«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Խորապես հուզիչ փորձություն»

«Խորապես հուզիչ փորձություն»
26.05.2012 | 02:15

«Ցերեկը քաղաքագիտություն եմ դասավանդում,
Երեկոյան ընթերցում եմ քաղաքական տեսություն:
Իսկ ուշ գիշերին
պոեզիա եմ կարդում:
Այդ կերպ լցնում եմ հոգիս»:

Երեկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կանադահայ բանաստեղծ և գիտնական ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆԻ «Վերադարձ դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսն էր: Ալան ՈՒայթհորնը ցեղասպանագետ է, խորությամբ ուսումնասիրել է բոլոր տիպի ցեղասպանությունները, որ եղել են երկրագնդի վրա, բազմաթիվ աշխատություններ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, նույն թեմայով դասախոսություններ է կարդացել աշխարհի առաջատար համալսարաններում: «Վերադարձ դեպի Հայաստան» Ժողովածուն ունի երեք բաժին. առաջին բաժնում Եղեռնի թեման է, երկրորդ բաժնում խոհափիլիսոփայական բանաստեղծություններ են, իսկ երրորդը հայացք է Հայաստանին: Ինչպես նշեց գրքի թարգմանիչ ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ, դա ներսի հայացք է, այսինքն, այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք խոհանոցում կամ սրճարանում, ամբիոնից կամ հանրահավաքների ժամանակ, նա ներկայացրել է իր բանաստեղծությունների միջոցով:
«Ալան ՈՒայթհորնը 25 տոկոսով է հայ (տատն է հայուհի), բայց ամեն տեղ հայտարարում է, որ ինքը կանադահայ է,-ասաց Արամ Արսենյանը:- Մարդ, ով չգիտի իր արմատների ծննդվայրը: Նրա մեծ մայրը չի հիշում ոչ իր անունը, ոչ ծնողներին, չգիտի, որ քաղաքում կամ գյուղում է ծնվել: Որբացել է Եղեռնի ժամանակ, անցել է հինգ մանկատներով, վերջին մանկատանը, տեսնելով որ սիրուն աղջիկ է, անունը դրել են Սիրուն: Մեծ մոր ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ Ալանը որոշել է դառնալ ցեղասպանագետ: Ինձ համար հաճելի էր թարգմանել Ալանին, որովհետև այնպես է գրում, որ հավատում ես նրան ու վստահում: Անկեղծ է, ինչը և մարդկային հարաբերություններում, և գրականության մեջ ամենակարևորն է»:
Ի դեպ, Ալան ՈՒայթհորնը 1962-ից մինչև 2001-ը Հայաստան ուղևորվելու չորս անհաջող փորձ է ունեցել, 2005-ին վերջապես հաջողվել է այցելել Հայաստան, և ,ինչպես ինքն է գրում, դա խորապես հուզիչ փորձություն էր:
Հարկ է նշել, որ Ալան ՈՒայթհորնի և Լորնե Շիրինյանի «Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային» գրքի բանաստեղծություններից մի քանիսը մեջբերվել են Կանադայի կառավարության` Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խորհրդարանական քննարկումների ժամանակ: Ինչպես կանադահայ գրողն է նշում, այդ կերպ հույս ունեին խթանել քաղաքագետներին ինչպես մտքով, այնպես էլ հույզերով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ