Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հրանտ Թաթոսի սիմֆոնիան

Հրանտ Թաթոսի սիմֆոնիան
05.05.2023 | 21:15

Ճշմարիտ արվեստագետներն աշխարհի հետ խոսելու աստվածային շնորհներ ունեն:

Երաժիշտը մեղեդիներով է խոսում, քանդակագործը՝ քարերեն, գրողը՝ խոսքով, նկարիչը՝ գույներով:

Ի վերջո, բոլորի ասելիքը նույնն է՝ բայց յուրովի:

Բնաշխարհիկ գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը բնության հրաշք գույները ծիածանում է կտավին և խոսում ժամանակի հետ:

Հետո իր կտավերը նվիրում է հավերժախոս ժամանակին, և արդեն ամենատես Ժամանակն է խոսում իր հետ: Եվ անշուշտ, արվեստագետի ստեղծածը երկխոսություն է ժամանակի հետ։

Հրանտ Թադևոսյանը հայրենապաշտ է այն աստիճան, որ բույրը զգալու համար ծաղիկն արմատից չի պոկում: Ինչպես զավակն է մտնում մոր գիրկը, նա պառկում է հողին, շնչում ծաղկի նեկտարը, լսում հողի շնչառությունն ու մայրական ձայնը և որդիաբար փարվում նրան: Հենց հողի ձայնն է, որ նրա հողեղեն գույները դառնում են հրեղեն, ճախրանքի թևեր առնում: Նրա համար ամեն գույն ու երանգ իր արժեքն ու տեղն ունի:

-Վարպե՛տ, ոմանք կարծում են, որ քո կտավների լույսն ու բարությունը հիմնականում պայծառ գույներից են գալիս:

-Դա միամտություն է: Ես նույնչափ սևով էլ եմ նկարում, բայց դա մռայլության տպավորություն չի ստեղծում, որովհետև սևը, ինչպես և մյուսները, իրենց ճիշտ տեղում եմ դնում: Գաղտնիքը բնական ներդաշնակության մեջ է: Մեկը կարող է միայն վառվռուն գույների փունջ ստեղծել, բայց կտավը մռայլ տպավորություն թողնի: Վարպետությունը գունային ճիշտ համադրության և ներդաշնակության մեջ է: Նկարչի համար գույները խոսում են, երբեմն վիճում ու համառում, անգամ դիմադրում, հաշտվում, հրճվում, իսկ սխալ ընտրության դեպքում՝ մռայլվում, խռովում:

Գույնը հոգու աշխարհն է, զգացմունքների թևերը, ճախրանքը։ Գույնը կեղծել չի սիրում։ Իմ զավակներն են գույները և ինձ ծնողի պես են սիրում:

Բնությունը վարպետ Թաթոսի ներշնչարանն է, մուսան: Նա հայոց դասական նկարչության տոհմածառի մերօրյա վերընձյուղված ու շարունակվող ճյուղն է, իսկ արմատները սկսվում են հայ միջնադարյան մանրանկարչությունից։ Արագածի շնկշնկան հովերը, սարերի վեհությունն ու գետերի հունը քերող մռնչյունը, հավերժախոս քարերի երգը, կակաչների հարսախոնարհ քնքշանքը խառնվում են իրար, դառնում Հայկական սիմֆոնիա, որի հեղինակը Հրանտ Թաթոսն է:

Եթե աշխարհի բոլոր տաղանդավոր վրձնավարպետների նկարած արևածաղիկները մի տեղ հավաքենք, այդ թվում՝ Վան Գոգի աշխարհաճանաչ «Արևածաղիկները», անծանոթ հայը Թաթոսի արևածաղիկները անմիջապես կճանաչի արյան կանչով՝ քամուց թեքված է, թերթիկները խառնված, մոլորված, տագնապ կա տերևներին, հինավուրց անպատմելի մի թախիծ, որ հայն ունի: Թաթոսն արևածաղիկը անձնավորվել է, հայացրել:

Առաջին հայացքից «անմեղ» կտավներում նկատվում է անգամ կոնկրետ ժամանակը, եղելությունը, արհավիրքը, ցավը:

Ահավասիք, 2016 թվականին նկարած ամպերը մթակնած խռովք ունեն, տագնապ, Ապրիլյան քառօրյայի կսկիծ: Իսկ աշունը կիսվել է, ավելի շատ արնանման կարմիրն է, քան աշնանային բանաստեղծական դեղինը: Կիսված ու կիսատ աշուն է, Վարպետի ու բոլորիս թախծե մշուշով պատած:

Նրա կտավին հավերժ լուռումունջ ձկները բերանները բացել ու խոսում են ձկներեն, բայց մարդավարի․ ապշելիք է՝ զգացվում է, որ տագնապից են խոսում ձկները:

Հենց սա է նկարչի հանճարեղության գաղտնիքը՝ իրականության ու երևակայության համադրման բնականությունը։ Դիտելիս ես հասկացա երեք անխոս ձկների խոսքը:

Մի՞թե հարկ կա բացատրելու 1993-ին արված կտավը՝ Մասիսից այն կողմ պոզահարման պատրաստ սև ցուլի ցանկությունը․․․

Մեկ այլ գունային խրատանի՝ պարզկա գիշերին երկնի կապույտին ճերմակ լիալուսին է՝ նրա դեմքը փակող մթնոտ փշածաղիկներով։

Բազմախոս է 1995-ին արված «Եղելություն» կտավը, ուր ուրվագծվում է լուսավոր և մութ ուժերի բախումը, լույսի ու ստվերի հավերժական հակադրությունն ու դրամատիկ երկընտրանքը, ինչը Շեքսպիրն աշխարհին ասել է Համլետյան մենախոսությամբ՝ «Լինե՞լ թե՞ չլինել, այս է խնդիրը․․․»։ Իսկ նրանից շուրջ 500 տարի առաջ մեր հանճարեղ Նարեկացին է հայավարի գրել մարդկային հոգու երկվության մասին՝

․․․Եվ իմ ձեռքերին երկու ըմպանակ՝

Մեկը թույնով, մյուսը կաթով լեցուն․․․

Եվ բերան՝ երկակի բարբառ,

Մեկը եղկություն, մյուսը՝ խռովություն․․․

Իբրև պատասխան՝ Թաթոսն իր լավատեսությամբ վրձնում է՝ Լինե՛լ․․․

Վարպետի բոլոր մայրամուտները արևագալով են լցված։ Նա հիշեցնում է, որ խաղաղ արևագալին ամենից կարոտով հայն է սպասում, որովհետև ամենից շատ նրա մայրամուտներն են արյունոտվել:

Բնանկարից ու ավանդական մյուս ժանրերից զատ Հրանտ Թադևոսյանը ստեղծագործում է նաև կոմպոզիցիոն թեմաներով։ Առաջին հայացքից դրանք առարկաների ու դետալների սոսկ ուրվապատկերներ են, գծերի ու վրձնահարվածների հորինվածք, բայց դրանց համադրումը դիտողին ստիպում է մտածել, որոնել և գտնել հեղինակի միտքն ու հոգեվիճակը։ Իսկ լավ որոնողը միշտ էլ գտնում է։

Հայոց գեղանկարչության սևահողում հայրենապաշտության և բարության իր ակոսը բացել է Հրանտ Թադևոսյանը, իր հոգու հունդերը շաղ տվել, և հունձքը առատ է, որի տերն արդեն ամենազոր ժամանակն է:

Իսկ մենք հպարտանանք, որ Հրանտ Թաթոսի ժամանակակիցն ենք:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 32122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ