ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
21.03.2017 | 11:14

(սկիզբը`այստեղ)

Զարմանալի երևույթ էր Ջուղաշվիլի-Ստալինը: Թեև սիստեմատիկ կրթություն չէր ստացել, ընդամենը հոգևոր ճեմարանի երեք, թե երեքուկես դասարան, բայց ինքնակրթությամբ, ընթերցասիրությամբ, շնորհիվ բացառիկ հիշողության և հետաքրքրասիրության, դարձել էր լայն ու խոր էրուդիցիայի և բարձր գրագիտության տեր անձնավորություն: Ինքն էր գրում իր բոլոր զեկուցումները, աշխատությունները, ուներ բառի ու խոսքի բացառիկ զգացողություն, որի շնորհիվ նաև բարձրակարգ խմբագիր էր: Նա ճաշակով ընթերցող էր, հետաքրքրվում էր արվեստով, թատրոնով, ուներ լավ երաժշտական լսողություն և հաճախ երգում էր: Հայտնի է, որ նա Մոսկվայի գեղարվեստական թատրոնում 14 անգամ դիտել էր Մ. Բուլգակովի «Տուրբինների օրերը» ներկայացումը:

Շատ հաճախ էր ներկա լինում Մեծ թատրոնի ներկայացումներին, համարյա բաց չէր թողնում ոչ մի առաջնախաղ, պարտադիր կարգով անձնական կինոդահլիճում դիտում էր բոլոր նոր նկարահանված ֆիլմերը և առանց նրա «այո»-ի կամ արած դիտողությունները հաշվի առնելու դրանք մասսայական ցուցադրման ենթակա չէին: Նրա սուր աչքից կամ ականջից չէին սպրդում ոչ մի սխալ, ոչ մի երկիմաստ խոսք:


Հայրենիքի ամուր հողի վրա նրա թողած հետքերը անջնջելի են: Դրանք ոչ միայն «ստալինյան ճարտարապետության» հազարավոր շենքերն են, ջրանցքները, նոր ճանապարհները, բազմաթիվ դոմնաները, հանքերը և գործարանները, որոնք, ի դեպ, ստեղծվեցին իր հարազատ ԳՈՒԼԱԳ-ի միլիոնավոր անհայտ կալանավորների անազատ, հարկադրական աշխատանքով: Դրանք ոչ միայն ատոմային և ջրածնային ռումբերն են: «Ժողովուրդների առաջնորդի» չորացած ձեռքի կառչուն մատները հնազանդ էին պահում աշխարհի համարյա մեկ երրորդը: Պատմության մեջ թերևս ոչ մի բռնապետ չի ունեցել այդպիսի հրեշավոր իշխանություն:
Եվս մեկ մեջբերում Դ. Վոլկոգոնովի գրքից. «...Ստալինը երբեմն դադարեցնում էր աշխատանքը իր օգնականների ներկայացրած անհամար թղթերի վրա և մոտենում էր Կրեմլի իր կաբինետի կամ Կունցևոյի հանգստավայրի պատուհանին: Մի կողմ տանելով ծանր վարագույրը, նա անշարժ կանգնում էր՝ հայացքն ուղղելով անորոշ կետի: Հնարավոր է, որ ոչ Կրեմլի վրայով ճիչերով թռչող ագռավների երամը, ոչ Կունցևոյի կեչիների սպիտակությունը, ոչ էլ մայրաքաղաքի գիշերային երկնքի աստղերի ցրոնը չէին, որ կզբաղեցնեին բռնապետի միտքը: Նա չէր կարող չհիշել, թե ով էր ինքը մինչև 1917 թ. հոկտեմբերի ֆանտաստիկ թեթև, անհեթեթ հաղթանակը: Արդեն 37 տարեկան, մինչև հեղաշրջումը որևէ տեղ մի օր իսկ (!) չաշխատած կիսաթափառաշրջիկ, կիսակալանավոր, կիսաաքսորյալը հանգամանքների բերումով դարձավ «ժողովուրդների», հարյուրմիլիոնավոր մարդկանց առաջնորդ... Նորմալ, սովորական մարդուն, ինքնըստինքյան չէր կարող չցնցել այս հեքիաթային կերպարանափոխությունը: Բայց Ստալինը վաղուց արդեն իրեն «սովորական» մարդ չէր համարում»:


Միլիոնավոր մարդիկ անկեղծորեն հավատում էին, որ «ԽՍՀՄ-ի սահմանադրությունը ամենադեմոկրատականն է աշխարհում», որ «Խորհրդային Միությունը բոլոր առումներով աշխարհի առաջավոր պետությունն է», որ «կոմունիզմի հաղթանակը աշխարհի մասշտաբով անխուսափելի է», որ «ինչքան մեծ են ԽՍՀՄ հաջողությունները, այնքան ավելի նենգամիտ են դառնում ժողովրդի թշնամիները» և այլն, և այլն:


Լենինյան-ստալինյան համակարգը ձևավորում էր պրիմիտիվ մտածելակերպի մարդկանց, որոնք կուրորեն հավատում էին լենինիզմ կեղծ կրոնի զանազան դոգմաներին. «Մարքսի ուսմունքն ամենահաղթ է, որովհետև այն ճիշտ է», «Քաղաքականությունը տնտեսության խտացրած արտահայտությունն է», «Լենինիզմը իմպերիալիզմի դարաշրջանի մարքսիզմն է»: Հենց այդ կերակուրներով սնված մարդիկ էին հավատում, որ գենետիկան և կիբեռնետիկան կեղծ գիտություններ են, որ պատերազմներն անխուսափելի են, կապիտալիզմը դատապարտված է, որ ԽՍՀՄ-ում չկա մարդու կողմից մարդու շահագործում և այլն, և այլն:
Ստալինյան համակարգը հսկայական մի ճամբար էր, որտեղ անհատականություն լինելու իրավունք ուներ մեկ մարդ՝ գերագույն առաջնորդը: Շպիոնոմանիայի վերաճած և անդադար արմատավորվող աչալրջությունը դարձել էր ամբողջ երկիրն ընդգրկող հիվանդություն: Ամեն մի մանրուքի, դատարկ բանի, բերանից թռած պատահական բառի, խոսքի տրվում էր չարագուշակ գաղտնի իմաստ, որը ենթակա էր պարզաբանման քննչական կաբինետներում: ՈՒղղակի աներևակայելի է, թե ինչպես կարելի է կալանավորել կամ աքսորել մերձավորագույն զինակիցների կանանց (Մոլոտով, Կալինին, Պոսկրեբիշև) կամ անչափահաս երեխաներին (Անաստաս Միկոյանի 14 և 12 տարեկան Վանո և Սերգո որդիներին), ծԽԹԺ-ի պատժախցերում խոշտանգելով սպանել հանճարեղ կենսաբան-գենետիկ Նիկոլայ Վավիլովին, իսկ նրա հարազատ եղբայր, ֆիզիկոս Սերգեյ Վավիլովին դարձնել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ:


Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջակետը դեռ չէր դրվել: 1945 թ. օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ-ը ատոմային ռմբակոծության ենթարկեց ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքները: Երկու օր անց Ճապոնիան ընդունեց իր պարտությունը, ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց:
Ատոմային զենքի օգտագործումը բացառիկ իրադարձություն էր և մինչ օրս քննարկման ու շահարկումների առարկա է՝ դրա կիրառումը ռազմական տեսակետից արդարացված չլինելու մասին դատողություններով և, իհարկե, ԱՄՆ-ին վարկաբեկելու նպատակով:
Անշուշտ, ոչ մեկի մտքով չի անցնի գովաբանել կամ արդարացնել ատոմային զենքի կիրառումը, հնարավոր չէ մոռանալ ոչ զոհերի թիվը, ոչ սարսափելի հետևանքները։ Բայց եկենք հետ պտտենք ժամանակի անիվը, հիշենք և պատկերացնենք այդ ժամանակները:
Արդեն չորս տարի դաժան պատերազմ էր հարյուրհազարավոր, նույնիսկ միլիոնավոր զոհերով: Պատերազմներն ունեն իրենց օրենքները, ավելի ճիշտ, դրանք բացակայում են: Ինչպես ասում են «на войне как на войне-всё дозволено»: Կասկածից վեր է, որ Ամերիկան ոչ մի դեպքում չէր կարող մոռանալ Պեռլ Հարբորի խայտառակությունն ու ողբերգությունը և լի էր Ճապոնիային լավ դաս տալու և վրեժխնդիր լինելու վճռականությամբ: Ամերիկայի ռազմավարության հիմքում ընկած է «յուրաքանչյուր ամերիկյան զինվորի կյանքը բարձրագույն արժեք է» սկզբունքը: Եվ ո՛չ մի նախագահ, լիներ դա Ֆրանկլին Ռուզվելտը, թե Հարրի Տրումենը կամ ցանկացած ուրիշը, չէր կարող հաշվի չնստել հանրային կարծիքի և Կոնգրեսի հետ: Ատոմային ռումբի կիրառումը անխուսափելի էր: Հողին հավասարեցվեցին Հիրոսիման և Նագասակին, զոհերի թիվն անցավ 200000-ից: Ճապոնիան այլևս չէր կարող և իմաստ էլ չուներ, որ շարունակեր դիմադրությունը: Պատերազմն ավարտվեց:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե այդպես չլիներ:


Ամերիկյան ավիացիայի «սովորական» ռմբակոծումների ժամանակ զոհերի թիվը ճապոնական քաղաքներում անհամեմատ ավելի մեծ էր, քան այդ երկու ատոմային ռումբերի դեպքում: 1945 թ. միայն մարտ ամսին Տոկիոյի ռմբակոծումը խլեց ավելի քան 120000 մարդու կյանք: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ ճապոնական կղզիներ դաշնակիցների ցամաքային ներխուժման դեպքում, որին, անկասկած, կնախորդեր քաղաքների և բոլոր ռազմական օբյեկտների զանգվածային ռմբակոծումը: Ճապոնացի զինվորը անվեհեր սամուրայի ոգի ունի և կամիկաձեի հոգեբանություն: Նրանք երբեք չէին հանձնվելու և կռվելու էին մինչև արյան վերջին կաթիլը: (Պատահական չէր, որ նույնիսկ 1970-ականներին Ֆիլիպինների ջունգլիներում հանդիպում էին չհանձնված սամուրայներ): Ամերիկյան ավիացիան բառիս բուն իմաստով ավերակույտի կվերածեր Տոկիոն և Յոկոհաման, Օսական և Սապպորոն, հենց նույն Հիրոսիման ու Նագասակին:
Գիտնականներից մեկը, որն ուսումնասիրել էր այդպիսի գործողության՝ «Դաունֆոլ»-ի («Dawnfoll») հնարավոր հետևանքները, եկել էր այն եզրակացության, որ այդ դեպքում ԱՄՆ-ի և դաշնակիցների զոհերի թիվը կհաշվվեր միլիոններով, իսկ ճապոնացիներինը՝ տասնյակ միլիոններով:


Կար նաև մեկ ուրիշ վտանգ: Եթե Ճապոնիան այդպես արագ չկապիտուլյացվեր, ապա Ստալինը ժամանակ կունենար ներխուժելու ճապոնական հիմնական տարածք, օրինակ, Հոկայդո կղզի, և Ճապոնիան կարժանանար Գերմանիայի, Կորեայի, Վիետնամի ճակատագրին: Կստեղծվեր «Հյուիսային Ճապոնիայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն», անշուշտ, կգտնվեր Հո Շի Մինի կամ Կիմ Իր Սենի նման «իսկական հայրենասեր» ճապոնացի, և չէր բացառվում, որ Ճապոնիան էլ անցներ նույն դժբախտությունների և փորձությունների միջով, ինչ վերը նշված երկրները:
Հիշենք` Հո Շի Մինի սանձազերծած պատերազմը խլեց ավելի քան 3 միլիոն վիետնամցու կյանք, իսկ Կիմ Իր Սենի ագրեսիան Հարավային Կորեայի դեմ՝ 1,5-2 միլիոն կորեացիների և մինչև հիմա Հյուսիսային Կորեայի խեղճ ու կրակ, զոմբիացած ժողովուրդը տառապում է նրա դեգեներատ և հոգեխախտ ժառանգների լծի տակ, մինչդեռ Հարավային Կորեան վաղուց արդեն իր պատվավոր տեղն ունի աշխարհի ամենաբարգավաճ, զարգացած, ժողովրդավարական երկրների շարքում:


Նախագահ Հարրի Տրումենի շատ կոշտ դիրքորոշումը ստիպեց Ստալինին հրաժարվել իր ծրագրերից: Ճապոնիան ընտրեց ապամիլիտարիզացման և խաղաղ զարգացման ճանապարհը և շատ արագ տնտեսական վերափոխումների, ժողովրդի աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ աշխարհին ներկայացավ ճապոնական հրաշքի տեսքով: Ամբողջ աշխարհը հեղեղվեց ճապոնական ռադիոէլեկտրոնիկայով, ավտոմեքենաներով, կենցաղային տեխնիկայով: Եվ արդեն 60 տարուց ավելի է` Ճապոնիան ունի աշխարհի երկրորդ կամ երրորդ տնտեսությունը:


Ամփոփենք այս թեման` եզրակացությունները և գնահատականները թողնելով հարգարժան ընթերցողներին: Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծումները, անկասկած, մեծագույն ողբերգություններ են: Բայց ինչ էլ ասեն, ինչպիսի հակադիր և իրարամերժ կարծիքներ էլ լինեն այդ ռմբակոծումների ճիշտ կամ սխալ, արդարացված կամ դատապարտելի լինելու մասին, ինչպիսին էլ լինեին Ամերիկայի լիդերների այդ քայլին դիմելու շարժառիթները, նրանց այդ որոշումը ոչ միայն ԱՄՆ-ի և դաշնակիցների զինվորների, այլև միլիոնավոր ճապոնացիների կյանքեր փրկեց:


Շատ հետաքրքիր են Ստալինի «թղթերին» նվիրված էջերը: Վոլկոգոնովը համոզված է, որ դրանք ուսումնասիրման հետաքրքիր նյութ են ոչ միայն պատմաբանների, այլև հոգեբանների համար: Տարբեր նիստերի, խորհրդակցությունների և նման այլ բաների ժամանակ նա իր նոթատետրում զանազան նկարներ էր անում՝ սկսած աստղերի ու եռանկյունների կոմպոզիցիաներից մինչև ֆանտաստիկ կենդանիների անձև ֆիգուրները:
Աներևակայելի են «ժողովուրդների մեծ առաջնորդի» անամոթությունը և ստախոսությունը: Բերենք մի օրինակ: Չերչիլին և Ռուզվելտին հասցեագրված նամակներում նա գրում է. «Սովետական Միության դեմ թշնամական զրպարտչական կամպանիան, որն սկսել են գերմանական ֆաշիստները Սմոլենսկի շրջանում գերմանական զորքերի օկուպացրած տարածքում լեհ սպաների սպանության առիթով, անմիջապես պաշտպանեց պրն Սիկորսկու կառավարությունը և ամեն կերպ բորբոքվում է լեհական պաշտոնական մամուլով... Դա ստոր զրպարտանք է ԽՍՀՄ-ի հասցեին»:


Ստալինի բազմիցս կրկնած այս ֆրազներում երևում է սովետական առաջնորդի բացարձակ ցինիզմը: Ապշեցնում է մի մարդու դատողությունների անառարկելիությունը, որը, անկասկած, հրաշալի գիտեր, որ լեհ սպաները անխտիր գնդակահարվել են հենց իր հրամանով. «Քաղբյուրոյի 1940 թ. մարտի 5-ի նիստ, արձանագրություն 13/144: Որոշեցին. 14700 լեհ սպաների, պաշտոնյաների, կալվածատերերի և այլն, ինչպես նաև ՈՒկրաինայի և Բելառուսի արևմտյան մարզերի բանտերում գտնվող 1100 լեհերի գործերը քննել հատուկ կարգով, նրանց նկատմամբ կիրառելով պատժի առավելագույն չափը՝ գնդակահարություն: Գործերի քննումը անցկացնել առանց կալանավորվածներին կանչելու և մեղադրանք ներկայացնելու»։
Հրեշավոր հանցավոր վճռի իրագործումը հանձնարարվեց ծԽԹԺ-ի դահիճներ Մերկուլովին, Քոբուլովին և Բաշտակովին:


Ստալինի զայրույթը «լեհերի հակասովետական կամպանիայի» առիթով այնքան անկեղծ էր ու բնական, որ մնում է միայն հիանալ բռնապետի զարմանալի դերասանական տաղանդով:
Այս նողկալի ոճրագործությունն իրականացրած լենինյան-ստալինյան ղեկավարությունը հաջորդ չորս «առաջնորդների» օրոք էլ անամոթաբար շարունակում էր ժխտել անժխտելի փաստերը և միայն Գորբաչովի օրոք ստիպված եղավ խոստովանել խստագույնս պահվող փաստաթղթերի առկայությունը. գնդակահարված լեհերի ընդհանուր թիվը 25700 մարդ էր:
Թղթեր, թղթեր... Ստալինի հայացքը մի վայրկյան կանգնեց ներքին գործերի նախարար Ս. Կրուգլովի զեկույցի այս տողի վրա. «Ճամբարում կալանավորի բնակմակերեսի ապահովումը միջինը 1,8 քմ է»: Ինչպես գերեզմանում:


Մեկ ուրիշ անգամ նույն Կրուգլովը հաղորդում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում անհրաժեշտ է «լրացուցիչ առանձնացնել Դալստրոյին` 50000, ԲԱՄ-ին` 60000, հատուկ շինարարություններին` 50000, անտառային ճամբարներին` 50000, Վորկուտա-ՈՒխտա-Նորիլսկին` 40000 և կորուստները ծածկելուն` 100000 մարդ»: ՈՒշադրություն դարձրու, սիրելի ընթերցող, այդ վերջին «100000 մարդ» պահանջին. սա մարդկանց այն քանակն է, որ մեկ եռամսյակում փտում, ճամբարային փոշի էր դառնում չարագույժ արշիպելագ ԳՈՒԼԱԳ-ի անթիվ- անհամար կղզիներում և կղզյակներում:
Եվս մի շատ սովորական փաստաթուղթ.
«Ընկ. Լ. Պ. Բերիային,
Շինարարության ծավալման համար խնդրում եմ կազմակերպել ևս մեկ ճամբար 5000 մարդով, տրամադրել 30000 մետր բրեզենտ վրաններ կարելու համար և 50 տոննա փշալար:
22 մարտի 1947 թ.: Զադեմիդկո»։


Հարգարժան ընթերցող, սրանք ինչ-որ սարսափ կինոնկարի սցենարից կամ նման մի վեպից մեջբերումներ չեն: Սա մեր ոչ վաղ անցյալի, մեր հայրերի ու մայրերի, իսկ երիտասարդ սերնդի պապիկների ու տատիկների ապրած ժամանակների իրական պատկերն է:
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 13845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ