38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՈՍԿԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈՒՐԱՑՆԵԼ

«ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՈՍԿԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈՒՐԱՑՆԵԼ
09.02.2010 | 00:00

Գազի տարանցման վերաբերյալ թուրք-ադրբեջանական հերթական բանակցություններն սկսվեցին 2009 թվականի նոյեմբերի 16-ին: Ադրբեջանը Թուրքիայից պահանջում էր արևմտյան սպառողներին առաքվող գազը գնել ոչ թե 120, այլ 250 ամերիկյան դոլարով` հազար խորանարդ մետրի դիմաց: 120 դոլարը կանխորոշվել էր դեռևս 2001-ին, ինչը 30 տոկոսով պակաս է միջազգային շուկայում հաստատված գնից: Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ բանակցությունները փակուղի են մտել, և սպառնաց սեփական գազը վաճառել Ռուսաստանին ու Իրանին, ընդսմին չբացառելով, որ Բաքուն կարող է միանալ ՈՒզբեկստանի տարածքով թուրքմենական գազը Ղազախստանից դեպի Չինաստան տանող գազամուղի կառուցման նախագծին:
Այս իրավիճակը, բնականաբար, ձեռնտու է Մոսկվային, քանի որ դա կասկածի տակ է դնում «Նաբուկո» գազատարի կառուցման հնարավորությունը: «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ 2010 թվականին իրենք մտադիր են գնել ողջ գազը, որ Ադրբեջանը մտադիր է արտահանել: Ադրբեջանում «Գազպրոմը» հավակնում է տեր դառնալ Շահ-Դենիզ ծովային հանքավայրի գազային պաշարներին (1,3 միլիարդ խորանարդ մետր), մինչդեռ Եվրամիությունն այս հանքավայրը դիտարկում է որպես «Նաբուկո» գազատարի ռեսուրսային բազա: Բնականաբար, Ռուսաստանը ձգտում է ամեն կերպ վիժեցնել «Նաբուկո» նախագիծը, որպեսզի կյանքի կոչի «Հարավային հոսքը»:
Թուրքիայի հետ տարվող բանակցությունների ձախողումն Ադրբեջանին ստիպեց փնտրելու գազի առաքման այլընտրանքային տարբերակներ: Այդ նպատակով առաջ քաշվեց ադրբեջանական բնական գազի հեղուկացման ու այդ տեսքով եվրոպական շուկաներ հասցնելու գաղափարը: Վրաստանի կառավարությունը ներկայումս առաջարկում է ադրբեջանական գազն այլընտրանքային երթուղով առաքել եվրոպական շուկաներ, ինչի համար անհրաժեշտ է Սև ծովի ափին կառուցել բնական գազի հեղուկացման գործարան և հեղուկ գազի արտահանման վրացական համալիր:
Վրաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Մարիամ Վալիշվիլին նշում է. «Մենք շահագրգիռ ենք դառնալու նոր միջանցքի մի մասնիկը: Հեղուկացման նպատակով Ադրբեջանից գազի առաքումը կարող է իրականացվել Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում` ԲԹԷ) գազամուղի միջոցով, որով ներկայումս ադրբեջանական գազն առաքվում է Վրաստանի հյուսիսային շրջաններ: Այստեղ էլ պետք է կառուցվի գազի հեղուկացման գործարանը, որի նախնական հզորությունը 5-10 միլիարդ խորանարդ մետր է: Վրաստանում հեղուկացված ադրբեջանական գազը հեղուկանավերով կհասցվի ռումինական Կոնստանցա նավահանգիստ: Այս նպատակով ռումինական «Romgaz» ընկերությունն արդեն աշխատում է ընդունող համալիրի ստեղծման վրա»:
Նախագիծը դեռևս սկզբնական փուլում է, հարցի շուրջ պաշտոնական բանակցությունները շարունակվում են: Եթե բոլոր հարցերի շուրջ համաձայնագիր ստորագրվի, ապա հետագայում տվյալ երթուղուց կարող են օգտվել նաև Կասպյան ավազանի մյուս մատակարար-երկրները, այդ թվում նաև` Թուրքմենստանը, որն իր գազի արտահանումն իրականացնում է հիմնականում Ռուսաստանի տարածքով: Այս դեպքում արդեն վերոնշյալ գործարանի հզորությունը պետք է հասցվի մինչև 15-20 միլիարդ խորանարդ մետրի:
Ադրբեջանը շահագրգռված է հեղուկ գազի առաքմամբ դեպի Եվրոպա, քանի որ դա չի պահանջում տարանցիկ ծախսեր, ինչպես, ասենք, թուրքական տարածքով փոխադրելու պարագայում է, իսկ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունն էլ (ԱՀՊՆԸ) Սև ծովի վրացական ափին ընկած Կուլևյան տերմինալի սեփականատերն է, որը գտնվում է Փոթիից հյուսիս: Հարկ է նշել, որ Կուլևիի նավթային տերմինալի կառուցումը սկսվել է 2000 թվականին, սակայն դադարեցվել է երկու տարի անց: 2006 թվականի դեկտեմբերի վերջին ԱՀՊՆԸ-ն 300 միլիոն դոլարով գնեց Կուլևիի նավթային տերմինալը, իսկ 2008 թվականի մայիսի 16-ին տեղի ունեցավ Կուլևիի նավթային տերմինալի պաշտոնական բացման արարողությունը:
ԱՀՊՆԸ նախագահ Ռովնագ Աբդուլաևը նշել է, որ եթե այս նախագիծն իրագործվի, ապա ադրբեջանական կողմը Կուլևիում գազի հեղուկացման համար համապատասխան տերմինալ կկառուցի: Բացի Կուլևիից, նախատեսվում է այդպիսի համալիրներ կառուցել նաև Սուփսա ու Բաթում վրացական նավահանգիստներում: Հետևաբար, որպեսզի ադրբեջանական գազը հասցվի այդ նավահանգիստներ, անհրաժեշտ է ԲԹԷ-ի նոր ճյուղեր կառուցել: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ այդպիսի համալիրների կառուցումը բավականին թանկ հաճույք է:
Փաստորեն, ադրբեջանական հեղուկ գազը Վրաստանի, ՈՒկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի միջով կհասցվի Եվրոպա: Այս նոր երթուղին այլընտրանք կհանդիսանա «Նաբուկո» գազատարին, ինչը վկայում է, որ Ադրբեջանը շահագրգռված է իր էներգետիկ առաքումների դիվերսիֆիկացմամբ ու արդեն թերահավատորեն է նայում «Նաբուկոյի» կառուցման հնարավորությանը: Այս կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Ցայժմ մենք չգիտենք, թե ո՛վ է այն առաջատարը, որն առաջ կմղի գործընթացը: Ո՞վ է գազ մատակարարողների հետ բանակցելու: Ո՞վ է զբաղվելու մարքեթինգով, ի՞նչ գներ են լինելու: Ադրբեջանը պետք է իմանա, թե որքան է լուրջ «Նաբուկո» նախագիծը: Անհրաժեշտ է շուրջ 20 միլիարդ դոլարի ներդրում` Շահ-Դենիզի գազի արդյունահանման ծավալները մեծացնելու համար, որպեսզի հնարավոր լինի անդամակցել «Նաբուկոյին»: Ադրբեջանի նախագահին անորոշության մեջ է գցել այն հանգամանքը, որ շատ երկրներ միանում են ոչ թե «Նաբուկոյին», այլ նրա պոտենցիալ հակառակորդին` ռուսական «Հարավային հոսք» նախագծին:
«Նաբուկո» նախագծի կյանքի կոչման հիմնական դժվարությունը ոչ թե դրա համար համապատասխան ֆինանսների հայթայթումն է (մոտ 8 միլիարդ դոլար), այլ խողովակաշարի լիաբեռնման խնդիրը, որի բացակայությունն անիմաստ կդարձնի նախագծի իրականացումը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է. «Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է իր հարևան երկրների հետ և պլանավորում է Եվրոպայում ընդլայնել իր «գազային» գործողությունները: Մեր հարևանների թվում չկա մեկը, որ մեզ տարիֆներ թելադրի»: Կարելի է կարծել, որ արտգործնախարարի այս խոսքերն ուղղված են առաջին հերթին Թուրքիային, քանի որ 2009-ի վերջին Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնության չեկան թուրքական տարածքով առաքվող ադրբեջանական գազի տարանցման տարիֆների շուրջ:
2010-ի հունվարին ԱՀՊՆԸ-ն և իրանական ազգային գազի արտահանման ընկերությունը (NIGEC) Բաքվում կարճաժամկետ պայմանագիր ստորագրեցին` դեպի Իրան ադրբեջանական գազի առաքումների շուրջ: Այդ պայմանագրով նախատեսված է մարտ-ապրիլին Իրան առաքել մոտ 100 միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազ (օրական 1,2 միլիոն խորանարդ մետր): Իսկ ինչո՞ւ է Իրանը գնում ադրբեջանական գազը, չէ՞ որ իր գազային պաշարներով այս երկիրը զիջում է միայն Ռուսաստանին: Դրա պատճառն այն է, որ Իրանի հյուսիսային շրջանները, ուր նախատեսվում է ուղղել ադրբեջանական գազը, բավականին հեռու են գտնվում իրանական հիմնական գազահանքերից: Դրա համար էլ առավել նպատակահարմար է տվյալ շրջաններ ադրբեջանական գազի ներկրումը:
2010-ի հունվարի 14-ին Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Բաթումի միջազգային էներգետիկ գագաթաժողովում ներկայացրեց կասպյան գազը Եվրոպա առաքելու նոր նախագիծը, ըստ որի` Վրաստանում հեղուկացված ադրբեջանական գազը Սև ծովի հատակով կառաքվի երեք ուղղությամբ` ա) ՈՒկրաինա, Բելառուս, Լեհաստան, բ) Ռումինիա, Բուլղարիա, գ) Թուրքիա:
Պետք է փաստել, որ վերջին շրջանում գնալով առավել կարևորվում է գազի հեղուկացման եղանակով առաքման տարբերակը, ինչն առավել նախապատվելի է խողովակաշարային տարբերակից: Խողովակաշարերը մեծ թերություն ունեն. երբ սպառվում են տվյալ հանքավայրի պաշարները, արտադրողն ու սպառողը ստիպված են մեծ ծախսեր կատարել` նոր խողովակաշար կառուցելու համար, մինչդեռ հեղուկ գազի պարագայում դա չի գործում. եթե գազը վերջացել է, օրինակ, Ալժիրում, ապա այն կարելի է գնել, ասենք, Ինդոնեզիայից: Այսինքն, հեղուկ գազի համար խողովակաշարեր պետք չեն, այն լիարժեքորեն համապատասխանում է ծովային փոխադրմանը: Գործարանում բնական գազը մաքրում են, հեղուկացնում, ուղղում տերմինալ, որը, սովորաբար, գտնվում է գործարանի մերձակայքում, ապա այն մղում հատուկ հեղուկանավերի մեջ: Ընդունող նավահանգստում նույնպես գոյություն ունի նմանատիպ գործարան, ուր և հեղուկ գազը վերածում են սովորական գազի և փոխադրում արդեն խողովակաշարերով: Սա հնարավորություն է ընձեռում կապույտ վառելիք փոխադրել աշխարհի ցանկացած կետից: Վերջին տարիներին եվրոպական հեղուկ գազի տերմինալների թողունակությունն աճել է մինչև 180 միլիարդ խորանարդ մետր:
Պահանջարկի հետ աճում է նաև հեղուկ գազի արտադրությունը. փորձագետների հաշվարկով` առաջիկա երեք տասնամյակներին այն կաճի մոտ 50 տոկոսով: Ըստ կանխատեսումների, 2012-ին դա կազմելու է 400 միլիարդ խորանարդ մետր, ինչը Եվրոպայի համար կարող է նշանակել «խողովակաշարերի դարաշրջանի» ավարտ: Հեղուկ գազի Եվրոպայի հիմնական մատակարարներն են Ալժիրը, Եգիպտոսը, Տրինիդադը և Տոբագոն, Քաթարը, վերջին շրջանում նաև` Նորվեգիան: Այս ցանկն աճելու միտում ունի: Մասնավորապես, Ադրբեջանը, որի հետախուզված գազի պաշարները գնահատվում են 1,5-2 տրիլիոն խորանարդ մետր, այժմ ցանկանում է տեղ զբաղեցնել առաջատար գազամատակարարների շարքում:
Որպես սպառողի` Եվրոպայի համար հեղուկ գազի առավել գրավիչ կողմերն են.
. լրացուցիչ ծավալների ներմուծման օպերատիվ ավելացման հնարավորությունը գազի ամենաշատ սպառման շրջանում,
. դրա մատակարարման հնարավորությունն է՛լ ավելի մեծաքանակ սպառողներին, որոնք «կապված» չեն մայրուղային գազատարների ենթակառուցվածքին,
. առավել ցածր աշխարհաքաղաքական ու տարանցիկ ռիսկերը նոր տրանսսահմանային ու տրանսկոնտինենտալ գազատարների անցկացման համեմատ։
Միաժամանակ զսպիչ գործոններ են հանդիսանում.
. զգալի նախնական կապիտալ ներդրումների անհրաժեշտությունը,
. գազի հեղուկացման համալիրների շինարարության երկարատևությունը,
. գազահանքերից վերջնական սպառողին գազը հասցնելու ճանապարհին գազի մշակման առավել բարդ տեխնոլոգիաները։
Այսպիսով, ադրբեջանական կողմի համար սեփական գազի հեղուկացումն ու նման կերպ դեպի Եվրոպա արտահանումը.
. կնպաստի ադրբեջանական գազի արտահանման դիվերսիֆիկացմանը,
. եվրոպական երկրների մոտ կբարձրացնի Ադրբեջանի հեղինակությունն ու կշիռը` որպես գազամատակարար երկրի (Եվրոպան էլ ձգտում է ամեն կերպ նվազեցնել Ռուսաստանից ներկրվող գազից ունեցած սեփական կախվածությունը),
. կթուլացնի Ռուսաստանից ու Թուրքիայից և կավելացնի Վրաստանից տարանցիկ կախվածությունը,
. այս նախագծին միջինասիական երկրների միանալու պարագայում է՛լ ավելի կմեծանա Ադրբեջանի դերը` որպես էներգակիրների տարանցիկ երկրի,
. հնարավորություն կընձեռվի առավել նվազ ծախսերով սեփական գազը հասցնել եվրոպական շուկաներ, ինչն առավել կսրի դրանցում առկա մրցակցությունը,
. կավելացնի գազի արտահանումը եվրոպական շուկաներ, ինչի շնորհիվ զգալիորեն կհամալրվի պետբյուջեն, քանի որ դա հիմնականում տեղի է ունենում էներգակիրների հաշվին,
. մեծ հարված կհասցնի «Նաբուկո» նախագծին` հաշվի առնելով դրա լիաբեռնման խնդիրը,
. կնպաստի երկրում նոր գազահանքերի հետախուզմանն ու արդյունահանման ընդլայնմանը։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ