«Հրապարակը» գրել է, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ, հովանավորում է նրանց: Միեւնույն ժամանակ, նախկին նախագահներին հարող 17-ի միավորումը, ըստ թերթի, դժգոհ է նրա գործունեությունից, որ նա չի սատարում Փաշինյանին հեռացնելու իրենց պահանջին, եւ ձգտում է այնպես անել, որ դեսպանին հետ կանչեն:
ՌԴ դեսպանատունն անդրադարձել է այս հրապարակմանը եւ թերթից ապացույցներ պահանջել, թեեւ այդ հրապարակման մեջ չկա որեւէ բան, որը հայտնի չլինի քաղաքական ու մեդիա շրջանակներում: Թերթը մեղավոր չէ, որ 17-ը դեռ հավատում է, թե Նիկոլ Փաշինյանի հեռացումը բխում է Ռուսաստանի ու Պուտինի վարչակարգի շահերից, կամ տեղի ունեցածը չէր բխում Ռուսաստանի շահերից, իսկ ինչ վերաբերում է դեսպան Կոպիրկինին, Հայաստանում պաշտոնին անցնելով՝ նա հայտարարեց «փափուկ ուժի» կիրառման մտադրության մասին: Այդ ուժի մի մասն է նաեւ Հայաստանի դեմ չդադարող քարոզչությունը, որի նպատակը ՌԴ վրայից պատասխանատվությունը հանելն է եւ իր գործողությունների համար արդարացումների ու մեղավորների շրջանակը սահմանելը:
Թեեւ, այդ քարոզչությունը գնալով դառնում է ավելի շատ խոստովանության պես մի բան: Թե դեսպան Կոպիրկինը, թե իր նախորդը դժվար առաքելություն են ստանձնել Հայաստանում՝ 2014-ից սկիզբ առած ռուսական «քաղաքական նոր կուրսի» պայմաններում, որի ներկայիս հանգրվանը Արցախի դեմ պատերազմն է ու Հայաստանի մասնատումը «անվտանգության միջանցքներով», որը պետք է ներկայացնել այնպես, որ Ռուսաստանը հերթական անգամ փրկում է հայերին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը նոյեմբերի 12-ին դուրս էր եկել դեսպանատան շենքից ու հանդիպել հադրութցիների հետ. «Հադրութն ամենատուժած տարածքներից է, մենք գիտենք այդ մասին։ Գիտենք, որ շատ հարցեր կան նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված, որը ստորագրված է։ Նաև շատ հարցեր ունենք մենք, որովհետև չենք ստորագրել այդ հայտարարությունը», ասել էր նա։ «Ինչպես նշեցի, մենք չենք ստորագրել այդ հայտարարությունը, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ այն, ինչ կատարվում է, պետք է ներկայացնի նաև Հայաստանի շահը։ Մենք միշտ կբացենք դեսպանատունը ձեզ համար, որպեսզի խոսեք ու ներկայացնեք ձեր խնդիրը», ասել էր դեսպանը։
Ֆրանսիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ի տարբերություն իր գործընկերների, այդքան ակտիվ չէ, ինչպես իր երկիրը, որը գտնվում էր իշխանության փոխանցման գործընթացում: Նա մի քանի հանդիպումներում քննարկել է հումանիտար օգնության եւ գերիների խնդիրները: ԱՄՆ կոնգրեսում կա Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւ, որը դեռ չի քննարկվել: