Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՆԱՎՈՒՄ

ՆԱՎՈՒՄ
18.12.2009 | 00:00

Համբերատար է Տերը,
մեծ է Նրա զորությունը,
Տերն ամենևին չի արդարացնում մեղապարտին։
Ո՞վ կկանգնի Նրա զայրույթի և սրտմտության դեմ։
Նրա զայրույթը հալեցնում է իշխանությունները...
Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ,
ովքեր ապավինում են Նրան նեղ օրերին.
Նա ճանաչում է Իրենից երկյուղ կրողներին (Ա 3,6,7)։


Երկու մարգարե երկու տարբեր ժամանակահատվածներում` Հովնանը Ք. ա. մոտ 785 թ., իսկ Նավումը Ք. ա. մոտ 630 թ. զբաղված էին Նինվեով, և իրենց առաքելություններով արտահայտում էին Աստծո` ժողովուրդների վրա ներգործության երկու տարբեր կերպերը. սկզբում հռչակելով Աստծո համբերատարությունը, իսկ ապա մեղքերի համար պատժով այցելությունը։
Փոքր մարգարեներից յոթերորդը՝ Նավումը (թարգմանաբար` «մխիթարիչ» և «զորացնող»), իրապես, ի զորու է մխիթարելու և զորացնելու (Բ Կորնթ. Ա 4): Սուրբ Գրքում նրա անվանակիցներին գրեթե չենք հանդիպում. կա միայն նրա անվան հոմանիշը (Մանայեն Դ Թագ. ԺԵ, Գործք ԺԳ 1, տե՛ս Նեեմի՝ «Տիրոջ մխիթարություն», Նեեմի Ա 1):
Նավումն իր մերձավորներին մխիթարում ու զորացնում է, ինչն օգնում է նրանց տոկալ դժնդակ պահերին շնորհիվ հույսի (տե՛ս Հռոմ. ԺԵ 4-5): Այս հույսը, որը շարժում է նրա սիրտը, և որը նա հռչակում է մեծ ու զորավոր հավատով, Աստծու անխուսափելի հաղթանակի հույսն է, եթե նույնիսկ թվա, թե Նրա թշնամիները բարգավաճում են (Ա 12, Գ 15-17)՝ առյուծների նման սարսափ տարածելով և իրենց գայթակղություններով հմայելով (Բ 12-14, Գ 4):
ՆԱՎՈՒՄԻ ԳԻՐՔԸ
Բովանդակության բացահայտման կարգի ու հաջորդականության առումով Նավում մարգարեի գրվածքն իրենից սքանչելի մի ամբողջություն է ներկայացնում: Գրքի բաժանումը երեք գլուխների լիովին համապատասխանում է մարգարեի մտքի բացահայտման երեք փուլերին: Առաջին գլխում, որն ասես բովանդակ գրքի ներածությունը լինի, նշվում է ամբողջ գրքի թեման. Ամենասուրբ, Ամենակարող և Ամենաարդար Աստված միշտ ի կատար է ածում Իր որոշումները. ինչպես գթասիրտ որոշումները` երկյուղածների, այնպես էլ ահեղ որոշումները` ամբարիշտների ու անհավատների հանդեպ: ՈՒստի մեծամիտ ու անհավատ ասորեստանցիներին սպասում է վատթարագույնը, իսկ Տիրոջը հավատարիմ հրեաներին՝ փրկությունը: Երկրորդ գլուխը, մարգարեի հոգևոր աչքերի հայեցողությամբ, արդեն նկարագրում է Աստծու դատաստանի կատարվելը Ասորեստանի և Նինվեի վրա՝ նրանց զորության լիովին ու վերջնական կործանումը և բուն գոյության դադարեցումը: Պատասխանելով աշխարհակալ միապետության և նրա զարմանալի մայրաքաղաքի կործանման հնարավորությանն ու պատճառներին վերաբերող օրինաչափ հարցին, երրորդ գլուխը մատնանշում է դրանք. Ասորեստանում և Նինվեում արմատավորված արատները, բովանդակ աշխարհի վրա տարածվող աստվածային արդարադատությունը: Այսպիսով, Նավում մարգարեի գիրքը բացարձակապես ճիշտ դասավորված և ավարտուն պոեմ է: Ըստ եբրայերենի գիտակների՝ գրքի լեզուն ու ոճը բոլոր առումներով դասական են:
Քո բոլոր ամրոցները նման են ծառի վրա երևացող թզի,
որ եթե շարժվի, կընկնի ուտողների բերանը։
Ահա քո ժողովուրդը կանանց նման կլինի քո մեջ,
քո թշնամիների համար անպայման կբացվեն քո երկրի դռները,
և կրակը կլափի քո նիգերը։
Թարախակալվեցին քո վերքերը,
և քո անկումը բուժում չունի.
բոլոր նրանք, ովքեր լսեցին քո գույժը,
ծափ կզարնեն քեզ համար,
քանի որ ո՞ւմ վրա չեկավ քո չարությունը մշտապես (Գ 12,13,19)։
ՆԱՎՈՒՄ ՄԱՐԳԱՐԵՆ
Մեկնաբաններն ընդգծում են Նավումի գրքի մեթոդին բնորոշ եբրայական պոեզիայի կամ առհասարակ պոեզիայի որոշ առանձնահատկությունները և հատկապես դրվատանքով են խոսում բովանդակ գրքի գրական արժանիքի մասին՝ լինի դա ներածական օրհներգությունը, թե երկրորդ և երրորդ մասերի նկարագրությունները: Գրքի մուտքը (տեսիլք) մատնանշում է նրա բովանդակությունը, քանզի Նավումը տեսնում է և ցույց է տալիս:
Սակայն նրա տեսիլքի սրության վրա հատկապես ներգործում են մեծ սերն ու հավատքի ջերմեռանդությունը: Մարգարեն, հակառակ արտաքին երևույթների, ի վերուստ ստացած անսասան խոր համոզմունքի ուժով հավաստիացնում է, որ հաղթանակը Տիրոջն է լինելու, և որ այն այսօրվանից արդեն Նրանն է:
Հետևաբար, հարկ է խոստովանել, որ հեղինակի մոտ դրսևորված է մի մեծ ներուժ, որն արդյունք է նրա՝ Կենդանի Աստծու՝ պատմության Տիրոջ և մարդու Տիրոջ հետ ունեցած բացառիկ հաղորդակցության:

Ծնթ.
ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ՈՍՏԱՆ ՆԻՆՎԵՆ
Այս կայսրությունը հիմնվել է վաղնջական ժամանակներում` ջրհեղեղից հետո, Նեբրովթի` հսկայի և քաջ որսորդի կողմից (Ծննդ. 10.11)։ Եվ թեպետ հին Բաբելոնի մրցակիցն ու ախոյանն էր, սակայն աշխարհակալ տիրապետության հասավ Ք. ա. մոտ 900-ականներին։ Նրա` դեպի Արևմուտք նվաճողական ընդարձակումներից մեկի ժամանակ 721 թվին ընկավ Իսրայելի հյուսիսային թագավորությունն իր Սամարիա մայրաքաղաքով։
Աշխարհի ամենադաժան ու արյունարբու այս տերությունը դեռևս իր զորության գագաթնակետում էր, երբ հնչեց Նավումի մահասարսուռ և բազմաթիվ ժողովուրդների համար ցնծալի մարգարեությունը, որը ոմանք անվանում են «Նինվեի մահացու երգ» կամ «Մարդկության կանչն առ արդարություն»։
Այս քաղաքն ընկավ Քրիստոսից առաջ 612 թվին` մարգարեությունից տարիներ անց։ Ի դեպ, քերթողահայր Մովսես Խորենացու վկայությամբ, Նինվեի պաշարմանն ու գրավմանն իր ակտիվ մասնակցությունը բերեց նաև հայոց զորքը` նախարար Պարույրի գլխավորությամբ։ Ընդ որում, այս հաղթանակից հետո Պարույր Սկայորդին մարերի թագավորից «թագավորության պատիվ և ձև» ստացավ` այսպիսով դառնալով հայոց առաջին թագավորը։
ՆԻՆՎԵ ՄԵԾ ՔԱՂԱՔԸ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
Ք. ա. 612 թ. երեք դաշնակիցների` մարերի, բաբելացիների և սկյութների միավորյալ ուժերը գրավեցին Նինվեն։ Այսպես Աստծո ժողովրդի ևս մեկ թշնամի պատժվեց։ Մի քանի տարի անց Նինվեն անհետացավ պատմության թատերաբեմից։ Ընդհուպ մինչև 1847 թիվը հնարավոր չէր ստույգ տեղորոշել քաղաքատեղին։ Այդ տարի, սակայն, Ա. Լեյարդի պեղումներն արգասավոր էին։ Լեյարդի արշավախմբին հաջորդեցին Բրիտանական և Ֆրանսիական թանգարանների արշավախմբերը Լ. Քինգի, Վ. Թոմփսոնի, Մ. Մալլոունի և այլոց գլխավորությամբ։
Նինվեի ավերակները լիովին հաստատում են քաղաքի` սրընթաց գրոհից հետո հրո ճարակ դառնալու փաստը։ Այս մասին է Նավում մարգարեի խոսքը. «Ո՞Ւր են առյուծների որջերն ու նրանց կորյունների որսերը, ո՞ւր գնաց մտավ առյուծը. չկար մեկը, որ վախեցներ առյուծի կորյուններին։ Առյուծը բավական որս արեց իր կորյունների համար, որս խեղդեց իր կորյունների համար, իր բույնը լցրեց որսով և իր որջը` հափշտակված բաներով» (2.11,12)։ Հիրավի Նինվեում հեքիաթային հարստություններ էին ամբարվել։ Ավերակներից երևան հանված արձանագրությունների գլխավոր թեման նվաճված քաղաքներից Նինվե բերված ոսկու, արծաթի և պղնձի քանակն է։ «Ահա Ես քո դեմ եմ,- ասում է Ամենակալ Տերը,- ծխով կայրեմ քո զորքերը, սուրը կուտի քո առյուծներին, երկրից կվերացնեմ քո որսը, և այլևս չեն լսվի քո գործերը» (Նավում 2.13)։ Արդարև, Նինվեի` մեծ քաղաքի կործանողը Ամենակալ Տերն էր... Նրա ռազմական տեխնիկան այրվեց` ծխի ու մոխրի վերածվելով։ Եվ այն ամենը, ինչը կապված էր այս աղմկաշատ քաղաքի հետ, քար լռությամբ պատվեց։
Նույն Նավում մարգարեն կանխասել էր Նինվեի վախճանը` դարավոր արյունարբու բռնակալության ավարտը. «Ո՛վ արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, այնտեղ որսը պակաս չէ։ Հարվածների ձայն, անիվի շարժման ձայն, կառքերի շաչյուն, հեծյալների դոփյուն, զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում, հաշիվ չկար նրանց ժողովուրդներին։ Նրանք պիտի տկարանան իրենց մարմնով բազում պոռնկության պատճառով» (Նավում 3. 1-3)։ Հենց դա էլ կատարվեց։ Ք. ա. 612 թ. կատաղի մարտից հետո երեք դաշնակիցները` մարերը, բաբելացիները և սկյութները, առան Նինվեն։ Սոփոնիա մարգարեն այսպես էր մարգարեացել. «Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա (Ասորեստանը Իսրայելից հյուսիս էր գտնվում) և կբնաջնջեմ ասորեստանցուն, Նինվեն ապականության կենթարկեմ, անապատի պես անջրդի կդարձնեմ» (Սոփ. 2.13 և շար.)։ Դարեր շարունակ հին աշխարհն արյան և արցունքի մեջ ընկղմող Նինվեից այժմ միայն մոխրի կույտ է մնացել։ Սեպագիր «Բաբելոնյան ժամանակագրություն»-ում, որը հրապարակեց ասուրագետ Ս. Ի. Գեդդը, հաղորդվում է Նաբոպալասարի` նորբաբելոնյան թագավորության հիմնադրի հաղթանակների մասին և ասվում, որ Նինվեի գրավման ընթացքում վճռորոշ դերը դաշնակից մարերը խաղացին, ովքեր «անխնա կոտորեցին իշխաններին... Քաղաքից ու տաճարից մեծաքանակ բարիք կողոպտեցին` քաղաքը վերածելով հողաբլրի ու ավերակների...»։
Մյուս նշանակալից և զգայացունց հայտնագործությունը, որն արվեց Քույունջիք բլրի (հին Նինվեում) պեղումներից, Աշուրբանիպալի (իշխել է Ք. ա. 668-626 թթ.) արքունիքն ու նրա հարուստ արքունի գրադարանն էր, որն ավելի քան 22 հազար սեպագիր կավե սալիկ ուներ։ Սույն գրավոր հուշարձանները ներկայումս Բրիտանական թանգարանում են։ Աշուրբանիպալի անունը, ում հին հույները Սարդանապալ էին անվանում, հիշատակված չէ Սուրբ Գրքում, այդուհանդերձ, անուղղակի առնչվում է Աստվածաշնչին, քանզի արյունռուշտ բռնակալների երկար շարքում միակ ասորեստանցին է, որ աշխարհին մեծ ծառայություն է մատուցել։ Նրա հրամանով ընդօրինակվել են աքքադական գրականության գլուխգործոցները, ի թիվս որոնց նաև աշխարհի արարման մասին բաբելական վիպերգությունը. նրա կարգադրությամբ կազմվել են իր հսկայածավալ կայսրության մեջ մտնող զանազան լեզուների բառարաններ ու քերականություններ։ Նինվեում նրա հիմնած գրադարանը, անկասկած, Հին Արևելքի ամենամեծն ու ամենանշանակալիցն էր։ Առանց նրա հավաքած այս արժեքավոր ժողովածուի մարդկությունն անմասն կմնար հնադարի «Բերրի մահիկի» երկրների իմաստության և պոեզիայի մասին գիտելիքներին։ Շնորհիվ Աշուրբանիպալի գրադարանի` մենք ծանոթացանք ոչ միայն Գիլգամեշի դյուցազներգությանը։ Աշուրբանիպալի գրքերը, այսինքն` նրա հավաքածուի կավե սալիկները, բացահայտեցին մարդկության պատմության մատյանի խորընկա գաղտնիքները։ Իսկ մենք կարող ենք թերթել այդ «գիրքը» և քննել էջ առ էջ։ Այսպես «պարզվեց, որ տիրակալները, քաղաքները, պատերազմներն ու անցքերը, որոնց մասին նախկինում մարդիկ գիտեին լոկ Հին Կտակարանից, արդարև պատմական եղելություններ են»։
Բոլոր այս կարևոր հայտնագործությունները մեզ տեղեկություններ են հաղորդում Հին Կտակարանի սրբազան բնագրում հիշատակված Միջագետքի երկրների, քաղաքների ու ժողովուրդների մասին։ Եթե Սուրբ Գրքի այս տեղեկությունները չլինեին, ոչ ոք այդ տարածքում պեղումներ չէր կատարի։ Թերևս պեղումներ էլ չլինեին։ ՈՒստի, ինչպես վերը նշել ենք, Աշուրբանիպալի անունն առնչվում է սրբազան բնագրին, թեկուզ և չի հիշատակվում նրանում։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ