Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Հակաամերիկանիզմը» Կրեմլի համար դարձել է գրեթե կայուն գաղափարախոսություն

«Հակաամերիկանիզմը» Կրեմլի համար դարձել է գրեթե կայուն գաղափարախոսություն
07.07.2009 | 00:00

ԿՈՂՄԵՐԸ ՄԻՄՅԱՆՑԻՑ ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԽՆԴՐԻ, ՈՉ ԷԼ ԱՆԸՆԴՀԱՏ ԿՀԱՐՁԱԿՎԵՆ ԻՐԱՐ ՎՐԱ
«Բրիտանիայում հակասեմիտիզմ չկա, որովհետև մենք մեզ հրեաներից պակաս ազգ չենք համարում».
ՈՒինսթոն Չերչիլ
ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունները 20-րդ դարում աշխարհի ճակատագրի վրա ազդող ամենանշանակալի ինտրիգներից մեկն են եղել։ Ռուսաստանն այսօր ոչ միայն հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը, այլև մի կողմ չի դրել հավակնություններն ու հույսերը այդպիսի կարգավիճակի հասնելու ուղղությամբ և շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի ռուս-ամերիկյան հարաբերությունները դառնան առանցքային համաշխարհային քաղաքականության մեջ։ Այդ հարաբերությունների ջերմությունը փոփոխական է, որոշակի նորմալացումից մինչև լուրջ «սառեցում»։ Վերջին տարիներին սառը հարաբերություններն ավելի բնութագրական են այս երկրների համար։
ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը կարևորություն էր տալիս Մոսկվայի հետ կենցաղային աստիճանի անձնական հարաբերություններին և էապես չափազանցում այդ հարաբերություններում առաջընթացի հանգամանքը` գոնե մինչև ռուս-վրացական պատերազմը։ Մի շարք փորձագետների կարծիքով` «հակաամերիկանիզմը» այսօր դարձել է Կրեմլի համար գրեթե կայուն գաղափարախոսություն, ինչը, ըստ այդմ, հավանական է դարձնում «սառը պատերազմի» վերսկսումը ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Թեպետ այլ փորձագետներ էլ համարում են, որ դա սկզբունքորեն հնարավոր չէ` բազմաթիվ տնտեսական և աշխարհաքաղաքական հիմնախնդիրներից ելնելով։
Այնուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը համարում է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն էական դեգրադացիա են ապրել, սակայն վերածննդի նախանշաններ էլ կան, և ռուսական կողմն այդ կապակցությամբ «չափավոր լավատեսություն ունի»։ Բարաք Օբաման իր հերթին ավելացրել է. «Մեր երկրներն ատոմային գերտերություններ են, իսկ դա ենթադրում է հատուկ պատասխանատվություն»։ Ահա այսպես երեկ սկսվեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան, որն այնքան կարևորվում էր իբրև միջազգային կյանքում խոշոր իրադարձություն։
Իսկապես, Օբամայի այցը կարծես հնարավորություն է ընձեռում Մոսկվային` Վաշինգտոնի հետ հաստատելու ավելի կայուն և համագործակցության համար բաց հարաբերություններ։ Կան երկուստեք շահեր, Ռուսաստանը հակված է Արևմուտքի հետ համագործակցությամբ կասեցնելու տնտեսական անկումը, իսկ ԱՄՆ-ը հայտարարում է, որ կցանկանար սկսել նոր աշխարհաքաղաքական գործակցություն Մոսկվայի հետ, նկատի ունենալով, որ մի շարք առաջնահերթ խնդիրներ նպաստում են այդ մերձեցմանը։ Միաժամանակ, սա Բարաք Օբամայի առաջին այցը չէ Ռուսաստան։ ԱՄՆ-ի նախագահը, ամենայն հավանականությամբ, հիշում է չորսամյա վաղեմության դրվագը, երբ ինքը որպես սենատոր և Կոնգրեսի զինաթափման հանձնաժողովի անդամ ժամանեց Ռուսաստան, և Պերմի օդանավակայանում ռուսական սահմանապահները վերցրին նրա անձնագիրն ու երեք ժամ ստիպեցին նստել սպասասրահում։ Բնութագրական է նաև այն, որ ռուս-ամերիկյան երեկ սկսված գագաթաժողովին չի մասնակցում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչը, ռուսական ԶԼՄ-ների կարծիքով, Օբամայի կողմից Կրեմլին արված «ռևերանս» էր, քանզի պետքարտուղարի անձն ասոցացվում է Բիլ Քլինթոնի վարչակազմի քաղաքականության հետ և Ռուսաստանում առաջացնում ցավագին հիշողություններ` Հարավսլավիայի և 1998-ի ֆինանսական «դեֆոլտի» վերաբերյալ։
Այս անգամ ռուս-ամերիկյան բանակցությունները կրում են փակ բնույթ, բայց տեղի են ունենալու հիմնախնդիրների լայն սպեկտրի շուրջ։ Համենայն դեպս, Օբամայի առանցքը կազմելու են ռազմավարական նշանակության միջուկային հարձակողական զենքերի կրճատման հարցի շուրջ բանակցությունները, ինչպես նաև ռուսական տարածքով Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերին զենքի և զինամթերքի մատակարարման խնդիրը։ Թեպետ ռուսական կողմն արդեն հայտարարել է օդային միջանցք տրամադրելու իր պատրաստակամության մասին։ Չի բացառվում, որ կողմերը պայմանավորվեն հետախուզական տվյալների փոխանակման և Աֆղանստանից թմրանյութի տարածման վտանգի դեմ պայքարելու հարցում։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ԱՄՆ-ը և Ռուսաստանը պատրաստ են վերադառնալու առևտրատնտեսական հարաբերությունների այն ձևաչափին, որը ժամանակին գոյություն ուներ և կոչվում էր Գոր-Չեռնոմիրդին։ Թեպետ, առանձին վերլուծաբանների կարծիքով, այս ամենի համար խոչընդոտ կարող է հանդիսանալ այն, որ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ռուսաստանը, փաստորեն, հրաժարվել է ԱՀԿ ընդունվելու իր իսկ ներկայացրած հայտից։ Ռուս-ամերիկյան օրակարգի կարևոր հարցերն են լինելու Իրանի ու ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերը։
Աֆղանստանի հետ կապված` Մոսկվան և Վաշինգտոնը կարծես հակասություններ չունեն, սակայն մնացած խնդիրներում այնքան էլ հարթ չէ։ Գագաթաժողովի նախօրեին երկու կողմերի դիվանագետները փորձում էին արագ կարգով համաձայնության գալ ռազմավարական նշանակության միջուկային հարձակողական հրթիռների 3-րդ պայմանագրի նախագծի շուրջ։ Սակայն առայժմ պարզ չէ, թե որքանով է հաջողվել հաղթահարել հակասությունները, քանի որ Մոսկվան այդ պայմանագրի ստորագրման դիմաց պահանջում էր, որ ամերիկացիները հրաժարվեն Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումից։ Վաշինգտոնն իր հերթին նախօրոք հայտարարել է, որ, հանուն Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների, երբևէ չի հրաժարվի իր ռազմավարական ծրագրերից։ Միաժամանակ, երկու կողմերի համար էլ պարզ է, որ համաձայնության գալու դեպքում անգամ ենթադրյալ ծավալներով զինաթափում անմիջապես չի լինելու, քանզի հատկապես Կրեմլում նախընտրում են չշտապել։ Ինչ վերաբերում է Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի հետ կապված Մոսկվայի հնարավոր միջամտությանը, ապա ռուսական ազդեցությունն այս հարցում թերևս զգալիորեն գերագնահատվում է։ Միաժամանակ Մոսկվան այդքան անհանգստացած չէ Իրանի միջուկային ծրագրով, որպեսզի կտրուկ վատթարացնի հարաբերությունները Թեհրանի հետ, սկսի նրա նկատմամբ կիրառել տնտեսական պատժամիջոցներ` ամերիկացիներին դուր գալու համար։ Այսինքն, այս հարցում ԱՄՆ-ին օգնելու Ռուսաստանի պատրաստակամությունն ավելի շատ ձևական է, քան իրական։
Երեկ սկսված ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման նախօրեին ռուսական ԶԼՄ-ներն ակնարկում էին, թե հնարավոր է «փոխըմբռնման հաստատում» հետխորհրդային տարածքի գործընթացների հետ կապված։ Սակայն, միաժամանակ, նույն ռուսական ԶԼՄ-ներն էլ չեն ժխտում, որ Վաշինգտոնը շարունակում է մերժել Կրեմլի առաջ քաշած «առաջնահերթ ազդեցության գոտիների» գաղափարը։ Ըստ այդմ, հետխորհրդային տարածքի ճակատագիրը շարունակում է մնալ կողմերի միջև առկա առանցքային հակասություններից մեկը։ Հետաքրքիր է նաև այն, որ ԱՄՆ-ի նախագահը Մոսկվա մեկնելուց առաջ Կովկասում տիրող իրադրությունը հեռախոսով քննարկել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ ու նրան խոստացել Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում անդրադառնալ նաև ղարաբաղյան հիմնախնդրին և այն կարգավորելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին։
Բնութագրական է նաև այցի նախօրեին Օբամայի այն հայտարարությունը, թե հայտնի ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությանը «առնչվում են նրանք, ովքեր կառչած են իշխանությունից կոռուպցիայի, ստի և այլախոհներին ճնշելու միջոցով»։ ԱՄՆ-ի նախագահը կասկածելի է համարում նաև Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ դատաքննության տրամաբանությունը։ Այս համատեքստում Մոսկվայում նախատեսված են նրա հանդիպումները Ռուսաստանի խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմության հետ, հրավիրված են լինելու ինչպես արմատական ընդդիմադիր Գարրի Կասպարովը, այնպես էլ «Արդար գործ» կուսակցության համանախագահ Լեոնիդ Գոզմանը, Գենադի Զյուգանովը և Միխայիլ Գորբաչովը։ Օբաման կայցելի նաև ռուսաստանյան և ամերիկյան քաղաքացիական հասարակությունների համատեղ ֆորում` ոչ Մեդվեդևի հետ։ Եվ վերջապես, այցի նախօրեին ուղղակի սկանդալային էին ԱՄՆ-ի նախագահի արտահայտությունները Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ. «Կարծում եմ, կարևոր է, որ երբ նույնիսկ մենք առաջ շարժվենք նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, Վլադիմիր Պուտինը հասկանա, որ սառը պատերազմին բնորոշ մոտեցումները ռուս-ամերիկյան հարաբերություններում հնացած են։ Պուտինը մեկ ոտքով հենվում է կառավարման հին մեթոդներին, մյուս ոտքով` նոր»։ Ռուսաստանի վարչապետի արձագանքը չուշացավ. «Մենք ճողված կանգնելու սովոր չենք։ Մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերին ու նայում ենք դեպի ապագան»։ Այս հանգամանքը մի անգամ ևս ընդգծում է, որ Օբաման, թերևս, կցանկանար գործ ունենալ Մեդվեդևի հետ, և նախագահ-վարչապետ ձևաչափով աշխատելը նրան այնքան էլ դուր չէր գա։ Սակայն վիճելի հարց է, թե որքանով էր ժամանակային առումով ճիշտ ռուսական իշխանական տանդեմի երկու մասնակիցներից մեկին այդպիսի անձնական բնութագրական տալը։
Ելնելով վերոնշյալից` հազիվ թե երկու նախագահների այս առաջին հանդիպումը հանգեցնի նշանակալի արդյունքների։ Տարակարծությունները շատ են, երկու երկրների էլիտաները վարժվել են միմյանց մրցակից և ոչ թե գործընկեր համարելուն։ Այնուհանդերձ, անգամ Զ. Բժեզինսկին չի բացառում Ռուսաստանի հետ որոշակի փոխադարձ ընդունելի խաղի կանոնների հաստատումը, եթե ռուս-ամերիկյան համագործակցությունը լինի երկուստեք ակնհայտ ձեռնտու ոլորտներում, դրանից ելնելով փորձ արվի կարգավորել մնացած հակասությունները, և, վերջապես, ստեղծվի այնպիսի աշխարհաքաղաքական իրադրություն, որտեղ «Ռուսաստանը կսկսի ավելի լավ գիտակցել իր շահը` Եվրատլանտյան ընկերակցության գործընկեր դառնալու առումով»։ Վերջնահաշվում հնարավոր է, որ ռուս-ամերիկյան այս բանակցություններն ավարտվեն լավագույն հավանական սցենարով, երբ կողմերը միմյանցից չափազանց շատ ներողություն չեն խնդրի, ոչ էլ անընդհատ կհարձակվեն իրար վրա։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ