«Իրատես de facto»-ն արձակուրդ է մեկնում մինչև սեպտեմբեր, և ուրեմն 2013-ի ամառվա դասերը ամփոփելու պատեհ հնարավորություն է: Գուցե վաղաժամ, որովհետև դեռ կա կեսարների ամիս օգոստոսը, բայց արդեն իսկ հայտնի ու հայտնիացող իրադարձություններն այդ հնարավորությունը դարձնում են գայթակղիչ:
ՀՀԿ-ի անպարագիծ հաղթանակը քաղաքական կյանքի բոլոր բնագծերում իշխանությունը միակուռ չդարձրեց, հակառակը` իշխանության մեջ գոյություն ունեցող խմբերն ու խմբակները ռեալ հնարավորություն ստացան իրենց տարակարծությունները բարձրաձայնելու և բացահայտելու, ի հետևանս` ՀՀԿ-ն ինքն իր ընդդիմությունը դարձավ: Արտաքուստ բոլորը բոլորին սիրում են, բոլորը պայքարում են հանուն հայրենիքի, բայց հայրենիքի ընկալումներն այնքան տարբեր են, որ հաճախ ստացվում է պայքար միմյանց դեմ: Այդպես խաղարկվեց Վերահսկիչ պալատի հաշվետվությունը` հանուն հայրենիքի, ավելի ճիշտ` հայրենիքի 70 տոկոսով «լափված բյուջեի», հետո «հայրենիքը» շագրենի կաշվի պես փոքրացավ-փոքրացավ, մնաց 30-40 տոկոս, ավելի ճիշտ` դա էլ չմնաց: Իսկ պատմությունը խոստումնալից էր` Իշխան Զաքարյանը կոմիսար Կատանիայի դերում բացահայտում էր հայկական ծովահրեշի մութ գործողությունները, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ համարյա սենատոր Սելիմբենիի դերում էր, բայց Հայաստանն Իտալիա չէ, կյանքը կինո չէ: Ամբողջ «ֆիլմից» մնաց 25-րդ կադրը` այս պատմությունն էլ քաղաքական էր, շարունակությունը ևս քաղաքական է լինելու: Քաղաքականության ամբողջ հմայքն ու հզորությունը անտեսանելի նպատակները տեսանելի նպատակներով փոխարկելն է` երբ իրականում լուծում ես մեկ հարց, հրապարակավ` բոլորովին այլ, պայմանը մեկն է` ստանում ես քո ցանկացած արդյունքը երկու դեպքում էլ, այլապես խաղն անիմաստ է: Առայժմ հրապարակային բոլոր աուտոդաֆեները իրենց նպատակին հասել են, նվազագույնը հրաշալիորեն զբաղեցրել են հասարակությանը սերիալից ոչ պակաս և ունեցել են նույն արդյունքը` սերիալից հետո մնում է վերստին սերիալ նայելու ցանկությունը: Փոխարենը այլ ցանկությունների ժամանակ չի մնում:
Իշխանության համար ամառը դժվար էր.
ա) անկանխատեսելի ներքին խմորումները. դեռ երբեք քաղաքացիներն այդքան անհանդուրժող չէին եղել թանկացումների նկատմամբ,
բ) արտաքին քաղաքական խնդիրները` միությունների խաչմերուկում ու Ղարաբաղի հարցի դամոկլյան սրի տակ,
գ) պետությունը պահելու հարցը, երբ ոչ ոք չի ուզում այլևս վարկավորել, իսկ հայկական մեծ արդյունաբերությունը կամ անցյալում է, կամ ապագայում:
Ինչո՞ւ ժողովուրդը չըմբոստացավ ավելի ծանրակշիռ ու գրպանի համար ազդեցիկ թանկացումների դեմ` գազի, էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ինչո՞ւ տրանսպորտի 50 դրամը դարձավ շրջադարձային: Եթե հիշում եք, հուլիսի 20-ին, 21-ին առանձնապես ոչինչ չէր կատարվում` ուղևորները 150 դրամ վճարում, գնում էին իրենց գործերին: Ճիշտ է, դժգոհությամբ: Ճիշտ է, բարի խոսքով մի խումբ մարդկանց հիշելով: Ո՞վ էր սպասում, որ բողոքողներին կմիանան ու իրենց կարիերան վտանգի տակ կդնեն դերասաններն ու երգիչները: Նախկինում նրանք քաղաքացիական հակումներ չէին դրսևորել, իսկ հիմա freecar շարժում ձևավորեցին ու իրականացրին` աշխատելով իբրև փոխադրամիջոց, կատարելով ավելի կարևոր ու նշանակալից գործ: Սկսած Հայկ Մարությանից մինչև Լալա Մնացականյան, թեպետ հայ արտիստների մեծ մասը «արձակուրդում էր»` քաղաքացիական ու ընթացիկ, վտանգել իր ապահով, բարեկեցիկ կյանքը մեծամասնությունը չհանդգնեց: Այնուամենայնիվ, ամռան կեսին, շոգ եղանակին, արձակուրդներին ի՞նչ կատարվեց, որ քաղաքապետը մի քանի օրում որոշում փոխեց` հուրախություն սեփական կուսակցության որոշ անդամների, որ նրա քաղաքական ապագան այլևս ավարտված որակեցին, և ի հրճվանս որոշման դեմ պայքարողների, որ հաղթանակ համարեցին 50 դրամով թանկացման առժամանակյա կասեցումը:
Այս պայքարում եթե պարտվող եղավ, գծատերերն էին, իսկ նրանք չեն նահանջելու, որովհետև կոնկրետ փողի հարց է: ՈՒղեվարձի թանկացման դեմ ըմբոստացումն էլ թերևս այդ կոնկրետության պատճառով էր` մարդիկ տեսան կոնկրետ «թշնամու»` վարորդին, ով պահանջում էր ավելին, իսկ ապրանքների ու ծառայությունների թանկացման դեպքում «թշնամին» որոշակի չէր և չվճարելու հետևանքներն էլ գազի կամ էլեկտրաէներգիայի անջատումները կլինեին: Կոնկրետությունը դաժան գործոն է: Բայց կոնկրետություն Հայաստանում չեն սիրում:
Հայաստանի պատմության մեջ այս ամառը կմտնի ոչ միայն գծատերերի նկատմամբ ուղևորների քառօրյա պայքարի հինգերորդ օրվա հաղթանակով: Ոչ միայն Հրաչյա Հարությունյանի չթե խալաթով ու փշաքաղեցնող հայացքով: Ոչ միայն հայազգի ու ռուսազգի տարամասշտաբ գործիչների նպատակային ուխտագնացություններով առ Հայաստան: 2013-ի ամառն ու աշունը Հայաստանի պատմության մեջ կմտնեն անկախության դրսևորման փորձերով ու վերահաստատման արված կամ չարված քայլերով: 2013-ի հուլիսի վերջին Հայաստանն ավարտեց համապարփակ և խոր, ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Դեպի նոյեմբերյան Վիլնյուս վճռական քայլն արված է, արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի տարատեսակ պայծառատեսներն ու կասանդրաները սկսեցին խոր և համապարփակ, Մոսադի մակարդակի «վերլուծություններ»` ի սարսափ հայ շարքային քաղաքացու: Սարսափ 1. Ռուսաստանը կբարկանա ու կպատժի: Սարսափ 2. Եվրոպան հեռու է ու անտարբեր, հանուն Հայաստանի ոչինչ չի անի: Սարսափ 3. Հայաստանի անմտածված ու անպատասխանատու քայլերի հետևանքը կլինի պատերազմը, Ղարաբաղի ու Հայաստանի մի մասի կորուստը: Եվ` այս ոգով ու այս տրամաբանությամբ: Ո՞վ չէր սարսափի: Ընդ որում, բոլոր վերլուծությունների հիմքում իսպառ մոռացվում է, որ Հայաստանը անկախ պետություն է, որ այսօրվա վիճակը տասնամյակների մեջ Ռուսաստանի վարած քաղաքականության հետևանքն է նաև, որ Կրեմլը այդպես էլ չընկալեց` Հայաստանը Ռուսաստանի երկրամասերից չէ, առավել ևս չընտելացավ, որ Երևանում կարող են որոշումներ ընդունվել ու համաձայնագրեր կնքվել առանց իր ղեկավարության: Ժամանակ առ ժամանակ, ոչ միշտ: Թեկուզ Երևանը երբեք գաղտնիք չի դարձրել իր հարաբերությունները ոչ Եվրամիության, ոչ միջազգային կառույցների, ոչ որևէ պետության հետ: Իսկ Ռուսաստանը մշտապես Հայաստանին վերաբերվել է իբրև իր ծայրագավառի, որը երբեք չի կարող ոչ միայն ինքնուրույն լինել, այլև բարեկեցիկ: Հայաստանի տնտեսությունը զարգացման հեռանկար չի կարող ունենալ իր հանգուցային ենթակառուցվածքները Ռուսաստանին հանձնած լինելու և Ռուսաստանից ուղղակի կախման պարագայում: Չի կարող զարգացման հեռանկար ունենալ իր վարած քաղաքականության պատճառով` նախ, ապա Ռուսաստանի քաղաքականության, որը սկզբունք ունի իր ազդեցության ոլորտում պահել հետխորհրդային տարածքը: Որքան ուժը կպատի: Աշխարհագրորեն ու քաղաքականորեն: Աշխատուժի պակասը Մոսկվան լրացնում էր հետխորհրդային տարածքի հաշվին, միայն բոլորովին վերջերս «պարզեց», որ այդ աշխատուժը կասեցնում է իր զարգացումը: Ինչո՞ւ: Որովհետև Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում մասնագիտական բարձր որակավորում չունեցողները, որովհետև ՌԴ ՀՆԱ-ի 2 տոկոսը իբրև տրանսֆերտ դուրս է գալիս Ռուսաստանից, որովհետև ռուսները նոր միայն որոշեցին, որ ներգաղթյալները ստեղծում են քրեածին մթնոլորտ: «Որովհետև»-ները շատ են, բոլորն էլ քաղաքական: Գաղտնիք չէ, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում իր նախընտրական քարոզարշավը քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինը կառուցում է «օտարների» դեմ յուրայիններին սիրաշահելու առանցքի վրա: Մոսկվայում ու Երևանում ով չի ալարում, հիշեցնում է, թե որքան հայ կա Ռուսաստանում, ընդ որում` ասվի, թե չասվի, բացահայտ է, որ նրանք պատանդի կարգավիճակում են հայտնվել և հակահայկական պայքարի խաղաթուղթ են օգտագործվում: ՈՒրիշ ի՞նչ խաղաթղթեր ունի Ռուսաստանը այդ պայքարում` բացի հայերին օտարելուց, տրանսֆերտները փակելուց: Իհարկե` Ղարաբաղը: «Կոլցո» օպերացիան երկուստեք չի մոռացվել: Ադրբեջանի հետ «բիզնեսը» իրականում ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի համար չունի զենքի առևտրի իմաստ` Ռուսաստանն այդ գնով զենք կարող էր ուրիշ երկրի վաճառել, Ադրբեջանն էլ այդ զենքը կարող էր նույն գնով ուրիշ երկրից գնել: Մեկ միլիարդ հարձակողական զինատեսակների վաճառքը ՀԱՊԿ անդամ երկրի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ գտնվող երկրին հոգեբանական պատերազմի կարևոր արար էր և նախազգուշացում, երկրորդ նախազգուշացումը ևս 2 միլիարդ դոլարի զենքի վաճառքի տեղեկատվությունն է: Հետո ՌԴ նախագահը կգնա Բաքու ու չի գա Հայաստան, թեպետ ավանդույթ է տարածաշրջանային այցերի ձևաչափը: Դա ևս մեկ առիթ կլինի հայ-ռուսական հարաբերությունների ու Հայաստանի թշվառ ճակատագրի վրա ռուսամետ, ավելի ճիշտ` ռուսահլու նոր ողբ բարձրացնելու: Այդպես ասպարեզ կգա ռուսական հիմնական «զենքը» Հայաստանում` քաղաքական ուժեր ու անհատներ, որոնց կհանձնարարվի ապակայունացնել քաղաքական վիճակը` շեշտադրելով սոցիալական վիճակը: Որ նման ուժեր ու անհատներ կան ու կգտնվեն, գրավականը հենց սոցիալական վիճակն է: Սեփական երկրի դեմ պայքարում տրոյական այդ ձիերը հաջողության կհասնեն, թե ոչ, դժվար է ասել: Բայց փորձը կարվի: Համենայն դեպս: Իբրև պատկերի ամբողջացում:
Իսկ Եվրամիությո՞ւնը: Չի՞ գիտակցում, որ ասոցացվելու գինն է Հայաստանը վճարում: Ոչ: Որովհետև իրականում Հայաստանը վճարում է ոչ թե ԵՄ-ի հետ ասոցացվելու գինը, այլ վերանվաճում է իր անկախությունը, սեփական երկրի շահերից բխող որոշումներ ընդունելու իր իրավունքը: Դա Եվրամիության հետ կապ չունի: Այս պարագայում Եվրամիությունն ընդամենը կռվան է, որի գոյությունը այլընտրանքի ու ինքնորոշման հնարավորություն է տալիս: Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի ասոցացման համաձայնագիրը, թե ոչ, Ռուսաստանի համար ոչ տնտեսական, ոչ քաղաքական կենսական կարևորություն չունի: Կարևորը ՈՒկրաինան է. որ միությանն էլ ՈՒկրաինան միանա, պատկեր է փոխելու, թե Եվրամիությանը, թե Եվրասիական միությանը: Հայաստանի պարագան բարոյական նշանակություն ունի Ռուսաստանի համար, իսկ մեզ համար լուծվելու է կարևորագույն հարց` շարունակելո՞ւ ենք պատանդի ու հայրենիքում օտարականի կյանքը, թե՞ մտածողության փոփոխությամբ համակարգային փոփոխությունների հնարավորություն ենք ստանալու: Որոշումների ամառ է 2013-ի ամառը: Որոշումներ, որ արդեն ընդունվել են, բայց իրագործվելու են աշնանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ որոշել էի գրել իշխանության, ընդդիմության ու հասարակության մասին առանձին-առանձին ու ընդհանրության մեջ, բայց գրվեց` ինչ գրվեց: Որոշել էի ընդդիմության գոյության անհրաժեշտությունը հիմնավորել, բայց գուցե ախտորոշում է, որ նրանք ամառվա պատկերի մեջ չգտնվեցին: Բարևից freecar Հայաստանի ժողովուրդն ապացուցեց, որ խնդրի ձևակերպումը ստեղծում է խնդիրը լուծողին: Դա մխիթարություն է, նշանակում է` դեռ ընդդիմության ժամանակը չէ, երբ քաղաքական ընդդիմադիր բաղադրիչի կարիքը լինի, կավելանա նաև այդ նրբագիծը օրվա դիմապատկերին, իսկ գուցե և ոչ թե նրբագիծը, այլ կոորդինատների հաշվարկի նոր հարթությունը: Մենք ապրում ենք սքանչելի ժամանակներում, անսահմանափակ հնարավորությունների դաշտում, երբ նույնիսկ ՌԴ նախագահը հիշում է Աստծուն. Ռուսիայի մկրտության 1025-ամյակի տոնակատարության շրջանակներում Կիևում գտնվող Պուտինն ասել է. «Ինչ իշխանության տակ էլ մարդիկ լինեն, Աստծո իշխանությունից բարձր ոչինչ չկա»: Առաջին հայացքից անկապ, բայց իրադարձությունների համապատկերում տեղավորվող ևս մի փաստ` «Նոր ալիքում» Վրաստանի ներկայացուցիչը երկրորդն էր, պետք չէ մեղադրել ոչ իտալացի Տոտո Կուտունյոյին, ոչ վրացի Մելաձե եղբայրներին մեծարել, հայ Մերի Մնջոյանի անհաջող երգերը կամ հաջող ելույթները ոչինչ չէին փոխելու. քաղաքական կտրվածքով Ռուսաստանը Վրաստանին վերադարձնում է իր կոորդինատների համակարգ: Բարի աշուն ձեզ: