«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԱՅՍ ՑԱՎԸ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԱԽՏՈՐՈՇԵԼ»

«ԱՅՍ ՑԱՎԸ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԱԽՏՈՐՈՇԵԼ»
24.06.2011 | 00:00

Երգահան ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆՆ ու հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ երեկ լրագրողներին հրավիրել էին ասուլիսի` «Հեղաշրջում հայ երգարվեստում» թեմայի շուրջ:
Բանախոսներն անդրադարձան հետևյալ հարցերին. ի՞նչ է երգը (մասնավորապես` հայ երգը), ի՞նչ դեր ունի երգի որակի հարցում բանաստեղծական տեքստը, ինչպիսի՞ն է օտար երգերի ազդեցությունը հայ երգի վրա:
«Այս հարցը, որ մենք քննարկում ենք, ցավ է, համահայկական ցավ: Եվ այդ ցավը մեզ ստիպում է միջոցներ ձեռնարկել: Չեմ կարծում, որ որևէ հայ մարդ, առավել ևս` արվեստագետ, կկարողանա անտարբեր մնալ դրա նկատմամբ: Այս ցավը, հիվանդությունը նախ և առաջ պետք է ախտորոշել»,- ասաց Սասուն Պասկևիչյանը: Նա ներկայացրեց հիվանդությունը բուժելու իր դեղատոմսը` ստեղծել մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կորոշի հանրությանը ներկայացվելիք երգերի ճակատագիրը, թույլ կտա կամ չի տա դրանց մուտքը հանրային լսարան:
Հաշվի առնելով երգի անուրանալի ազդեցությունը մարդու ապրելակերպի, հոգեբանության, ազգային մտածողության ձևավորման վրա` հարցի քննարկման շրջանակներում իր դիտարկումները ներկայացրեց մասնագետ-հոգեբանը: «Կա արվեստի հոգեբանություն, այդ թվում` երաժշտության հոգեբանություն: Երաժշտությունն անմիջապես ներգործում է մարդու հոգեբանության ամենախորքային շերտերի վրա: Մարդիկ ծանր հոգեվիճակում լավ երաժշտությունը որպես սպեղանի են ընկալում: Բայց երաժշտությունը կարող է և խոցել: Այն երգը, որի մասին մենք այսօր խոսում ենք, հոգեխոցող է»,- նկատեց տիկին Նալչաջյանը: Նա նշեց, որ ազգերի մահացումը պայմանավորված է նաև ազգային երգի մահացմամբ, ու մենք հիմա կանգնած ենք այդ վտանգի առաջ: «Ազգերը ոչնչանում են, որովհետև հոգեբանորեն թուլանում են,- ասաց նա,- կորցնում են ազգ կոչվող սոցիալական խմբին վերաբերող ցուցիչները: Մշակույթն այդ ցուցիչներից մեկն է: Եթե մշակույթը հիվանդանում է, այն կրող ամբողջությունը` էթնոսը, սկսում է թուլանալ: Մենք հիմա հոգեբանական իմաստով թուլացել ենք»:
Ակումբի հյուրերը խոսեցին նաև հայ երգի մասին` որպես ազգային անվտանգության, ազգապահպանության, ազգային գաղափարախոսության ոլորտներում բացառիկ գործառույթ իրականացնող բաղադրատարրի:
Արծարծվեցին ստեղծագործական ազատության, դրա ենթադրվող սահմանների ու սահմանափակումների, երգի նորօրյա աղավաղումների դրդապատճառների, երգը պետական հոգածության առարկա դարձնելու օրախնդիր հարցեր:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ