ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Լավ կենսական պայմաններն արտերկրից շատերին բերեցին ԱՄԷ

Լավ կենսական պայմաններն  արտերկրից շատերին բերեցին ԱՄԷ
11.12.2012 | 12:14

Պետական տոներն ԱՄԷ-ում քիչ են: Ամենասպասվածներից մեկը թերևս Ազգային օրն է, որը խորհրդանշում է Էմիրությունների միավորումը: 1971-ին արաբական էմիրությունները, պաշտոնապես դուրս գալով բրիտանական տիրապետությունից, դեկտեմբերի 2-ին միավորվեցին (Աբու Դաբի, Աջման, Դուբայ, Շարջա, ՈՒմմ Ալ Քուվեյն, Ֆուջեյրա), և հիմնադրվեց Արաբական Միացյալ Էմիրություններ երկիրը: Ռաս էլ Խայմե էմիրությունը նրանց միացավ 1972-ի փետրվարի 11-ին: Բուն տոնական օրը դեկտեմբերի 2-ն է, սակայն ամբողջ ամիսը համարվում է տոնական: Պետականորեն ոչ աշխատանքային օրեր էին 2-ը և 3-ը: Մի քանի շաբաթ առաջ սկսվել էր տոնական զարդարանքների` դրոշների, մեքենաների վրա փակցվող իշխանավորների լուսանկարների, փուչիկների, գլխարկների, շարֆերի վաճառքը, փողոցների լուսային ձևավորումը, ամենուր ծածանվում էր ԱՄԷ-ի պետական դրոշը:
Այս տոնին ժողովուրդը կազմակերպվում է, այսինքն` մեծ խմբերով ոտքով շրջում են` կատարելով ավանդական երգեր ու պարեր, արտասանելով հայտնի պոետների ստեղծագործություններ: Գրեթե անհնար է մեքենա վարել. փողոցներում, ժողովրդական խոսքով, «ասեղ գցելու տեղ չկա»: Տոնը նույն շուքով նշվում էր բոլոր էմիրություններում: Գործում էր Ազգային տոնի պաշտոնական կայքը, որտեղ կարելի էր ծանոթանալ միջոցառումների ցանկին: Ես նախընտրեցի այցելել Ալ Էին, որը պատկանում է Աբու Դաբիի էմիրությանը: Սա ԱՄԷ-ի պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած քաղաքներից է: Կանգառներիցս մեկը շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի պալատ-թանգարանն էր: ԱՄԷ առաջին նախագահը` նախկինում Աբու Դաբիի շեյխը 1937 թ. կառուցված այս պալատում կնոջ` շեյխա Ֆաթիմայի և զավակների հետ ապրել է մինչև 1966-ը: 2001 թ. պալատը, դառնալով թանգարան, այցելուներին ներկայացնում է շեյխ Զայեդի կյանքի այս ժամանակահատվածին վերաբերող արժեքավոր ցուցանմուշներ` անձնական իրեր, այդ թվում` նրա «Լենդ Ռովեր» մեքենան, պալատական սպասք, կահույք:
Կարող եք շրջել պալատի հարկաբաժիններով, պատշգամբներից վայելել պալատական պարտեզների գեղեցկությունը, տեսնել մեջլիսը, բեդվինների կյանքը պատկերող վրանը` բարձերով, թախտերով, գորգերով, որտեղ տեղի էին ունենում տղամարդկանց հավաքները:
ՈՒշագրավ են սուրճի սենյակները, որոնք արաբական կենցաղում առանձնահատուկ նշանակություն ունեն: Ցուցադրված են սուրճը մատուցելու ամաններ` դալլահներ: Պալատում կան նաև կանանց հավաքույթների համար նախատեսված սենյակներ: Հետաքրքիր են լուսանկարները, որոնք վերաբերում են շեյխ Զայեդի կյանքի տարբեր դրվագներին, ինչպես, օրինակ, դստեր ծնունդը, «Օազիս» հիվանդանոցի հիմնադրումը, բազեների թռիչքը: Այստեղ կտեսնեք նրա տոհմածառը և զավակների նկարները, ովքեր հետագայում երկրում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել: Նրանց թվում է նաև երկրի այժմյան նախագահ Նորին գերազանցություն շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը:
Հաջորդ այցելության վայրը Ալ Էինի կենդանաբանական այգին էր: Այն 1968 թ. հիմնադրել է շեյխ Զայեդը: Այսօր այգում ապրում է գրեթե 4000 կենդանի: Իր կյանքի ընթացքում շեյխը մեծ հոգածությամբ է համալրել այգին հատկապես անապատային կենդանիների վերացող տեսակներով, ինչպես, օրինակ, արաբական օրիքսը, բազեն: Հիմնադրի մահից հետո, գիտակցելով այգու կարևորությունը, շարունակում են նրա հանդեպ ուշադրություն տածել: Ալ Էինի կենդանաբանական այգին իր որակով կարողացել է գրավել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը. կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է, համագործակցում է Էդինբուրգի, Սան Դիեգոյի կենդանաբանական այգիների, Սահարայի պահպանման ֆոնդի հետ: Կարող եք ժամերով շրջել այգում, հիանալ կենդանիներով, մասնակցել կենդանասերների ակումբի հավաքներին, դիտել թռչունների շոուն: Ի դեպ, այստեղ խստորեն պահպանվում է թե՛ կենդանիների, թե՛ այցելուների անվտանգությունը: Իսկ երեկոյան կենդանաբանական այգում Ազգային տոնին նվիրված համերգ էր: Սկսվեց ԱՄԷ-ի պետական օրհներգով, որին հաջորդեցին ավանդական պարեր, երկրի պատմությանը վերաբերող ինտելեկտուալ մրցույթ: Հանդիսատեսը կարող էր նաև ցուցահանդես-վաճառքի մասնակցել: Ես, որպես հիշատակ, տոնական դրոշ և կրծքանշան գնեցի:
Ի դեպ, ԱՄԷ-ի դրոշը պաշտոնապես ընդունվել է 1972 թ. դեկտեմբերի 2-ին: Կազմված է «համաարաբական գույներից»` կարմիր, կանաչ, սև, սպիտակ: Գույների ընտրությունը պատահական չէ, դրանցից յուրաքանչյուրը բխում է պատմական տարբեր ժամանակաշրջաններից և խորհրդանշում է արաբական որևէ խալիֆայություն: Սևը վերագրվում է Մուհամեդի հետևորդներին և Աբասյան խալիֆայությանը (750-1258), սպիտակը` ՈՒմմայաններին (661-750), կանաչը` Ֆաթիմյաններին (909-1171) և խորհրդանշում է Բադրի ճակատամարտը (624թ. մարտի 13), կարմիրը վերագրվում է Խարիջիներին, նաև Մաղրեբ և Ալ-Անդալուզիա բնակավայրերին: Այսօր այդ գույները խորհրդանշում են արաբական երկրների միասնությունը: Իսկ առաջին անգամ համատեղվել են 1916 թ. Արաբական ապստամբության դրոշի վրա:
Կրծքանշանին էլ պատկերված են 7 էմիրությունների ղեկավարները, բնականաբար, կենտրոնում` շեյխ Զայեդը և պետական դրոշը: Հասարակությունն առանձնահատուկ սեր և հարգանք ունի ԱՄԷ-ի առաջին նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի հանդեպ (1918-2004): Նա, կառավարելով երկիրն ավելի քան 30 տարի, բազմաթիվ բարենորոգումների հեղինակ է դարձել: Հիմնադրել է արաբական երկրների տնտեսության զարգացման ֆոնդը, որի միջոցները նրա իշխանության հետագա տարիներին ուղղված են եղել Ասիայում և Աֆրիկայում 40-ից ավելի երկրների: Երկրի նավթի պաշարներից ստացված եկամուտով հիմնադրել է հիվանդանոցներ, դպրոցներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, հասարակական ժամանցի վայրեր, ուշադրության կենտրոնում պահել ծնողազուրկ երեխաներին: Հեռատես և ժամանակակից հայացքներ ունեցող ղեկավար էր: Հասկանալով, որ երկիրը շենացնելու համար միայն ներքին մարդկային ռեսուրսները բավարար չեն, մասնագետների պակաս կա, արտերկրյա մասնագետներին գրավող պայմաններ է ստեղծել: Տարիների ընթացքում բարձր աշխատավարձը, ստեղծված լավ կենսական պայմաններն արտերկրից շատերին բերեցին ԱՄԷ, այդ թվում` 70-ական թթ. Իրաքից, Քուվեյթից, Լիբանանից, Սիրիայից հայերի մեծ հոսք սկսվեց: Նա թույլ տվեց տարբեր կրոնական խմբերի համար կառուցել հոգևոր կենտրոններ, որով շահեց վերջիններիս սերը: Մեջլիսը հասանելի դարձրեց հասարակությանը, այնտեղ կարող էին քննարկվել հասարակական և ազգային տարատեսակ հարցեր: ԱՄԷ-ի առաջին նախագահի կարևորագույն քայլերից մեկը կանանց իրավունքների վերանայումն էր, որի արդյունքում նրանց շնորհվեց կրթություն ստանալու և աշխատելու իրավունք: Հազվադեպ է հանդիպում, որ ղեկավարն այսքան սիրված և հարգված լինի բոլորի կողմից, մարդիկ նույնիսկ երդվում են նրա անունով:
Նաև հայերիս կողմից պետք է շնորհավորել ԱՄԷ-ին` Ազգային տոնի առթիվ, մաղթել երկրին բարօրություն, Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին` զարգացում:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ