Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեզ պետք է խոհեմ, բանիմաց, դիվանագետ, վտանգները կանխատեսող և զգուշորեն գործող ղեկավարություն

Մեզ պետք է խոհեմ, բանիմաց, դիվանագետ, վտանգները կանխատեսող և զգուշորեն գործող ղեկավարություն
23.09.2023 | 12:36

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ոչինչ չորոշվեց։ Ուրեմն ինչի՞ համար էր այն։ Նպատակն այն էր, որ այս տարածաշրջանում առկա ուժերն իրենց ելույթներով վերահաստատեն իրենց այստեղից չնահանջելու փաստը և ասեն, որ այս անգամ էլ, մեծ խաղացողների առումով, ոչինչ չի փոխվել։ Իսկ հայկական ողբերգությունը նրանց չի հետաքրքրում ճիշտ այնպես, ինչպես չի հետաքրքրել սերբական ողբերգությունը, ուկրաինական, սիրիական, եզդիական և այլն։ Ռուսաստանն ասաց, որ չի հանում խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղից, Եվրամիությունն ասաց, որ շարունակելու է իր միջնորդական առաքելությունը, Թուրքիան ասաց, որ կանգնած է Ադրբեջանի մեջքին, Իսրայելը, ինչպես միշտ, հետնաբեմում էր, Ադրբեջանն ասաց, որ Հայաստանը զավթել է իր հողերը, Հայաստանն ասաց, որ անմեղ է և ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Նիստը վարում էր Ալբանիան։ Ակնհայտ է, որ այս կործանարար ճանապարհից հրաժարվելու միակ ուղին նոր, ազգային շահերին հետամուտ իշխանությունն է, որը կունենա հնարավորություն հրաժարվելու ներկայիս իշխանության բոլոր ազգադավ հայտարարություններից և ստորագրություններից։ Իսկ այնուհետև կհրաժարվի նաև Հայաստանը կործանման եզրին հասցրած քաղաքական ուղուց։

Մենք պետք է հասկանանք, որ ոչ թե եկել է, այլ վրա է հասել սխալները ուղղելու ժամանակը։ Եվ պետք չէ քննարկել, թե որոնք են այդ սխալները, քանի որ գործի ճիշտն ու սխալը որոշվում է արդյունքով, իսկ արդյունք չկա, այլ կա միայն արվածի ծանր հետևանքը, որն ապացուցում է, որ մինչ այսօր ՀՀ վարած քաղաքականությունը, մեղմ ասած եղել է սխալ։ Եվ քանի որ սխալները պետք է ուղղել, ոչ թե չտեսնելու դնելով շարունակել, ինչպես արվում է այժմ, ապա անվարան կարելի է ասել, որ Հայաստանին այսօր պետք է նոր իշխանություն, որը գնահատական կտա ՀՀ երեսուներկու տարվա վարած քաղաքականությանը, կհրաժարվի դրանից և կընթանա նոր մշակված ճանապարհային քարտեզով։

ՄԱԿ-ի նիստը մեկ անգամ ևս հաստատեց, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից "դե յուրե" ոչինչ չի փոխվել , քանի որ արդեն 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին ՀՀ իշխանությունը Եվրոպական միության խորհրդաժողովներում ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Սակայն դաժան ճշմարտությունն այն է, որ այդ հայտարարության հիմքերը դրվել են 1991-ին, մասնավորապես, երբ Սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի ժամանակ ԼՂԻՄ-ի հայությանը թույլ չտվեցին մասնակցել հանրաքվեին և ասացին՝ գնացեք անկախացեք։ Եվ դա այն դեպքում, երբ 1989-ի Դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, բոլոր օրենքները պահպանելով, միացել էր Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը, որը ոչ մի իրավունք չուներ առանց ԼՂԻՄ-ի անկախանալու։ Բայց արեցին դա․ փոխարենը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը առաջ տանելու, ընկան արևմտյան օրակարգ հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանության հետևից։ Կեղծ օրակարգ, որը ոչ մի հեռանկար չուներ և, բնականաբար, չունի նաև այսօր։ Ժամանակն է հասկանալու, որ Հայաստանի համար նոր քաղաքական օրակարգով իշխանությունը ոչ թե ճաշակի հարց է, այլ գոյաբանական խնդիր։ Այդ օրակարգում նախանշված կլինեն ազգային առաջնահերթությունները երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերով։ Կարճաժամկետ ծրագիրը կարող է իրագործվել միայն Ռուսաստանի հետ ուղիղ և անկեղծ համագործակցությամբ (այլ ճանապարհ չկա) և ոչ թե Արևմուտքի ձեռքին գործիք լինելով։ Ես հասկանում եմ, որ ԱՄՆ-ի խոշորագույն դեսպանությունը Երևանում խորհրդանշում է այս տարածաշրջանում Հայաստանի նշանակությունը Արևմուտքի համար, և նա հենց այնպես մեզ բաց չի թողնի, ուրեմն մեզ պետք է ոչ միայն նոր ղեկավարություն՝ նոր քաղաքական օրակարգով, այլև խոհեմ, բանիմաց, դիվանագետ, վտանգները կանխատեսող և զգուշորեն գործող ղեկավարություն։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ