հարցը հայտնվել է տարածաշրջանում իրենց վերջնական ազդեցությունը հաստատել փորձող գերտերությունների քաղաքական օրակարգում, ինչը նշանակում է, որ ճնշումներն այս ուղղությամբ մեծանալու են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից։ Դա չի կարող չստիպել նախագահին՝ մտածելու փոփոխությունների մասին։ Գալիս են դաժան ժամանակներ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4949

Մեկնաբանություններ