Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ավարտվեց ընտրարշավի հայրիկյանական 10-օրյակը

Ավարտվեց ընտրարշավի հայրիկյանական 10-օրյակը
11.02.2013 | 14:28

Պարույր Հայրիկյանը փետրվարի 11-ին, ժամը 12.25-ին հետ է վերցրել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմումը Սահմանադրական դատարանից` նախքան ՍԴ-ն դիմումը վարույթ կընդուներ կամ կմերժեր վարույթ ընդունել: Իսկ դիմել էր փետրվարի 10-ին 15.25-ին: Թեպետ իր ակտիվությամբ հենց ինքն էր հերքում անհաղթահարելի խոչընդոտների առկայությունը նախագահի թեկնածուի իր ճանապարհին: Հանգամանքների բերումով Պարույր Հայրիկյանը փետրվարի 1-ից առավել լուսաբանվող նախագահի թեկնածուն էր դարձել: Չէր բացառվում, որ ձախողված մահափորձը նաև նրա վարկանիշն էր բարձրացրել, բայց իր անհավասարակշիռ քայլերով Պարույր Հայրիկյանը ապացուցեց, որ նախագահի պաշտոնն իր բնավորության դեպքում հակացուցված է: 10 օրում նա մի քանի անգամ հայտարարեց, որ դիմելու է Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու համար, հետո ինքն իրեն հերքեց, որ չի դեմելու, հետո` դիմեց, որ 24 ժամը չլրացած դիմումը հետ վերցնի: Փետրվարի 8-ին լրացել էր նախագահի թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը, բայց փետրվարի 9-ին ու 10-ին Հայրիկյանը դեռ կոչ էր անում Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին հանել թեկնածությունները` հօգուտ իր միասնական թեկնածու դառնալու: Ավելին` հղում էր անում միֆական հաշվարկների, որ այդ պարագայում ինքը ձայների 80 տոկոսը ստանալու հնարավորություն ունի: Գուցե ոմանք իրադարձությունների այս զարգացումներում ցանկանան իշխանության ճնշում տեսնել` համարելով, որ Հայրիկյանի գործողությունները, տատանումները, ինքն իրեն հակասելը պայմանավորված էր իշխանության խոստումներով ու խոստումներից հրաժարվելով: Համենայն դեպս` հայտարարելով, որ արդեն լավ է զգում և ՍԴ չի դիմի, հաջորդ օրը Հայրիկյանը մտադրությունը փոխեց, երբ սոցիոլոգիական հարցումների արդյունքով պարզվեց, որ երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է: Թե ինչը հետագայում նորից մտադրությունը փոխելու առիթ դարձավ, կարելի է ենթադրել, բայց ոչ պնդել, որովհետև Հայրիկյանի պարագայում միակ որոշակին անորոշությունն էր ամբողջ 10 օր: Նրա քայլերն այնքան սրընթաց էին փոփոխվում, որ իշխանությունները հազիվ թե հասցնեին այդքան արագ փոփոխել իրենց որոշումները, խոստումների չափն ու մակարդակը: Այս իրավիճակում իր վարկանիշով ու վարած քաղաքականությամբ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պարզապես ձանձրալի էր դարձել: Լինելով փորձառու և խելամիտ քաղաքական գործիչ` նա ուղղակի պարտավոր էր հասկանալ, որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Հրանտ Բագրատյանը իրենց թեկնածությունը չեն հանի` ունենալով սեփական խնդիրները: Առավելևս չեն հանի` հօգուտ իրեն: Եվ եթե նույնիսկ անձնական հավակնությունները նկատի չառնենք, Պարույր Հայրիկյանը պարտավոր էր նաև գնահատել իրավիճակը և հասկանալ, որ իր թիկունքում չկա ժողովուրդ, որ իր ընտրությունը ուղղակի ֆիկցիա է` որքան էլ հանգամանքները բարեհաջող դասավորվեն իր համար և գերանհաջող մյուս թեկնածուների համար: Իսկ եռանախագահության նրա հանճարեղ գաղափարը ուղղակի նոր խոսք էր նախագահի ինստիտուտի պատմության մեջ, բայց անգամ Հին Հռոմի փառահեղ պատմությունն է վկայում, թե տրիումվիրատն ինչքան էր տևում, ինչպես և ում օգտին էր ավարտվում:
Միով բանիվ` ավարտվեց 2013 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավում հայրիկյանական 10-օրյակը: Ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Պարույր Հայրիկյանն այլևս իրավունք չունի ՍԴ դիմել` ընտրությունները անհաղթահարելի խոչընդոտների պատճառով հետաձգելու համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ