38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՆԸՆԴՀԱՏ ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐԵԼ»

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՆԸՆԴՀԱՏ ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐԵԼ»
12.03.2010 | 00:00

ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտնի որոշումից հետո սպասվող հնարավոր զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում ԱԺ հանրապետական պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-Պարոն Հարությունյան, ինչպես 2007-ին, այնպես էլ այս տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Ներկայացուցիչների պալատի օրակարգում ներառելու վերաբերյալ։ Սակայն 2007-ին որոշումն ընդունվեց 27 կողմ, 20 դեմ ձայներով, իսկ այս անգամ անցավ ընդամենը 1 ձայնի տարբերությամբ` 23 կողմ, 22 դեմ։ Ինչո՞վ եք սա բացատրում։
-Կարծում եմ` 2007-ի և 2010-ի իրավիճակների միջև մեծ տարբերություն կա` ցեղասպանության ճանաչման միջազգայնացման առումով։ Թուրքիան տեսնում է, որ ԱՄՆ-ում տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվն ինչպես հասարակության մեջ, այնպես էլ էլիտայի շրջանում։ Եթե 2007-ին Անկարան ներդրել էր իր ջանքերի կամ հնարավորությունների 50 տոկոսը` Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում որոշումը կասեցնելու համար, այժմ ներդրել էր 100 տոկոսն ու ավելին։ Այդ օրերին բոլորս էլ ականատես եղանք, թե թուրքական ինչպիսի պատգամավորական ու դիվանագիտական «դեսանտներ» էին իջնում Վաշինգտոն։ Թուրքիան ներդրեց իր ազդեցության բոլոր հնարավոր ռեսուրսները։ Չմոռանաք ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրին պատկանող մի շարք մասնավոր ընկերությունների ակտիվ հակազդեցությունը և հայտարարությունները, թե կարիք չկա այդպիսի որոշում ընդունելու։
-Այնուհանդերձ, ի տարբերություն Բուշի վարչակազմի, որն ավելի ակտիվ էր փորձում կասեցնել որոշման ընդունումը Կոնգրեսի հանձնաժողովում, Օբամայի վարչակազմը, կարծես, այդքան ակտիվ հակազդեցություն չդրսևորեց։ Արդյոք պատճառը թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լուրջ ճգնաժամը չէ՞։
-Օբյեկտիվորեն եկեք ընդունենք, որ մենք քիչ բան գիտենք թուրք-ամերիկյան հարաբերություններում տիրող իրական վիճակի մասին։ Ես բնավ համամիտ չեմ այն ենթադրություններին, որ դա, այսպես ասած, խոր և անլուծելի ճգնաժամ է։ Թուրքիան և Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ սերտ դաշնակիցներ են եղել, և մեկ օրում կամ մեկ տարում այդ հարաբերությունները հօդս չեն ցնդելու և չեն դառնալու թշնամական։ Այսինքն` մենք պետք է նաև իրատեսորեն նայենք այդ ամենին և անտեղի չոգևորվենք։
-Դուք համաձա՞յն չեք այն կարծիքին, որ իսլամիստները, ի տարբերություն քեմալիստների, սկզբունքորեն անընդունելի են ԱՄՆ-ի համար` իբրև կառավարող քաղաքական ուժ։
-Հասկանալի է` ԱՄՆ-ը և Եվրամիությունը չէին ցանկանա, որ Թուրքիայում աստիճանաբար ձևավորվի իսլամական վարչակարգ։ Այդպիսի զարգացումը կտրուկ կփոխեր համաշխարհային ուժերի ազդեցության ներկայիս դասավորությունը, որովհետև Թուրքիան 3-4 կարևոր տարածաշրջանների մեջ գտնվող, նշանակալի ռազմավարական դիրք ունեցող պետություն է։ Բայց ես միաժամանակ չեմ անտեսում մեր թուրքագետների կարծիքը, իսկ նրանք պնդում են, որ իսլամական քաղաքական շարժումները Թուրքիայում իրենց բովանդակությամբ ամենևին նույնը չեն, ինչ Սաուդյան Արաբիայում կամ Իրանում։ Ինչպես տեսնում ենք, այսօր իսլամական կողմնորոշում ունեցող կուսակցությունը Թուրքիայում կառավարող ուժ է, բայց ամենևին էլ չի հրաժարվել Եվրամիություն մտնելու արտաքին քաղաքական դոկտրինից։ Հասկանալի է, որ Արևմուտքին ձեռնտու չէ իսլամական գործոնի ուժեղացումը Թուրքիայում, բայց, ըստ իս, դա ավելի շատ կապված է քրդական խնդրի հետ։ ԱՄՆ-ը նպաստեց Հյուսիսային Իրաքում քրդական պետության փաստացի ստեղծմանը։ Մարդիկ, ովքեր եղել են այնտեղ, պնդում են, որ Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարությունը գործնականում անկախ պետություն է, և ես հիմք չունեմ նրանց չհավատալու։ Միևնույն ժամանակ քրդական խնդիրը խիստ արդիական է Թուրքիայում արդեն տասնամյակներ շարունակ։ Թուրքիայի իսլամական կառավարությունը, ինչ-որ իմաստով, փորձում է իսլամական արժեքները զարգացնելու ճանապարհով պահել երկրի միասնությունը, ինչը միգուցե որոշակի հակասության մեջ է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հետ։ Բայց միաժամանակ չմոռանանք, որ անգամ դաշնակից պետությունների միջև տարաձայնություններ են ծագում ու հարթվում, որովհետև ընդհանուր շահերը գերակշռում են։
-Եթե փորձենք քաղաքական կանխատեսում անել, ըստ Ձեզ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն այս անգամ կմտնի՞ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ։
-Կանխատեսումն ընդհանրապես անշնորհակալ գործ է, ես ձեռնպահ կմնամ ինչ-որ բան միանշանակ պնդելուց։ Սպիտակ տան ազդեցությունը հիմա ավելի ակտիվ կդրսևորվի, որովհետև մի բան է խնդիրն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արծարծել և, ասենք, օգտագործել իբրև ճնշման լծակ Թուրքիայի նկատմամբ, բոլորովին այլ բան է հարցը քննարկման դնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում և որոշում կայացնել։ Հիմա ոչ ոք չի կարող պնդել, թե ո՞րն է իրականում Սպիտակ տան նպատակը։ Մինչև ապրիլի 24-ը զարգացումները ցույց կտան, թե ի վերջո ինչ է ցանկանում Օբամայի վարչակազմը։
-Դե, Օբաման, ամեն դեպքում, ԱՄՆ-ի բոլոր նախագահներից առավել պրոգրեսիվ է տրամադրված։ Օրինակ, շատերը ոգևորված են այն հանգամանքով, որ անցած տարվա ապրիլի 24-ին նա հնչեցրեց ցեղասպանության հայկական բնորոշումը` Մեծ եղեռն։
-Ընդհանրապես, միջազգային տերմինը գենոցիդն է, ցավոք, բառակապակցությունն այդպես չի հնչել։ Նախկինում էլ Միացյալ Նահանգների գրեթե բոլոր ղեկավարները խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց երբ եկել են իշխանության, պետական շահերը, Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններն ավելի գերակա են եղել, քան ԱՄՆ-ում հայկական համայնքի ակնկալիքներն ու պահանջները։
Իհարկե, ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր է, հայկական սփյուռքի ներդրումն այս ուղղությամբ` անուրանալի, բայց, անկեղծ ասեմ, հիմա ինձ ամենից առաջ, իբրև պատմաբանի, հետաքրքրում է Թուրքիայի ներսում ցեղասպանության խնդրի հետ կապված վերաբերմունքի փոփոխությունը։ Օրերս թուրքական խորհրդարանի ազգությամբ քուրդ պատգամավորներից մեկը բացեիբաց հայտարարեց, որ ամոթ է, եկեք այդ խարանը հանենք Թուրքիայի պատմության վրայից, ընդունենք այն, ինչ տեղի է ունեցել իրականում։ Ես էլ եմ կարծում, որ ժամանակի ընթացքում թուրք հասարակությունը, էլիտան, քաղաքական կուսակցությունները, քաղաքականության վրա ազդեցություն ունեցող այլ շրջանակներ կհանգեն այն համոզմանը, որ հարևան երկրի հետ այս կարգի հարաբերություններ ունենալը և փոխադարձ անվստահությունն ու ատելությունը պահպանելը, առավել ևս խորացնելը, չեն բխում ո՛չ երկու պետությունների, ո՛չ էլ տարածաշրջանի ընդհանուր շահերից։
-Բայց ո՞րն է երաշխիքը, որ թուրքական հասարակությունը կհասունանա այդ աստիճան, և ինչքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար։
-Հասարակական փոփոխությունները հնարավոր չէ չափել ժամանակացույցով։ Եթե 1950-ականների առաջին կեսին որևէ մեկը պնդեր, թե Գերմանիան կճանաչի հրեաների ցեղասպանությունը և փոխհատուցում կտա, այդ մարդուն խելագար կհամարեին։ Բայց կարճ ժամանակ անց դա տեղի ունեցավ, արդեն Ադենաուերի կառավարման ավարտից հետո։
-Հիմա անդրադառնանք հայ-թուրքական արձանագրություններին, այսպես կոչված, հաշտեցման գործընթացին։ Արդյոք համամիտ չե՞ք, որ Հայաստանի իշխանությունները, այդ գործընթացի մեջ մտնելով, որոշակիորեն նպաստեցին, որ ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը եթե չկասեցվի էլ, ապա զգալիորեն թուլանա։
-Մեզ մոտ, չգիտես ինչու, փորձում են այդ գործընթացը հակադրել ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Իրարամերժ, կեղծ բաներ են ասվում և ապակողմնորոշում հասարակությանը։ Ի՞նչ է, Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ պետությունը հրաժարվո՞ւմ է ցեղասպանության խնդրին տեր կանգնելուց։ Իհարկե` ոչ, ճիշտ հակառակը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերջին շրջանի ակտիվացմանը, հանրապետության նախագահի նախաձեռնած քաղաքականությանը, ապա միանշանակ է, որ երբեք հայ-թուրքական հարաբերություններում այսպիսի ակտիվություն չի եղել։
-Ձեր ընդդիմախոսներն էլ ասում են` մեր ինչի՞ն է պետք ակտիվությունը, եթե դրա արդյունքում մեր պահանջատիրությունը ոչ թե լուծում է ստանում, այլ, փաստորեն, կասեցվում է։
-Բացարձակապես համամիտ չեմ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարևորելով հանդերձ, ինքներս մեզ հարց տանք. ի վերջո, այս խնդիրը մենք լուծելու ենք Թուրքիայի՞ հետ, թե՞ ոչ։ Միանշանակ է, որ` այո։ Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման շնորհիվ, ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին խոսում են Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը, ինչպես իսլամիստներն ու քեմալիստները, այնպես էլ ծայրահեղ ազգայնամոլներն ու ժողովրդավարները։ Հասկանալի է, որ յուրաքանչյուրը հանդես է գալիս իր դիրքերից, բայց ակտիվ քննարկում կա, որի արդյունքում փոխվում է նաև թուրք հասարակությունը։ Այսօր բազմաթիվ առաջադեմ թուրք մտավորականներ կան, որ ուղղակի կոչ են անում իրենց կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և նորմալ հարևաններին վայել հարաբերություններ կառուցելու Հայաստանի հետ` դա չպայմանավորելով հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Օրերս առիթ ունեցա թուրքական «Սաբահ» թերթում հրապարակված մի հոդվածի ծանոթանալու, որի հեղինակը քննադատում էր հայրենի կառավարությանը և այնպիսի երանգով, որ նախկինում պատկերացնելն անհնարին էր։ Հեղինակը բաց տեքստով գրում է, որ փոխանակ Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանությունը, ԱՄՆ-ին ինչ-որ ուլտիմատում է ներկայացնում այդ կապակցությամբ, հետո էլ միաժամանակ հեգնանքով հարցադրում է` Ֆրանսիային էլ այդպիսի ուլտիմատումներ ներկայացրիք, ի՞նչ եղավ Ֆրանսիայի հետ, կործանվե՞ց։ Սա ընդամենը մի ցուցանիշ է, որ թուրք հասարակության մեջ կա ակնհայտ էվոլյուցիոն առաջընթաց, այդ հասարակության առավել կիրթ, առաջադեմ հատվածը հասկանում է, որ հարևան պետությունների միջև այսպիսի հարաբերությունների գոյությունն անբնական է, և դրանք պետք է կարգավորվեն։
-Մի խոսքով, Դուք ողջունում եք Թուրքիայի հետ երկխոսության քաղաքականությունը։
-Իհարկե, ես նույն կերպ կողջունեմ Ադրբեջանի հետ երկխոսության քաղաքականությունը, եթե Բաքվում այդպիսի երկխոսության ցանկություն լինի։ Ցավոք, այնտեղ դա չկա, մենք գործ ունենք ուղղագիծ մերժողական կեցվածքի, Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը բացարձակապես անտեսող դիրքորոշման հետ։ Այդ պատճառով էլ կարգավորումը չի ստացվում։ Բայց, ի վերջո, տրամաբանորեն հնարավոր չէ հարևանների հետ անընդհատ թշնամության մեջ ապրել, կգա ժամանակ, չգիտեմ, գուցե մեկ կամ մի քանի սերունդ հետո Ադրբեջանն էլ կփոխվի ու հաշվի կնստի վաղուց արդեն ձևավորված իրողությունների հետ։
Երկրների միջև հավերժ թշնամություն չի լինում, հակառակ դեպքում Ֆրանսիան և Գերմանիան, որոնք տասնյակ պատերազմներում միմյանց դեմ արյուն են հեղել, այսօր չէին հայտնվի նույն միության կազմում, ավելին` Եվրոպայի ամենասերտ համագործակցող պետություններ չէին լինի։ Վերցնենք նույն գերմանա-լեհական հարաբերությունները։ Լեհերը Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կրած կորուստների ծավալով երրորդ պետությունն են` ԽՍՀՄ-ից ու Գերմանիայից հետո, ընդ որում, տուժել են և՛ ռուսներից, և՛ գերմանացիներից, բայց այսօր նույն Եվրամիությունում են Գերմանիայի հետ, և հարևան պետություններ լինելով, հարաբերություններ են զարգացնում։
Ես միշտ համոզված եմ եղել ու այսօր էլ համոզված եմ, որ եթե Հայաստանը անգամ 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի ստրկացուցիչ պայմանագրի սահմաններում մնար անկախ պետություն, չդառնար ԽՍՀՄ-ի մի մասը, մենք Թուրքիայի հետ մեր խնդիրներն այսօր կարգավորած կլինեինք, ինչպես ցեղասպանության առնչությամբ, այնպես էլ մյուս հարցերի։ Բայց 70 տարի մենք ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից զրկված ենք եղել, իսկ վերջին 20 տարում հասել ենք լուրջ, եթե չասենք ահռելի ձեռքբերումների` պատմական ժամանակահատվածի կտրվածքով։ Դա մեր անկախության նվաճումն է։ Եթե այդ անկախությունը չլիներ և, ասենք, ԽՍՀՄ-ը մնար, մեր խնդրի շուրջ ոչ մի քննարկում էլ չէր լինի։ Սփյուռքը կպայքարեր ցեղասպանության հարցի համար այնքանով, որքանով դա հնարավոր էր պետականություն չունեցող ժողովրդի պարագայում։ Խորհրդային Հայաստանում ապրողներս էլ ամեն տարի կգնայինք Ծիծեռնակաբերդ, ծաղիկ կդնեինք։ Մոսկվայից էլ կգային, ծաղիկ կդնեին, հետո կգնային Անկարա, մի ծաղիկ էլ կդնեին Աթաթուրքի գերեզմանին։ ՈՒ չէիր հասկանա, թե դա ինչ քաղաքականություն է։
-Մեր զրույցից տպավորություն է ստեղծվում, որ Դուք իշխանությունների արտաքին քաղաքականությունն ուղղակի անսխալ եք համարում։
-Ամենևին։ Արտաքին քաղաքականության մեջ վերջին 20 տարում մենք ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ սխալներ ենք ունեցել Հայաստանը կառավարած բոլոր նախագահների օրոք։ Չի սխալվում նա, ով չի գործում, ոչ ոք սխալներից ապահովագրված չէ։ Խնդիրն այն է, թե մեր հասարակությունն ինչպես է արձագանքում այդ սխալներին։ Ես, օրինակ, կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների այս ակտիվ փուլում, անկախ դրա հնարավոր արդյունքներից, մեր ողջ հասարակությունը պիտի համախմբված լիներ հանրապետության նախագահի շուրջը, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, գիտակ անհատները, յուրաքանչյուրն իր կարողությունների չափով աջակցեր, ոչ թե մերկապարանոց քննադատեր։ Բայց ճիշտ հակառակ վիճակն է. ով չի ալարում, քննադատում է։ Ավելին, երևի միայն Հայաստանում կարելի է լսել այսպիսի տեսակետ` եթե հայ-թուրքական կարգավորման գործընթացը տապալվի, անխուսափելիորեն իշխանափոխություն տեղի կունենա, ու դա լավ է։ Այսինքն, կարևոր չէ, որ բազմաթիվ առումներով կարևոր գործընթացում մենք տանուլ կտանք, կարևորն այն է, որ իշխանափոխություն կլինի։ Ես չեմ զարմանա, եթե այդպես մտածողները համաձայն լինեին, որ հանուն իշխանափոխության Ղարաբաղն էլ հանձնվեր։ Իսկ Ղարաբաղը վերջին 20 տարիների մեր գլխավոր ձեռքբերումն է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ