ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հայաստանում իշխանություն պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե Վաշինգտոնը, Մոսկվան կամ Բրյուսելը»

«Հայաստանում իշխանություն պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե Վաշինգտոնը, Մոսկվան կամ Բրյուսելը»
06.02.2009 | 00:00

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՂԸ ՈՉ ԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է, ԱՅԼ ԲԱՆՏՈՒՄ»
«Նախորդ տարվա ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամն իշխանությունների համառ ջանքերով է՛լ ավելի է խորանում։ Ներքաղաքական իրավիճակի մյուս բոլոր գնահատականներն այս իրողության ածանցյալն են։ Ակնհայտ է, որ իշխանությունները որևէ միտում չունեն քաղաքական լուծումներ փնտրելու` իրենց իսկ ստեղծած ճգնաժամը հաղթահարելու համար, ինչը խորացնում է հասարակություն-իշխանություն անջրպետը, ինչն էլ վարչակազմին է՛լ ավելի է մեկուսացնում, թե՛ հասարակությունից, թե՛ հայաստանյան ու թե՛ աշխարհաքաղաքական իրողություններից»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում ներքաղաքական իրավիճակն այսպես գնահատեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, իսկ ասուլիսից հետո ընդդիմադիր գործչին առանձնազրույցի հրավիրեց արդեն «Իրավունքը de facto» թերթը։
-Պարոն Շահնազարյան, Եվրախորհուրդը հերթական «թայմաուտը» տվեց ՀՀ իշխանություններին` դեկտեմբերի 17-ի հայտնի բանաձևով, ինչին նախորդել էր ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նույնքան հայտնի որոշման նախագիծը։ Ինչո՞վ բացատրել այս հանկարծահաս «բարությունը», երբ շատերն էին համոզված, այդ թվում` ՀԱԿ-ի որոշ անդամներ, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը «չորով» զրկելու են ձայնի իրավունքից։
-Ես հեռու եմ այն մտքից, որ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն են այդ «բարության» համահեղինակները։ Որոշումը կայացվել է շատ ավելի բարձր քաղաքական ատյաններում։ Սրա գնահատականները մենք արդեն տվել ենք, կավելացնեմ միայն, որ խնդիրը ոչ թե փոփոխված նախագծի ու նոր բանաձևի մեջ է, այլ այն պատճառաբանությունների, որոնք համազեկուցողները ներկայացրին նախ` ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովին, այնուհետև ԵԽ խորհրդարանական վեհաժողովին։ Այդ պատճառաբանություններն իրականության հետ որևէ կապ չունեն։ Հիշենք, թե հիմնականում որոնք էին դրանք։ Օրենսդրական փոփոխություններ քրեադատավարական օրենսգրքում: Տեսնում ենք այդ փոփոխությունները։ Իրականությունն այն է, որ Հայաստանում դատարանները վերածվում են ռազմականացված «տրոյկաների», և այն չակերտավոր բարեփոխումները, որ արվել էին այս ոլորտում երկու տարի առաջ, այժմ հապճեպ հարմարեցվում են իրավիճակին, որպեսզի «հիմնավորվեն» այն քաղաքական որոշումները, որոնք, ինչպես ասացի, կայացվեցին ավելի բարձր ատյաններում` Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը «փրկելով» պատժամիջոցներից։ Մյուս պատճառների մասին բազմիցս խոսվել է։ Առաջին հերթին դա, իհարկե, Արցախի հարցն է, արևելյան համագործակցության եվրոպական ծրագիրն էլ իր դերը խաղաց։ Իսկ ի՞նչ է կատարվել։ Ըստ էության, ոչինչ էլ չի կատարվել։ Ընդամենը երեք ամիս ժամանակ է տրվել, ինչն իշխանությունները յուրովի են հասկանում։ Կարծում եմ` դա նրանց հնարավորություն կտա ավելի լկտիանալ, բայց, հավատացնում եմ, եթե նրանք իրենց հետագա գործունեությունն արդեն պայմանավորում են թուրքական ջրցան մեքենաներով, ապա ինքներդ կարող եք դատել նրանց վիճակի մասին։
-Հայ ազգային կոնգրե՞սն ինչպես է օգտագործելու իշխանություններին տրված երեքամսյա այդ «թայմաուտը»։ Ռազմավարական փոփոխություններ լինելո՞ւ են։
-Մեր ռազմավարությունը միշտ հիմնված է եղել այն պարզ իրողության վրա, որ Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելը բացառապես մեր ներքին գործն է։ ՈՒրիշ բան, որ այդ հարցում մենք լուրջ խոչընդոտների ենք հանդիպում նաև միջազգային հանրության կողմից։ Ինչ վերաբերում է «թայմաուտն» օգտագործելուն, ասեմ, որ ի տարբերություն իշխանությունների, ընդդիմությունը միշտ գործել է բաց, հրապարակայնորեն և շարունակելու է այդ գործելաոճը։ Իշխանությունները չեն կարողանում հասկանալ, որ այսօր շարժումն ու հայ հասարակությունը որակապես նոր փուլ են մտել։ Այսինքն, եթե անցած տարվա փետրվար-մարտ ամիսներին ժողովուրդը համախմբվել էր, որպեսզի ազատագրի Հայաստանի Հանրապետությունն ու դրանից հետո անցնի իր առօրյա կյանքին, այսօր պայքարը գործող ռեժիմի դեմ է, և Հայաստանի ազատագրումն էլ դարձել է հասարակության առօրյայի կարևորագույն բաղադրիչը։ Կենսաձև է դարձել արդեն։ Ընդդիմության խնդիրները եղել ու մնում են չափազանց հստակ։ Մեկ անգամ էլ հիշեցնեմ։ Ռազմավարական թիվ մեկ խնդիրը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու ժողովրդի ընտրած, ձևավորած իշխանության հաստատումն է։ Հայաստանում պետք է լինի ժողովրդի իշխանություն և ժողովրդի ընդդիմություն։ Երկրորդը Հայաստանում այսօր կա։
-Եվ ինչպե՞ս եք Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու։ Ի՞նչ մեխանիզմներով։
-Քաղաքական, իրավական մեխանիզմներով։ Ինչ վերաբերում է մարտավարական խնդիրներին, դրանցից առաջնայինը բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Ինչպե՞ս ենք հասնելու դրան։ Դարձյալ բոլոր հնարավոր քաղաքական, իրավական մեխանիզմներով։ Հայաստանում, ի տարբերություն բռնատիրության նախորդ տասը տարիների, կա կազմակերպված, կայացած ընդդիմություն։ Դա շարժումն է, դա Հայ ազգային կոնգրեսն է, որը գործում է, և որի գործունեությունը հասարակության համար դարձել է առօրյա կենսաձև։
-Առօրյա դարձած այդ գործունեությունը կարո՞ղ է ձգվել մինչև 2012 թիվ, մինչև հաջորդ համապետական ընտրություններ։
-Չեմ կարծում։ Թեև նման կարծիքն էլ կարող է գոյության իրավունք ունենալ, ինչպես ցանկացած կարծիք։
-Ասում եք` հասնելու ենք սահմանադրական կարգի վերականգնման` բացառապես քաղաքական, իրավական ճանապարհով։ Անցած մեկ տարվա իրողությունները, սակայն, գալիս են ապացուցելու, որ Հայաստանում այդ ճանապարհն առայժմ «անանցանելի» է։
-Թույլ տվեք չհամաձայնել։ Ընդհակառակը, ես արդեն նշեցի, որ այսօր մենք ունենք հասարակություն, որը ոչ միայն այն հասարակությունը չէ, որը մենք ունեցել ենք տասը տարի շարունակ, մինչև 2008-ի փետրվարը, այլև ունենք հասարակություն, որի համար սահմանադրական կարգի վերականգնումն ու ժողովրդի իշխանության հաստատումը հույժ կարևոր առօրեական խնդրի է վերածվել։ Իսկ դա արդեն քաղաքական ու իրավական զորեղ գործոն է։ Մենք որդեգրել ենք բացառապես օրինական դաշտում գործելու սկզբունքը, երբեք չենք խախտել ու չենք խախտելու այն, որքան էլ իշխանությունները երազեն։
-Մտավախություն չունե՞ք, որ 2003-ը կարող է կրկնվել` դանդաղ, բայց հաստատապես մարող հանրահավաքային շարժման «տեսլականով»։
-Ո՛չ։ Որովհետև կա 2003-ի հարուստ փորձը, և անցած մեկ տարին էլ եկավ ապացուցելու, որ, չնայած իշխանության գործողություններին` արյուն թափելուն, մինչ այս պահը շարունակվող բռնություններին, որով իշխանությունն իր վիճակն է՛լ ավելի է ծանրացնում, շարժման որակը բարձրանում ու ամրապնդվում է։ Հանրության յուրաքանչյուր անդամ այս պայքարը համարում է ի՛ր գործը, ի՛ր առօրյայի անբաժանելի մասը և հպարտանում դրանով։
-Համաշխարհային տնտեսական ճգնաժամն էլ, որոշ վերլուծաբանների պնդմամբ, շատ շուտով կարող է դառնալ հանրության յուրաքանչյուր անդամի առօրյայի անբաժանելի մասը, ընդ որում, շա՜տ ցավոտ մասը։ Գուցե ընդդիմությունը հենց դրա՞ն է սպասում։
-Գիտե՞ք, ես բացարձակապես չէի ուզենա, որ դա լիներ, բայց լարվածությունը Հայաստանի ներսում խորանում է այնքանով, որ իշխանության գործողությունները բացարձակապես ադեկվատ չեն ճգնաժամի թելադրած խաղի կանոններին և դրանցից բխող իրողություններին։ Իշխանության գործողությունները տանում են նրան, որ ճգնաժամի բացասական ազդեցությունը Հայաստանում է՛լ ավելի խորն ու դաժան է լինելու, որովհետև վարչակազմը զբաղված է իր առօրյա խնդիրներով, քրեաօլիգարխիկ այս համակարգի գերշահույթները մեծացնելու «հույժ կարևոր» գործով։ Այս պահին հենց սրանով են զբաղված, ոչ թե Հայաստանի վրա ճգնաժամի հետևանքները թեթևացնելուն միտված լուրջ ծրագրեր մշակելով։
-Կարծիք կա, թե ամեն ինչ «հալած յուղի» պես չէ նաև Հայ ազգային կոնգրեսի ներսում։ Մասնավորապես, ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները, ըստ որոշ աղբյուրների, ոչ միշտ են համամիտ այն դիրքորոշումների հետ, որոնք որդեգրել է Կոնգրեսի միջուկը համարվող ՀՀՇ-ն, իսկ ավելի ստույգ` Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ավելին, շրջանառվում են լուրեր, թե Կոնգրեսում որոշումներն ընդունվում են իմպերատիվ հիմունքներով, բացառապես առաջին նախագահի կողմից։
-Նախ, ինչո՞ւ եք համարում, թե կոնգրեսի միջուկը ՀՀՇ-ն է։ Այդպես չէ։ Երկրորդ. որոշումները միանձնյա, առավել ևս, իմպերատիվ սկզբունքով չեն ընդունվում, դրանք քննարկվում և ընդունվում են համատեղ։ Ինչ վերաբերում է տարաձայնություններին, դա կոնգրեսի հարստությունն է, նրա ուժը։ Դրանք կան, կլինեն, և Աստված չանի` ՀԱԿ-ը վերածվի մի այնպիսի շարժման, որի ներսում տարաձայնություններ չկան։ Դա երբեք չի լինի։
-Լևոն Տեր-Պետրոսյանի անսպասելի «ջերմացումը» առ Ռուսաստան` այդ տարաձայնություններին նոր որակ չհաղորդե՞ց։ Չմոռանանք, որ կոնգրեսին անդամակցած քաղաքական ուժերի գերակշիռ մասը խիստ ընդգծված արևմտամետներ են։
-Կոնգրեսի բոլոր սուբյեկտներն անխտիր ունեն հայաստանամետ դիրքորոշում։ Որևէ սուբյեկտ չի առանձնանում ո՛չ արևմտամետ, ո՛չ ռուսամետ դիրքորոշմամբ։ Այլ հարց է, որ կան տարբեր տեսակետներ` կապված Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարության հետ, ինչը ևս կոնգրեսի ուժն է։ Իմ գործընկերներն արդեն առիթ ունեցել են հրապարակային տեսակետ հայտնելու, թե արևմտյան որոշ շրջանակների կողմից այն ընկալումը կա, որ եթե դու հակառուսական դիրքորոշում չունես, ուրեմն, ժողովրդավար էլ չես։ Այդպես չէ։ Կոնգրեսի արտաքին դիրքորոշումները խիստ բալանսավորված են, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված, ակտիվ արտաքին քաղաքականություն։ Եվ Կոնգրեսն այսօր հենց այդպիսի քաղաքականություն էլ վարում է։
-Եթե հավատալու լինենք արևմտյան փորձագետներին` Արևմուտքն այսօր Հայաստանում նոր ընդդիմադիր լիդերի փնտրտուքի մեջ է, և ընտրությունն էլ, կարծես, կանգ է առել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, ում շուրջն էլ պիտի համախմբվեն հայ քաղաքական, տնտեսական իրականության մեջ չվարկաբեկված, բնականաբար, արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչներ։
-Առաջին անգամ եմ լսում, որ Արևմուտքը կարող է նման նկրտումներով հանդես գալ։ Աստված չանի` հասնենք այն վիճակին, որ Արևմուտքն ու Ռուսաստանը փորձեն մեր երկրում լիդերներ ձևավորել։ Դա անընդունելի է մեզ համար։ Հայաստանում իշխանություն պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե Վաշինգտոնը, Մոսկվան կամ Բրյուսելը։ Սա շատ հստակ է մեզ համար և քննարկման թեմա լինել չի կարող։ Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին, փորձեք ինքներդ դրանցում քաղաքական երանգներ փնտրել ու գտնել, եթե, իհարկե, դա Ձեզ հաջողվի։
-Եվ նորից իրավահաջորդի մասին, այս անգամ` ո՛չ Արևմուտքի «կտրվածքով»։ Ասում են` Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է «թագաժառանգի» փնտրտուքի մեջ, և ընտրությունն էլ, կարծես, կանգ է առել Ձեզ վրա։
-Նման հարց գոյություն չունի։ Դա իշխանության կողմից հրապարակ նետված խարդավանք է, որը դեռ անցյալ տարվանից սողոսկեց մամուլ, և որը հերթական անգամ ապացուցում է, որ իշխանությունը քաղաքական որևէ ռեսուրս չունի և հույսը դրել է ստի, խարդավանքի ու բռնության վրա։ Սա է իրականությունը։
-Քիչ առաջ «Իրավունք de facto» ակումբում, խոսելով Հայաստանին Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու շարժառիթների մասին, կարծիք հայտնեցիք, թե քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են։ Նկատի ունեք Հայաստանի գործող վարչախմբում Ռուսաստանի կողմից վերահսկելի առանցքային պաշտոնյաներ «ներդնելու» Կրեմլի նկրտումնե՞րը։ Դիցուք` Ռոբերտ Քոչարյանին։
-Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի տեղը ոչ թե կառավարությունում է, այլ բանտում, որովհետև ինքը, ես կարծում եմ, պետական հանցագործ է։ Ինչ վերաբերում է 500 միլիոնին, իհարկե, դրա տրամադրումը քաղաքական նպատակներ է հետապնդում, որովհետև տնտեսական ճգնաժամի պայմաններում կես միլիարդ դոլարը Ռուսաստանի համար շա՜տ մեծ գումար է։ Եվ դեռ հայտնի էլ չէ` ինչ պայմաններով է հատկացվում այդ գումարը, ինչ ժամկետներով, ինչ տոկոսներով և, որ ամենակարևորն է, ինչի դիմաց։
-Ես էլ դա եմ հարցնում` իսկ ինչի՞ դիմաց։
-Ինֆորմացիան շատ քիչ է` հստակ պատասխանելու համար։ Եկեք մի քիչ սպասենք, կտեսնենք։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 4407

Մեկնաբանություններ