ՈՒրիշների մոտ տարածված այն կարծիքը, թե հայերը իրար միշտ օգնում են, իր մեջ պարունակում է միակողմանիություն, ավելի ճիշտ, անճշտություն։
Այն կայանում է նրանում, որ, ի տարբերություն որոշ ուրիշների, նման օգնությունը մեզնում կրում է ցածր կամ կենցաղային բնույթ և ավելի բարձր կազմակերպական-քաղաքակրթական մակարդակներում այն պրակտիկորեն բացակայում է։
Դա տեսնելու համար հեռու գնալ պետք չէ, բավական է մի քիչ ավելի մոտից ծանոթանալ հայկական ավանդական կուսակցությունների փոխադարձ գզվռտոցի տեսքով պայքարի պարզունակ մեթոդների հետ՝ իրենց ստեղծման օրից առ այսօր։
Այս հարցում իր շատ կարևոր դերն է ունեցել նաև պետականության երկարատև բացակայությունը մեզնում, որի պատճառով էլ մեր մենթալիտետը դարձել է ընտանիքակենտրոն, քանի որ, պետական կյանքին չմասնակցելու պատճառով, կյանքի համար պայքարի այդ մակարդակն է միայն հասանելի եղել մեզ համար։
Այս ուղղությամբ մեզ լավագույնս բնութագրում է՝
1․ Խեղճությունից բխող ցածր, այսինքն, անձ և ընտանիք մակարդակում մեկը մյուսի կարիքն զգալը և համապատասխան փոխօգնությունը:
2․ Իրական հզորության բացակայությունից բխող բարձր մակարդակի պլանավորված և նպատակային փոխօգնության անհնարինությունը։
Այս իմաստով հատուկ ուշադրության է արժանի նաև մեզնում ազգային մակարդակով բարձր արժեք համարվող հյուրասեր լինելը, որն անհասկանալի է ուրիշ մշակույթների մարդկանց համար։
Եթե այս հարցին փորձում ենք մոտենալ այն տեսական սկզբունքով, որ մարդիկ իրենց միջավայրում ձգտում են առավելագույն ազդեցիկության, ապա դա ցածրորակ քաղաքակրթական դաշտում բերում է քաղքենիական մակարդակի պարզունակ մրցակցության։
Այստեղից էլ, նախկին խեղճուկրակությունից և քաղքենիական մակարդակի մրցակցությունից բխող և անիմաստ ձևով մեկը մյուսին պարտավորեցնող հյուրասիրելու մարմաջը մեզնում և նույն հարցում մարդկանց բացարձակ անկախությունը արևմտյան մշակույթի մեջ։
Այստեղ աշխատում է «սոված ղարիբի» մոդելը, երբ համատարած աղքատության պայմաններում միայն պարզունակ փոխօգնությունը կարող էր ինչ-որ ձևով ապահովել խեղճուկրակ կյանքի շարունակականությունը, այն էլ՝ բազմաբնույթ ռիսկերի առկայության պայմաններում։
Դրանք բոլորը մի կերպ ապրելու հետևանքներ են, քանի որ, եթե մի կերպ չես ապրում, ապա, պատկերավոր ասած, կգնաս ռեստորան և հետո էլ կբարձրանաս հյուրանոցի քո սենյակը և ուրիշի օգնության կարիքն էլ չես ունենա։
Իսկ եթե մի կերպ ես ապրում, ապա քեզ կհասկանա միայն քեզ նման խեղճուկրակը, որի դուռը կծեծես և կկիսես նրա մի պատառ հացն ու կգիշերես նրա խրճիթում։
Բացատրություն պահանջող մի այլ երևույթ է աղքատությունից հետո ինչ-որ չափի բարեկեցիկ կյանքով ապրող մարդկանց ծայրահեղ հյուրասեր լինելն ու դրանով հպարտանալը, ընդհուպ մինչև դա ազգային մակարդակով արժեք համարելը։
Այս առումով հատկանշական է նաև, որ ուրիշներն էլ զարմանքով ու հաճույքով օգտվում են դրանից, բայց պայմանով, որ իրենք ի պատասխան նման բան չեն անելու։
Պավել Բարսեղյան