ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թե ինչ եղավ հետո, երբ ինտերնետային պրովայդերը «ժամանակավոր տեխնիկական խնդիրներ» ունեցավ

Թե ինչ եղավ հետո, երբ ինտերնետային պրովայդերը «ժամանակավոր տեխնիկական խնդիրներ» ունեցավ
24.10.2008 | 00:00

ՁԵՆ ՉԵՆՔ ՀԱՆԵԼ, ՏԵՂ ԵՆ ԱՐԵԼ…
Ամեն ինչ կամ այս անգամ էլ ամեն բան սկսվեց նրանից հետո, երբ իմ ինտերնետային պրովայդերը «ժամանակավոր տեխնիկական խնդիրներ» ունեցավ «ԱրմենՏելի» հետ` նախապես իր բաժանորդներին զգուշացնելով երկշաբաթյա «հարկադիր պարապուրդի» մասին: Դե, ոչինչ, մտածեցի, հիմա հո երկու շաբաթվա համար նոր պայմանագիր չե՞մ կնքելու. կարելի է նաև օգտվել «ԱրմենՏելի» dial-up ծառայությունից:
Օգտվեցի: Այլ կերպ ասած` շփոթվեցի-օգտվեցի, այն էլ ոչ թե երկու շաբաթ, այլ ամբողջ մի ամիս: Եվ երբ ամիսը դեռ չավարտված զարմանալի մի գումարի` 47 000 դրամ պարտքի մասին ինձ տեղեկացրին փոստային ծառայությունում, ապշեցի: Ամենասովորական` ընդամենը 51-52 կիլոբայթ ծառայության դիմաց հնարավո՞ր է, որ այդչափ գումար հավաքվեր: Մանավանդ որ` «սոցիոլոգիա կա-բան կա». այլ կերպ ասած` իմ խոսելու սովորական չափն ու համապատասխան մուծվող գումարի չափը, այսինքն, ես ավելի քան լավ գիտեմ արդեն…
Հիմա: Մինչ ես ջանում էի «ԱրմենՏելի» աշխատակիցների հետ պարզել պատահածը, առանց զգուշացնելու, անգամ առանց սովորական դարձած միակողմանի զանգը թողնելու` հեռախոսս անջատվեց: Եվ երբ դրանից հետո չկարողացա ապացուցել էստեղ աշխատող մարդկանց, որ առնվազն երկու թիվ` ինտերնետից օգտված լինելու չափաքանակն ու դրա րոպեավճարը պիտի համապատասխանեին միմյանց, ինչը չի համապատասխանում, հասկացա, որ թեկուզ զուտ առողջական նկատառումներից ելնելով, այսինքն` չխելագարվելու հաստատ հիմնավորմամբ, պետք է վճարել այդ գումարն ու անցնել նախկին պրովայդերիս հետ պայմանագրին: Որպես որոշմանս «առհավատչյա»` Բարեկամության փոստատանը հենց այդ պահին (անցած շաբաթ օրը) վճարեցի առաջին 5000 դրամը` մնացածը թողնելով երկուշաբթիին, այսինքն` հոկտեմբերի 21-ին:
Բայց ինչո՞ւ եմ այսքան մանրամասն պատմում այս ամենի մասին, կհարցնեք: Որովհետև այստեղից արդեն մեկ այլ պատմություն է սկսվում, ինչի առիթով հանգիստ կարելի էր ֆանտաստիկ մի ֆիլմ նկարել` «Ռուսների անհավանական արկածները Երևանում» վերնագրով` մեկ, և երկրորդ` հարցը միայն ինձ չի վերաբերում: Հիմա, իհարկե, ես կատակում եմ կարծես թե, բայց ստորացման ու վիրավորանքի այն ճանապարհը, որով անցա, ընդ որում` անգամ որպես լրագրող ներկայանալով (բա պատկերացրեք, թե մնացած մարդիկ ինչ են ապրում սրանց տանջարան-սպասարկման կետերում և այլուր), անհնար է բառերով նկարագրել…
Նախ` երկուշաբթի օրն արդեն քաղաքապետարանի մոտի, այսինքն` մեր խմբագրությանը հարակից փոստատանը պարզվեց, որ իմ վճարած 5000 դրամը «կոմպում չի երևում», հետևաբար, «եթե ուզում եք, որ մենք միացման Ձեր տվյալը փոխանցենք կենտրոն` ստիպված եք վճարել ամբողջովին, որովհետև մեզ մոտ Ձեր ամբողջ պարտքն է երևում»: Այլ կերպ ասած` չարաբաստիկ այդ «բիլինգի» համակարգը, որ դեռ հույների ժամանակ էր կաղում, ռուսների օրոք առհասարակ է մոռացվել, և էս մարդիկ չեն էլ մտածում, որ մեզ ոչխարի տեղ չդնեն ու գոնե մայրաքաղաքի մակարդակում միասնական մի ցանց ստեղծեն: Կասեք` բայց փոստատները «Հայփոստին» են պատկանում. իրե՞նք ինչ մեղք ունեն: Բա մենք ե՞նք մեղավոր. թող կամ ամեն տեղ սեփական սպասարկման կետեր բացեն, կամ գրողի տարած ավտոմատները շատացնեն խանութներում և կամ էլ համապատասխան պայմանագիր կնքելիս «Հայփոստին» ստիպեն այս դրույթը կատարել:
Ինչ որ է, վճարեցի ամբողջ գումարը, որը, հասկանում եք, գնաց որպես ավանս, կտրոնս վերցրի ու էս անգամ էլ հասա «կենտրոն», որպեսզի դրա հիման վրա (հիմար, բայց աշխատող մի կարգ, որ «չփաստաթղթավորված կերպով ներդրվել էր» հույների կողմից ) հեռախոսս անմիջապես միացնեն: Չմիացրին: Պարզվեց՝ որոշել են «վերացնել մարդկային գործոնը, ինչի արդյունքում երկու աշխատանքային օրվա ընթացքում հենց որ գումարը նստի, հեռախոսն ավտոմատ կմիանա»: Ճա՞րս ինչ. պիտի սպասեի: Սպասում եմ 1-ին 24 ժամը, 2-րդը, 3-րդը. հեռախոսս չի միանում ու չի միանում: Երեկ արդեն չհամբերեցի. զանգեցի 39-ի «ատես», ինչպես ընդունված է ասել, և հերթական խելագարությունն սկսվեց: Սրանք 1-09 էին զանգել տալիս, նրանք` «ատես», սրանք ասում էին` «գումարը չի նստել», նրանք ասում էին` «նստել է, բայց ձեզ ոչնչով չենք կարող օգնել». սպասեք՝ մեկ էլ տեսաք` միացավ: Երբ արդեն հիստերիայի մեջ սպառնացի իրենց էլ, իրենց ռուս պլանտատորներին էլ խայտառակ անել թերթով և անուն-ազգանուն պահանջեցի 39-ի «ատեսի»` «էլ ստեղ չզանգեք, ընկերուհի» ասող 3-րդ համարին, սա նախ ինձ ուղղակի խաբեց, ասելով, թե վճարման կտրոնը պիտի տանեք-ցույց տաք, իսկ երբ իմացավ, որ արդեն տարել եմ և այլ պատասխան ստացել, իսկ 1-09-ից էլ ասել են, որ իրավունք չունեք ինձ նման բան ասելու, ինչ-որ 54 96 11 հեռախոսահամար տվեց, որին ոչ ոք չէր արձագանքում: Ազնիվ խոսք` առավոտյան 9-ից սկսած մինչև ժ. 12-ը ոչ ոք այստեղ «ոչ բվաց, ոչ գվաց»…
Ինչևէ, փորձեցի ինձ հանգստացնել, մտածելով, որ հիմա անձամբ կգնամ, եղածը կպարզեմ, մեկ էլ, ով հրաշք, 1-09-ի հերթափոխի պետ Իրինա Ալթունյանը (ում ես շատ շնորհակալ եմ) անձամբ զանգահարեց ձեռքիս հեռախոսահամարի վրա ու թե՝ ես Ձեր հարցը լուծեցի, հիմա հեռախոսը կմիացնեն. պատճառն այն է եղել չմիացման… որ «Ձեր հեռախոսահամարը վերահասցեավորված է եղել մեկ այլ հեռախոսահամարի, որը փակ է, և որը մենք հիմա մաքրել ենք»։ Ապշեցի, այսինքն` ի՞նչ է նշանակում. եթե ես որևէ վերահասցեավորում չեմ արել, ստացվում է, որ «գիծ են մտել», իմ հաշվին խոսել, և այս բանը պարզելու համար 5 օ՞ր էր անհրաժեշտ…
Իսկ ամենատխուրն այն է, որ «գիծը մաքրելով համարն էլ հետն են մաքրել», ու ես հիմա չգիտեմ` իսկապես ինչ-որ մեկը հանցագործությո՞ւն է արել, ինչի համար պիտի պատասխան տա, անշուշտ, թե՞ բլեֆ արին, պրծան…
Ինչպես ասում են, սա արդեն սկզբունքի հարց է, և ես չեմ պատրաստվում անպատասխանատու և անգործունյա ռուսների կառավարած այս ձեռնարկության` ինձ հասցված վնասն այսպես թողնել: Մանավանդ որ առաջին անգամը չէ: Տատս կասեր` «ձեն չես հանել, տեղ են արել»: Աչքներին է երևում…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 7045

Մեկնաբանություններ