ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՎԱՂԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՀՆՉԻ ՄԵՐ ՕՐՀՆԵՐԳԸ

ՎԱՂԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՀՆՉԻ ՄԵՐ ՕՐՀՆԵՐԳԸ
03.12.2010 | 00:00

Թուրքիայի Բուրդուր քաղաքում շարունակվում է շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որտեղ փայլուն է հանդես գալիս Հայաստանի հավաքականը: Մեր տղաներն առաջին խաղափուլում ստանձնեցին առաջատարի դերը և այլևս ոչ մեկին չզիջեցին: Արդեն կայացել է նախատեսված 10 խաղափուլերից ութը, որոնցում մեր տղաները տարել են ութ հաղթանակ: Պարզապես փայլուն են խաղում առաջին և երրորդ խաղատախտակների վրա հանդես եկող Կարեն Հ. Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը: Կարենն անցկացրել է ութ պարտիա, որոնցից յոթում հաղթել է, մեկում կիսել միավորը: Անձնական վարկանիշը նա բարելավել է ավելի քան 40 կետով: Հովհաննեսը ցույց է տվել 100-տոկոսանոց արդյունք` յոթ խաղ, յոթ հաղթանակ, և նույնպես վարկանիշը բարելավել մոտ 40 կետով: Անհաջող է հանդես գալիս թիմի երկրորդ համար Ռոբերտ Աղասարյանը, որը ութ հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Գերազանց է խաղում նաև հավաքականի չորրորդ համար Դավիթ Շահինյանը, որը յոթ պարտիայում տարել է վեց հաղթանակ, մեկն էլ ավարտել ոչ-ոքի: Պահեստային խաղացող Տիգրան Ս. Պետրոսյանը երկու պարտիայում վաստակել է մեկ միավոր:
Ահա թե ըստ փուլերի որ հավաքականներին է հաղթել մեր հավաքականը.
1. Թուրքմենստան-B 4-0
2. Ռուսաստան 3-1
3. Պորտուգալիա 4-0
4. Բելառուս 2,5-1,5
5. Հնդկաստան 3-1
6. Թուրքիա (կարմիր) 3,5-0,5
7. ՈՒզբեկստան 3-1
8. Թուրքմենստան-A 2,5-1,5

Օլիմպիադայի ավարտից երկու փուլ առաջ Արսեն Եղիազարյանի սաները 4,5 միավորով առաջ են անցել Ռուսաստանի թիմից և վստահաբար կարելի է ասել, որ կրկնելու են մեր թիմի 1998 թվականի հաջողությունը: Հիշեցնենք, որ այն ժամանակ ևս օլիմպիադան կայանում էր Թուրքիայում, և մեր հրաշալի քառյակը (Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Վարուժան Հակոբյան, Տիգրան Լ. Պետրոսյան) Թուրքիայում հնչեցրեց հայոց օրհներգը:
Ահա թե ինչ տեսք ունի օլիմպիադայի մրցաշարային աղյուսակի վերին մասը ութ խաղափուլից հետո (նշենք, որ առաջինը հաշվի են առնվում բոլոր խաղատախտակների վրա վաստակած միավորները).
Հ Ո Պ Մ
1. ՀԱՅԱՍՏԱՆ 8 0 0 25,5
2. Ռուսաստան 5 1 2 21
3. Թուրքիա (կարմիր) 6 0 2 20,5
4. Հնդկաստան 5 1 2 20,5
5. Բելառուս 3 1 4 18,5
6. Թուրքմենստան-A 4 1 3 18,5
7. Սիրիա 4 0 4 18,5
8. ՈՒզբեկստան 4 0 4 17,5
9. Պորտուգալիա 5 0 3 17
10. Թուրքիա (սպիտակ) 5 1 2 16,5

Ընդամենը` 22 հավաքական:
Հավելենք, որ օլիմպիադայում միջին վարկանիշով (2313) Հայաստանի հավաքականը երրորդն է` զիջելով Ռուսաստանի (2369) և Հնդկաստանի (2363) ընտրանիներին: Օլիմպիադան կավարտվի վաղը:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 22231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ