38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՍՕՐ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՍԻՐՈ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ, ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ»

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՍՕՐ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՍԻՐՈ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ, ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ»
09.10.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, երգչուհի ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԻ երգարվեստի երկրպագուների համար կարող է անակնկալ լինել այս հարցազրույցի ընթացքում շոշափվող հարցերի բովանդակությունը: Սակայն ամենաքնքուշ հոգու և ամենից ապաքաղաքական մասնագիտության տեր անձնավորությունն անգամ չի կարող խույս տալ իր երկրի ու ժողովրդի համար ճակատագրական խնդիրներին առնչվող խորհրդածումներից: Մեր կյանքում կատարվող իրադարձային անցքերի վերաբերյալ իր տեսակետներն է արտահայտում երգչուհին այս հարցազրույցի շրջանակներում, ինչպես նաև ներկայացնում վերջերս ունեցած ստեղծագործական հաջողությունները: Ի տարբերություն շատ արվեստագետների` Աննա Մայիլյանը չի սիրում վաղօրոք խոսել ստեղծագործական ծրագրերի մասին, գերադասում է պահպանել որոշակի գաղտնիություն և իր յուրաքանչյուր նախաձեռնություն մատուցել ունկնդրին որպես իսկական անակնկալ:
«ՄԵՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ ՀԱՐԳՎԱԾ ԵՎ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ»
-Աննա, ամիսներ առաջ Դուք և երգչուհի Էմմա Պետրոսյանը համատեղ մամուլի ասուլիս էիք հրավիրել, որի ընթացքում անդրադարձաք դասական երաժշտության նկատմամբ Հայաստանում ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքին: Ըստ Ձեզ՝ դասական երաժշտության և հայ հասարակության միջև խաթարված է պահանջարկի՞, թե՞ առաջարկի կոդը:
-Խոսքը ոչ միայն դասական երգարվեստի, այլև ընդհանրապես ազգային մշակույթի մասին էր: Չեմ կարող ասել, որ անտարբեր վերաբերմունք կա, կամ` չկա պահանջարկ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում պահանջարկ: Դա այն ոլորտն է, որի շնորհիվ մեր երկիրը պատվով է ներկայանում համաշխարհային մշակութային ասպարեզում։ Այստեղ պետք է է՛լ ավելի լուրջ խթաններ գտնել և ունենալ հմուտ կազմակերպչական կառույցներ: Եթե այսօր փոփ ասպարեզն ունի բավականին հմուտ կազմակերպիչներ, ապա դասական ոլորտն այդ կառույցներից կա՛մ զուրկ է, կա՛մ էլ ունի հատուկենտ մարդիկ, որոնք ուղղակի եղանակ չեն ստեղծում: Թերևս պատճառներից մեկն էլ այն է, որ այդ մարդիկ դեռևս մնում են հավատարիմ հին սովետական կազմակերպչական ավանդույթներին, որոնք այսօր արդեն չեն համապատասխանում արդի համաշխարհային չափանիշներին: Դրանք հետաքրքրություն չեն արթնացնում հանդիսատեսի մեջ: Իհարկե, սա ամենը չէ, կան նաև այլ խնդիրներ:
-Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմեց սփյուռքահայ մարզիկներին և հորդորեց վերադառնալ հայրենիք, հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո՝ խոստանալով նրանց ապահովել բնակարանով, ավտոմեքենայով, բարեկեցության համար անհրաժեշտ այլ պայմաններով: Այսպիսի կոչի անհրաժեշտություն չե՞ք տեսնում դասական երաժշտությամբ զբաղվող սփյուռքահայ արվեստագետների համար: Եվ ո՞վ պիտի հնչեցնի այդ կոչը:
-Լավ կլիներ, որ Գագիկ Ծառուկյանն ու իր նման գործարարները հավաքվեին, խումբ կազմեին ու, ի վերջո, ստեղծեին նաև մշակութային մի ֆոնդ, որի շնորհիվ ազգային մշակույթը շատ ու շատ խնդիրներ կլուծեր: Մենք այսօր դեռ ունենք փայլուն երաժիշտներ և, ընդհանրապես, արվեստագետներ հենց մեր հայրենիքում, որոնց պետք է թև տալ ու աջակցել տարբեր ծրագրերով: Այսօրվա մեր արվեստագետները կարիք ունեն հարգված և գնահատված լինելու: Լավ կլինի, որ մեր արտիստներին ապահովենք ստեղծագործելու, ապրելու հնարավորություններով, որպեսզի նրանք չլքեն հայրենիքը և չդառնան սփյուռքի ներկայացուցիչ: Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի հենց այստեղ նրանք ապրեն արժանապատիվ կյանքով, ոչ թե մեկնեն արտերկիր և օտար հանդիսատեսին ծառայեցնեն մեր մշակույթը:
«ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԻՍՊԱՌ ՎԵՐԱՆԱ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻՑ»
-Դուք ներկայացնում եք հայի ազգային ինքնության ակունքներից բխող արվեստը: Այսօր հայ մարդն իր նկարագրով ներդաշնա՞կ է այդ արվեստին:
-Մենք հեռացել ենք մեր ակունքներից: Եվ դա տեղի է ունեցել ո՛չ այսօր, այլ շատ ավելի վաղուց: Այստեղ կան և՛ ներքին, և՛ արտաքին պատճառներ: Այսօր շատ կարևոր է ունենալ ազգային մշակութային գաղափարներով հագեցած քաղաքականություն: Գուցե և այս հարցում պետք է կիրառել որոշակի դիկտատուրա: Ռեստորանային երաժշտությունը, օրինակ, պետք է իսպառ վերանա հեռուստաալիքներից: Եթերը պետք է բացառապես դաստիարակչական բնույթ կրի: Վերջերս Հանրային հեռուստաընկերությունը, կարծես, հենց այդ ուղին է բռնել, ինչի համար շատ ուրախ եմ: Ընդհանրապես չափազանց գոհ եմ «ԱՐ» և «Հայրենիք» հեռուստաընկերությունների աշխատանքից: Դրանք իսկապես մշակութային ալիքներ են: «Շանթն» ու «Շողակաթն» էլ, կարծես, լրացնում են ազգային երաժշտության և հոգևոր բնագավառում առկա բացը:
-Դուք կողմ եք դիկտատուրային` հանուն մշակույթի: Իսկ այլ հարցերում տեսնո՞ւմ եք այս կամ այն չափով դիկտատուրա կիրառելու անհրաժեշտությունը և այդ ճանապարհով մեր միջից շատ արատավոր հատկանիշներ արմատախիլ անելու հեռանկարը:
-Շատ կուզենայի, որ որոշակի տուգանք կիրառվեր փողոցները կամ քաղաքից դուրս գտնվող հուշարձաններին կից տարածքներն աղտոտող մարդկանց հանդեպ: Մարդկանց առջև պետք է կանգնեցնել արգելապատնեշներ, քանի որ նրանք անպատժելիորեն ու առանց գիտակցելու փչացնում են մեզ շրջապատող բնությունն ու նույն վարքագծով դաստիարակում իրենց երեխաներին: Շատ կուզենայի, որ խիստ ստուգումներ անցկացվեին խանութներում` կապված սննդի որակի հետ, բժշկական հաստատություններում` կապված օգտագործվող գործիքների լիարժեք ախտահանման հետ, վարսավիրանոցներում` կապված հիգիենայի կանոնների պահպանման, օգտագործվող սանրերի ու սրբիչների մաքրության հետ: Այսօր չափազանց մեծ է տարբեր վարակների ենթարկվելու վտանգը, և ես նույնիսկ կուզենայի ահազանգել այդ առիթով պատկան մարմիններին: Բայց չգիտեմ` ի՞նչ կառույց կա, որին կարելի է դիմել այս հարցերով:
-Հայաստանում այսօր հրամայական է դարձել ճանապարհային երթևեկության նորմերի ճշգրիտ կիրառումը թե՛ վարորդի, թե՛ հետիոտնի համար: Դրանք խախտելու դեպքում սահմանված են որոշակի տուգանքներ: Մեզ երկա՞ր ժամանակ է պետք այդ կարգ ու կանոնին ենթարկվելը բնական ու օրինաչափ իրողություն ընկալելու համար:
-Ես չափազանց ուրախ եմ այս կարգ ու կանոնի հրամայականը մեզանում կիրառելու առիթով, եթե այն իսկապես վերաբերում է անխտիր բոլորին, այլ ոչ թե հատուկենտ մարդկանց: Այս օրենքը վաղուց կիրառվում է տարբեր երկրներում, նույնիսկ այնպիսի երկրներում, որոնք վաղուց խնդիր չունեն` կապված կարգ ու կանոնի հետ: Կարծում եմ, որ այն պարտադիր է կիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում և հետևել դրա կատարմանը դեռ շատ երկար ժամանակ, գուցե և ընդմիշտ:
«ՄԵՆՔ ԲԱԶՈՒՄ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՆՔ»
-Անկախ այն բանից՝ մարդն արվեստով է զբաղվում, թե մեկ այլ գործով, իր շուրջը կատարվող իրադարձություններն անպայմանորեն ներգործում են նրա կենսակերպի, աշխատաոճի, ծրագրերի վրա: Մեր կյանքը հիմա լի է ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներով, որոնց մեջ իր նշանակությամբ առանձնանում է հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, սահմանը կբացվի՞, թե՞ չարչրկված այդ խնդիրը երբեք լուծում չի ստանա:
-Ես չեմ կարողանում ինքս ինձ համար ընդունել այդ սահման կոչվածը, քանի որ առայսօր չեմ ուզում հավատալ, որ Արարատը Հայաստանում չէ, որ իմ մեծ ծնողների ծննդավայրը՝ Վանն ու Կարինը, մեզանից տարանջատված են ու մերը չեն: Այդ իսկ պատճառով չեմ ընդունում այդ սահման հասկացությունը: Բայց իրականությունը դաժան է: Իհարկե, սահմանների բացման հետ կապված են շատ տնտեսական խնդիրներ, բազմաթիվ հարցեր այդ դեպքում կստանան իրենց լուծումները: Տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ հայտնելու փոխարեն նախընտրում եմ խնդրել Աստծուն, որ իմաստնություն տա և՛ մեր ղեկավարներին, և՛ մեր ժողովրդին, որպեսզի չսխալվենք, ընտրենք այն որոշումը, որը բարենպաստ կլինի մեր երկրի համար, կտանի մեզ առաջ:
-Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ, ինչպես և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ ծավալվող անվերջանալի քննարկումներն անհանգստացրել են շատ քաղաքագետների և առիթ տվել տարբեր մեկնաբանությունների: Մասնավորապես, քննարկվում է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու և երկու շրջան որպես նախագահ պաշտոնավարած անձնավորությանը հետագա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելն արգելելու հարցը: Որպես ՀՀ քաղաքացի՝ այսպիսի տարբերակը համարում եք նախընտրելի՞, թե՞ կարծում եք, որ այն կարող է կանգնեցնել մեզ մեկ այլ դժվարության առջև, երբ պաշտոնավարող նախագահը կառաջնորդվի «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով:
-Չեմ ուզում քննարկել այդ հարցը: ՈՒզում եմ, ի վերջո, բոլոր հայերը հասկանան, որ մենք այսօր պետք է է՛լ ավելի միասնական լինենք: Իհարկե, պաշտոնը, այն էլ՝ նախագահինը, շատ գայթակղիչ է, բայց նաև` շատ պատասխանատու: Ամենակարևորը ժողովուրդ-պետություն կատեգորիաների միջև հստակ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերության առկայությունն է, մի բան, որն այսօր այնքան էլ կայացած չէ մեզանում: Մեր ժողովուրդն այսօր կարիք ունի սիրո և հարգանքի, ոչ թե քաղաքական կռիվների: Ներկայումս մենք բազում չլուծված հարցեր ունենք, բայց և ունենք շատ խելացի, ուժեղ պաշտոնյաներ, որոնց հարկավոր է համախմբել ու նպատակամղել դեպի մեր հրատապ խնդիրները: Այս կերպ միայն կարելի է բոլոր հարցերը լուծել ի շահ Հայաստանի և հայոց բազմաչարչար ժողովրդի:
-ՀՀ նախագահի այցելությունը սփյուռքի գաղթօջախներ արմատական փոփոխություն կմտցնի՞ արտասահմանում ապրող մեր հայրենակիցների վերաբերմունքի մեջ` կապված հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացի հետ:
-Նախագահի այս նախաձեռնությունը շատ կարևոր է և, կարծում եմ, վաղուց սպասված: Ընդհանրապես ժամանակն է, որ մեր պետության գլուխ կանգնած մարդիկ է՛լ ավելի մտերմանան ժողովրդի հետ, ավելի շատ երկխոսության մեջ լինեն, վստահեն միմյանց: Ի վերջո, բոլորս հայ ենք: Ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովուրդը սպասում է այսօր հենց այդ մտերմությանն ու երկխոսությանը: Ես ողջունում եմ նախագահի այս հրաշալի որոշումը:
«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԽՈՍԵԼ ԴԵՌ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
-Աննա, որքան էլ այսօր Հայաստանում տխուր լինի դասական երաժշտությանն առնչվող իրականությունը, անվիճելի է, որ ունկնդիրների մի կայուն զանգված հետևում է Ձեր ստեղծագործական կյանքին: Ի՞նչ նորություններ եք պատրաստում նրանց համար առաջիկայում:
-Ես չեմ համարում, որ դասական ոլորտի վիճակը տխուր է: Ընդհակառակը, այն շատ ակտիվ է և լի իրադարձություններով: ՈՒղղակի այդ ամենը չի լուսաբանվում պատշաճ մակարդակով՝ ի տարբերություն եթերից անվերջ հեռարձակվող մեր «աստղերի» տեսահոլովակների: Այնինչ պետք է լիներ հակառակը: Ես չեմ սիրում խոսել դեռ չկատարված բաների մասին, բայց արդեն կատարվածներից կցանկանայի առանձնացնել օգոստոս ամսվա ընթացքում ունեցած հինգ համերգները «Բաց փառատոնի» շրջանակներում, Ավետ Տերտերյանի, հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների ձայնագրությունները, Կոմիտասի 140-ամյակին նվիրված լազերային սկավառակի լույսընծայումը: Այն ամենի մասին, որ մոտ ապագայում լինելու է, ես նախապես սիրով կտեղեկացնեմ իմ ունկնդրին:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ