Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Արա Բերքյանի «Հայայստանի բերդեր և ամրացված վանքեր» անտիպ գիրքը»

«Արա Բերքյանի «Հայայստանի բերդեր և ամրացված վանքեր» անտիպ գիրքը»
19.05.2024 | 20:45

Այս տարի ապրիլի 20-ին լրացավ ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող, հրապարակախոս, նկարիչ, գերմանահայ նշանավոր գործիչ ԱՐԱ Յ․ ԲԵՐՔՅԱՆԻ (Պիլէզիկեան) ծննդյան 90-ամյակը։ Մահից անցել է 30 տարի, բայց նրա «ՀԱՅԱՅՍՏԱՆԻ ԲԵՐԴԵՐ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՎԱՆՔԵՐ» չափազանց արժեքավոր գերմաներեն գիրքը դեռ անտիպ է։
Ստորև՝ թե ինչ վիճակում էին ձեռագրերը, և ինչ ջանքեր է թափում նրա այրին՝ ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հայկական բերդերի մասին ամուսնու մեծարժեք գիրքը հրատարակելու ուղղությամբ։

Դարեր շարունակ օտար նվաճողները ոտնատակ տվեցին, ավերերեցին հայոց երկիրն ու հողը, բայց թշնամին ի զորու չեղավ ոչնչացնել՝ ի վերուստ մեզ բաժին հասած քարերը, որոնք դարձան կոթողներ, տաճարներ, բերդեր ու ամրոցներ, որոնց այցելելիս մարդ երկյուղածորեն խոնարհվում է դրանց կառուցող ճարտարապետների, քարագործ վարպետների հանճարի առջև։ Մեր քարագործ վարպետները հույս ու շունչ են տվել բերդերին, ամրոցներին, որոնք կառուցվում էին անմատչելի քարե բարձունքներին, ժայռերի ծերպերին, գահավեժ անդունդների եզրերին, անանցանելի վայրերում, որոնք ունեին ռազմավարական կարևոր նշանակություն՝ թշնամու ներխուժման ժամանակ պատսպարել թե՛ արքունիկին, թե՛ տվյալ նահանգի իշխանական գերդաստանին, թե՛ մեծաքանակ զորամիավորումներին ու տեղի բնակիչներին։

Տասնյակ հազարավոր եկեղեցիների ու վանքերի համեմատ, մեզանում համեմատաբար քիչ են բերդերն ու ամրոցները՝ կիկլոպյան ամրոցները չհաշված։ Այդ մասին ցավ է ապրում նաև հայ նշանավոր վիպասան Րաֆֆին․ «Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր...Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ...»։
Վիպասանի խոսքը Արա Բերքյանն օգտագործել էր իր «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՄՐԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ» դոկտորական թեզի, հետագայում՝ մենագրության բնաբան։ Իր կյանքի մեծ մասը Բերքյանը նվիրեց հայկական բերդերի և ամրոցների ուսումնասիրությանը։ Թեև նա ծնվել և ապրել էր նախնյաց բնօրրանից հեռու՝ օտար ափերում, բայց լցված էր ազգային ոգու հյութառատ սերմերով, և ճարտարապետի, ինժեների ունակությունները ծառայեցրեց հայկական ամրաշինական արվեստը աշխարհում առավել ճանաչելի դարձնելուն։
Թեմայից շեղվելով նշեմ, որ մեր օրերում բերդերի նորոգման և օգտագործման մտահոգություն է արտահայել նա նաև իր նամակներում։ Ահա, մի հատված ակադեմիկոս Վ․ Հարությունյանին հղած 1988 թ․ նամակից․
«․․․Վերջերս Հիւսիսային Բավարիոյ գիւղաքաղաքի մը մէջ (Kulmbach) մի քանի օր արձակուրդի էի։ Հոն կը գտնուի Պլասենբուրգ (Plassenburg) բերդը, որ վերածուած է անագէ զինուորներու դէմքերու թանգարանի։ Ներկայացուցած են պատմական զանազան դէպքեր, ճակատամարտեր, սովորական կեանքէ կամ արհեստաւորի տեսարաններ եւ այլն։ Ինչպե՞ս կըլլար եթէ Ամբերդը վերաշինենք եւ հայկական դէպքեր ներկայացնենք, Աւարայրէն սկսելով․․․»։
Դատարկ խոսք չէր ասածը՝ որպես Հեսսենի և Հայաստանի հուշարձանների փրկության կոմիտեի գերմանական մասնաճյուղի փոխնախագահ, նա ջանքեր չէր խնայում երկրաշարժից տուժած Ամբերդի և Մակարավանքի վերանորոգման համար:
Հայկական ճարտարապետության մասին հրապարակի վրա կան հայ և օտար գիտնականների, հնագետների, հայագետների (հայերեն և օտար լեզուներով) բազմաթիվ աշխատություններ, ուսումնասիրություններ, գրքեր, պատկերազարդ ալբոմներ, որոնց առյուծի բաժինը վերաբերում է հայկական քրիստոնեական եկեղեցական կամ ծիսական կառույցներին ու խաչքարերին։ Բերդերի մասին եղածներից՝ Վենետիկի Մխիթարյան ուխտի Նահապետ, Հայր Ղևոնդ Ալիշանի՝ այդ զարմանալի երևույթի «Շիրակ», «Այրարատ», «Սիսավան», «Սիսական» աշխատությունները, ով Ս․ Ղազար կղզու սահմաններից առանց դուրս գալու, առանց այցելելու նկարագրած վայրերը, իր իմաստնությամբ գլուխգործոցներ է հանձնել սերունդներին։ Կամ՝ Մխիթարյան ուխտի մեկ այլ արժանավոր՝ Հ․Միքայել Հովհանեսեանի «Հայաստանի բերդերը» (1970), հանրագիտարանային արժեք ներկայացնող, շուրջ 1000 էջանոց գիրքը, որտեղ հեղինակը նկարագրում է պատմական Հայաստանի 15 նահանգներում եղած շուրջ 700 բերդերի մասին, որոնք միայն տեղագրական, պատմա-բանասիրական ակնարկներ են:
Գերմանացի դոկտոր, պրոֆեսոր Հանսգերդ Հելենքեմփերի Կիլիկիայի բերդերի մասին ծավալուն գիտական աշխատությունը՝ «Կիլիկյան Հայաստանի և Եդեսիայի կոմսության բերդերը խաչակիրների օրոք» և ուրիշներ։

«Հայկական միջնադարյան պաշտպանական կառուցումը» («Armenischer wehrbau im mittelalter») դոկտորական թեզը Բերքյանը պաշտպանել էր 1976 թ. Դարմշտադտի տեխնիկական համալսարանում՝ ներկայացնելով Միջնադարյան Հայաստանի 31 բերդերը և ամրացված յոթ վանքերը: Մենագրությունը հրատարակել էր փոքր տպաքանակով, որը կարճ ժամանակում սպառվել էր։
Հայ և օտարազգի մեծահամբավ գիտնականների բնորոշմամբ, Արա Բերքյանն իր դոկտորական ուսումնասիրությունով ճանաչողության նոր աստիճանի է բարձրացրել հայկական ճարտարապետության վարկանիշը: Այդ մասին է վկայում նաև պրոֆեսոր Արմեն Զարյանի նամակը (22.11.1978)՝ Արա Բերքյանին․
«…Հարգելի պարոն Արա Բերքյան, ես ևս ուրախ եմ, որ պատեհություն ունեցա Ձեզ անձամբ ճանաչելու: Կարդացել էի Ձեր այնքան շահեկան աշխատությունը: Դա միակն է մինչ օրս, որ այդ թեմայով և այդպես ծավալուն է, գիտականորեն այնքան վավերականությամբ…»։
Արա Բերքյանի մենագրությունը սոսկ բերդերի պատմա-բանասիրական նկարագրություն չէ, ինչպես ակադեմիկոս Վ․ Հարությունյանն է նշում, այդ ամենը նա քննում է որպես շինարար ճարտարապետ և ինժեներ, լուսաբանում է բերդերի տեղընտրության սկզբունքները, անդրադառնում դրանց հորինվածքին, ամրաշինական տեխնիկային ու ամրոցների հետ առնչվող այլ հարցերի: Բացի այդ, հեղինակը դրանք բաղդատում է հարևան ժողովուրդների նմանատիպ կառույցների հետ, ինչպես նաև ներկայացնում մշակութային փոխազդեցությունները, կապերը: Բերքյանն օգտվել էր հրապարակի վրա եղած գրականությունից, պատմական աղբյուրներից, բազմաթիվ հայ և օտար հեղինակների գիտական աշխատություններից, ինչպես նաև՝ առանձին բերդերի ուսումնասիրությունները, չափագրումները կատարել էր անձամբ լինելով թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում, թե՛ Իրանում:
Բերքյանին հայտնի էր, որ դոկտորական մենագրությունը վաճառվում է «սև շուկայում», այդ մասին գրում է ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին հասցեագրած նամակում․ «Նախկին դիսերտացիաս հիմա սեւ շուկայի վրայ կը վաճառվի։ Որոշեցի հետեւաբար գործս նորէն հրատարակել, բայց իհարկե, պետք ունիմ շատ յաւելումներու եւ փոփոխութիւններու։ Բազմաթիւ նոր բերդեր և վանքեր պիտի աւելցնեմ․․․»։
Կամ մեկ այլ նամակում գրում է․
«․․․Ես կը պատրաստուիմ նոր եւ աւելի ընդարձակ գիրք մը գրել Հայկական բերդերու մասին, նիւթ ունենալ Հայկական ռազմակեանք IV- XVIII-րդ դար։ Այս նոր հրատարակութեանս մէջ որ կը խորհիմ Անգլիա տպելու, կուզեմ Կիլիկեան, ինչպէս նաեւ Զանգեզուրի բերդերը Դաւիթ Բեկի օրով եղած կրիվներու վայրերը եւ այլն մտցնել․․․»։
Երկար տարիների տքնաջան աշխատանք կատարելով՝ գիտական իր մենագրության 38 բերդերի և ամրացված վանքերի (31 բերդեր, 7 վանքեր) փոխարեն, նորում ընդգրկել է 64 բերդ և վանք (53 բերդ, 11 վանք): Նոր բաժին է նվիրել Կիլիկիայի ամրաշինությանը (13 բերդ):
Ավա՜ղ, 1994 թ. մահը ձեռքից վերցրեց գրիչը և այդ ուշագրավ աշխատության անտիպ ձեռագրերը մնացին գրասեղանի վրա:
Մահից օրեր առաջ լսեցի, որ ավարտել է գրքի տեքստային մասը, մնացել է այն համալրել գծագրերով, լուսանկարներով, որոնք անձամբ պետք է աներ, և արդիականացնել ցանկերը։
Ամուսնուս մահից ամիսներ հետո, երբ դեռ չգիտեի անելիքս, և անտիպ գրքի նյութերն էի խնամքով դասավորում արկղում, նկատեցի, որ գիրքը վերնագրված չէ: Հետագայում շատ առիթներ ունեցա նրա անձնական արխիվն ուսումնասիրելու, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Զարյանին հասցեագրած նամակից տեղեկացա, որ գիրքը վերնագրել է՝ «Հայաստանի բերդեր և ամրացված վանքեր» :

Ստորև, թե ինչ վիճակում գտա նրա անտիպ գրքի նյութերը, և հետագայում ինչ ջանքեր եմ թափում այն հրատարակելու համար։

1. Մեքենագրված և գրքի թղթապանակում ամրակված էին 25 բերդերի և 5 վանքերի նյութերը, դրանք էին՝ Կայան, Սագրաբերդ, Կոլոնեա (Շապինգարահիսար), Գառնի, Թալին, Ամբերդ, Կոշ, Բջնի, Տավուշ, Ախթալա, Կաքավաքար (Սարիզամոկ), Լոռի, Բաղ (Կալե աղու), Բաղաբերդ, Արտագերս (Թունկայա), Լոհաբերդ, Նեղիր (Մանչինիկ կալեսի), Այաս (Յումուրտալիկ), Հարուն, Վաներ (Գյոկվելիողլու կալեսի), Գամարդեզիում (Սիլիֆկե կալեսի), Մոդրում, Վահգա (Ֆեկէ կալեսի), Մարան, Թիլ Համդուն (Տոպրակ կալեսի), Գնդեվանք, Գանձասար, Նորավանք, Տաթև, Ամարաս:

2. 7 բերդերի՝ Բերդավան, Սիս, Գովարա, Կոռիկոս, Անավարզա, Բարձրբերդ, Սարավանտիքար ձեռագրերը գրասեղանի վրա էին: Դրանք հետագայում մեքենագրեցի, գրքի սրբագրիչը՝ Եվա Ֆրանկը սրբագրեց, որոնցով համալրեցի եղածները:

3. Մենագրության 27 բերդերի և վանքերի մասին ուներ հավելումներ, նշումներ, որոնք խնամքով ավելացրեցի վերոհիշյալ բերդերին և դրանցով ևս համալրեցի անտիպ գիրքը: Դրանք էին՝ Վան, Անի, Տիգնիս, Մաղասբերդ, Շամիրամ (Խորս), Երիկավ, Սբ. Ստեփանոս,Կարս, Օլթի, Կոտորոց, Սբ. Բարդուղիմեոս, Բերկրի, Սբ. Գեղարդ, Գազրիկ (Քալե Խարիք), Սբ. Թադեուս, Մակու, Հովհանավանք, Մանազկերտ, Հաղպատ, Խլաթ, Սմբատաբերդ, Երնջակ, Մեղրի, Խարբերդ, Դարույնք, Խոսապ, Բաբերդ (Բայբուրտ):

4. Բերդերի և վանքերի դասավորության պլան չուներ, և բոլոր ձեռագրերը դեռ ամրակված չէին մի թղթապանակում, որոնք արվեցին իմ կողմից։ Դժվար է ասել, թե բերդերը և վանքերը գրքում ինչպիսի դասավորություն կունենային նրա օրոք։

5. Ամուսինս չէր հասցրել նորացնել մատենագիտական և գրականության ցանկերը, որոնք արվել են իմ կողմից՝ մեր անձնական գրադարանում ունեցած գրականությունից։

6. Բերքյանի մահից հետո Հայաստանը բաժանվեց մարզերի: Ամբողջ տեքստում՝ նախկին շրջանների փոխարեն, ավելացրել եմ, թե ՀՀ տարածքում գտնվող նկարագրված բերդերը և վանքերը ներկայումս Հայաստանի որ մարզի տարածքում են գտնվում։

7. Մենագրության նյութերից փորձել եմ անտիպ գիրքը համալրել նախկին բերդերի և վանքերի լուսանկարներով և ուրվագծերով:
Թերի են նոր ավելացրած բերդերի և վանքերի լուսանկարները և գծագրերը, որոնք, ցավոք, չի հասցրել անել:

Ամուսնուս մահից 10 տարի հետո, 2004 թ. համակարգչով շարեցի նյութերը, և անտիպ գրքի թղթային տարբերակով եղա Վիսբադենի «Լուդվիգ Ռայշերտ» հրատարակչությունում, որն այն տարիներին Կիլիկիայի գանձերի մասին (HERMANN GOLTZ. „DER GERETTETE SCHATZ DER ARMENIER AUS KILIKIEN“-ՀԵՐՄԱՆ ԳՈԼՑ. «ԿԻԼԻԿԻՈՅ ՀԱՅՈՑ ՓՐԿԵԱԼ ԳԱՆՁԱՏՈՒՆԸ») պատկերազարդ գիրք էր հրատարակել: Հրատարակչությունում հետաքրքրություն դրսևորեցին Բերքյանի անտիպ գրքի նկատմամբ: Խնդրեցին, որ առաջաբան գրի գերմանացի ճանաչված գիտնական, որպեսզի հրատարակեն:
Ահա, այդ նպատակով, 2005 թ. ծանոթացա Կայսերսլաուտերնի համալսարանի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Հարտմուտ Հոֆրիշտերի հետ: Նա հայկական ճարտարապետությանը գիտակ անձնավորություն է, ուսումնասիրությունների նպատակով հաճախ է այցելել Հայաստան, դոկտորական թեզը վերաբերում է «ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՎԱՆՔԻՆ»:
Նա սկզբում նշեց, որ շատ ծավալուն է, և այս կամ այն հարցը ճշգրտելու համար կամենում էր, որ իրեն աջակցեն հայ գիտնականները: Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց մի քանի գիտնականների հետ։ Նա մեկնեց Հայաստան, որտեղ հանդիպել էր ճարտարապետների և հայագետների հետ: Հայաստանից վերադարձից հետո էլեկտրոնային նամակներով քննարկեցինք ինչ անելը, և մի քանի անգամ հանդիպեցինք Մայնց քաղաքում, քննարկեցինք գրքի տպագրությանը առնչվող հարցեր: Շուրջ ինը տարի ձեռագրի մեկ օրինակ նրա մոտ էր:
2014 թ. ես Հայաստանում էի՝ զբաղված էի «ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆ» գրքի տպագրության հարցերով: Էլեկտրոնային նամակ ստացվեց պրոֆեսորից, նշում էր, որ գիրքը խմբագրել է, և հարցեր ունի, ե՞րբ կարող ենք հանդիպել, որպեսզի մյուս տպագրական հարցերը քննարկենք: Պատասխանեցի, որ Հայաստանում եմ, վերադառնալուն պես կգրեմ։ 2014 թ. սեպտեմբերի 12-ին վերստին Գերմանիայում էի, գրեցի պրոֆեսորին․
-Ե՞րբ հանդիպենք:
Պատասխանը երկար ուշացավ: Հեռաձայնեցի նրանց տուն: Կնոջից տեղեկացա, որ ամուսինը կաթվածահարվել է։ Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց, տիկին Հոֆրիշտերից ստացա խմբագրված գիրքը՝ նշումներով, առանձին հարցեր, որոնք պրոֆեսորը կամեցել էր ճշգրտել ինձ հետ: Միայն երկու բերդեր՝ Գազրիկը և Խոսափը պակասում էին տեքստից, ինձ մոտ եղած բնագրից համալրեցի գիրքը և նրա ուղղումներով սրբագրեցի համակարգչային շարվածքը: Ցավոք, նա չհասցրեց առաջաբան գրել, և նոր ավելացրած բերդերը և ամրացված վանքերը համալրել լուսանկարներով և գծագրերով։
2016 թ. դարձյալ Հայաստանում էի, այդ անգամ ամուսնուս «ՀՌԵՆՈՍԻ ԵՎ ԱՐԱՔՍԻ ՄԻՋԵՎ. 900 ՏԱՐՎԱ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» հայերեն գրքի (համահեղինակ՝ Էննո Մեյեր, գերմ․ թարգմ․Լ․Բ․-Ա․) տպագրության գործով:
Այն օրերին այցելեցի ՀՀ ԳԱԱ՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, որն ամուսնուս մտերիմ ընկերոջ՝ Արմեն Հախնազարյանի մահից հետո, ղեկավարում էր Սամվել Կարապետյանը, նա նույնպես, ցավալիորեն, անժամանակ հրաժեշտ է տվել կյանքին: Վերջինիս օգնությամբ ընտրեցինք անտիպ գրքին (նոր ավելացրած բերդերի) անհրաժեշտ լուսանկարներ և ուրվագծեր, որոնցով դեռ պետք է համալրվի և ամբողջանա գիրքը։

ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴԵՐ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՎԱՆՔԵՐ» անտիպ գիրքը և հայկական բերդերի թեման գուցե հետաքրքրե՞ն ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետին, ճարտարապետ հետազոտող (գերմաներեն իմացող) , որոնց հետ հնարավոր լինի ի մի բերել և հրատարակել Արա Բերքյանի մեծարժեք գիրքը։

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գերմանիա, Վիսբադեն

Դիտվել է՝ 4215

Մեկնաբանություններ