Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Մենք իրավունք չունենք մտածելու` ինչ կհանդուրժի ԱՄՆ-ը, ինչ չի հանդուրժի Ռուսաստանը, մենք ինքներս պետք է մտածենք՝ ինչ անել»

«Մենք իրավունք չունենք մտածելու` ինչ կհանդուրժի ԱՄՆ-ը, ինչ չի հանդուրժի Ռուսաստանը, մենք ինքներս պետք է մտածենք՝ ինչ անել»
10.07.2009 | 00:00

«ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇՏԿՎԵՆ»
Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
-Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում:
-Այսօր հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են նույն վիճակում, ինչ վերջին 18 տարիների ընթացքում: Ես բազմիցս իմ հոդվածներում, ելույթներում նշել եմ, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան, կա հակամարտություն: Եթե խնդիրն այդպես ձևակերպենք` հայ-թուրքական հակամարտությունը, իրավիճակը շատ ավելի հասկանալի կլինի: Հակամարտությունը ոչ միայն պատմական, այլև ներկա խորքային իրողություն է: Հակամարտության սկզբնաղբյուրը Թուրքիայի նպատակն է` ոչնչացնել Հայաստանը: Սա հենց այն հիմնական խնդիրն է, որ մեր քաղաքական վերնախավն անկախության հաստատումից ի վեր չի ուզում տեսնել և աչքերը փակում է դրանից բխող` Հայաստանի և հայության դեմ իրականացվող տասնյակ թշնամական գործողությունների վրա: Արդեն 18 տարի Թուրքիայի այդ գործողություններն անպատասխան են մնում: Սերժ Սարգսյանը ժառանգել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականության սխալ ուղղություններն ու տրամաբանությունը, որոնք այսօր բերում են ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականության կրախին: Մինչ այժմ խնդիրները պարզապես կուտակվում էին, իսկ այսօր արդեն եկել է երկարամյա սխալ քաղաքականության և անգործության պտուղները քաղելու ժամանակը Հայաստանի արտաքին քաղաքականության պարտություններն ակնհայտ են:
-Ինչո՞վ կհիմնավորեք Ձեր ասածը:
-Ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի կարծրանալու և ուղղակի լկտիանալու փաստով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանին օկուպանտ անվանող փաստաթղթով, Թուրքիայի առաջադրած նախապայմանների մի մասի ընդունմամբ, այդ թվում՝ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն ՀՀ կապիտուլյանտական համաձայնությամբ, ապրիլի 24-ի նախօրեին հայ ժողովրդի թիկունքում թուրքերի հետ ստորագրված ստորացուցիչ «ճանապարհային քարտեզ»-ով, Հայաստանի բռնազավթված արևմտյան մասը մոռացության մատնելու ՀՀ բարձրագույն պաշտոնյաների փորձերով, ՀՀ կառավարության՝ Թուրքիային ուղղված հայկական նոր ԱԷԿ-ի բաժնետեր դառնալու անհեթեթության աստիճանի վտանգավոր առաջարկությամբ, տեղեկատվական պաշտպանության դաշտում ՀՀ լիակատար կաթվածահարությամբ… Կարելի է այս ցանկը շարունակել մասնակի բազմաթիվ դեպքերով։ Օրինակ, Իսլամական համաժողով կազմակերպության վերջին որոշման մեջ կա Խոջալուի դեպքերն իրենց երկրների դասագրքերում ընդգրկելու մի կետ: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Որովհետև մեր դիվանագիտական կառույցները ոչ միայն վատ են աշխատում, այլև շատ դեպքերում չեն էլ աշխատում, չեն էլ հակադարձում այն բոլոր հակահայաստանյան ու հակահայկական գործողություններին, որ չափազանց ակտիվորեն մեր դեմ իրականացվում են: Այս մասին խոսել և նախազգուշացրել ենք տարիներ շարունակ: Կամ` ֆուտբոլային դիվանագիտությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և իրենց արտաքին գործերի նախարարների քաղաքականության բոլոր սնանկ կողմերը եկան ու վարդի պես բացվեցին ֆուտբոլային դիվանագիտության մեջ: Երեք նախագահների` Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականության մեջ չնչին տարբերություններ կան։ Եթե Ռոբերտ Քոչարյանը եկավ ու ասաց` արտաքին քաղաքականության մեջ ես մտցնում եմ ցեղասպանության ճանաչումը, դա ընդամենը կոսմետիկ քայլ էր, որովհետև խնդիրն ամենևին ցեղասպանության ճանաչումը չէ, այլ Հայկական հարցը, Հայաստան պետության անվտանգության համար անհրաժեշտ տարածքային ու քաղաքական երաշխիքների ապահովումը: Թուրքիայի հետ հարաբերություններում այս տարածքային խնդիրը մնացել է անտեսված ՀՀ բոլոր իշխանությունների կողմից: Ֆուտբոլային դիվանագիտությունը կառուցված էր օդի վրա, մեռելածին էր, վերջին մեկ տարվա ընթացքում ես բազմիցս եմ հանդես եկել վերլուծություններով և նախազգուշացումներով, որ դա միայն վնասելու է Հայաստանին: Ի՞նչ ունենք այսօր: Արդեն մեծ կորուստներ:
-Որո՞նք են այդ կորուստները:
-Առաջին` ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը միջազգային ասպարեզում։ Միջազգային հանրությունն ասում է` «Հայաստանը և Թուրքիան վարում են արդյունավետ բանակցություններ և պետք չէ խանգարել». այս պատրանքը Թուրքիան հաջողությամբ ներարկել է ամբողջ աշխարհին: Երկրորդ` Թուրքիան փորձում է ագրեսիվ կերպով մտնել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մեջ` որպես միջնորդ, իսկ Հայաստանն էլ օժանդակեց Թուրքիային՝ մասնակցելով Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումներին: Իսկ ինչի՞ մասին պիտի իրար հետ խոսեին երեք նախագահները և արտգործնախարարները, եթե ոչ Ղարաբաղի։ Եղանակի՞: Ինչպե՞ս կարելի էր գնալ նման հանդիպումների, երբ երկու դաշնակից պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ունեն միևնույն նպատակը՝ բռնազավթել Արցախը, որի մասին շատ պարզ արտահայտվել են միշտ: Երրորդ` Թուրքիայի կառավարությունն այսօր արդեն հանդգնում է հայտարարել` «Մենք պիտի հասնենք նրան, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանը ճանաչի որպես օկուպանտ պետություն»: Մինչև այսօր Հայաստանը չի համարձակվել միջազգային ասպարեզում Թուրքիային մեղադրանք ներկայացնել, որ իրավունք չունի խոսելու օկուպացիայի մասին, որովհետև ինքն է իսկական օկուպանտը, որը բռնազավթել է Արևմտյան Հայաստանը, այն էլ վայրագորեն` ցեղասպանության միջոցով: Նույն քաղաքականությունն էլ շարունակում է տեղեկատվական դաշտում` իրականացնելով բազմալեզու հակահայկական քարոզչություն, կեղծելով հայոց պատմությունն ու մշակույթը։ Այժմ արդեն թուրքերն արևելահայերենով հեռուստահաղորդումներ են սկսել հեռարձակել, ընդ որում` Հայաստանի համաձայնությամբ. անցյալ տարվա աշնանը Հանրային հեռուստատեսության տնօրեն Ալեքսան Հարությունյանը թուրքական TRT հեռուստառադիոըկերության հետ Անկարայում մի պայմանագիր կնքեց, որի բովանդակությունը մինչև այսօր չենք տեսել, թեպետ բազմիցս եմ կոչ արել հրապարակել այն: Վերջերս էլ ասուլիսում նախագահի աշխատակազմին կից ստեղծված տեղեկատվական նոր կառույցի ղեկավարին հարցնում են` ինչպե՞ս եք վերաբերվում թուրքական այդ նախաձեռնությանը, նա էլ պատասխանում է` դրական, եթե պիտի օբյեկտիվ տեղեկատվություն հեռարձակվի: Ո՞Ւմ ենք խաբում, մի՞թե պարզ չէ, որ թուրքերի տեղեկատվությունը լինելու է ոչ օբյեկտիվ: Վերջապես` «ճանապարհային քարտեզը»: Ինչո՞ւ մինչև այսօր այն չի հրապարակվել։ Սկզբից ասացին` մայիսին կհրապարակվի: Չէ՞ որ սա ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների (ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեղեկատվություն ստանալու (հ. 27) և հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական մարմիններից պատշաճ պատասխան ստանալու (27.1) սահմանադրական իրավունքները) խախտում է, նաև՝ պետական ավանդույթի խախտում. կնքվել է միջպետական պայմանագիր, ինչո՞ւ մինչև այսօր քաղաքական ուժերն ու հասարակությունն այն չեն տեսել: Սակայն գիտենք արդեն այդ տխրահռչակ փաստաթղթի մեջ եղած մի քանի կետերի մասին: Կետերից մեկը պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանն է վերաբերում։ Այժմ ՀՀ իշխանությունների որոշ կամակատարներ փորձում են ապացուցել անապացուցելին, թե իբր այդ հանձնաժողովը Հայաստանին օգուտ կտա: Թուրքերի անիրականանալի թվացող երազանքներից էր սա` ստեղծել պատմաբաններից բաղկացած հայ-թուրքական հանձնաժողով և դրանով մեկընդմիշտ կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը։ Ինչքան ուզում ես ապացուցիր, դիմացի կողմն իրական գիտական բանավեճի մեջ մտնելու խնդիր չունի, գալու է ու գործընթացը ձգձգի։ Այսպիսով, ՀՀ իշխանությունները զիջել են և այս ստեղծվելիք խայտառակ հանձնաժողովի հարցում։
-Այնուհանդերձ, եթե հայ-թուրքական հարաբերություններ հասկացություն գոյություն չունի, հակամարտություն հասկացությունը` ևս: Թե ինչ հաջողություններ ու ինչ ձախողումներ ունեն դիվանագետները, հարցի մի կողմն է, գուցե ի սկզբանե է արվել սխալը` Հայաստանը չունի հստակ պատասխան «ի՞նչ է ուզում Թուրքիայից» հարցին: Ի՞նչ է նշանակում ցեղասպանության ճանաչում: Յուրաքանչյուր երկիր իր համար պիտի ունենա փոխհարաբերությունների հաստատմանը խանգարող հարցերի սեփական պատասխանները և փորձի համաձայնեցնել, իսկ առայժմ արվում են քայլեր, որոնք բխում են գերտերությունների շահերի համադրումից:
-Եթե Հայաստանն իր դեյուրե ունեցած անկախությունը չկարողանա արագորեն վերածել դեֆակտո անկախության և գոնե ազգային անվտանգության կենսական ոլորտներում ինքնուրույն քաղաքականություն վարել, այլևս իմաստ չի ունենա որևէ բանի մասին խոսելը: Ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա ոչ թե մենք ենք Թուրքիայի դեմ հակամարտում, այլ Թուրքիան է շարունակում Հայաստանի դեմ թշնամական գործողությունները` նպատակ ունենալով ոչնչացնել Հայաստանը:
-Իսկ ի՞նչ է տալու Թուրքիային Հայաստանի ոչնչացումը:
-Աշխարհաքաղաքական կշռի կտրուկ աճ, տարածաշրջանային միակ գերտերության կարգավիճակ, «հայկական գլխացավանքի» վերացում, տարածաշրջանից Ռուսաստանի վտարում, Իրանի հյուսիսում ապրող թրքախոս զանգվածի միջոցով ծավալապաշտական նոր ծրագրերի իրականացում, Միջին Ասիայից նավթի և գազի նոր խողովակաշարեր, իր տարածքի վրայով լրացուցիչ էներգակիրների տարանցում դեպի Եվրոպա և այլուր, լրացուցիչ լծակներ և շատ այլ քաղաքական, ռազմական և առևտրատնտեսական շահույթներ… Թուրքիան աջակցում է Ադրբեջանին բոլոր հնարավոր միջոցներով՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիա իրականացվելու գործում, հուսալով, որ Ադրբեջանը կօկուպացնի Արցախը, այնուհետև՝ Սյունիքը՝ Հայաստանին անելով մատ երկու քայլից:
-Ես նման հեռանկարը հավանական չեմ համարում, առավել ևս, որ 18 տարին բավական ժամանակ էր` համոզվելու, որ դա հնարավոր չէ անել, եթե հնարավոր լիներ, չէին հապաղի ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը:
-1915 թ. ո՞նց արվեց: Պատերա՞զմ էր:
-Պատերազմն իր հերթին, բայց ինչո՞ւ եք կարծում, որ տարածաշրջանում Թուրքիայի նման ուժեղացումը կհանդուրժեն ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը:
-Պատմական փորձ ունենք։ Մեր հույսն օտար ուժերի վրա դնելու իրավունք չունենք։ Որքան մեզ վրա հենվենք, այդքան ավելի հավանական է դաշնակիցների օժանդակությունը։ Բայց կա նաև Հայաստանի ոչնչացման ժողովրդագրական ծրագիրը...
-Այսինքն` 70 միլիոնանոց Թուրքիայի դեմ մեր` աշխարհում 10, Հայաստանում 3 միլիոնով շա՞տ ենք քիչ:
-Հայաստանի բնակչության, Թուրքիայի և Ադրբեջանի բնակչության թվերը համադրելը ժողովրդագրական խոշորագույն խնդիր է մատնանշում: Այսօր Հայաստանից շարունակվում է որակյալ մասնագետների արտագաղթը, իսկ ներգաղթի մասին մտածող չկա, ոչ մի լուրջ կազմակերպական աշխատանք չի կատարվում: Վերադառնալով հայ-թուրքական հակամարտությանը, նկատեմ, որ մի քանի օր առաջ ՀՀ նախագահը, հանդիպելով Կիպրոսի նախագահին, եզրափակիչ ասուլիսի ժամանակ վերջին տարվա ընթացքում առաջին անգամ ընդունեց, որ Թուրքիան չի կատարում իր պարտավորությունները, այսինքն` կողմնակիորեն ընդունվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության անհաջողությունները: Լավ, սխալվել ենք: Դաժանորեն ենք սխալվել: Սրանք ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական բնույթի սխալներ էին… Հիմա ի՞նչ պետք է անել: Կրկնեմ, որ, նախ, մենք իրավունք չունենք թելադրանքի ենթարկվելու այն ոլորտներում, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության կենսական շահերին: Մենք իրավունք չունենք մտածելու` ինչ կհանդուրժի ԱՄՆ-ը, ինչ չի հանդուրժի Ռուսաստանը, մենք ինքներս պետք է մտածենք՝ ինչ անել:
-ՀՀ նախագահի այդ հայտարարությանը ի՞նչ կարող է հաջորդել:
-Ես շատ կցանկանայի, որ ՀՀ նախագահն ընդուներ իր վերջին տարվա քաղաքականության սխալները, գոնե վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին քաղաքականության բնագավառում՝ և՛ ֆուտբոլային դիվանագիտությունը, և՛ «ճանապարհային քարտեզ»-ի ստորագրումը, ու հնարավորինս շուտ ձերբազատվեր այդ սխալներից: Այդ սխալներն արագ պետք է ուղղել: Ընդ որում, ոչ կոսմետիկ ճանապարհով, ինչպես առաջարկում է, օրինակ, Վարդան Օսկանյանը` թող հայ-թուրքական բանակցություններն ավելի քիչ հրապարակայնություն ունենան: Իբր հիմա հրապարակայնության ինչ-որ նշույլներ կան:
-Լավ, եթե ընդունենք, որ սխալ է եղել, ինչպե՞ս շտկել:
-«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն ապրիլի 30-ին նախաձեռնել էր մասնագետների մասնակցությամբ լուրջ քննարկում, որտեղ մի քանի կետից բաղկացած հայտարարություն-պետիցիա ընդունվեց։ Այդ նույն օրն այն ստորագրեց 55 հոգի, այնուհետև համացանցում նրանց միացան ավելի քան 800 հայրենակիցներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Ապրիլի վերջից մինչև այսօր իրավիճակն առանձնապես չի փոխվել։ Դա նշանակում է, որ պետիցիայի պահանջների կիրառումն այժմ էլ հրատապ է:
-Ի՞նչ եք պահանջել:
-Անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։ Անհապաղ կասեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիա պետության հետ բանակցությունները, մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքների վերացման պատրաստակամությունը։ Անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, ովքեր նպաստել են համաձայնագրի ընդունմանը: Հրահանգել Ազգային անվտանգության խորհրդին` մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում ընդունել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարաններում օրենքների տեսքով։
-Չե՞ք կարծում, որ արտաքին գործերի նախարարի հրաժարականը ոչինչ չի փոխի, եթե կա ձախողում, նրա հրաժարականն ընդամենը քավության նոխազ գտնել ու հարցը փակել է նշանակում:
-Հասկանալի է, որ արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է, բայց պահանջել նրա հրաժարականը որևէ կերպ չի նշանակելու, որ մենք կխուսափենք Թուրքիայի նկատմամբ ավանդաբար սխալ տարվող քաղաքականությունից: Նախագահի հրաժարականը համակարգային խնդիր է, և շատ բարդ է դրան հասնել` մեկ, երկրորդ` որևէ երաշխիք չկա, որ հաջորդ նախագահը չի շարունակի նույն գիծը: Փորձը ցույց է տվել, որ հայ-թուրքական հակամարտության հարցերում նրանց քաղաքականությունը մոտավորապես նույնն է` կոսմետիկ տարբերություններով: Երրորդ` նախարարի հրաժարականն աշխարհում ընդունված խորհրդանշական քայլ է, որը նշանակում է, թե փոխում ես քո քաղաքականությունը, և այդ կերպ առանց ցնցումների կարելի է շտկել կատարված սխալները: Եվ ընդհանրապես` ձախողումների համար պատասխանատվություն կրողներ պիտի լինե՞ն, թե՞ ոչ:
-Եթե նույնիսկ արտաքին գործերի նախարարին քավության նոխազ ենք դարձնում, իսկ Ձեր մեկնաբանությամբ` իսկապես այդ ենք անում, Դուք նաև խնդիր եք դնում հայ-թուրքական բանակցությունները դադարեցնել մինչև... և թվարկում եք կետեր, որոնք գուցե 1, գուցե 10 տարվա լուծման հեռանկար ունեն: Դա բխո՞ւմ է Հայաստանի շահերից:
-Դուք, ինչպես Հայաստանի քաղաքական վերնախավը, չեք ուզում ընդունել հիմնականը, որ Թուրքիան Հայաստանին թշնամի պետություն է և վարում է թշնամական քաղաքականություն իր հարևան ու ցեղասպանության զոհ երկրի նկատմամբ: Շարքային հայ քաղաքացու հոգեբանությունն էլ հաճախ այդպիսին է` տեսնում են հզոր Թուրքիա ու մտածում, որ այդ հզոր հարևանի հետ չեն կարող հարցերը լուծել, մնում է բանակցելը, բայց այդ բանակցությունը միայն վնասներ է բերում, որովհետև Թուրքիան զուգահեռաբար շարունակում է իրականացնել թշնամական քայլեր և ավելի ու ավելի է ուժեղացնում ճնշումը, իսկ Դուք ասում եք` չէ, արի ընկերություն անենք։ Չի անում ընկերություն, չի ուզում: Ժամանակն է հասկանալու` հակամարտողը Հայաստանը չէ, Թուրքիան է: Այս պայմաններում բանակցությունը ձեռնտու է միայն Թուրքիային, որովհետև աշխարհը տեսնում է բանակցությունների փաստը, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չի էլ փորձում պաշտպանվել թուրքական թշնամական գործողություններից, այլ հաճույքով խաղում է Թուրքիայի պարտադրած խաղը՝ թուրքական կանոններով։ Պաշտպանվելու միջոցներից մեկը բանակցություններից դուրս գալն է, աշխարհին իրականությունը ցույց տալը։ Մյուս միջոցներն են՝ Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական ծանրագույն խնդիրներին պատասխաններ գտնելը, անվտանգության ամուր համակարգ կառուցելը, տեղեկատվության և այլ ոլորտներում ակտիվ ինքնապաշտպանություն կազմակերպելը:
-Իսկ գուցե, ստիպված եմ կրկնել, սխալն այն է, որ այսքան ժամանակ ունենալով հանդերձ` իրականում անպատրաստ էինք Թուրքիայի հետ որևէ հարաբերության, որովհետև մեզ համար դեռ չենք բանաձևել` ի՞նչ ենք ուզում Թուրքիայից:
-Ճիշտ եք, դժվար խնդիր է, հայ-թուրքական հակամարտությունը բարդ կառուցվածք ունի` տարբեր շերտերով, որոնց պետք է խորությամբ ծանոթ լինի հայ պետական-քաղաքական գործիչը, այլ ոչ թե միամտաբար կարծի, թե երկու հարց լուծելով` դիվանագիտական հարաբերություններ հաստատելով և Հայաստանն ապաշրջափակելով, հայ-թուրքական հարաբերությունները նորմալանում են ու ստանում իրենց լուծումը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ