ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Լուրեր

Լուրեր
23.12.2008 | 00:00

Կահո՞ւյքը պիտի քեզ զարդարե
Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցից հետո ԱԺ-ում կրկին կահույքի փոփոխման եռուզեռ էր: Խորհրդարանում աշխատողները երրորդ հարկից նկուղ էին տեղափոխում բազկաթոռներ, բազմոցներ, սեղաններ: Երբ հարցրինք` ինչո՞ւ, պատասխանեցին` «հին էին»: «Ո՞Ւմ սենյակի կահույքն է»` հարցն արդեն աշխատողների մոտ անհանգստություն առաջացրեց, ուստի ջրեցին. «Չգիտեմ, քուր ջան, չգիտեմ»: Իսկ իրականում փոխվում էր ԱԺ-ի այն սենյակի կահույքը, որտեղ Աբրահամյանը բարձրաստիճան հյուրերին է ընդունում: Թարմ տպավորություններով Չինաստանից վերադարձած ԱԺ խոսնակը, հավանաբար, չինական ոճավորում է բերել Հայաստանի օրենսդիր մարմին: Վատ չէ, նոր տարում` նոր իմիջ խորհրդարանին: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ ամեն անգամ որևէ երկիր գնալ-գալուց հետո Աբրահամյանն ԱԺ-ի ողջ «կահ-կարասին» տակից գլուխ պիտի թարմացնի։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք` խորհրդարանի բուֆետում շուտով չինական կաղնեփայտից պատրաստված զարդանախշ կահույք կհայտնվի, պատգամավորները կսկսեն փայտիկներով ճաշել, պատերից էլ չինական մեծ հովհարներ կկախվեն: Բնականաբար, այս բոլորն ի պատիվ հայ-չինական բարեկամության:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որն ահուդողով, որը կարմիր շորով
Հայաստանի քաղաքական շրջանակներում շարունակում են լուրեր պտտվել ներկայիս Ազգային ժողովի հնարավոր լուծարման վերաբերյալ։ Ասում են, որ այդ տարբերակն իշխանության վերևներում համարվում է իրավիճակը լիցքաթափելու ամենահուսալի միջոցը, եթե հանկարծ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծվի և հանրային դժգոհությունը դառնա անվերահսկելի։ Ըստ հավաստի աղբյուրի, խորհրդարանի լուծարման հավանականությունը համատարած սարսափ է առաջացնում իշխանական կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի վերնախավում ու շարքերում, քանզի միանգամայն հավանական է, որ այդ դեպքում այդ ուժերն այլևս ներկայացված չլինեն Ազգային ժողովում կամ ունենան այսօրվանից շատ ավելի ցածր կշիռ։ Եվ ճիշտ հակառակը` խորհրդարանի լուծարման գաղափարը միանգամայն ողջունելի և իրատեսական են համարում արմատական ընդդիմության մեջ ընդգրկված քաղաքական ուժերը, չնայած Տեր-Պետրոսյանը հրապարակային ելույթներում շարունակում է շեշտադրել արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը։ Իրականում, սակայն, ԱԺ-ի լուծարումն ընդդիմությունը հակված է համարել ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հաջող ելք, եթե դրանից հետո արդար ընտրություններ անցկացվեն։ Ասում են, նաև պատահական չէր, որ կոնգրեսի խորհրդաժողովի իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք չեն շտապելու իշխանությունը վերցնելու հարցում։
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Մրցակցություն կոնգրեսի ներսում
Կարծես հաստատվում է այն տեղեկությունը, որ Հայ ազգային կոնգրեսում սկսվել է «ստվերային կառավարության» ձևավորման գործընթացը, ինչպես հայտարարվեց դեկտեմբերի 19-ի խորհրդաժողովում։ Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր վերլուծաբաններն ու քաղտեխնոլոգներն առաջարկել են Տեր-Պետրոսյանին ստվերային կառավարություն կազմել բացառապես կուսակցությունների ծրագրերը հաշվի առնելով։ Եթե նույն «նախարարական» պաշտոնին հավակնում են երկու կուսակցություններ, ուրեմն յուրաքանչյուրը տվյալ ոլորտի վերաբերյալ պետք է ներկայացնի համալիր ծրագիր և մրցակցային քննարկման միջոցովընտրվի դրանցից լավագույնը, այդ ծրագրի հեղինակ կուսակցության ներկայացուցիչն էլ դառնա «ստվերային նախարար»։ Մեր աղբյուրը պնդում է, որ Տեր-Պետրոսյանը կարծես հակված է ընդունելու այս մոտեցումը, սակայն նրա վրա լուրջ ճնշում կա ՀՀՇ-ից, որը համարում է, թե ոչ մի դեպքում ինքը չի կարող հավասար դասվել մյուս կուսակցություններին։ Իսկ մնացած կուսակցություններն էլ հակված են պաշտպանելու հենց այս քաղաքականությունը։
Կարինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՈՒմի՞ց հավաքագրել իրական հարկերը
Մի քանի շաբաթ է, ինչ ԱԺ կուլուարներում քննարկվող թեման հարկերի դրույքաչափերի հավանական բարձրացումն է։ Նկատենք, որ առաջարկն ընդհանուր հարկային փաթեթով ԱԺ է ներկայացրել կառավարությունը։ Այս խնդրի շուրջ «պատերազմ» էր ընթանում օրենսդիր ու գործադիր մարմինների միջև. խորհրդարանը դեմ էր ներկայացված առաջարկին։ Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, անցած շաբաթ ԱԺ-ի ու կառավարության պաշտոնական ներկայացուցիչները հարցը քննարկել են երկրի նախագահի մոտ։ Նույն աղբյուրի համաձայն, հարցը լուծվել է հօգուտ ԱԺ-ի։ Եթե նկատի ունենանք խնդրի կարևորությունը, ապա այս դեպքում կարելի է ասել, որ հարցը լուծվել է հօգուտ ժողովրդի։ Հիշեցնենք, որ դեռևս Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք որդեգրվեց հարկերի դրույքաչափերի պահպանման քաղաքականությունը, որը նաև ամրագրվել է այս կառավարության ծրագրով։ Մյուս կողմից հասկանալի է նաև կառավարության ձգտումը հարկերի դրույքաչափերի բարձրացման առումով, քանի որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանից գունավոր մետաղների արտահանման չափերը նվազել են, ինչը բացասական ազդեցություն կունենա պետբյուջեի հավաքագրման վրա։ Սակայն փորձերը` խնդիրը լուծել հարկերի դրույքաչափերի բարձրացմամբ, կարծում ենք, ավելի ծանր հետևանքներ կթողնեն տնտեսության վրա։ Եվ եթե հետևենք միջազգային փորձին, ապա կնկատենք, որ ֆինանսական ճգնաժամ ապրող երկրները փորձում են խնդիրը լուծել ոչ թե ի հաշիվ բնակչության, այլ պետության։ Իսկ եթե մեր երկիրն այդքան հարուստ չէ, ապա, կարծում ենք, ի զորու է խոշոր հարկատուներից հավաքագրել իրական հարկերը։
Զ. Թերզյան

Մնացածը պահեց 29-ի համար
Ընդդիմության շրջանակներից մեր աղբյուրի պնդմամբ` ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստում Հայաստանի վերաբերյալ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայացրած զեկույցը բավականին մեղմացված է եղել։ Իրական փաստաթուղթը կամ դրա նախնական տարբերակը պարունակել է շատ ավելի կոշտ քննադատություն, սակայն Եվրախորհրդում, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, որոշել են առայժմ «մեղմել» այն։ Մեր աղբյուրը պնդում է, որ եթե մինչև հունվարի 29-ի նստաշրջանը Հայաստանի իշխանությունները Եվրախորհրդի պահանջները բավարարելու ուղղությամբ քայլեր չձեռնարկեն, հունվարյան նստաշրջանում կհնչեցվի զեկույցի կոշտ տարբերակը` համապատասխան հետևանքներով։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Ոնց որ ձեռ առնեն մարդկանց
Էս «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան էլ է հետաքրքիր, հա՜: Մեկ փող չի տալիս, ինչպես օրերս, պարզաբանելով, թե գնացեք մի քիչ էլ ժողովրդավար դարձեք, հետո կխոսենք, մեկ էլ հայտարարում է, թե Հայաստանում ստեղծվել է գյուղատնտեսության առաջին շուկայական տեղեկատվության համակարգը, և թե այն ֆինանսավորվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստանի «Ջրից դեպի շուկա» ծրագրի կողմից: «Շուկայական տեղեկատվության համակարգը ստեղծելու նպատակն է` ֆերմերներին, սննդի արտադրության և մարկետինգի շղթայի մյուս մասնակիցներին ժամանակին ապահովել մրգերի և բանջարեղենի շուկայական գների մասին տեղեկատվությամբ: Լավ վերլուծության ենթարկված շուկայական տեղեկատվությունը հնարավորություն կարող է տալ նրանց ցանքի, ներառյալ նոր մշակաբույսերի պահանջարկի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունել»,- նշել է «Ջրից դեպի շուկա» ծրագրի ղեկավար պարոն Ռիչարդ Հարլբրինկը, հավելելով, թե «ֆերմերները հնարավորություն են ձեռք բերում համագործակցելու վաճառողների հետ ավելի շահավետ դիրքերից»:
Ի դեպ, համակարգը նպատակ ունի օգնելու նաև տարբեր արդյունաբերական սեկտորների ներկայացուցիչներին, ինչպիսիք են վերամշակողները, մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվողները, հյուրանոցների և ռեստորանների աշխատողները, որպեսզի սրանք ճիշտ պլանավորեն իրենց ծախսերը, ինչը, իհարկե, ողջունելի և ոնց որ թե` աշխատող բան է: Բայց թե 21-րդ դարում գյուղում անգամ հեռախոս ու բուժկետ չունեցող գյուղացին, ում կինը տանն է ծննդաբերում` բենզին, մեքենա, իսկ ձյան դեպքում` ճանապարհ չլինելու պատճառով, էդ որտեղի՞ց է համակարգիչ ձեռք գցելու, որ «կպչի համակարգին, որը գործելու է ինտերնետի միջոցով, կարող է տրամադրել տեղեկություն որակի, հետբերքահավաքային տեխնոլոգիաների, արդյունաբերական նորությունների և այլնի մասին», անհայտ է:
Սրանք էլ էստեղ ոնց որ ձեռ առնեն մարդկանց, հա…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Սրանի՞ց էլ խոցելի
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է հետաձգել Հայաստանին շուրջ 6,8 մլն դոլարի տրամադրումը` հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարական կառավարման խնդիրները։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առկայության պայմաններում սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, հետաքրքրվեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ։ «Սա, բնականաբար, չի կարող լավ լինել։ Մենք իրենց նշած պայմանների դաշտում չենք։ Իհարկե, այս առումով ունենք նաև օբյեկտիվ բնույթի դժվարություններ։ Սակայն ՀՀ կառավարությունն ունի հնարավորություն ոչ թե արագ կողմնորոշվելու, այլ ցույց տալու հենց այդ դժվարությունների օբյեկտիվությունը, ինչի պարագայում չի կասեցվի գումարի տրամադրումը։ Այլապես մեր դրությունը կարող է ավելի խոցելի լինել»։ Ընդգծելով, որ արտաքին հզոր, որոշիչ կազմակերպությունների հետ մեր հարաբերություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց պարտավորությունների իրականացմամբ, Բոստանջյանը շեշտեց, որ եթե այդ պարտականությունները կատարված չեն, ապա «որևէ կողմին չպետք է մեղադրել, այլ հարկավոր է գիտակցել, որ այն բերելու է ոչ ցանկալի հետևանքներ»։ «Հասկանալով, որ իրավիճակը մեծապես պայմանավորված չէ ՀՀ կառավարության, իշխանությունների դեգերումներով, այնուամենայնիվ, Աստված մի արասցե, որ հայտնվենք մի ռեժիմում, որը չի ենթադրում ֆինանսական այդ օգնությունների տրամադրումը»,- հավելեց պատգամավորը։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արձակուրդները` դեկտեմբերի 25-ից
Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում դպրոցականների ձմեռային արձակուրդներն այս տարի սահմանվել են ըստ «Միջնակարգ հանրակրթական դպրոցի 2008-2009 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր դպրոցականներն այս տարի ունեցել են աշնանային արձակուրդներ, նախորդ տարիների համեմատ ձմեռային արձակուրդները 2008-2009 ուստարում կլինեն կարճատև: 3-11-րդ դասարանների բոլոր աշակերտների համար դրանք կսկսվեն 2008թ. դեկտեմբերի 25-ից և կտևեն մինչև հունվարի 7-ը ներառյալ, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդները համապատասխանաբար` 2008թ. դեկտեմբերի 25-ից հունվարի 21-ը ներառյալ:

Պահո՜, էս հովհարային անջատումներ են սկսվե՞լ
Թե ինչ է կատարվում մեր բաշխիչ ցանցերում, այն էլ ձմռան կեսին, միայն Աստված գիտի: Երեկ, օրինակ, նյութ գրելու պահին ուղիղ 3 անգամ հոսանքը «տարան», ու թեպետ «save» էի արել` «կորուստներ եղան»: Էլ չասեմ, որ ժամկետների մեջ չտեղավորվեցի…
Դա էլ մի կողմ, որովհետև ի՞նչ կա որ, հիմա մի օր էլ կարող է այդպես լինել: Բայց ոնց հասկանում եմ ծանոթ-ընկեր-բարեկամների պատմելուց ու հենց իրենց` բաշխիչ ցանցերի լրատվականից` TV-ներին տրվող հայտարարություններից, մեզ մոտ… ոնց որ թե հովհարային անջատումներ են սկսվել:
Իսկապես, օր չկա, որ չհաղորդվի մի քանի փողոցների «պլանային հոսանքազրկման», «կատարվելիք աշխատանքների անհրաժեշտության» մասին: Եվ այս հանգամանքը, պարզվում է, այնքան սովորական է դարձել մեր ականջի ու աչքի համար, որ սրանք արդեն լայաղ էլ չեն անում «սպառողների ներողամտությունը խնդրել»: Մանավանդ որ ամսվա վերջը դեռ չեկած` սաունաներին, հացի թխման կետերին ու խանութներին «չեն խեղդի», բայց կգան 3000 դրամի պատճառով մի ամբողջ ընտանիք ցրտի մեջ կթողնեն` առանց գետինը մտնելու և առանց հաշվի առնելու, որ մարդիկ մինչև ամսվա վերջը կարող են իրենց վճարումներն անել:
Էդպես է, ի՞նչ կարող ես անել: Տեղը գա` կհայտարարեն, որ էլեկտրաէներգիա արտահանող երկիր ենք, բայց մինչև հիմա դեռ ամենապարզ` հաշվիչի ցուցմունքը պարտադիր տեսանելի լինելու դրույթն էլ չի ապահովվի, էլ չխոսենք այն մասին, որ ամռանն էլ կարող ես 5-6000 դրամ հոսանքի փող տալ, ձմեռն էլ: Ո՞վ է սրանցից բան հասկանում, որ մենք հասկանանք…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Կրճատումներ գործադիրում
Գործադիր իշխանության միջին օղակներում սկսված է կադրերի կրճատման գործընթաց։ Այդ որոշման մասին հայտարարություն չի արվել, ինչը բնական է. այն ներքին որոշում է։ Այս մասին վկայում են կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։ Նույն աղբյուրները նշում են, որ նախատեսվում է մի քանի տասնյակ աշխատատեղերի կրճատում տարբեր նախարարություններում ու գերատեսչություններում։ Այլ կերպ ասած, մայրաքաղաքում կձևավորվի գործազուրկների մի նոր բանակ։ ՈՒ դժվար է ասել, թե կրճատվածներին առաջիկայում կհաջողվի՞ աշխատանք գտնել։
Ա. ԲԱՐՖՅԱՆ

Մի հատ էլ DVD
«ԵԽԽՎ-ի որոշումը երկրի քաղաքական իրավիճակը փոխում է»,-երեկ հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը` միաժամանակ պարզաբանելով, թե որն է իշխանությունների համար քաղբանտարկյալներին պահելու գինը. «Սերժ Սարգսյանը և նրա վարչախումբը մի քանի տասնյակ մարդ պահելով որպես միջազգայնորեն արդեն ճանաչված քաղբանտարկյալ, մի քանի ուղղություններով վնասում է Հայաստանի շահերին` ԼՂ-ի հիմնախնդիր, ՀՀ միջազգային վարկ, ընդդիմության և իշխանության երկխոսության բացակայություն, միջազգային ներդրումների սառեցում»: Անդրադառնալով դեկտեմբերի 21-ի ՀԱԿ-ի խորհրդաժողովին` Զուրաբյանն այն համարեց «կիսաընդհատակյա վիճակում կոնֆերանս», որը տեղի է ունեցել կոնգրեսի` Էրեբունու տարածքային ստորաբաժանումում, որտեղ շուրջ 320 մարդ է տեղավորվել, իսկ պայմաններն էլ պայման չեն եղել: ՀԱԿ-ի համակարգողը տեղեկացրեց, որ խորհրդաժողովում հնչած ասելիքը DVD-ների միջոցով կփոխանցվի հանրությանը:
Ռ. Խ.

Վրացական լեյբորիստներն ընդդեմ ահաբեկչության
«Արաբական RAK Investment Authority ընկերությունը, որ վերջերս ամբողջությամբ գնեց Փոթիի նավահանգիստը` կասկածելի է։ Նրա թիկունքում կանգնած է ահաբեկչական կազմակերպություն։ Փոթիի նավահանգիստը միակն է Սև ծովի արևելյան ափում, որ կարող է ընդունել ամենածանր բեռնանավեր։ Նավահանգիստը վաճառելով` Վրաստանը կորցրեց նրա նկատմամբ վերահսկողությունը, ինչի պատճառով կտուժի ոչ միայն ողջ Հարավային Կովկասը, այլև միջինասիական երկրներից մեկը»,- երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդներից Սոսո Շաթբերաշվիլին։ Դեկտեմբերի 3-ին Թբիլիսիում ստորագրվել էր պայմանագիր, ըստ որի, արաբական վերոհիշյալ ընկերությունը գնել էր Վրաստանին պատկանող «Փոթիի նավահանգիստ» կորպորացիայի բաժնետոմսերի 49 տոկոսը, իսկ 51 տոկոսը նույն ընկերությունը ձեռք էր բերել այս տարվա ամռանը։ Այսպիսով, արաբական ընկերությունը դարձել է Փոթիի նավահանգստի լիարժեք սեփականատերը։
Աննա ԲԱՐՖՅԱՆ

Դիտվել է՝ 2653

Մեկնաբանություններ