38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փոքր՝ տարածությամբ, հսկայական՝ ժամանակի մեջ

Փոքր՝ տարածությամբ, հսկայական՝ ժամանակի մեջ
11.02.2020 | 23:37

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ հունարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայաստանի հունական համայնքների միությունը: Ցերեկույթը կրում էր «Հունարենի համաշխարհային օր» խորագիրը: Հնչեցին Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության օրհներգները, որից հետո բացման խոսքով հանդես եկավ հունական համայնքի ղեկավար Մարիա Լազարևան: Նա ասաց, որ փետրվարի 9- ը ազգային գրող Դիոնիսոս Սոլոմոսի հիշատակի օրն է. «Դիոնիսոս Սոլոմոսը Հունաստանի օրհներգի հեղինակն է: 2017 թվականից փետրվարի 9-ը հունարենի համշխարհային օր է սահմանվել: Հայերենն ու հունարենը շատ նման են իրար: Այսօրվա միջոցառումը ոչ միայն վերաբերում է հունարենի պատմությանը , այլև կփորձենք ներկայացնել այն հույն բանաստեղծների ստեղծագործությունները, որ թարգմանվել են հայերեն»:


Միջոցառման ժամանակ ներկայացվեց փոքրիկ տեսանյութ հունարենի մասին: Ելույթ ունեցան համայնքի ներկայացուցիչները, որոնք պարեցին, երգեցին,նվագեցին, ընթերցեցին հայտնի հույն բանաստեղծներ Օդիսեաս Էլիտիսի «Էլենի», Կիկի Դիմուլայի «Հոգնակի թիվը», Կոստանդինոս Կավաֆիսի «Քաղաքը», «Վերադարձիր»,Մենելաոս Լուդեմիսի «Չուշանաս» բանաստեղծությունները՝ հունարեն, այնուհետև հայերեն թարգմանությամբ: Բանաստեղծությունները հայերեն թարգմանել են Մարիա Լազարևան, Շամրիկ Խաչատրյանը, Շուշան Կարապետյանը: Մասնակիցներից մեկը մի հետաքրքիր միտք արտահայտեց. «Մեր բնակատեղին փոքր է, սակայն ժառանգությունը, որ հասել է մեզ առանց ընդհատումների ՝ հսկայական է: Հունարենը երբեք չի դադարել խոսվել. նա բոլոր կենդանի գոյերից ընդունել է փոփոխությունները, բայց և չի տվել ոչ մի ճեղքում: Այս ավանդույթի մեկ այլ առանձնահատկությունն էլ սերն է մարդկության հանդեպ, իսկ կանոնը ՝ արդարությունը»:
1979 թ. հոկտեմբերի 18- ին Օդիսիաս Էլիտիսին Շվեդիայի ակադեմիայի կողմից շնորհվեց Նոբելյան մրցանակ: Երբ գրողին հանձնեցին մրցանակը, նա ասաց. «Ինձ հնարավորություն տրվեց գրել մի լեզվով, որով խոսում է մի քանի միլիոն մարդ , մի լեզվով, որով խոսում են երկուս ու կես հազար տարի առանց ընդհատումների…»:


Եվ թող ոչ ոք չմոռանա, որ 25 դարերի մեջ չկա մի դար, որ հունարենով բանաստեղծություն չգրվեր: Մենք ևս բախտավոր ենք, որ որպես մայրենի լեզու ունենք հայերենը. որի հարուստ բառապաշարի շնորհիվ հնարավորություն ունենք ձեզ փոխանցելու հունական պոեզիայի ողջ գեղեցկությունը:
Ստորև Կոստանդինոս Կավաֆիսի «Քաղաքը» բանաստեղծությունն է , որը հնչեց ցերեկույթի ժամանակ.

ՔԱՂԱՔԸ
Ասում ես՝ «Կգնա՛մ ուրիշ երկիր, ուրիշ ծով կգնամ:
Սրանից լավ քաղաք ես անկասկած կգտնեմ:
Ջանքերս բոլոր դատապարտված են անհաջողության այստեղ,
իսկ սիրտն իմ այստեղ ասես մեռած լինի, լինի թաղված:
Միտքն իմ դեռ ինչքա՞ն այս անորոշության մեջ թողնեմ:
Ուր էլ աչքս թեքեմ, որ կողմ էլ նայեմ,
Սև ավերակներն եմ տեսնում իմ կյանքի այնտեղ,
Որտեղ այսքան տարի ես ապրեցի, կործանվեցի, կորա»:
-Նոր վայրեր դու չե՛ս գտնի, չե՛ս գտնի ուրիշ ծովեր:
Քաղաքն այս քեզ կհետապնդի: Փողոցներում կթափառես
նո՛ւյն:
Եվ բակերում կշրջես
նո՛ւյն.
և տներում կծերանաս
նո՛ւյն:
Ուր էլ գնաս, միշտ այս քաղաք կհասնես:
Այլուր լինելու մասին մի էլ հուսա,
Չկա՛ քեզ համար նավ, չկա՛ քեզ համար ճամփա:
Այսպես կյանքդ կվատնես այստեղ՝ ապաստարանում այս փոքրիկ,
ամբողջ աշխարհը կորցնելու վրա:

Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 40411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ