Մի քանի օր առաջ հարց էր` անցնելո՞ւ է, թե՞ չի անցնելու ԲՀԿ-ն իր Ռուբիկոնը: Դեկտեմբերի 12-ի հայտարարությունից հետո, կարծես, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն անցավ Ռուբիկոնը: Միևնույն ժամանակ` չանցավ: Անցավ, որովհետև, ի վերջո, վճռականություն դրսևորվեց որոշում կայացնելու: Չանցավ, որովհետև կայացվեց բոլորովին այլ որոշում, քան նախապատրաստվում էր խորհրդարանական ընտրություններից առաջ ու հատկապես հետո: Իսկ Ռուբիկոնն անցնել, ինչպես ընդունված է Հուլիոս Կեսարի ժամանակներից, նշանակում է անդառնալի որոշում կայացնել «Հետդարձ չկա» սկզբունքով: ԲՀԿ նախագահն ուներ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու սահմանադրական իրավունք, նա իր իրավունքը չօգտագործեց:
Ինչեր ասվեցին և ինչեր արվեցին մինչև դեկտեմբերի 12-ը, համարենք պատմական անցյալ և անդրադառնանք պատմական ներկային. ի՞նչ իրավիճակ է ստեղծվում քաղաքական դաշտում ԲՀԿ-ի որոշմամբ, և ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
1. Ընդդիմության միասնական թեկնածուն, գոնե 2013 թ. նախագահական ընտրությունների կտրվածքով, միֆ է, որ որևէ թեկնածուի պարագայում իրականություն չի դառնա: Քաղաքական օրակարգը, որ ԲՀԿ-ն նոյեմբերի 6-ից դրեց շրջանառության մեջ, քաղաքական իրական գետնի վրա չէր` պետության ներկա կամ ապագա կենսագործունեության հետ կապ չուներ: Կար անհարմար դարձող դադարը լցնելու նպատակ: Բայց քաղաքական դաշտը ի հայտ բերեց անսպասելի արդյունք. ակնհայտ դարձավ, որ անգամ ինչ-ինչ ընդհանրությունների պարագայում, Հայաստանի քաղաքական ուժերն ինքնաբավ են. նրանք բարեհաջող ձևակերպում ու առաջադրում են գաղափարներ, որ հետո իրենք էլ բարեհաջող ոչնչացնում են` առանց միմյանց կարիքն զգալու: Ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական ուժեր ապացուցում են այս աքսիոմը` իմանալով հանդերձ նրա ճշմարտությունը: Համենայն դեպս, նոյեմբեր-դեկտեմբերն ակնհայտ դարձրին, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու պարագայում ով էլ առաջադրվի, միասնական թեկնածու չի լինելու:
2. Սովորաբար ընտրությունները կուսակցությունների համար ճշմարտության պահ են: Բայց ՀԱԿ-ի ճշմարտության պահը նախորդեց ընտրություններին: Գագիկ Ծառուկյանի որոշումը Լևոն Տեր-Պետրոսյանի համար վերջնագրի նշանակություն է ստանում: Առաջին նախագահն իր քաղաքագիտական վերլուծության իրական հետևանքների հետ է բախվում: Նա այլևս անխուսափելիորեն պիտի որոշի` մասնակցո՞ւմ է նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Այլ թեկնածուի առաջադրումը ՀԱԿ-ից նշանակելու է կառույցի փլուզում. ով էլ առաջադրվի, մյուսները տալու են «Ինչո՞ւ ոչ ես» անպատասխան հարցը: Որևէ թեկնածուի չառաջադրումը նշանակելու է հրաժարում սեփական անցյալից: Ընդդիմության առաջնորդի դերից: Որևէ հեռանկարից: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ևս չի լինելու միասնական թեկնածու. նրա օգտին իր հավակնություններից չի հրաժարվի Րաֆֆի Հովհաննիսյանը, որ 20 տարի սպասել է այս օրվան, որ սրբորեն հավատում է իր հաղթանակին, թեպետ ակնհայտ է, որ նրա հաղթանակը ևս միֆ է: ՀՅԴ-ն ընդհանրապես կարող է նախագահական ընտրություններին որևէ ձևաչափով չմասնակցելու որոշում ընդունել` հիմնավորելով իր առաջադրած 7 կետերով, որոնք նախագահականից խորհրդարանական կառավարման անցման ու անցումային նախագահի խնդիր են դնում, իսկ գուցե այն պատճառով, որ սեփական շարքերում չունի համապատասխան թեկնածու, ով համաձայն է օլիմպիական սկզբունքով ընտրարշավի մեջ մտնելու` նախապես արդյունքն իմանալով:
Նախապես արդյունքն իմանալով` պայքարի մեջ մտնելը, որքան էլ տարօրինակ է, շահեկան է Լևոն Տեր-Պետրոսյանի համար միայն: Նախ` նա շանս է ստանում բարի համբավը վերականգնելու, «ավազակապետության» դեմ հայտարարած խաչակրաց արշավանքն իր մասով ավարտին հասցնելու: Չառաջադրվելն ընդհանրապես կապիտուլյացիա է նշանակելու բոլոր հոդվածներով, որևէ պատճառաբանություն համոզիչ չի լինելու: Որ Լևոն Տեր-Պետրոսյանն ի զորու է մեկ տասնյակ պատճառաբանություններ թվարկելու, աներկբա է: Բայց նրա դեպքում արդեն պատճառաբանությունների հարթությունը փակ է, նրա դեպքում գործում է արդյունքի օրենքը: Բացասական արդյունքը ևս արդյունք է: Նրա մասնակցությունը մրցակցային է դարձնում ընտրությունները միանշանակ, որքան էլ խորհրդարանական ընտրությունների 7 տոկոսը կանխարգելող գործոն դիտվի: Ճիշտ է, 2007 թվականը չէ, 2008 թվականի պատմական շանսն այլևս չի կրկնվելու, Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չի ունենալու համաժողովրդական այն ընկալումն ու աջակցությունը, որ բարեհաջող փոշիացրեց 2007-ից մինչև 2012 ու 2013 հասնելու դժվարին գործընթացներում: Բայց նույնքան ճիշտ է նաև, որ կյանքը շարունակվում է ու նոր հաշվարկների, նոր տարբերակների դուռը բաց է: Պատահական չէ, որ ՀԱԿ-ը ոչ միայն որևէ մեկնաբանություն չտվեց ԲՀԿ-ի որոշմանը, այլև իր քայլերը դեռ չի որոշակիացնում:
3. Նախագահական ընտրությունները հետխորհրդային երկրներում քաղաքական վերադասավորության հնարավորություն են գործող նախագահի սահմանադրական ժամկետը լրանալուց հետո: Սա օրինաչափություն է, որ այս պարագայում գործում է հօգուտ Սերժ Սարգսյանի: ՀՀԿ-ի համար ընտրությունը ամենահեշտ գործընթացն է դառնում, բայց որքան հեշտ է լինելու ընտրությունը, նույնքան դժվար է լինելու հետընտրական կյանքը: Փետրվարի 18-ից նորընտիր նախագահի առաջ ողջ բազմազանությամբ ու խորքով շարվելու են երկրի կենսապահովման բոլոր խնդիրները, որ օրակարգային են դարձնելու արմատական բարեփոխումները: Քաղաքականից` տնտեսական, տնտեսականից` մշակութային: Ներքին ու արտաքին: Առաջիկա հինգ տարիները Սերժ Սարգսյանի համար լինելու են իր աստղային պահը, որովհետև հետո եկող ժամանակը այլևս նրանը չի լինելու: Ով էլ լինի իրավահաջորդը: Ինչպես հիմա բացահայտորեն Ռոբերտ Քոչարյանի ժամանակը չէ, որքան էլ երկրորդ նախագահը քաղաքականության մեջ լինելու և մնալու քայլեր է գործադրում: Հիմա գործող նախագահի ժամանակն է:
4. Այնուամենայնիվ, դեկտեմբերի 12-ի ԲՀԿ-ի հայտարարությունը ավելի շատ հարցեր ձևավորեց, քան պատասխաններ բերեց: Իհարկե, շատ կարճ ժամանակ է անցել` բոլոր պատասխաններն ունենալու համար: Իհարկե, ԲՀԿ-ն իրականում այդ հարցերն իրենը կարող է չհամարել, որքան էլ վերջին մեկ տարվա գործունեությամբ ինքն է ձևավորել ու հրապարակ բերել: Իհարկե, ԲՀԿ-ն պարտավորված չէ այդ հարցերին պատասխանելու: Այնուհանդերձ` Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը շարունակելո՞ւ է այլընտրանքի կարգավիճակը, թե՞ վճռականորեն անցնելու է իշխանական կամ ընդդիմադիր դաշտ: Որևէ բացատրություն, հիմնավորում, մեկնաբանություն լինելո՞ւ է Գագիկ Ծառուկյանի որոշմանը, թե՞ այլ կուսակցությունների, քաղաքական մեկնաբանների ու լրագրողների երևակայությանն է մնալու այդ որոշումն իր հետևանքներով հասկանալը: Գագիկ Ծառուկյանը մնալո՞ւ է քաղաքականության մեջ, թե՞ շատ կարևոր գործերով շարունակելու է ոչ միայն չմասնակցել խորհրդարանական կյանքին` լինելով ԲՀԿ 37 պատգամավոր ունեցող խմբակցության ղեկավարը, այլև ԱԽ նիստերին չի մասնակցելու, քաղաքական անցուդարձին չի մասնակցելու: ԲՀԿ-ն մնալու է նրա՞ կուսակցությունը, թե՞ նոր առաջնորդ է ի հայտ գալու: Ի՞նչ է անելու Վարդան Օսկանյանը, որ պատրաստ էր ինքն առաջադրվելու: Մնալո՞ւ է ԲՀԿ-ում, թե՞ քաղաքական կարիերան շարունակելու է միայնակ կամ նոր քաղաքական ուժով: Եվ վերջապես, Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նոր իրավիճակում: Եթե ԲՀԿ-ն սրընթաց կորցնի իր քաղաքական վարկանիշը, իսկ ՀԱԿ-ի օրինակը փաստ է, Ռոբերտ Քոչարյանը հրաժարվելու է նաև ա՞յդ խաղաքարտից: Թե՞ իր ստեղծած կուսակցությունը փրկելու ու քաղաքական ասպարեզում պահելու ծրագիր է շրջանառության մեջ դնելու: Որ երկրորդ նախագահն իր վերադարձը համարում է միայն ժամանակի հարց, բնական է, բայց ամբողջ հարցը հենց ժամանակն է` արդյո՞ք ժամանակը նրան կրկնության հնարավորություն կտա, թե նույն գետը երկու անգամ մտնելու անհնարինության մեջ Ռոբերտ Քոչարյանը համոզվելու հնարավորություն կունենա անձամբ` հին հունական փիլիսոփաների տեսական գիտելիքները գործնականում փորձարկելով: Բոլոր դեպքերում հինգ տարին քիչ ժամանակ չէ քաղաքական, ֆինանսատնտեսական, վարչական ռեսուրսները գործունակ պահելու կտրվածքով: Մանավանդ մեր օրերում, գլոբալացվող աշխարհում, երբ արտաքին ու ներքին մարտահրավերներն այնքան սերտ են շաղկապված և այնքան անհաստատ են:
5. Եթե համարենք, որ քաղաքական էլիտայի դաշտում հարաբերական որոշակիություն է հաստատվում, ի՞նչ պատկեր է ձևավորվում ընտրազանգվածի համար: Ո՞Ւմ են իրենց ձայները տալու ԲՀԿ-ի անթեկնածու մնացած համակիրները: Ակներևաբար` Սերժ Սարգսյանին: Նախ` մարդիկ հոգեբանորեն նախընտրում են հաղթողի առավել մեծ շանսեր ունեցող թեկնածուին, ապա` առանձնապես մեծ ընտրություն չի էլ մնում: Եթե դեկտեմբերի 22-ին Րաֆֆի Հովհաննիսյանը վերջնական ու հաստատուն հայտարարի, որ ինքն ու «Ժառանգությունը» որոշել են ու մասնակցելու են նախագահական ընտրություններին, հազիվ թե ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածը գնա նրան ընտրելու: Պրագմատիկ են ոչ միայն քաղաքական գործիչները, պրագմատիկ են դարձել նաև ընտրողները. նրանք իշխանության թեկնածուին ձայն տալը կնախընտրեն ընդդիմության այն թեկնածուից, ով չափազանց երկար է մտածում որոշումներ ընդունելու վրա, ով խորհրդարանական խմբակցությունն էլ չկարողացավ ղեկավարել, ում «հավաքական» թեկնածությունը չեն պաշտպանում ընդդիմադիր մյուս ուժերը:
6. Եթե այսպիսին է մեր պատմական ներկան, ինչպիսի՞ն է լինելու մեր պատմական ապագան. հետընտրական Հայաստանը փետրվարն ու գարնան գալուստը դիմավորելու է իր առօրյա՞ հոգսերի մեջ, թե՞ մթնոլորտը նորից շիկանալու է անվստահությամբ, առճակատմամբ, արտակարգ իրավիճակով: Այս հարցերի սպառիչ պատասխանները հունվարի 4-ին հայտնի կլինեն, երբ ավարտվի թեկնածուների առաջադրումը և պարզ դառնա` ով ով է, ով ինչ է ուզում: Բայց այսօր էլ հնարավոր է կանխագուշակել, որ հետընտրական ցնցումներ չեն լինի: Ընտրական երկուշաբթին կլինի երկար ու դժվար օր, բայց երկուշաբթին միշտ էլ դժվար օր է, իսկ շաբաթը կանցնի հանգիստ ու սովորական. այլ գործընթացների նախադրյալներ չկան:
7. Քաղաքականությունը կարևորագույն գործ է, հետաքրքիր ու գրավիչ զբաղմունք, բայց քաղաքականությունն ընդամենը միջոց է` կյանքն առավել հարմարավետ ու մարդու գոյությունն առավել նպատակամետ դարձնելու համար: Ընտրությունները սկսվում ու ավարտվում են, կյանքը շարունակվում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Կյանքն ու մեր քայլերն առավել ընկալելի դարձնելու համար մենք սովորաբար դիմում ենք անցյալ, ներկա, ապագա բաժանումներին: Մենք ամբողջը տրոհում ենք մասերի, որ մեզ առավել հեշտ տեղավորենք այդ մասերի մեջ, ու հաճախ ենք մոռանում մասերը միավորել, իսկ ժամանակը իրականում ոչ անցյալի, ոչ ներկայի, ոչ ապագայի չի բաժանվում: Հռոմեացիները նույնիսկ ասում էին, որ ժամանակն անշարժ է, մարդիկ են շարժվում, և դա նրանց աշխարհազգացողության համարյա միակ սխալն էր: Ժամանակը, մահվան նման, միակ գործոնն է, որի հետ հաշվի չնստել չես կարող, որի անդառնալիությունն ու անդառնալիության անխուսափելիությունը աներկբա են: Ոմանց հաջողվում է ժամանակն օգտագործել, ոմանք ժամանակը վատնում են, ու դա էլ է քաղաքականություն: