38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԵՐԸ
09.02.2010 | 00:00

Ադրբեջանում առաջատար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը «Մուսավաթն» է, որի ներկայացուցիչները համարում են, թե իրենք ժառանգորդներն են 1918-20-ին երկիրը կառավարած համանուն կուսակցության։ Դրա համար կան հիմքեր, որովհետև ժամանակակից «Մուսավաթը» թուրք-ազերիների ծայրահեղ ազգայնական կուսակցությունն է և ներառում է ադրբեջանական ազգայնական մտավորականության սերուցքը։ Այն գլխավորում է մտավորական Իսա Ղամբարը, որն ունի հարուստ քաղաքական փորձ և նախագահական պաշտոնի առաջատար հավակնորդն է ընդդիմությունից։
«Մուսավաթը» պանթուրքիզմի գաղափարախոսության հետևորդ է, հանդես է գալիս Թուրքիայի հետ կոնֆեդերացիա ստեղծելու, ղարաբաղյան հարցին ռազմական լուծում տալու օգտին, ունի հակաիրանական և հակառուսական ուղղվածություն։ Այս կուսակցությունը պատկերացնում է Ադրբեջանի պետական համակարգը որպես Թուրքիայի աշխարհիկ մոդելի կրկնօրինակ։ Կուսակցությունը մեծ ժողովրդականություն է վայելում հասարակության բոլոր խավերում, այդ թվում` գավառներում։ Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Մուսավաթը» իրականում ստացել է ձայների ոչ պակաս, քան 40 տոկոսը։ Կուսակցությունն այլընտրանք չունեցող գործընկեր է թուրքական գլխավոր շտաբի և Թուրքիայի Ազգայնական գործունեության կուսակցության («Գորշ գայլեր») համար, կապեր ունի Թուրքիայի կառավարամետ հիմնադրամների հետ, համագործակցում է պանթուրքիստական տրամադրություններ ունեցող թուրքական գործարար շրջանակների հետ։ Միաժամանակ «Մուսավաթը» Մեծ Բրիտանիայի և «Բրիտիշ Պետրոլիում» կոնցեռնի շահերի արտահայտիչն է Ադրբեջանում և, փաստորեն, երկու պետությունների` Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի գործընկերը։ Գործնականում սա միակ կուսակցությունն է, որը բավականին մեծ ազդեցություն ունի զինված ուժերի վրա։ «Մուսավաթի» նախաձեռնությամբ ժամանակին ստեղծվեց «Դեմոկրատական կոնգրես» անվանումով միջկուսակցական կազմակերպություն, ինչի շնորհիվ էլ ընդլայնվեցին կուսակցության սոցիալական բազան և նրան ցուցաբերվող քաղաքական աջակցությունը։
Իր ազդեցությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցությունը «Միլլի Իստիգլալն» է (Ազգային անկախության կուսակցություն), որը հիմնադրել և երկար ժամանակ ղեկավարել է նախկին խորհրդային այլախոհ Էհթիբար Մամեդովը։ Այս կուսակցությունը տարբերվում է «Մուսավաթից». այն աջ լիբերալ քաղաքական ուժ է, որը ձգտում է ձեռք բերել եվրոպական գործելաոճ և քարոզում է ազատական արժեքներ։ Զգալի ազդեցություն ունի քաղաքային բնակչության շրջանում, սակայն ժողովրդականություն չի վայելում գավառում և այդ իմաստով զիջում է «Մուսավաթին»։ Այս կուսակցությունը քարոզում է արևմտյան հանրության կառույցներին արագացված ինտեգրվելու գաղափարը։ «Միլլի Իստիգլալն» ու նրա առաջնորդ Էհթիբար Մամեդովը լուրջ հեղինակություն ունեն Արևմուտքում, վստահելի են արևմտյան դիվանագետների շրջանում, հավակնում են նախագահի պաշտոնին, հնարավորություն ունեն օգտվելու արևմտյան հիմնադրամների ֆինանսներից և ապահովված են միջոցներով ու սեփական մամուլով։ Էհթիբար Մամեդովը, ի տարբերություն Իսա Ղամբարի, միշտ փորձել է թույլ չտալ ծայրահեղ ազգայնական դրսևորումներ։ Այս կուսակցությունը Թուրքիային չի համարում իր առաջատար գործընկերը և նախընտրում է կապեր հաստատել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Թուրքիան էլ շահագրգռված չէ այս կուսակցությամբ, որի առաջնորդները ձգտում են եվրոպացիներից ավելի եվրոպացի լինել։
Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի (Ալիև) մահից հետո նրա գլխավորած «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» կիսվեց երկու մրցակցող կուսակցությունների։ Մի մասը, որն ընդունված է անվանել «Դասականներ», գլխավորում են Հասան Հասանովն ու Զելիմխան Մամեդալին։ Այս թևը չունի ընդգծված առաջնորդ, առավել ևս` նախագահի պաշտոնի իրական հավակնորդ։ «Ժողովրդական ճակատի» «դասական» թևի ներկայացուցիչները զգալիորեն կորցրել են նախկին ժողովրդականությունը, ապակազմակերպված են, սակայն կուսակցության առաջնորդները որոշակիորեն խարիզմատիկ են, և այս ուժը տիրապետում է որոշակի ֆինանսական միջոցների։ Նրանց գաղափարախոսությունն ու քաղաքական նպատակները շատ կողմերով համարժեք են «Մուսավաթ» կուսակցությանը, և կա սերտ համագործակցություն։ Թուրքիան «Ժողովրդական ճակատի» երկու թևերն էլ դիտարկում է որպես իր քաղաքական գործընկեր Էլչիբեյի հետևորդներ, սակայն հազիվ թե Անկարան երբևէ լրջորեն խաղագումար դնի «Ժողովրդական ճակատի» վրա։ Նախկինում «Դեմոկրատական կոնգրեսի» շրջանակներում գոյություն ուներ դաշինք «Մուսավաթի», «Միլլի Իստիգլալի» և «Ժողովրդական ճակատի» «դասական» թևի միջև, ինչը հնարավորություն էր տալիս կողմերին հանգելու որոշակի պայմանավորվածությունների։ Թուրքական դեսպանատունն Ադրբեջանում փորձեց ամրապնդել այս դաշինքը` «Մուսավաթի» առաջնորդության պայմանով, ինչը չհաջողվեց։ «Մուսավաթը» բոյկոտեց վերջին նախագահական ընտրությունները, ինչն առաջացրեց դաշնակիցների քննադատությունը։ Բացի այդ, Իսա Ղամբարն ու Էհթիբար Մամեդովը, լինելով խիստ հավակնոտ քաղաքական գործիչներ, չցանկացան միմյանց զիջել քաղաքական բեմահարթակը։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ունեցավ այն, որ «Մուսավաթին» հաջողվեց, ըստ էության, կլանել «Դեմոկրատական կոնգրեսը» և իր կողմը քաշել ավելի փոքր կուսակցություններին ու խմբավորումներին։ Մինչդեռ Էհթիբար Մամեդովը միշտ զգուշացել է Իսա Ղամբարի և նրա կողմնակիցների ծայրահեղ ազգայնական հռետորաբանությունից։ Արդյունքում երեք կուսակցությունների դաշինքը դադարեց արդիական լինելուց, իսկ «Դեմոկրատական կոնգրեսը» վերածվեց մուսավաթամետ կազմակերպության։
Բավական ազդեցիկ է նաև «Ժողովրդական ճակատի» մյուս թևը, որը համարվում է «բարեփոխիչների» թև։ Այն ունի ընդգծված առաջնորդ ի դեմս Ալի Քերիմլիի` երիտասարդ ու հավակնոտ քաղաքական մի գործչի, որը, անկասկած, նույնպես հավակնում է նախագահի պաշտոնին։ «Ժողովրդական ճակատի» այս թևն աչքի է ընկնում ոչ թե ազգայնական ու արմատական, այլ չափավոր աջ հայացքներով և ազգային-պահպանողական կուսակցություն է։ Հենց այս քաղաքական ուժն էլ դարձավ Էհթիբար Մամեդովի ու նրա գլխավորած «Միլլի Իստիգլալի» գործընկերը, թեպետ զիջում էր այդ քաղաքական ուժին բոլոր չափորոշիչներով։ Սակայն Թուրքիան կասկածով է վերաբերվում այս կուսակցությանն ու նրա առաջնորդներին։
Հասարակության մեջ զգալի ժողովրդականություն ունի նաև Ադրբեջանի նախկին դատախազ Իլյաս Իսմայիլովը, որը գլխավորում է «Ադալյաթ» կուսակցությունը։ Նախկինում այս ուժը մասն էր «Դեմոկրատական կուսակցության», որը գլխավորում և ֆինանսավորում է վտարանդիության մեջ գտնվող խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը, ով բնակվում է ԱՄՆ-ում։ «Ադալյաթ» կուսակցությունը ժողովրդականություն է վայելում խորհրդային նախկին «ապարատչիկների» և իրավապահ կառույցների նախկին աշխատակիցների շրջանում։ Սակայն Իլյաս Իսմայիլովը, այնուհանդերձ, ադրբեջանական ընդդիմադիր գործիչների «երկրորդ էշելոնից է» և չի կարող լրջորեն հավակնել նախագահի պաշտոնին։ Հետաքրքրական է այն, որ նա սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ։
Մինչդեռ «Դեմոկրատական կուսակցությունը» ներառում է Ադրբեջանում իշխող ներկայիս ռեժիմի արմատական հակառակորդներին ու նախագահի պաշտոնում տեսնում է Ռասուլ Գուլիևին։ Երկար ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմը և առանձին խմբավորումներ, որոնք կապված էին նավթային բիզնեսի հետ, հետաքրքրություն էին ցուցաբերում այս քաղաքական գործչի նկատմամբ։ Սակայն, ամերիկյան փորձագետների կարծիքով, այդ հետաքրքրությունը վերացել է, քանզի ԱՄՆ-ում առհասարակ նվազել է հետաքրքրվածությունն Ադրբեջանով։ Երկար ժամանակ Ռասուլ Գուլիևը, տիրապետելով խոշոր` 100-300 մլն դոլար կարողության, շռայլորեն ֆինանսավորում էր բազմաթիվ կուսակցությունների, այդ թվում` «Մուսավաթին» ու «Միլլի Իստիգլալին», ինչպես նաև ընդդիմադիր մամուլը` հուսալով նրանց աջակցությունը։ Սակայն վերջին շրջանում այն դադարեցրել է։ Գուլիևը ֆինանսավորում է միայն իր քաղաքական ուժին և աշխատում է ֆինանսապես շահագրգռել մի շարք փոքր կուսակցությունների և լրատվամիջոցների։ Ադրբեջանում «Դեմոկրատական կուսակցության» առաջնորդը բավարար ժողովրդականություն վայելող գործիչ Սարդար Ջալալօղլուն է, որի ուսերին էլ դրված է կազմակերպչական գործունեության ամբողջ պատասխանատվությունը։ Այս կուսակցության ֆունկցիոներները հայտարարել են, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Ռասուլ Գուլիևը միգուցե և վերադառնա Ադրբեջան, ինչը դժվար է պատկերացնել։ Որովհետև նրա դեմ քրեական գործ կա հարուցված` խոշոր չափերի կոռուպցիայի և պետական միջոցների յուրացման մեղադրանքով։ Այնուհանդերձ, «Դեմոկրատական կուսակցությունը» ունի նաև այլ հավակնոտ առաջնորդներ, հանձինս կուսակցության քարտուղարներ Նաթիգ Ջաբիևի և Այդին Գուլիևի։ Ադրբեջանում բավական շատ են Ռասուլ Գուլիևի կողմնակիցները, սակայն այդ ամենը մինչ օրս ակնհայտորեն բավարար չի եղել նախագահի պաշտոնին լրջորեն հավակնելու համար։
Վերոնշյալ կուսակցությունները չունեն իրական ազդեցություն հասարակության մեջ։ Դրանք ավելի շուտ ոչ մեծ խմբավորումներ են, որոնք ունեն 100-500 ակտիվ անդամ և 1000-2000 համակիր։ Նույնիսկ այս կուսակցությունների կամ դրանց մի մասի միավորումը չի հանգեցնի շոշափելի քաղաքական հաջողության։ Նրանց գլխավոր խնդիրը, իբրև ընդդիմադիր ուժերի, «Մուսավաթին» կամ «Միլլի Իստիգլալին» աջակցելն է։ Բնութագրական է, որ կուսակցությունների բացարձակ մեծամասնությունը կորցրել է նաև միավորվելու ընդունակությունը։ Մի շարք կուսակցություններ նպատակադրել են ընդամենն իշխանության հետ համագործակցելու որևէ ձև գտնել։ Ադրբեջանական քաղաքական կուսակցություններից Ռուսաստանի հետ սերտ համագործակցում է Այազ Մութալիբովի խմբավորումը, ինչպես նաև համանման ձգտում է ցուցաբերում «Ադալյաթ» կուսակցության առաջնորդ Իլյաս Իսմայիլովը։ Մոսկվայի հետ համագործակցությանը շատ դրական էին վերաբերվում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու նրա նախկին առաջնորդ Արազ Ալիզադեն։
Հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում տիրող իրավիճակի և նախընտրական գործընթացների վրա, հատկապես այն բանից հետո, երբ Անկարայում իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Թուրքական չափավոր իսլամիստների գաղափարախոսական հիմքը «նուրչուլյարն» է, այսինքն` հոգևոր գործիչ Սաիդ Նուրսիի գաղափարասոցիալական հայեցակարգը, ինչն էլ Ադրբեջանում քարոզում է չափավոր իսլամիստների առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենը։ Այդ գաղափարախոսությունը ձախ-կենտրոնամետ իսլամական մոդել է և լայնորեն քարոզվում է Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններում։ Չի կարելի պնդել, թե պանթուրքիզմն է այս կուսակցության հիմքը, սակայն թուրքալեզու ժողովուրդների ու պետությունների միավորման այդ դոկտրինը քաղաքական ծրագրի կարևոր մասն է։ Ռեջեբ Թաիփ Էրդողանի առաջին այցն Ադրբեջան հիասթափեցնող էր ընդդիմադիր կուսակցությունների և նույնիսկ պաշտոնական շրջանակների համար։ Թուրքիայի վարչապետը գործնականում չցանկացավ առարկայորեն քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, չմիջամտեց ներքաղաքական գործընթացներին և չտվեց որևէ գնահատական։ «Մուսավաթ» կուսակցությունը հուսով էր, որ համագործակցություն կհաստատվի Թուրքիայի նոր վարչակազմի հետ, սակայն համապատասխան ազդանշան թուրքերից չստացավ։ Էրդողանը նախընտրեց քննարկել տնտեսական պրոբլեմները, կասպիական էներգակիրների ձեռք բերման հնարավորությունները, և չնայած ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումներին, այդ այցը ոչինչ չտվեց։ Թուրքիան չկարողացավ Ադրբեջանին առաջարկել լուրջ տնտեսական օգնություն, չի կարող նրա փոխարեն լուծել նաև Ղարաբաղի հարցը։ Այդ իսկ պատճառով հեռանկարում Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններն իրենց քաղաքականությունը պետք է կառուցեն եվրոպական կառույցների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման վրա։ Այդ իմաստով իրավացի էր նախագահի պաշտոնի հավակնորդներից Էհթիբար Մամեդովը, որը նախօրոք զգուշացնում էր, թե անհրաժեշտ է լայն աջակցություն ապահովել Արևմուտքում, այլ ոչ թե Թուրքիայում, ինչի հույսն ուներ «Մուսավաթ» կուսակցությունը։
Ադրբեջանական կառավարող ռեժիմն առայժմ ունի զգալի քաղաքական ռեսուրսներ և կադրեր իշխանությունը պահելու համար։ Շատ բան կախված է լինելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Հենց այդ գործոններն են, և ոչ թե ղարաբաղյան հիմնահարցը, առաջնային բնակչության համար։ Միևնույն ժամանակ, այսպես թե այնպես, ադրբեջանական ներկայիս ռեժիմն ավելի ու ավելի է ձգտելու դեպի Արևմուտք, և չնայած այդ համատեքստում ՆԱՏՕ ընդգրկվելու մասին հայտարարություններին, Ռուսաստանի համար էլ այս փուլում նախընտրելի է լինելու համագործակցությունն Ալիևների ընտանիքի հետ։ Նույնը նպատակահարմար է նաև Իրանի ու Հայաստանի համար, որովհետև այս ռեժիմին այլընտրանք կարող է դառնալ այնպիսի կառավարող թիմի ձևավորումը, որը Ռուսաստանի նկատմամբ կիրականացնի առավել թշնամական քաղաքականություն։
ԱՄՆ-ն ու Թուրքիան Ադրբեջանում հետապնդում են ինչ-որ տեղ միմյանց համընկնող, բայց և տարբերվող նպատակներ։ Ամերիկացիները հարկադրված են հաշվի նստել «Մուսավաթ» կուսակցության ժողովրդականության ու ազդեցության հետ, բայց բոլորովին հիացմունք չեն ապրում այդ աջ-ազգայնական կուսակցության իշխանությունում հայտնվելու հավանականությունից։ Ինչ-որ չափով պատճառը նաև այն է, որ «Մուսավաթը» կապված է բրիտանական կապիտալին, ինչպես նաև սերտ կապեր ունի Թուրքիայի հետ։ ԱՄՆ-ը չէր ցանկանա Ադրբեջանում իշխանության գլուխ տեսնել այնպիսի քաղաքական կուսակցությունների կամ խմբավորումների, որոնք դավանում են ծայրահեղ գաղափարներ և պատրաստ են արտաքին ռազմական ագրեսիայի իրագործման։ ԱՄՆ-ը ցանկանում է հարավկովկասյան պետություններում իշխանության գլուխ տեսնել պրագմատիկների: «Ենի Ադրբեջան» կառավարող կուսակցությունը, ամերիկացիների պատկերացմամբ, հենց այդ օպտիմալ տարբերակն է։ Այդ խմբավորումը և նրա առաջնորդ Ալիևների «ընտանիքը» գործնականում երբևէ լիովին ձեռնտու չեն եղել ԱՄՆ-ին։ Բայց ամերիկացիների համար լիովին ընդունելի լիբերալ-դեմոկրատական ուժերն Ադրբեջանում այդքան ազդեցիկ չեն ու իրական շանսեր չունեն նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաղթելու։ ԱՄՆ-ի «Ժողովրդավարության ազգային ինստիտուտում», որը որոշ ծրագրեր է իրագործում հետխորհրդային նորանկախ պետություններում, ձևավորվել են որոշակի գնահատականներ Ադրբեջանում քաղաքական իրադրության կապակցությամբ։ Ըստ այդ գնահատականների, հեռանկարում այնտեղ կարող է իշխանության գալ և բավական երկարաժամկետ իշխանությունը պահել ազգայնական քաղաքական խմբավորումը, որը կողմնորոշված կլինի դեպի Թուրքիայում գործող համապատասխան կուսակցություններն ու ուժերը։ Իսկ դա, բնականաբար, կհանգեցնի ավելի մեծ լարվածության տարածաշրջանում և վտանգ կստեղծի էներգակոմունիկացիոն ծրագրերի շարունակության համար։ Թուրքիան ձգտում է Ադրբեջանում իշխանության բերել աջ ազգայնականներին` ելնելով ոչ միայն իր աշխարհաքաղաքական հավակնություններից, այլև խնդիր ունի կարճ ժամանակահատվածի կտրվածքով ստեղծել էներգառեսուրսների մատակարարման հուսալի աղբյուրներ։ Սակայն Անկարայում թերևս հասկացել են, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն ադրբեջանական նավթի ու գազի վրա լիարժեք վերահսկողություն հաստատելու դեպքում, այսինքն` դուրս մղելով Բրիտանիային։ Մի կողմից` Թուրքիայի և Իսրայելի, և մյուս կողմից` Բրիտանիայի միջև գոյություն ունի թաքնված հակադրություն կասպիական նավթի ու գազի արդյունահանման ու տարանցման հետ կապված։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի միջև գոյություն ունեցող հակադրությունը դարձել է լրացուցիչ բաղադրիչ նաև ամերիկա-թուրքական հարաբերություններում։ Դա չի կարող չբարդացնել խաղարկային իրավիճակը, և Ադրբեջանը հարկադրված է քայլեր կատարել ու ենթարկվել ռիսկի։ Եվ այդ խաղում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հակասություններն ավելի ու ավելի ի հայտ կգան, ինչը կհանգեցնի նրան, որ Թուրքիան կսկսի որոնել իր համար ավելի ընդունելի քաղաքական խմբեր, որոնք իշխանության գալու դեպքում ավելի մեծ չափով հաշվի կառնեն թուրքական շահերը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ