ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դամիրյան-Թադևոսյան մանկավարժական տոհմի դարավոր պատմությունը

Դամիրյան-Թադևոսյան մանկավարժական տոհմի  դարավոր պատմությունը
12.03.2017 | 16:04

Արմատներս շատ շատ խորն են,
Մխրճված են Մայր հողի մեջ,
Վառ հուշ դարձած՝ սնում են ինձ,
Գոտեպնդում այս կյանքի մեջ։
Ես ամուր եմ կանգնած հողին,
Նախնիներիս շունչն եմ զգում,
Աստվածային նրանց ոգին
Իմ սիրտն է միշտ լույսով լցնում։

Հորեղբորս կինը՝ Լալա Փայլակի Թադևոսյանը, տարիներ շարունակ ինձ հայոց լեզու և գրականություն է դասավանդել՝ առաջինն ինձ ծանոթացնելով դասական ուղղագրության կանոններին, ինչպես նաև գրականության մեր մեծերի՝ Թումանյանի, Իսահակյանի, Սևակի, Դուրյանի և այլոց անմահ գործերին՝ առհավետ սիրահար դարձնելով այդ կախարդական աշխարհին։ Աննկարագրելի մեծ էր նրա սերը իր դասավանդած առարկաների, մասնավորապես՝ գրականության հանդեպ: Ամեն օր տունդարձի ճանապարհին նա վարակիչ ջերմությամբ խոսում էր գրականության այդ նվիրյալների, նրանց թողած անգնահատելի ժառանգության մասին՝ մեկընդմեջ ասմունքելով նրանց, երբեմն էլ՝ իր սեփական ստեղծագործություններից։ Կրթելու կաթոգին այդ սերը նա ժառանգել է իր նախնիներից և մինչ օրս ջանում է սերմանել ուրիշների մեջ։ Ահա նրա՝ մանկավարժության հանդեպ անպարագիծ սիրո պատմությունը, որը ես գրի եմ առնում՝ վերհիշելով նրա ամեն մի բառը։
«1968 թվականն էր։ Երևանի պետական համալսարանի բակում կանգնած՝ հպարտ հայացքով նայում էի այդ վեհաշուք շենքին և ինքնամոռաց ժպտում. այն միտքը, որ ուսանելու եմ մայր բուհի բանասիրական ֆակուլտետում, ինձ անսահման հրճվանք էր պատճառում, փոթորկում միտքս։ Հրճվում էի և չէի հասկանում, թե ինչու եմ այդքան հուզված։ Տարիներ անց միայն, երբ սկսեցի ուսումնասիրել մեր գերդաստանի պատմությունը, հասկացա հուզմունքիս պատճառը. մանկավարժ դառնալու անբացատրելի մղումն ինձ հասել էր ժառանգաբար, քանզի մեր տոհմը հարյուր տարի անընդմեջ մանկավարժ-բանասերներ էր տվել, և այդ պատգամը՝ որպես նախնիներիս արյան կանչ, հասել էր ինձ։ Իսկ ովքե՜ր էին իմ նախնիները...


Պարզվում է՝ արմատներս գալիս են դարերի խորքից, հեռո՜ւ-հեռու Էրզրումից։ Ապուպապս՝ Կարնո (1808-1830 թթ.) և Վրացա-իմերեթական (1837-1856) թեմերի առաջնորդ Կարապետ (Հովհաննես) արքեպիսկոպոս Բագրատունին, ով Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հետ բացառիկ դեր է ունեցել 19-րդ դարի առաջին կեսի հայ հոգևոր-եկեղեցական և հասարակական-քաղաքական կյանքում, հիմք է դրել մի գերդաստանի, որի ապրելու և հարատևելու ճշմարտությունը մեկն է՝ ճանաչել և սիրել արմատները, որ սաղարթներն առողջ լինեն։


Եվ այսպես, ապուպապս՝ Հովհաննես Գրիգորի Դամիրյանը, ծնվել է 1779 թ. մայիսի 18-ին Էրզրումի նահանգի Սպեր գավառի Հունուտ գյուղում (Սպերը եղել է Բագրատունիների ժառանգական կալվածքը: Այստեղից Կարապետը գրականության մեջ հայտնի է Բագրատունի ազգանունով, բայց տատս ասում էր, որ մենք Դամիրյան ենք։ Ժամանակի ընթացքում Դամիրյան ազգանվանը զուգահեռ՝ Կարապետի որդու՝ Թադևոսի ժառանգները սկսել են կրել Թադևոսյան ազգանունը): 1801 թ. ձեռնադրվել է վարդապետ՝ ստանալով Կարապետ անունը, իսկ 1811-ին Կ. Պոլսում օծվել է արքեպիսկոպոս: Նրա գործունեությունը շատ բեղմնավոր և ազգանպաստ է եղել. Էրզրումում հիմնել է իր անունը կրող Կարապետյան վարժարանը, զբաղվել է լայն տնտեսական գործունեությամբ, շենացրել է թեմի եկեղեցիները, ընդարձակել նրանց կալվածքները, հիմնել աղքատանոցներ, ինչի շնորհիվ մեծ սեր և հարգանք է վայելել Արևմտյան Հայաստանում՝ 1810-ական թվականների երկրորդ կեսին դառնալով ողջ արևմտահայության մեջ ամենաճանաչված եկեղեցական գործիչներից մեկը։ Հատկանշական է, որ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին իր ազգանպաստ գործունեության շնորհիվ այդ նույն համարումը վաստակել է արևելահայ իրականության մեջ (1824 թ. բացել է Ներսիսյան դպրոցը, որի հիմնադրմանն իր դրամական մասնակցությունն է ունեցել Կարապետ արքեպիսկոպոսը)։


ՈՒ թեև հիմնվել են դպրոցներ, շենացվել եկեղեցիներ, տասնիններորդ դարի առաջին կեսին հայերի դրությունն օրհասական է եղել։ Հայաստանի 4-րդ բաժանումով (1639 թ. Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ անցած Արևմտյան Հայաստանի նահանգներում (Էրզրում (Կարին), Վան, Կարս, Բայազետ, Ախալցխա, Դիարբեքիր, Սեբաստիա) հայերը բոլորովին անպաշտպան էին և զուրկ որևէ արտոնությունից։ Նրանց դրությունն էլ ավելի է ծանրացել 1828 թ. ռուս-թուրքական պատերազմի սկսվելուն պես, քանզի թուրքերը, երկյուղելով հայերի՝ ռուսների կողմն անցնելու վտանգից, սրերը ձեռքներն առած՝ շրջել են փողոցներում և սրախողխող արել պատահած քրիստոնյայի՝ ջանալով սարսափի մթնոլորտ ստեղծել։ Գիտակցելով, որ հայերի հզոր պաշտպաններից է Կարապետ արքեպիսկոպոսը, առիթ են փնտրել հատկապես նրան հալածելու և գտել են։ Մի կիրակի ներխուժելով եկեղեցի՝ ստիպել են ընդհատել պատարագը և արքեպիսկոպոսին հրամայել են հետևել իրենց։ Վերջինս, ծնկելով պատարագի սեղանի առջև և իր անձն ու հոտը հանձնելով աստվածային հովանավորությանը, դուրս է եկել եկեղեցուց՝ հույս չունենալով կրկին վերադառնալու։ Ողջ ճանապարհին գանահարելով՝ ոտքից գլուխ արնաթաթախ արքեպիսկոպոսին հասցրել են պալատական դահլիճ՝ սերասկյարի (զորաբանակի հրամանատար) մոտ, ուր նրան մեղադրել են պետական դավաճանության մեջ, թե իբր հայերը ինքնագլուխ փակել են խանութները՝ իրենց տներում խորհրդակցելու և տերության դեմ պայքարի դուրս գալու համար, որպեսզի Էրզրումը մատնեն «անհավատ» ռուսներին։ Այդ հնարովի հանցանքի համար արքեպիսկոպոսը դատապարտվել է մահվան՝ կախաղանի միջոցով։ Սակայն անողոք վճիռը չի շփոթեցրել քաջակորով հովվապետին, և սրբազանը պատճառաբանել է, որ հայերը ոչ թե ինքնագլուխ են փակել խանութները, այլ իր հրամանով, քանի որ շաբաթ օրը թուրքական մեծ տոն էր, իսկ այդ օրը առևտուր անել կնշանակեր չհարգել նրանց կրոնը։ Եվ դա միակ դեպքը չէ, որ Կարապետ սրբազանը կանչվել է սերասկյարի մոտ և իր աստվածատուր իմաստության շնորհիվ կարողացել հրաշքով խուսափել հաշվեհարդարից. նրա կոնդակը՝ «Առաջնորդի հայոց Կարնոյ», որի մեջ վեհափառը պատվիրում էր ամեն կերպ նպաստել ռուսական զորքերի առաջխաղացմանը, ընկել է թուրքերի ձեռքը: Նա ռուսական զորքերի հրամանատար Պասկևիչի հետ նամակագրական կապ էր հաստատել՝ վերջինիս ներկայացնելու հայերի համար ստեղծված ծանր վիճակը ու խորհուրդներ տալու՝ քաղաքը դյուրությամբ գրավելու ուղիների վերաբերյալ (Էրզրումի շուրջ պարիսպ կառուցող հայ շինարարները որոշ հատվածներում խոցելի կետեր էին թողել, որոնց մասին էլ արքեպիսկոպոսը տեղեկացնում էր Պասկևիչին): Բարեբախտաբար, այս վիճակը երկար չի տևել. համոզվելով, որ դիմադրությունն անիմաստ է, սերասկյարը Պասկևիչին է ուղարկել քաղաքի բանալիները:

Հունիսի 27-ին ռուսական բանակն առանց մարտի մտել է Էրզրում: Սակայն հայերի գլխին կախված վտանգն այդքանով չի վերացել։ 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո կնքված Ադրիանուպոլսի պայմանագրով (1829 թ. սեպտեմբերի 2) ռուսական կայսրությանն են անցել Ախալցխան ու Ախալքալաքը, իսկ գրաված մյուս գավառները՝ Էրզրումի, Բայազետի և Կարսի փաշայությունները, վերադարձվել են Օսմանյան Թուրքիային։ Իսկ դա նշանակում էր, որ ռուսների հեռանալուց հետո նրանց օժանդակած հայ բնակչությունը հայտնվելու է մահմեդականների վրեժխնդրության վտանգի առջև: ՈՒստի այդ օրհասական պահին արքեպիսկոպոսը վճռական և խիստ պատասխանատու քայլի է դիմել. Էրզրումի և շրջակայքի հայության անունից, 29 պատվավոր քաղաքացիների հետ, ռուսական բանակի հրամանատար Պասկևիչին է ներկայացրել (15.12.1829) աղերսագիր՝ խնդրելով թույլատրել տեղի հայերին գաղթելու Ռուսական կայսրության սահմանները (ըստ Ադրիանուպոլսի պայմանագրի 13-րդ հոդվածով սահմանված փոխադարձ գաղթի իրավունքի՝ թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան)։ 1830 թ. մայիս ամսին տասնյակ հազարավոր հայեր Էրզրումից, Կարսից, Բայազետից Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ գաղթել են Անդրկովկաս և բնակություն հաստատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում։ Կարապետ արքեպիսկոպոսի ջանքերով Էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգևոր-մշակութային արժեքներ (այդ թվում՝ «Ծուղրութի կամ Հովհաննես Ավետարան»-ը, որն ընդօրինակվել է 974-ին Հովհաննես գրչի կողմից։ Հայերեն մագաղաթյա այս ձեռագիր-մատյանը, որը հայ միջնադարյան արվեստում նշանակալից է հնագրության և մանրանկարչության պարզունակ արտահայտչականության առումով, պարունակում է Աստվածաշունչ մատյանի Նոր կտակարանի չորս ավետարանները։ Ծուղրութ է կոչվում, քանզի 1830-ից ի վեր պահվում է Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում), որոնք հիմնականում զետեղվել են Ախալցխայի նորակառույց (1835-37) Ս. Փրկիչ եկեղեցում։


Այսպես բազմահազար հայեր փրկվել են կոտորածից, բայց արքեպիսկոպոսի վճռական քայլը միանշանակ չի ընդունվել. ոմանք բարձր են գնահատել նրա դերը հայոց նոր պատմության մեջ ամենադժվարին խնդիրներից 1830 թ. արևմտահայության՝ Անդրկովկաս գաղթելու վճռի ընդունման և իրականացման հանձնառության հարցում: Ոմանք էլ մեղադրել են նրան՝ այդ գաղթը աղետաբեր համարելով Արևմտյան Հայաստանի համար։
Այնուամենայնիվ, Անդրկովկասում հաստատված արևմտահայությունը կյանքի նոր ծիլեր է արձակել։ Կարապետ արքեպիսկոպոսը դարձել է Ախալցխա, Ախալքալաք և Ծալկա գաղթած իր հոտի առաջնորդը, ուր բազմաթիվ հոգևորականներ են տեղափոխվել, դպրոցներ (Ախալցխայում՝ Նոր Կարապետյան, Ախալքալաքում՝ Ս. Մեսրոպյան արական) ու եկեղեցիներ հիմնվել, կալվածքներ ձեռք բերվել: 1837 թ. սեպտեմբերին սրբազանը Ախալցխայի իր անշուք բնակարանում բարեբախտություն է ունեցել ընդունելու Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I ցարին։ Երբ թագավորը նվեր է առաջարկել արժանահիշատակ հոգևորականին, վերջինս, ծնկի գալով, կերկերուն ձայնով շնորհ և ողորմություն է խնդրել արքայից. «Որպես քրիստոնյա՝ ես երկար ժամանակ պաշտպանել եմ քրիստոնյաներին Թուրքիայում, այժմ ես նրանց հանձնում եմ քրիստոնյա թագավորի հայրական խնամքին ու հոգածությանը»։ Սրբազանի խնդրանքով կայսրը մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի հայ գաղթականների՝ հարկեր չվճարելու արտոնությունը։
Այսպես շուրջ 77 տարի անձնուրաց հովվապետը (մահացել է 1856 թ., 2000-ին Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու բակում կանգնեցվել է նրա հուշարձանը) պաշտպանել և սատար է կանգնել իր ժողովրդին և այդ շնորհը, որպես պատգամ, փոխանցել է որդիներին՝ Թադևոսին և Հովհաննեսին։ Վերջիններս, քաջ գիտենալով, որ հայ մարդու, հայ սերնդի հարատևման, զարգացման ճանապարհներից ամենահաստատունը լուսավորվելն է, իրենց զավակներին ուղարկել են կրթվելու և լուսավորության միջոցով շարունակելու հովվապետի ազգանվեր գործը։ Թադևոսի ութ զավակներից Հարությունը և Պետրոսը ուսանել են Մոսկվայի Լազարյան ճեմարանում, իսկ Հովհաննեսի հինգ զավակներից Միքայելը ուսում է ստացել Երևանի թմական դպրոցում՝ դառնալով մեր գերդաստանի ամենաերկարակյաց մանկավարժը։ Նրա մանկավարժական գործը շարունակել են դուստրերը, ապա թոռը, ծոռները։


Առաջին համաշխարհային պատերազմը, ինչպես բազում հայ ընտանիքների, անդառնալի կորուստներ է պատճառել նաև մեր տոհմին։ Հիմնավոր կրթություն ստացած նվիրյալները՝ Հարությունը և Պետրոսը, իրենց վրա են վերցրել թշնամուն դիմագրավելու համար ժողովրդին կազմակերպելու պատասխանատու և վտանգավոր գործը։ Հարությունը գյուղի քահանայի հետ փորձել է բանակցություններ վարել վայրագ թշնամու հետ, բայց ո՞վ էր թուրքին տվել բանակցելու քաղաքակիրթ ձևը։ Նրանց բանակցելու միակ ձևը ոչնչացնելը, հոշոտելն էր, ուստի ազնիվ բանագնացները ողջակիզվել են։ Բայց ոսոխին հնազանդվելը հավասար էր դավաճանության, ոչնչացման, ուստի ոտքի է կանգնել ողջ գյուղը՝ կենաց-մահու կռվի։ Ելուզակները ջախջախիչ հակահարված են ստացել։ Թադևոսյան-Դամիրյան տոհմի զավակները, Ապարանի հերոսական պաշտպաններին միացած, համալրել են Սարդարապատի հերոսական մարտիկների շարքերը։


Չարաբաստիկ պատերազմը բազում արհավիրքներ է բերել, անհամար անմեղ զոհերի պատճառ դարձել, բայց անգամ նրան չի հաջողվել խլել Դամիրյան տոհմի մանկավարժ լինելու կոչումը։ Ողջակիզված Հարությունի սուրբ գործը շարունակել է թոռը՝ դստեր ավագ որդին՝ Ազատ Ահարոնյանը։ Սակայն այդ լուսավոր մարդու կյանքն ու գործունեությունը շատ կարճ է տևել. կյանքից շատ վաղ է հեռացել՝ անավարտ թողնելով գալիք սերնդին կրթելու իր բաղձալի առաքելությունը։ Այն իր ուսերին է կրել Թադևոսյան-Դամիրյան մանկավարժական տոհմի ամենալուսավոր դեմքերից Պետրոս Թադևոսյանը՝ պապս, ով զտարյուն մանկավարժի չորրորդ սերունդն էր։ Նախ Գևորգյան, ապա Մոսկվայի Լազարյան ճեմարաններն ավարտելուց հետո, վերադարձել է համաշխարհային պատերազմից բզկտված հայրենիքը և ձեռնամուխ եղել որբանոցներ բացելու և հազարավոր որբ ու անխնամ երեխաներին կրթելու վսեմ գործին։ Գրեթե անհնար պայմաններում հայրենի Նիգավանում (Ապարանում) բացել է դպրոց և ինքն էլ դարձել առաջին ուսուցիչը։ Սակայն անողոք ճակատագիրը նրան նույնպես շատ շուտ է զրկել կյանքից. հարյուրավոր որբերին հայր դարձած ուսուցիչը իր զավակներին է որբ թողել՝ հորս և հորաքրոջս հավետ կարոտ պահելով հայրական քնքշանքին։ Շատ վաղ այրիացած տատս՝ Նատալյա Մորիկյանը, թեև երկու անչափահաս երեխաների հետ հայտնվել է սոսկալի ծանր պայմաններում, բայց ոչինչ և ոչ ոք չի կարողացել ճկել այդ հզոր հոգու տեր կնոջը։ Պապս իրենց համատեղ ապրած տարիների ընթացքում հասցրել էր տատիս հաղորդակից դարձնել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական մշակույթին, արվեստին և անսահման սեր արթնացնել գրականության հանդեպ, ինչը տատս, չնայած կյանքի դժվարություններին, փոխանցել էր զավակներին՝ հորաքրոջս և հայրիկիս՝ մեր տոհմի արժանի հետնորդներին։ Հորաքույրս վաստակաշատ մանկավարժ էր. շուրջ կես դար հայոց լեզու և գրականություն է դասավանդել տարբեր դպրոցներում՝ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի, իսկ հայրս՝ Փայլակ Պետրոսի Թադևոսյանը, օժտված էր բացառիկ տաղանդով, և անպատճառ կդառնար ոչ միայն մեր բազմանդամ տոհմի, այլև հայ ժողովրդի հպարտությունը, եթե այդքան շուտ չզրկվեր հորից՝ հովանավորից. այդ հրաշամանուկը ուղղորդող, հղկող ձեռքերի կարիք ուներ, բայց ո՞վ, ինչպե՞ս, եթե երկրում մոլեգնում էին 1934-ի սովը, քաղաքական խառնաշփոթը։ Գոյության կռիվ էր...


Այս դժվարին իրավիճակում տատիս փրկության ձեռք է մեկնել եղբայրը և քրոջ որբացած ընտանիքը բերել է Երևան՝ օթևան տալով Սպանդարյան փողոցի իր բնակարանում։ Սպանդարյան և Աբովյան փողոցների խաչմերուկը հանդիսացել է այն սկզբնաղբյուրը, որտեղից սկսվել է հայրիկիս և հորաքրոջս շփումը արվեստի, գրականության աշխարհի հետ, քանզի այդ բախտորոշ խաչմերուկում էին գտնվում պատկերասրահը, պատմության թանգարանը, ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը։ Այնպես որ պատահական չէ, որ Նարիմանովի 5 հասցեում գտնվող նրանց տունը դարձել է արվեստասեր, թատերասեր երիտասարդության ամենասիրելի հավաքատեղին, ուր ամեն երեկո երաժշտության, թատերական էտյուդների ուղեկցությամբ այցի են եկել աշխարհի մեծերը՝ Շեքսպիրը, Սերվանտեսը, Հայնեն, Բայրոնը և խառնվել իրենց հայ բարեկամներին՝ Թումանյանին, Իսահակյանին, Չարենցին, Սիամանթոյին, Դուրյանին և Մեծարենցին։ Ասմունքն ու դերասանական խաղը միմյանց հերթ չեն տվել՝ ներկաներին պարուրելով արվեստի կախարդական շնչով։ Հենց այդ օրերին է բացահայտվել հայրիկիս դերասանական աստվածատուր տաղանդը, և նա դպրոցն ավարտելուն պես, առանց հապաղելու, ընդունվել է նորաբաց թատերական ուսումնարան։ Այստեղ դերասանական արվեստին հաղորդակից դառնալուն զուգահեռ՝ ծաղկել է նաև նրա ստեղծագործող միտքը. գրել է պոեմներ, քառյակներ, երգիծական երկտողեր, ներբողներ, պիեսներ, բալլադներ, թևավոր խոսքեր։ Վառ անհատականության, թատրոնին անմնացորդ նվիրումի և տաղանդի շնորհիվ կամաց-կամաց ուրվագծվել է նրա ապագան, բայց այդպես էլ չի գծագրվել։ Չարաբաստիկ Հայրենական մեծ պատերազմը փոշիացրել է ոչ միայն նրա, այլև մի ողջ երիտասարդության երազանքները, իսկ հետպատերազմյան շրջանը մարել է փոշիացած այդ երազանքների վերջին առկայծումները։ Պատերազմում ողջ մնացած քաջարի այդ զինվորները սպանվել են պատերազմից հետո՝ չիմանալով, թե ինչու, ինչի համար։ Երկիրը բոլորովին անտարբեր է ընդունել այդ անձնուրաց, ինքնամոռաց նվիրումը։ Բայց չէ՞ որ նրանք հաղթանակը նվաճելու համար տվել էին ամենաթանկը, միակը՝ կյանքը։ Պատերազմն ավարտվել էր, բայց պայքարը՝ ոչ։ Այժմ այն այլ կերպ էր ընթանում՝ փրկել ընտանիքները կարիքից և գտնել իրենց տեղը կյանքում։ Բայց ինչպե՞ս, եթե պետական ոչ մի օրենք չէր պահպանում զորացրված, հերոսաբար կռված և հաղթանակած զինվորների իրավունքները։ Հուսալքությունն ու ցասումը փոթորկում էին նրանց հոգիները, որոնցից անմասն չէր նաև հայրս։ Ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել նրա կյանքում։ Անքա՜ն հեռու էին թվում թատրոնը, պոեզիան։ Նա ուներ մեծ տաղանդ, բայց մարտնչելու, իր համար ուղի բացելու շնորհից զուրկ էր։ Անհաջողության դեպքում երբեք նոր ելք, միջոցներ չէր որոնում։ Նրան պետք է նկատեին, մղեին ակտիվ գործունեության։ Բայց ո՞վ... Ընկերները թեև տաղանդաշատ, ազնիվ մարդիկ էին ու անդադար հիանում, ոգևորում էին նրան, բայց հասարակական դիրք և ճանաչում չունեին, որ սատար կանգնեին։ Այդ դժվարին օրերին նրան հատկապես ոգեշնչել և ուժ է տվել նրա լավագույն ընկերներից Հովհաննես Շիրազը, ով ավելի ուշ դարձել է նրա ամուսնության խաչեղբայրը։ Հորաքույրս պատմում էր, որ Շիրազի հայտնությունը մեր հայոց Պառնասում հրաշքի էր նման։ Շիրազը հայոց գրականությանը վերադարձրել էր գրեթե բռնի հանված թեմաներ՝ սեր, գարուն, հայրենիք, մայր, և ժողովուրդը, առանձնապես երիտասարդությունը, նրան ջերմագին սիրով էր շրջապատել։ Նրան գրկաբաց ընդունել էր նաև սփյուռքահայությունը՝ նրա ստեղծագործություններում տեսնելով մեր ժողովրդի մեծ երազանքի՝ միավորվելու և պատմական Հայաստանի փրկության հույսը:

Եվ ահա այս հանճարեղ բանաստեղծը հանճար էր անվանում հորս։ Նա հաճախ կրկնում էր. «Փայլակն ազնվության բաղեղն է՝ Բարության ծառին փաթաթված»... Նրանց պատահականությունն էր ծանոթացրել, բայց անքակտելի սիրով կապել էր գրականությունը։ Նրանց շատ բան էր միավորում. երկուսն էլ նույն հանգից էին սերվել, երկուսն էլ որբ ու քաղցած մանկություն էին ունեցել, երկուսն էլ բանաստեղծի աստվածատուր շնորհով էին ծնվել, երկուսն էլ հասկանում էին բնության լեզուն, բայց ճանապարհները տարբեր եղան։ Շիրազին վիճակված էր ժամանակի մշակույթի նվիրյալների ուշադրությունը նվաճել։ Նրանք գտան Շիրազին և վեր հանեցին։ Հայրս մնաց ստվերում, անտես, աննկատ, ինչը գուցե հետևանք էր իր անտարբեր, շնորհի նկատմամբ անփույթ բնավորության. նա կոտրված էր... Ընկերների, հատկապես Շիրազի հորդորները՝ երևալ մամուլում, գրողների շրջանում, մնում էին անիրագործելի։ Պետական թատրոն հասնելը նույնպես արդեն անհնար էր. պատերազմն ընդհատել էր ուսումը, բայց ստեղծագործելու, թատրոնում խաղալու անհագ ծարավը նրան հանգիստ չէր տալիս, ուստի գնում է Լուսաշխի տան ինքնագործ թատրոն, ուր սկսվում է նրա կյանքի ստեղծագործական բուռն փուլը. կերտվում են այնպիսի դերեր, ինչպիսին է Գիժ Դանելը («Չար ոգին»), ամսագրերում լույս են տեսնում նրա տաղանդը գովերգող դրվատանքի խոսքեր և... վերջ։ Պատմությունը շատ շուտ մոռանում է իր մասնիկն այդպես էլ չդարձած, չբացահայտված տաղանդին։

Նա կյանքից հեռանում է չգնահատված, միայնակ և անօգնական։ Այս իրողությունն ինձ ողջ կյանքում անսահման ցավ է պատճառել, բայց միևնույն ժամանակ ուժ տվել՝ առանձնահատուկ ոգեշնչությամբ ստեղծագործելու թե՛ իմ և թե՛ «նրա փոխարեն». ամեն օր ծնվող նոր բանաստեղծությամբ կարծես նրան ուզում եմ ասել՝ ոչ թե հուսալքվել, այլ պայքարել է պետք, պայքարել ողջ էությամբ և փնտրել ու գտնել անելանելի թվացող իրավիճակում այն միակ ուղին, որը տանում է դեպի հաղթություն։


Այդ պայքարի և հաղթության ինքնատիպ դրսևորում էին 1987 թ. մեր տոհմի 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում նրա շառավիղներից տարբեր կրթօջախներում աշխատող 32 նվիրյալներիս ՀԽՍՀ մանկավարժական ընկերության հանրապետական խորհրդի շնորհած պատվոգրերը, ինչպես նաև միջոցառմանը ներկա, Խաչատուր Աբովյանի ծոռնուհի Էմիլիա Աբովյանի բարեմաղթությունը, որ պարզապես աստվածային շնորհ էր համարում մեր տոհմակիցների՝ մանկավարժ դառնալու անպարագիծ նվիրումը։ Այդ նվիրումի վառ օրինակ էր նաև Հայրենական պատերազմից հաղթանակով վերադարձած Թոռնիկ Դամիրյանը, ով Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների ու մարտական մեդալների կողքին փայփայում էր նաև երկարամյա մանկավարժական բեղմնավոր գործունեության համար ստացած պատվոգրերը։
Ահա թե ովքեր էին իմ նախնիները։ Մի՞թե առիթ չունեի հուզվելու, անհանգստանալու... Մանկավարժական պրակտիկայի 30 տարում հաճախ հիշում էի Կարապետին, Թադևոսին, Հովհաննեսին, Հարությունին, Պետրոսին, Փայլակին և կարծես հպարտորեն նրանց էի ներկայացնում ինձ շնորհված պատվոգրերը՝ որպես վաստակաշատ մանկավարժ և մեղմիկ շշնջում՝ ես մեր տոհմի վերջին մանկավարժը չեմ, քանզի նախնիներից արյան միջոցով եկած կենարար ավիշը դեռ երկար է եռալու՝ մանկավարժական դալար շիվեր տալով և նոր էջեր ավելացնելով մեր տոհմի պատմության հարուստ տարեգրությանը։ Ակամայից հիշում եմ Սևակի խոսքերը.


Երբ որ հասավ գարունը տաք,
Հողի մեջ էլ մեզ ուղղեցինք,
Գարնան շնչով ընձյուղվեցինք
ՈՒ կանգնեցինք՝ նորի՛ց շիտակ,
Եվ դարավոր մեր արյունը
Պատանորեն տաք պղպջաց,
Հին ավիշը, նոր ավյունը
Կրկին եռաց մեր բնի մեջ,
Անցավ ջարդված ճյուղքի միջով,-
ՈՒ մեր ծերուկ հոգին ճչաց
Նորածնի զնգուն ճիչով»:

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 27527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ