ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մենաշնորհները և տնտեսության զարգացումը

Մենաշնորհները և տնտեսության զարգացումը
29.08.2008 | 00:00

Կենտրոնացված պլանային համակարգի մերժումը հաճախ նույնացվում է դեպի բաց շուկայական հասարակարգ անցման հետ:
Ընդսմին, հարկ է հիշել, որ այսօր էլ աշխարհում առկա են խառը տնտեսակարգեր` պլանայինի և շուկայականի տարիմաստ միաձուլվածքի փորձերով, որոնք գոյատևում են և հավակնում առաջընթացի շոշափելի արդյունքների: Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում (Պարագվայ, Բոլիվիա, Վենեսուելա, Պերու, Չիլի), օրինակ, վերջին տասնամյակների ընթացքում նշյալ բաղադրիչների գերիշխող դերը մշտապես փոփոխվում է: Եվրոպայում սոցիալական (երբեմն` սոցիալիստական) բնութագրվող գերակա նպատակները վաղուց շտկումներ են մտցրել շուկայական տնտեսության կարծրատիպերում: Շվեդիան, Նորվեգիան, Դանիան և այլ զարգացած երկրներ անվճար բուժծառայության, անվճար ուսուցման, այլ ծառայությունների արտոնյալ պայմանների արդյունավետ իրացման առումով կարող են հաջողության պատմությունների դասեր տալ նախկինում սոցիալիստական գաղափարներն անհաջող պատկերացումներով կիրարկած բազմաթիվ երկրների, որոնք այսօր Եվրամիության անդամակցությանն են ձգտում: Ավելին, կան պետություններ, որոնք չեն հերքում ոչ պլանային, ոչ էլ շուկայական տնտեսության դրական կողմերը և Չինաստանի օրինակով հռչակում «մեկ երկիր՝ երկու համակարգ» կարգախոսը: Մեր համոզմամբ, չկան և չեն կարող լինել դեղատոմսեր, որոնք իրենց արդյունավետությամբ ընդունելի լինեն մեծ թվով երկրների համար այն աստիճան, որ աշխարհը դարձյալ տրոհվի տնտեսական և քաղաքական երկու համակարգերի: Փոխարենն իր կենսունակությունն ապացուցեց Ջոն Գելբրեյտի կոնվերգենցիայի, ասել է թե` միախառնման, փոխներգործության տեսությունը, երբ երկրները փորձում են օգտագործել երկու համակարգերի՝ իրենց համար առավել ընդունելի կողմերը: Հավելենք, որ նման փորձերը, ի վերջո, պարտադրվող մոդելների փոխարեն կհանգեցնեն տնտեսության ազգային մոդելների ձևավորման, որոնք թույլ կտան առավելագույն արդյունավետությամբ իրացնել սեփական մրցակցային առավելությունները ներքին և արտաքին շուկաներում: Միաժամանակ հարկ է նշել, որ ցանկացած տնտեսակարգում առկա են տնտեսական սպառնալիքների տարբեր համախմբեր, որոնք լուրջ խոչընդոտ են ակնկալվող առաջընթացի ճանապարհին: Դրանցից կարևորագույնների թվում են կլանները և մենաշնորհները՝ իրենց տարբեր դրսևորումներով: Ի վերջո, կարևոր է տարբերակել պետության կողմից ճանաչված և de jure գործող բնական մենաշնորհները de facto ձևավորված մենաշնորհներից, դուօպոլիաներից, օլիգոպոլիաներից, մոնոպսոնիաներից, որոնք իրականում վերածվում են կլանների և համալրում ոչ ֆորմալ, ասել է թե` ապօրինի, չհարկվող արտոնյալ կառույցների շարքերը: Դրան նպաստում է շատ դեպքերում այնպիսի ոլորտների de facto մենաշնորհումը, ուր ապրանքների և ծառայությունների պահանջարկը, հետևաբար՝ նաև գինը, առաձգական չեն: Մյուս կողմից, ներքին շուկայի սահմանափակ բնույթը, սպառողի մեջ իր իրավունքների համար պայքարում անզորության մտայնության ձևավորումը, հասարակության մեջ գերիշխող անպատժելիության միջավայրը լրացուցիչ «բարենպաստ» գործոններ են դառնում մենաշնորհների համար:
Արդյունքում արագընթաց տեմպերով տեղի է ունենում արտադրական կարողությունների, սպառման շուկաների կամայական կենտրոնացում, զարգանում է ձեռներեցության չհարկվող հատվածը` ստվերային տնտեսությունը, իսկ երկրի իշխանական վերնախավը սերտաճում է ֆինանսական վերնախավի հետ` անխուսափելի դարձնելով մակրոտնտեսական դեֆոլտն ու մրցակցային առավելությունների դիրքերի կորուստը: Այսպիսով, կանխատեսելի բնույթ է ստանում սոցիալական և տնտեսական հետընթացը՝ զգալի վնաս հասցնելով երկրի տնտեսական անվտանգությանը:
«Գերմանական հրաշքի» հեղինակ Լյուդվիգ Էրհարդը կարևորել է մենաշնորհային սկզբունքներով հաստատվող գների վտանգը սպառողին, ինչպես նաև անհաջող ներդրումների և տեխնիկական, և տնտեսական առաջընթացի խախտման վտանգները: Ելնելով դրանից` օրենսդիրը պետք է իր խնդիրը համարի շուկայական գործառնությունների ընթացքը խաթարող գործոնների վերացումը, ինչի համար անհրաժեշտ է պահպանել ազատ մրցակցություն հնարավորինս մեծ ծավալով։ Այն շուկաներում, որտեղ մրցակցությունը չի կարող ամբողջությամբ վերացվել, պետք է արգելել հզոր տնտեսական խմբերի չարաշահումները:
Ինչպես վկայում է անցման փուլը հաջողությամբ հաղթահարած երկրների փորձը, մենաշնորհների դեմ պայքարի և առողջ մրցակցության ծավալման համար լավագույն միջոցը ոչ միայն և ոչ այնքան օրենքով սահմանված դրույթներն են, որքան դրանց չկատարման դեպքում պատժամիջոցների կիրառումը: Պատժամիջոց հասկացությունը կարող է ներառել ինչպես նյութական պատիժը` տնտեսապես աննպատակահարմար դարձնելով օրենքի շրջանցումը, այնպես էլ առանձնապես մեծ չափերի հասնող չարաշահումների, շարունակաբար պետական բյուջեին և տնտեսությանը հասցված խոշոր վնասների համար քրեական պատժամիջոցների կիրառումը: Տնտեսությունում և հասարակության մեջ վստահությունը վերականգնելու, ներդրումների նոր հոսքեր ապահովելու և դրանք նպատակին օգտագործելու համար անհրաժեշտ է նախևառաջ վերականգնել իրավունքի և պատասխանատվության միջև ակնկալվող հավասարակշռությունը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 12929

Մեկնաբանություններ