38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՄՈԼՈՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ԿԵՉԻՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ»

«ՄՈԼՈՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ԿԵՉԻՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ»
19.03.2010 | 00:00

Տասնամյակներ շարունակ ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքում բնակվող հայերս հաստատ համոզմունք ունեինք թուրքական դիվանագիտության «անհասանելի բարձրության» մասին։ Հազիվ թե արժե պնդել, որ այդ առասպելն այսօր փլուզված է, սակայն մենք վկաներն ենք նաև այն իրողության, որ Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրիններին հասցվում են եթե ոչ ջախջախիչ, ապա առնվազն խիստ ցավագին ու համակարգված հարվածներ։
Եվ այսպես, Հայոց ցեղասպանության խնդրի արծարծման առնչությամբ հիստերիկ շարժումներից և տարբեր պետությունների, գործնականում ողջ արևմտյան հանրության նկատմամբ շանտաժի փորձերից հետո, Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ «ցնցեց» նույնիսկ իր կողմնակիցներին` հայտարարելով. «Իմ երկրում ապրում է 170 հազար հայ, նրանցից 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։ Վաղը, եթե պահանջվի, ես կասեմ այդ հազարներին, որ նրանք թողնեն ու հեռանան մեր երկրից։ Ես դա կանեմ այն պատճառով, որ նրանք մեր քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց մեր երկրում»։ Այս կապակցությամբ, անշուշտ, դժվար է չհամաձայնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի արձագանքին, որ «Էրդողանի շնորհիվ աշխարհն ավելի հաճախ է հիշում Հայոց ցեղասպանության մասին»։ Մանավանդ որ հենց իրենք` թուրքերն են 1915-23 թթ. իրադարձությունները բնորոշում որպես Անատոլիայից հայերի «հարկադրական վտարում», և բոլորը շատ վաղուց հասկացել են, թե ինչ է ստացվել այդ «վտարումից»։ Այսինքն, պետք չէ մեծ երևակայություն ունենալ համապատասխան զուգահեռներ անցկացնելու համար։
Եթե Թուրքիայի վարչապետի հաշվարկը կառուցված է նրա վրա, որ եվրոպացիներն ըմբռնումով կմոտենան «անլեգալ միգրանտների» դեմ տարվող այսպիսի պայքարին, ինչը կիրառում են նաև իրենց քաղաքականության մեջ, ապա դա միամտություն է։ Ոչ մի եվրոպական երկիր, որտեղ գոյություն ունեն վերաբնակիչների հետ կապված խնդիրներ, այդ հանգամանքը չի օգտագործում դիվանագիտական ու քաղաքական ճնշում կիրառելու նպատակով։ Իտալիան դա չի անում Ռումինիայի, Ֆրանսիան` աֆրիկյան երկրների, Մեծ Բրիտանիան` Հնդկաստանի կամ Պակիստանի նկատմամբ։ Մանավանդ որ ողջ Եվրոպայում արդեն տասնամյակներ շարունակ բնակվում, աշխատում և բազմանում են միլիոնավոր թուրքեր, որոնք խիստ դժվար են ինտեգրվում արևմտյան հանրությանը, պարբերաբար խնդիրներ են ստեղծում տվյալ երկրներում։ Դրա լավագույն ապացույցը Գերմանիայում վերջերս տեղի ունեցած թուրքական ահաբեկչական խմբավորման դատավարությունն էր։ Այնպես որ, եվրոպացիների «ըմբռնման» վրա Թուրքիայի ղեկավարությունը հազիվ թե կարող է հույս դնել։
Ոչ պակաս տարօրինակ էր վայրի ընտրությունը, որտեղ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ։ Ինչպես հայտնի է, նա Լոնդոն էր մեկնել ոչ միայն պաշտոնական այցով, այլև Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկմանը խոչընդոտելու նպատակով։ Հուրախություն իրեն, Թուրքիայի վարչապետն անգլիական արդարադատության նախարարից հավաստիացում ստացավ, թե «քաղաքական դիտորդների կանխատեսմամբ` բանաձևի ընդունման հավանականությունը մեծ չէ»։ Թերևս դրանից էլ ոգևորված Էրդողանը որոշեց «հարձակվել» իր երկրում բնակվող հայերի վրա` հաշվի չառնելով Բրիտանիայում հասարակական կարծիքի գոյությունը, անգլիական ԲիԲիՍի-ի իրական անկախությունը, խորհրդարանի պատգամավորների ինքնուրույնությունը։ Ի դեպ, Շվեդիայի վարչապետն էլ, կարծես, Սահմանադրական դատարան պատասխանատվության է կանչվելու այն բանի համար, որ ներողություն էր խնդրել Թուրքիայից և հավաստել, թե շվեդական Ռիկստագում (խորհրդարանում) Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը պաշտոնական Ստոկհոլմի տեսակետը չէ։ Արևմուտքում ժողովրդավարությունն ամենևին էլ դատարկ հնչյուն չէ, երբ խոսքը վերաբերում է դրա հիմնարար սկզբունքների ոտնահարմանը։
Սակայն նույնքան տարօրինակ և սադրիչ էին Լոնդոնում Էրդողանի հնչեցրած այլ հայտարարությունները ևս։ Իրողությունների մեջ բացարձակապես չկողմնորոշվող և կայսերական կարծրատիպերով ապրող քաղաքական գործիչ պետք է լինել գերտերություններին և Հայաստանին հետևյալ խորհուրդը տալու համարձակության համար. «Հայաստանը պետք է ձերբազատվի սփյուռքի հովանավորությունից։ Այն երկրները, որոնք իրենց Հայաստանի բարեկամներն են համարում, մասնավորապես, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, պետք է օգնեն նրան այդ հարցում»։ Եվ բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու պետք է երեք խոշոր տերություններն ու Հայաստանը հետևեն Էրդողանի խորհրդին։ Ավելին, ակնհայտ է, որ Թուրքիայում բացարձակապես չեն հասկանում հայկական հոգեկերտվածքում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, ազգային ինքնագիտակցության ամրացումը հատկապես Թուրքիայում և Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունից հետո։ Ամեն մի չվարկաբեկված դիտորդ ու վերլուծաբան կարող է հաստատել, որ այժմ հայության գոյությանն սպառնացող ցանկացած վտանգի ի հայտ գալը միայն համախմբելու է Հայաստանն ու սփյուռքը։ Անշուշտ, Թուրքիան կարող է դիմել հիմարության և, ինչպես նշում են որոշ փորձագետներ, «իր տարածքից վտարել հայերի փոքր խմբերի, որպեսզի այդ քայլը մեծ արձագանք ստանա»։ Սակայն այս ճանապարհով նոր փաստարկներ ձեռք բերել` Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, ակնհայտորեն չի հաջողվի։ Միաժամանակ, Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների թիվն առնվազն տասն անգամ ուռճացված է ներկայացվում։
Բայց, միևնույն է, մեզ համար ցավագին իրողություն է, որ մեր հայրենակիցների այդպիսի մի զանգված այնքան է կորցրել պատմական ու գենետիկ հիշողությունը, որ որոշել է իր տնտեսական կացությունը բարելավել Թուրքիայում ապրելով։ Այս առիթով ինչպես չհիշել Սումգայիթից և Բաքվից Հայաստան ճողոպրած փախստականներին։
Վերադառնանք, սակայն, Էրդողանի «բացահայտումներին»։ Անխորտակելի վստահությամբ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, թե սպասում է, որ ԱՄՆ-ը ներողություն կխնդրի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձևի ընդունման համար և Վաշինգտոնից «գրավոր երաշխիքներ է պահանջում, որ դա այլևս չի կրկնվելու»։ Ավելին, Էրդողանը չեղյալ է համարել ապրիլի 13-14-ն ԱՄՆ կատարելիք իր այցը, և սա այն դեպքում, երբ հայտարարվում է, որ Օբամայի վարչակազմին հաջողվել է համաձայնության գալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ, որ բանաձևն առայժմ չի մտնելու լիագումար նիստի օրակարգ։ Որքանո՞վ Սպիտակ տունը կմարսի այս շանտաժը, և արդյո՞ք Էրդողանը չափը չի անցել, ցույց կտան առաջիկա շաբաթները։ Սակայն, միաժամանակ, ողջ մահմեդական աշխարհն էլ է հետևելու, թե արդյոք կզիջի՞ ԱՄՆ-ն այն դեպքում, երբ իր հետ խոսում են վերջնագրերի լեզվով։ Ամերիկյան քաղաքական ծրագրավորողների շրջանում կա այսպիսի կարծիք, որ անհրաժեշտ է թույլ չտալ Թուրքիայի վերակողմնորոշումը դեպի Ռուսաստան կամ Իրան։ Սակայն գոյություն ունի ոչ պակաս հիմնավոր հակառակ տեսակետը, որ Թուրքիայի ընտրած «նոր քաղաքականությունն» անշրջելի է, այն հանգեցնելու է նախկին աշխարհաքաղաքական գործընկերների հետ կապերի աստիճանական խզման և երկրի վերակողմնորոշման, ու դա կանխելու համար անհրաժեշտ է կա՛մ փոխել Թուրքիայի ներքին քաղաքական կառուցվածքը (ռազմական հեղաշրջումն այնտեղ միանգամայն հավանական է), կա՛մ էլ սկսել նրա մասնատման գործընթացը։ Հետաքրքիր է, որ Էրդողանի լոնդոնյան այցից հետո ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եղբայրը պահանջեց փոխել նրա կալանքի պայմանները և Իմարլիի բանտից Օջալանին տեղափոխել տնային կալանքի կարգավիճակի։ Կրտսեր Օջալանը միաժամանակ նշել էր. «Եթե Թուրքիան քաղաքական որոշում չընդունի քրդական հարցի վերաբերյալ, մասնավորապես, քրդերին ինքնավարություն տրամադրելու առումով, լիարժեք հիմքեր կլինեն արդեն 25 տարի շարունակվող զինյալ պայքարը շարունակելու համար»։ Միաժամանակ, Իրաքյան Քրդստանի անկախության աստիճանի օրավուր մեծացումը Թուրքիայի համար շարունակում է մնալ լուրջ սպառնալիք։
Անկարայի բարեկամների համար սառը ցնցուղ կարող է լինել նաև Էրդողանի հետևյալ հայտարարությունը. «Մահմուդ Ահմադինեժադն իմ ընկերն է, ես չեմ հավատում, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել, ուստի միջուկային երկրների կողմից փաստերի մանիպուլյացիան անարդարացի է, եթե Իսրայելին չի ասվում, որ նա էլ պիտի ազատվի միջուկային զենքից»։ Համարձակ և բազմանշանակ հայտարարություն է և, ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, Թուրքիայի կողմից Իրանի միջուկային ծրագրի պաշտպանությունը հազիվ թե հավանության արժանանա Արևմուտքում և ըմբռնումով ընդունվի թուրքական զինվորական շրջանակներում։ Բառացիորեն օրերս տեղի ունեցավ Իսրայելի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աշկենազիի հանդիպումը թուրքական զինվորական պատվիրակության հետ, որի ընթացքում հայտարարվեց, թե երկկողմ հարաբերությունները երկարատև լարվածությունից հետո «ջերմացել են»։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Գյուլն ու արտգործնախարար Դավութօղլուն անցած օրերին անընդհատ փորձում էին մեղմել Էրդողանի հայտարարությունների առաջացրած «էֆեկտը»։ Դավութօղլուն մասնավորապես հայտարարեց, թե իրենք հայերին Թուրքիայում անօրինական ճանապարհով են թույլատրել բնակվել` «ելնելով Հայաստանում ստեղծված խիստ ծանր իրավիճակից»։ Իսկ նախագահ Գյուլն էլ հավաստիացրեց. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կասեցված չէ, և այս փուլը կարելի է բնութագրել իբրև Թուրքիայի և Հայաստանի միջև անաղմուկ դիվանագիտության փուլ»։ Անշուշտ, բացառված չէ, որ Թուրքիայի ղեկավարների բոլոր հայտարարությունները համաձայնեցված ու համակարգված են, և նրանք գործում են «բարի և չար քննիչների» հայտնի սցենարով։ Սակայն վերջին իրադարձություններն ինչպես Արևմուտքում, այնպես էլ բուն Թուրքիայում չեն կարող չխորացնել այն տպավորությունը, որ «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության առաջնորդ ու գործող վարչապետ Էրդողանն առանձնապես ուժեղ չէ աշխարհաքաղաքականության մեջ, տառապում է ավելորդ զգացմունքայնությամբ կամ էլ զուտ պոպուլիստական նպատակներ է հետապնդում։ Ակնհայտ է, որ ինչպես Էրդողանը, այնպես էլ ողջ թուրքական դիվանագիտությունը, ռուսական առածի համաձայն, «մոլորվել են երեք կեչիների արանքում» և չեն կարողանում գտնել իրենց տեղն արևմտականության, թուրքիզմի և իսլամիզմի արանքում։ ՈՒ թե ինչ արդյունքի կհանգեն, դեռևս բազմաթիվ անհայտներ պարունակող հավասարում է, ուր ավանդական «թուրքական խորամանկությունը» կարող է և արջի ծառայություն մատուցել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ