Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Մեր ներքին պառակտումներն այնքան շատ են, այնքան խոր, որ մենք չենք կարող դիմակայել արտաքին թշնամուն»

«Մեր ներքին պառակտումներն այնքան շատ են, այնքան խոր, որ մենք չենք կարող դիմակայել արտաքին թշնամուն»
21.08.2009 | 00:00

«ՄԻՇՏ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՄ ԵՂԵԼ, ԲԱՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ ԵՄ ԵՂԵԼ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼ»
…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ, ում հետ զրույցի ընթացքում անդրադառնում ենք թատրոնին, հայաստանյան այսօրյա անցուդարձերին, ինչպես և Հայաստանին ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվող աշխարհաքաղաքական որոշ իրողությունների: Ինչպես միշտ, հարցազրույցի շրջանակներում ներկայացվում են արվեստագետի ստեղծագործական ծրագրերը, որոնք կապված են թե՛ Սունդուկյանի անվան ակադեմիական, թե՛ Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական, թե՛ այլ թատրոնների հետ:
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ԲԱՌԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ»
-Պարո՛ն Շահվերդյան, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և «Գոյ» փորձարարական թատրոնների համատեղ ուժերով բեմադրվում է Տոնինո Գուերայի «Մեղր» ստեղծագործությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում ավանդական, ակադեմիական և փորձարարական թատերախմբերի համատեղմանը, միասին ստեղծագործելու իրողությանը:
-Ես կարծում եմ, որ ակադեմիականը կդադարի լինել ակադեմիական՝ այսօրվա չափանիշներով, եթե լինի զուտ ակադեմիական, թանգարանային փոշին վրան թատրոն: Ոչ մեկին պետք չէ այդպիսի թատրոն: Ընդհակառակը, «ակադեմիական» բառն իր մեջ ներառում է նաև փորձարարություն հասկացությունը: Առանց էքսպերիմենտի որևէ արվեստի ակադեմիական օջախ չի կարող գոյատևել, առավել ևս՝ թատրոնը: Եթե մենք պահանջում ենք ժամանակակից հնչողություն, ժամանակակից ընկալում, ժամանակակից մոտեցում այս կամ այն պրոբլեմին, այս կամ այն դրամատուրգիական երկին, սա արդեն ենթադրում է, որ պիտի լինի այսօրվա շունչը: Իսկ այսօրվա շունչն այն թարմ հոսանքն է, որը շատ կենսունակ ուժ է ակադեմիական թատրոնի համար: Ինձ համար զուտ ակադեմիական թատրոն գոյություն չունի: Ինչ վերաբերում է Ձեր նշած կոնկրետ դեպքին՝ Սունդուկյանի և «Գոյի» համատեղ աշխատանքին, կյանքը ցույց կտա, թե ինչ կստացվի:
«ԵՍ ԵՂԵԼ ԵՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆԿԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ»
-Թեև Դուք ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման ողջ ընթացքում ու նաև այդուհետ եղել եք Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր ռեժիսորը, շատերն այն կարծիքին են, որ այդ պաշտոնին նշանակվել եք Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերը լինելու շնորհիվ: Ի՞նչ կպատասխանեիք այդ կարծիքը կրողներին:
-Այդ կարծիքը կրողներին, նման տեսակետ հայտնողներին ես պատասխանել եմ Սունդուկյան թատրոնում ծավալած իմ տասներեքամյա գործունեությամբ: Շատ ճիշտ նկատեցիք, որ ես Սունդուկյան թատրոնը ղեկավարել եմ հիմնականում նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք: Եվ ինձ բոլորովին վատ չեմ զգացել: Միշտ հասարակական կյանքի կենտրոնում եմ եղել, բայց քաղաքականությունից հեռու եմ եղել, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել: Ի դեպ, ասեմ, որ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ նախագահների օրոք ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել, քաղաքական որևէ գծի չեմ հետևել, թեև ինձ համարելով Լևոնի ընկերը՝ հաճախ են լուրեր տարածում, թե ՀՀՇ-ական եմ եղել: Երբեք նման բան չի եղել: Ես իմ ողջ կյանքում միայն մի կուսակցության անդամ եմ եղել՝ կոմունիստական կուսակցության: Երբ սովորում էի թատերական ինստիտուտի երրորդ կուրսում, Լենինյան թոշակառու էի: Հարց բարձրացվեց, որ պետք է անպայման կուսակցական լինեմ: Ի դեպ, խոստովանեմ, որ դա ոչ թե պարտադրանք էր, այլ ես հավատում էի, անմնացորդ էի հավատում այն բոլոր գաղափարներին, իդեալներին, սկզբունքներին, որոնք քարոզվում էին խորհրդային հասարակարգի տարիներին: Եվ ես հավատով էլ ընդունվեցի կոմունիստական կուսակցության շարքերն ու այդ շարքերում մնացի մինչև 1988 թվականը: 88-ի վերջին՝ մինչ երկրաշարժը, հրաժարվեցի այդ կուսակցությունից և այլևս չանդամակցեցի որևէ կուսակցության: Բայց ես միշտ եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերը՝ դեռ տասնչորս տարեկան հասակից, երբ միասին հաճախում էինք պիոներ պալատի թատերական խմբակը: Այն տարիներին շատ մտերիմ էինք, միասին հաճախում էինք Սունդուկյան թատրոնի ներկայացումներին: Լևոնը երկու սիրելի ներկայացում ուներ՝ «Իմ սիրտը լեռներում է» և «Ժայռը»: Մենք մեկ անգամ չէ, որ միասին նայել ենք այդ ներկայացումները: Ես եղել եմ նրա ընկերը և շարունակում եմ լինել: Այն պատճառով, որ անվերջ շեշտվում է իմ՝ Լևոնի ընկերը լինելու հանգամանքը, ես պիտի հրաժարվե՞մ մեր ընկերությունից, ի՞նչ է: Ի դեպ, ասեմ, որ մեր ընկերությունը հետաքրքիր շրջադարձեր է ունեցել: Դպրոցն ավարտելուց հետո երկուսս էլ ընդունվեցինք համալսարան, բայց տարբեր բաժիններ: Հետո նա մեկնեց Ռուսաստան, ու մենք տասնամյակից ավելի չէինք հանդիպել: (Ընդհանրապես քիչ ենք հանդիպում): Բայց յուրաքանչուրս իր մեջ կրում է այդ ընկերության գաղափարը, հոգեհարազատության զգացողությունը և հարուստ է դրանով:
-Անկախ ընկերության պարագայից՝ ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն: Ողջունողների՞, թե՞ դատապարտողների բանակից եք:
-Չեմ կարող այդ հարցին ստույգ պատասխան տալ: Ասեմ՝ ինչու: Որովհետև լավ չեմ տիրապետում քաղաքական դաշտին, և՝ միտումնավոր: Կա մարդկանց մի տեսակ, որ կոչվում է «ՏՊվՏս՚ո»: Ես այդ տեսակին եմ պատկանում, և ինձ համար միակ սերը թատրոնն է: Գուցե սա վատ բան է, բայց ես այդպիսին եմ, մյուս ասպարեզներից ինձ հեռու եմ պահում, չեմ խառնվում այլ հարցերի: Բացի այդ, եթե ամեն ինչ լավ լիներ, երբեք այդ հարցը չէր առաջանա: Բայց քանի որ մեր այսօրվա կյանքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ (իսկ խնդիրները երբեք լիարժեքորեն չեն լուծվում, չի կարող որևէ ազգ, այդ թվում և՝ մենք, ոչ մի խնդիր չունենալ, այդպիսի բան պարզապես չի լինում, հեքիաթ հո չէ՞), երևի թե դա է մարդկանց որոշ հատվածին ուղղորդում դեպի Լևոն Տեր-Պետրոսյանը:
«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ»
-Լրացավ ռուս-վրացական պատերազմի մեկ տարին, այդ առիթով հնչեցին տարբեր մեկնաբանություններ թե՛ հակամարտող, թե՛ հայկական կողմերից: ՀՅԴ-ն, մասնավորապես՝ Կիրո Մանոյանը, հնչեցրեց տեսակետ, որ ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը չկարողացավ անհրաժեշտ կերպով ներկայացնել այդ պատերազմի պատճառով իր կրած շոշափելի կորուստները և ստանալ փոխհատուցում: Համամի՞տ եք այս տեսակետին: Մենք իսկապե՞ս վատ ենք դրսևորում մեզ պահանջատիրական խնդիրներում:
-Այո՛, ցավալի է, բայց իսկապես այդպես է: Այս հարցում ես պայքարի առաջին շարքերում եմ և կլինեմ այնքան ժամանակ, որքան պետք լինի: Առաջին շարքերում եմ իմ մտածողությամբ, ոչ թե բարիկադների կռվում: Մենք չենք կարողանում լինել պահանջատեր: Ինչո՞ւ: Որովհետև մենք ունենք ներքին չլուծված պրոբլեմներ: Երբ ընտանիքում կա պառակտում, այդ ընտանիքը որևէ հարցում չի կարողանում գալ միասնական որոշման և հասնել դրա լուծմանը:
-Նույնիսկ արտաքին թշնամու հետ ունեցած խնդիրներո՞ւմ:
-Այո՛: Մենք պառակտված ենք, ինքներս մեզ հետ համաձայնության մեջ չենք: Սա է ցավալին: Մեր ներքին պառակտումներն այնքան շատ են, այնքան խոր, այնքան հզոր, որ մենք չենք կարող դիմակայել արտաքին թշնամուն: Եթե դրսում ասում էլ ենք, թե արտաքին խնդիրներում միասնական ենք, դա սուտ է, ես անձամբ դրան չեմ հավատում: Չի կարող այդպիսի բան լինել: Մենք չենք կարող միմյանց հետ ունենալ շատ լուրջ պրոբլեմներ, ավելին՝ թշնամանք՝ մեր էգոյից եկող թշնամանք, և հանկարծ հայտարարենք, որ մի որևէ հարցում մոռանում ենք այդ թշնամանքն ու դառնում համերաշխ, միասնական: Մեր խորքում եղած ներքին նստվածքն անպայման իր որակը դրսևորում է:
-Համամի՞տ եք այն կարծիքին, թե Հայկական հարցն ընդամենը զսպաշապիկ է գերտերությունների ձեռքին՝ ուղղված Թուրքիայի դեմ:
-Չեմ կարող հստակ պատասխանել այս հարցին, որովհետև վախենում եմ սխալվել: Քաղաքական դաշտի իմ իմացությունն ինձ իրավունք չի տալիս կտրուկ պատասխան տալու այդպիսի հարցին:
-Ըստ քաղաքական վերլուծաբանների՝ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա ուներ մի գլխավոր նպատակ՝ չեզոքացնել կամ նվազեցնել Ամերիկայի դերը Կովկասյան տարածաշրջանում: Ի՞նչ եք կարծում՝ հայերիս համար ո՞ր տարբերակն է առավել ձեռնտու՝ ապրել Ռուսաստանի՞, թե՞ Ամերիկայի ազդեցության դաշտում գտնվող տարածաշրջանում:
-Իմ կարծիքով՝ Ռուսաստանի: Գուցե նաիվ ու սուբյեկտիվ է իմ պատասխանը, գուցե ճշմարտությունն այլ է, բայց ես ռուսամետ եմ, դեռ հավատում եմ ռուսներին: (Օ՜, Աստված ոչ անի, որ այս դեպքում էլ հիասթափվեմ): Երեխա ժամանակվանից ինձ համար, ինչպես և մեր ընտանիքի, Մոսկվան եղել և մնում է կայուն հասկացություն: Ես դաստիարակվել եմ Մոսկվայի մշակույթով, գրականությամբ, թատրոնով: Ինձ համար շատ սիրելի է այդ ամենը, թեև վերջին անգամներն այնտեղ լինելով՝ տեսնում եմ, թե ինչպիսի արագությամբ է իմ սիրելի Մոսկվան փոխվում: Գուցե դեպի լավն է փոխվում, բայց այսպիսի խոսք կա. «Սա արդեն իմը չէ»: Դե՜, ինչ արած, պարտադիր չէ, որ միշտ «իմը լինի»: Ամեն ինչ առաջ է գնում: Թե որքանով է լավ կամ վատ այդ ամենը, չգիտեմ: Ինձ սարսափեցնում է այն հայտնի միտքը, թե քաղաքակրթությունը չի փրկելու աշխարհը, այլ ընդհակառակը՝ կործանելու է:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Երևանի փոփոխվող դիմանկարին, այստեղ չե՞ք ունենում «իմը չէ»-ի զգացողությունը:
-Ավելի շատ եմ ունենում: Երևանում ես տխրում եմ: Մինչև հիմա չեմ կարողանում գտնել մի հարցի պատասխան. ո՞ւմ էր պետք այդ պողոտան (ի՞նչ պողոտա է, Հյուսիսայի՞ն): Ինչի՞ համար էր դա: Որ՝ ի՞նչ: Դա ոչ մի կերպ չի մտնում մեր մտածողության մեջ: Գուցե մի երեսուն տարի հետո կմտնի, բայց առայժմ խորթ է: Մյուս կողմից, մտածում եմ՝ գուցե դա ապագայի համա՞ր է, և պարտադիր չէ, որ այսօր ինձ գոհացնի: Համենայն դեպս, դա «իմը չէ»: Իրոք, Երևանում ես տխրում եմ: Այն, ինչ մեր քաղաքին է վերաբերում, ես շատ հիվանդագին եմ ընդունում:
«ԹԱՏՐՈՆՈՒՄ ԳՐԵԹԵ ՉԵՆ ԽԱՂՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ»
-Պարո՛ն Շահվերդյան, կխնդրեի մի փոքր վերանալ հասարակական-քաղաքական անցուդարձերից և խոսել Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին՝ կապված թե՛ Սունդուկյան թատրոնի, թե՛ այլ թատրոնների հետ:
-Սունդուկյանի հետ կապված՝ ասեմ, որ երկու ամիս առաջ եմ հանձնել իմ նոր ներկայացումը՝ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Վարդուհի Վարդերեսյանի գլխավոր դերակատարմամբ: Դրանից առաջ ունեցա ևս մեկ պրեմիերա՝ Պերճ Զեյթունցյանի «Արշակ թագավոր» պիեսի բեմադրությունը: Մի քիչ սարսափով եմ մտածում այդ ներկայացումների մասին, որովհետև հիմա մի քաղաքականություն է որդեգրված (չգիտեմ՝ ում կամքով)` թատրոնում գրեթե չեն խաղում ներկայացումներ: Խաղում են ամիսը երկու-երեք, լավագույն դեպքում՝ չորս ներկայացում: Եվ ես վախենում եմ, որ եթե այս ներկայացումներն էլ չխաղացվեն, պարզապես կմեռնեն: Չեմ ուզում խորանալ պատճառների մեջ, ընդհանրապես այս հարցերի մասին չեմ ուզում խոսել: Դա մի առանձին թեմա է: Ինչ վերաբերում է Սունդուկյան թատրոնում իմ ունեցած ծրագրերին, ապա ասեմ, որ մինչև այս տարվա ավարտը նոր ներկայացում չեմ անի: Արդեն արվելիքն արված է, մյուս ծրագրերը կապված են եկող տարվա հետ: Ավելի շատ են անելիքները Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Այնտեղ բեմադրվել և օրեր առաջ ներկայացվել է Արտաշես Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» ստեղծագործությունը: Այդ պիեսը ես այնտեղ առաջին անգամ բեմադրել էի 1987 թվականին: Երկրաշարժից հետո այն այլևս չխաղացվեց Վանաձորում: Բայց պիեսում երեք գլխավոր դեր կա՝ ոչ երիտասարդ դերասանուհիների համար: Հիմա թատրոնում կատարվել է սերնդափոխություն, և նախկինում այդ ներկայացման մեջ խաղացող Ռոզա Մխիթարյանը կրկին խաղում է նոր բեմադրության մեջ, իսկ մյուս երկու դերասանուհիները փոխարինվել են նորերով: Պիեսը շատ համահունչ է այսօրվա պրոբլեմներին: Ավելի ուշ նույն թատրոնում բեմադրելու եմ Շեքսպիրի «Լիր արքան»: ՈՒրիշ ծրագրեր էլ կան: Ռուսաստանից՝ Վորոնեժի ազգային ակադեմիական թատրոնից ունեմ հրավեր՝ բեմադրելու Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» պիեսը: Սա կարվի մինչև տարեվերջ: Բացի այդ, աշխատում եմ ուսանողների հետ: Ի դեպ, ասեմ, որ իմ այս տարվա շրջանավարտները շատ հետաքրքիր աշխատանք հանձնեցին՝ Դոստոևսկու «Ապուշը»: Դա իմ վաղեմի երազանքն էր, և հուրախություն ինձ ու նրանց, բավական հաջող ներկայացում ստացվեց: Խաղացին թատերական գործիչների միության բեմում: Ես ներկայացումն անպայման կհամալրեմ մի քանի նոր դերակատարներով (որովհետև ոմանք մեկնել են բանակ), և հոկտեմբերի վերջից այն կմտնի խաղացանկի մեջ ու պարբերաբար կներկայացվի թատերական գործիչների միության բեմում: Իսկ մնացած ծրագրերը կիրականացվեն ընթացքում, քանի դեռ Աստված ինձ կյանք է տվել:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3357

Մեկնաբանություններ