Ներքաղաքական զարգացումների կարևորագույն դրվագներից մեկը ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կազմալուծումն ու ՀԱԿԿ կուսակցության ձևավորումն էր, որը կատարվեց ՀՀՇ-ն կազմալուծելու ճանապարհով: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել, և առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ռեբրենդինգի է ենթարկել ՀՀՇ-ն, քանզի հասկանում է, որ կուսակցությունը սպառել է իրեն, և ՀՀՇ-ի առանցքի շուրջ ստեղծված ՀԱԿ-ը պետք է նոր ձևաչափով մասնակցի քաղաքական գործընթացներին: Միևնույն ժամանակ պարզ է, որ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ քաղաքականությամբ զբաղվողներն ու հետաքրքրվողները մեկը մյուսին շատ լավ են ճանաչում, և ռեբրենդինգը ոչ մի իմաստ չուներ: Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը կազմաքանդեց ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն` ձևավորելով ՀԱԿԿ անվանումը կրող նոր քաղաքական միավորը:
Հիմա արդեն պարզ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, կազմաքանդելով ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն, խնդիր էր դրել ազատվել այն գործիչներից, ովքեր իր իսկ դրոշի ներքո պայքարում էին արդարության համար և ունեին արդար մղումներ: Այս գործիչները ոչ մի կերպ չէին կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Տեր-Պետրոսյանը, դավաճանելով «հեղափոխության իդեալներին», համագործակցություն է սկսել իր իսկ հռչակած «ավազակապետության» կարևորագույն հենասյուներից մեկի` օլիգարխիայի հետ: Այս մարդիկ Տեր-Պետրոսյանին պետք չէին, ուստի և նրանցից ազատվելն առաջին նախագահի համար դարձել էր կենսական նշանակություն ունեցող խնդիր, որն էլ լուծվեց ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի լուծարման ճանապարհով:
Տեր-Պետրոսյանին անհրաժեշտ էին Լյովիկ Զուրաբյանի նման գործիչներ, որոնք անվերապահորեն կատարում են «շեֆի» հանձնարարականները` երբեք չքննարկելով նպատակահարմարությունն ու մարտավարության տրամաբանական, բարոյական կողմերը: Ընդհանրապես, քաղաքականության բնագավառում «ձեռնասունների» գործոնը միշտ չէ, որ դրական արդյունք է ունենում: Սեփական կարծիք չունեցող և մշտապես «պատրոն» փնտրող տեսակը, ի վերջո, պարտվում է սեփական գործողությունները մշակող, իրականացնող և իր ուսերի վրա պատասխանատվություն վերցնող տեսակին: Թերևս, սա է պատճառը, որ ներկայումս նախկին ՀԱԿ կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները հրապարակային պայքար են ծավալում միմյանց դեմ: Շատ է խոսվել, որ իշխանության ճամբարում տեսակի պայքար է գնում, նույնը վերաբերում է նաև ընդդիմադիր ճամբարին:
Այստեղ ևս կան մարդիկ, որոնք ունեն քաղաքական իդեալներ և չեն ցանկանում հայկական օլիգարխիայի խաղը խաղալ, ավելին` ստանձնել օլիգարխներին իշխանությունից պաշտպանելու և քաղաքական փաստաբանության դերակատարությունը, ինչը տեղի ունեցավ ՀԱԿԿ-ի պարագայում: Ինչ վերաբերում է օլիգախիային, ապա նրանց հաջողվել է շահեկան վիճակում հայտնվել: Կարելի է ասել, որ հայկական օլիգարխիան կարողացել է քաղաքական դիվերսիֆիկացիայի ենթարկել հնարավոր ռիսկերը և համագործակցում է ոչ միայն իշխանության տարբեր թևերի, այլև ընդդիմության մի հատվածի հետ: Իհարկե, փողը շատ բան է որոշում, սակայն քաղաքականության բնագավառում հնարավոր չէ փողով լուծել բոլոր տեսակի հարցերը, հատկապես, երբ ՀԱԿԿ ղեկավարությունը հայտնի է սկզբունքներից և հռչակված նպատակներից հետ կանգնելու վարքագծով:
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ