ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր ղեկավարների երեխաները` մեր երեխաների ղեկավարներ

Մեր ղեկավարների երեխաները` մեր երեխաների ղեկավարներ
13.03.2009 | 00:00

ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔ` ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ
Երբ 1942-ին գերմանական զորքերը նվաճեցին ողջ Դոնբասը, ուղղակի ապշած էին Խորհրդային Միության այդ ամենևին էլ ոչ կենտրոնական տարածքներում առկա բուհերի, տեխնիկումների և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների քանակից։ Եթե նկատի ունենանք, որ նման զարմանք ապրողներն իրենք Արևմտյան Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի ամենակրթված ազգի ներկայացուցիչներ էին, կրթօջախների մեծաքանակությանը մանկուց սովոր մարդիկ, իրողությունն ավելի տպավորիչ է դառնում։ Հիմա մի պահ պատկերացնենք, որ նույն այդ մարդիկ ինչ-որ հրաշքով հայտնվել են մեր կողքին ու գերմանական բծախնդրությամբ հաշվառում են մեր ակադեմիաներն ու համալսարանները։ Կարծում եմ` այդ գործընթացի կեսից նրանք գլուխներն առած կփախչեին մեր «ուսումնատենչ» երկրից։
Այսօր արդեն իր գործնական նշանակությունն իսպառ կորցրել ու որպես ոչ վաղ անցյալի պատմական փաստ է մնացել միայն այն իրողությունը, որ խորհրդային կրթական համակարգը լավագույնն էր աշխարհում։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են 1957-ին և 1961-ին համապատասխանաբար առաջին արհեստական արբանյակն ու առաջին տիեզերագնացին ուղեծիր դուրս բերելու դարակազմիկ իրողություններին ԱՄՆ-ի նախագահներ Էյզենհաուերի և Քենեդու ջղաձիգ արձագանքներին, ասվածի լրացուցիչ ապացույցներ չեն պահանջի։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր բացարձակապես անտեղյակ են այդ ամենից, առայժմ միայն թռուցիկ նշեմ, որ նման անտեղյակությունն էլ հենց հետխորհրդային կրթական մակարդակի արդյունք է։ Մի կողմ թողնելով մշուշապատ ձևակերպումները, մեր երկրի կրթօջախներում դեռևս մեծ թիվ կազմող սրտացավ մանկավարժների հետ ուզում եմ կիսել այն կարծիքը, որ «Մի՛ քանդեք աշխարհի լավագույն ժողովրդական կրթության համակարգը» կոչերով ներկա իշխանություններին դիմելը միանգամայն անիմաստ է։ Անիմաստ է այն պարզ պատճառով, որ քանդվել են դրանք պահող հենասյուները։ Գոյություն ուներ խորհրդային իշխանություն, գոյություն ուներ նաև խորհրդային կրթական համակարգ, չկա այդ իշխանությունը, չկա համակարգը։ Այլ հարց է, որ մի անբացատրելի մոլուցքով տարված` արմատախիլ են արվում այդ դպրոցի լավագույն ավանդույթները, այնինչ հենց դրանք պետք է ձևավորեին հաջորդ կրթահամակարգի հենքը։ Իսկ թե ինչու տրամագծորեն հակառակ պատկերն է տիրում, հենց դա էլ կփորձենք պարզաբանել։
Հանրահայտ ճշմարտություն է, որ ցանկացած երկրի բնակչության որակական հատկանիշների գլխավոր չափանիշը նրա կրթվածության մակարդակն է, առաջավոր տեխնոլոգիաներ յուրացնելու ընդունակությունը, սեփական տեխնոլոգիաներ ստեղծելու, ինչպես նաև ինտելեկտուալ արտադրանք տալու կարողությունը։ Կրթական համակարգի «դեմոկրատական բարեփոխումների» հենց սկզբից, սակայն, տիրեց քաոսը, ավելի ճիշտ` կառավարելի քաոսը։ Կրթության և գիտության նախարարության միմյանց փոխարինող պաշտոնյաները բոլոր այս տարիներին ընդօրինակում էին արևմտյան կրթահամակարգի գործելաոճը, ընդգրկվելով, այսպես կոչված, Բոլոնյան գործընթացում, որի էությունը դրան հետևող բոլոր երկրների կրթահամակարգերը միանման կաղապարների մեջ ներառելն է։ Հենց նման արևմտամետ երկունքի արդյունքում էլ ծնվեց աշակերտների գիտելիքների գնահատման սկզբունքորեն նոր թեստային համակարգը` միասնական պետքննությունը։ Այն աշակերտներից պահանջում է մեծ քանակությամբ փաստացի տվյալների մեխանիկական սերտում` խոչընդոտելով վերլուծական մտածողությանը։
«Ինչի՞ համար է հարկավոր դպրոցը քաղաքացիներին, հասարակությանը և պետությանը,- հարցնում է ռուս հայտնի տեսաբան Սերգեյ Վալյանսկին և հիմնավորապես պատասխանում իր իսկ առաջադրած հարցադրմանը։- Կրթության խնդիրն ինքնուրույն առանցքային խնդիր է։ Կրթությունը մի գործընթաց է, որի արդյունքներն ի հայտ են գալիս ավելի քան 20 տարի անց։ Այն բանից, թե ինչպես ու ինչ ենք սովորեցնում մեր երեխաներին, կախված է և այն, թե ինչ հասարակության մեջ կապրենք։ Այնպես որ, կրթական համակարգը գոյություն ունի ոչ թե ինքն իր համար. այն կատարում է պետական պատվեր։ Իսկ որտեղի՞ց է վերցնում իր խնդիրը կրթահամակարգը։ Շատերը կարծում են, թե այդ խնդիրը ձևակերպում են ամենափորձաշատ ուսուցիչները, ովքեր քաջ գիտեն մանուկների հոգեբանությունը և իրենց արհեստը։ Ոչ, ամեն ինչ սկսվում է հասարակության և պետության կողմից գերակա խնդիրների գիտակցումից։ Իսկ հասու դառնալով դրանց` պետությունը մշակում է ապագայի ռազմավարական ծրագիր։ ...Աշխարհում գոյություն չունի մի երկիր, որտեղ կրթությունն ապրի իր կյանքով, իսկ տնտեսությունը` իր։ Կրթահամակարգը կառուցվում է երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրները լուծելու պահանջով, վերջինս էլ` քաղաքական»։
Այս նույն սկզբունքները դավանող ոչ պակաս հայտնի բազմաթիվ փորձագետներ ևս կարծում են, որ թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան գործող կրթական համակարգերը շատ հեռու են լավագույնները լինելուց։ Դա են ապացուցում նաև բազմաթիվ օբյեկտիվ տվյալներ, ինչպես, օրինակ, այն, որ տարբեր առարկաներից անցկացվող միջազգային օլիմպիադաներում նշված երկրների աշակերտները շատ համեստ տեղեր են զբաղեցնում։ Նկատենք նաև, որ ԱՄՆ-ի հանրահայտ Սիլիկոնե հովտի գիտաշխատողների կեսից ավելին արտասահմանցի է։ Իսկ, օրինակ, Հնդկաստանում և Չինաստանում բարձրագույն դպրոցներն այնպիսի բարձրակարգ մասնագետներ են պատրաստում, ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով, որ իրենց կարծր վիզային օրենսդրությամբ հայտնի շատ երկրներ (Գերմանիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա) էական զիջումների են գնում` երկար ժամանակով նրանց «աշխատանքային վիզաներ» տրամադրելու հարցում։ Բարձր վարձավճարներով աշխարհի բոլոր ծայրերից լավագույն մասնագետներին հրապուրելն առաջին հերթին շատ վատ է անդրադառնում հենց նույն այդ երկրների կրթահամակարգերի վրա, քանի որ կտրվում է դպրոցի և արդյունաբերության միջև գործող հետադարձ կապը։
Այժմ հպանցիկ անդրադառնանք նաև այն գործելաոճին, որով մեզանում փորձում են արմատավորել նույն այդ «եվրոպական փորձը»։ Պաշտոնապես թմբկահարվող տեսակետի հետ անհամատեղելի բոլոր «մանրուքները» հենց շեմից մի կողմ են դրվում ու լռության մատնվում։ Ասենք, հենց վերը հիշատակված միասնական քննության վերաբերյալ։ Դրա նկատմամբ դրսևորվող մոտեցումները տարբեր երկրներում, դիցուք, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, այն աստիճան տարբեր են, որ խոսել դրանց «միասնականության» մասին, գործնականում անիմաստ է։ Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա անցած դարի 90-ականների սկզբին, ունենալով չափազանց բարձր միջնակարգ կրթության մակարդակ, այս երկրում նույնպես որոշեցին անցնել միասնական քննության և թեստավորման համակարգին։ Վեց տարի անց պարզ դարձավ, սակայն, որ կրթության նախկին մակարդակը զգալի անկում է ապրել, հարկ է վերադառնալ հին համակարգին, այն է` դպրոցներում նորմալ ավարտական քննություններ, իսկ համալսարաններում և այլ բարձրագույն հաստատություններում` նորմալ ընդունելության քննություններ անցկացնելուն։
Վերադառնանք Հայաստան։ Գաղտնիք չէ, որ վճարովի կրթական համակարգին անցնելուց հետո ոլորտի ներսում և դրա շուրջ սկսեցին մեծ փողեր պտտվել։ Ահա հենց այս դրամական հոսքերի տնօրինումն ու ուղղորդումն էլ հանգիստ չի տալիս կրթության պատասխանատուներին։ Եվ ոչ միայն նրանց։ Ընդ որում, չափազանց մեծ է «ստվերային» փողերի չափաբաժինը, իսկ նման ծագում ունեցող միջոցները, որքան էլ փորձեն «ազնվորեն» բաժանել դրանք, միայն մեկ հաստատուն առանցք ունեն` այլասերում են բոլորին։
Կրթական «բարեփոխումներն» ունեն նաև հարվածի երկրորդ, ոչ պակաս կարևոր ուղղությունը։ Այստեղ, սակայն, բոլոր մակարդակի չինովնիկները լուռ են, ինչպես ձկները։ Իսկ բանն ահա թե ինչն է։ «Վերևներն» ուզում են, որ իրենց ժառանգները կառավարեն, հրամայեն, շահագործեն, ոչ թե, Աստված մի արասցե, հակառակը։ Եվ քանի որ կառավարողները միշտ ավելի քիչ են, քան կառավարվողները, ապա հարկ է ազատել իրենց ուստր-դուստրերին մրցակցության սպառնալիքից։ Փաստորեն, առաջին պլան է մղվել «մեր ղեկավարների երեխաները` մեր երեխաների ղեկավարներ» սկզբունքը։ Իսկ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը ֆինանսական արգելափակոցներ կանգնեցնելն է։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ