Հայկական կինոաշխարհում տեղի ունեցավ նոր կինոկատակերգության՝ «Բախտի տերը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է երկվորյակ քույրերի՝ Ժանետի և Անետի մասին, որոնք հայտնի պայծառատես Արուսի թոռներն են՝ հեռավոր Մացառուտ գյուղից։ Տարիներ առաջ Ժանետը լքել է գյուղը, մինչդեռ Անետը մնացել է տատի հետ։ Արուսի մահից հետո նրա պայծառատեսության շնորհը փոխանցվում է նրանցից մեկին, ինչի արդյունքում քույրերը ստիպված են փոխել տեղերը։ Կյանքը կպարզի՝ նրանք բախտի պատանդնե՞րն են, թե՞ տերերը։
Ֆիլմը բեմադրել է ռեժիսոր Գրիգ Վահրամյանը։ Սցենարը գրել են Աշոտ Աբրահամյանը և Ռուբեն Ջաղինյանը, գլխավոր դերերը մարմնավորել են Արփի Գաբրիելյանը, Լևոն Հարությունյանը և Ստեփան Ղամբարյանը։
Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը նշում է, որ այս աշխատանքը յուրահատուկ է և Գրիգ Վահրամյանի ձեռագրով հագեցած. «Շատ խիստ էի, քանի որ իմ ընկերը՝ ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, առաջին անգամ էր գեղարվեստական ֆիլմ նկարահանում։ Շնորհակալ եմ նրան, որ ամեն բան ստացվեց։ Երբ ֆիլմը հաջողում է, համարում են՝ թիմային աշխատանք է, իսկ երբ ֆիլմը վատն է, ասում են՝ ռեժիսորն է մեղավոր, բայց այս անգամ ամեն բան լավ է ստացվել»։ Նա նաև հավելեց, որ նոյեմբերի 24-ին ֆիլմը կունենա պրեմիերա ԱՄՆ-ում։
Գլխավոր դերակատար Արփի Գաբրիելյանը ևս կիսվեց իր տպավորություններով, ընդգծելով, որ նկարահանումները մեծ պատասխանատվություն էին, քանի որ իրեն հանձնարարվել էր միանգամից երկու կերպար մարմնավորել՝ Ժանետ և Անետ. «Դժվար էր, շատ էի վախենում, քանի որ իմ հնարավորությունների վրա այնքան էլ վստահ չէի։ Սակայն թիմը շատ աջակցեց, հատկապես ամուսինս՝ Միհրանը, ով նկարահանումների ընթացքում ինձ սատարում էր»։
Այս նոր ֆիլմը Հայաստանի կինոաշխարհում նոր շունչ կհաղորդի և միտված է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում լսարան գրավել։
Նատալի Մինասյան