Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Եթե «ճանապարհային քարտեզի» փոխարեն հրապարակվեր բազմապատկման աղյուսակը, միևնույն է, նույնքան ցավագին էր ընդունվելու»

«Եթե «ճանապարհային քարտեզի» փոխարեն հրապարակվեր բազմապատկման աղյուսակը, միևնույն է, նույնքան ցավագին էր ընդունվելու»
01.05.2009 | 00:00

«ԵՐՐՈՐԴ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԻԱՅՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ Է ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
Ապրիլի 28-29-ը Երևանում անցկացվեց «Կովկաս-2008» միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտը։ Ներկա էին փորձագետներ Ռուսաստանից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից։ Տարածաշրջանի ընդհանուր զարգացումների համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հետ կապված «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանեց Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ։
-Պարոն Իսկանդարյան, Դուք կոնֆերանսում հիմնական զեկուցողն էիք, սակայն նաև իրարամերժ կարծիքներ արտահայտվեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում, հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները հանգեցնելու են տարածաշրջանում Հայաստանի դիրքերի թուլացմա՞ն, թե ընդհակառակը։
-Ինչ վերաբերում է կոնֆերանսին, ապա տարաբնույթ կարծիքների հնչեցումը շատ բնական է, ընդհանուր առմամբ այդ նպատակով էլ կազմակերպել էինք այդ միջոցառումը, որպեսզի հնարավոր լիներ լսել տարածաշրջանի մյուս երկրների փորձագետների կարծիքը։ Կարծում եմ` Հայաստանի դիրքերը տարածաշրջանային ներկա կոնֆիգուրացիայում ամրապնդվում են, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը կարող է հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման։ Հայաստանը քիչ թե շատ նորմալ փոխհարաբերություններ ունի միայն երկու հարևանների` Ռուսաստանի և Իրանի հետ։ Իրենց հերթին Վրաստանն ու Իրանը բավական բարդ փոխհարաբերություններ ունեն. առաջինը` Ռուսաստանի, երկրորդը` ԱՄՆ-ի հետ։ Երրորդ սահման ունենալը միայն ամրապնդելու է մեր դիրքերը տարածաշրջանում։ Այլ հարց է, որ այդ գործընթացն ավարտված չէ և կարող է ընդհատվել կամ հետընթաց արձանագրել։
-Սակայն Հայաստանում բոլորովին էլ միանշանակ չի ընկալվում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը և հատկապես հայտարարությունը, որ ստորագրվեց Թուրքիայի հետ համատեղ «ճանապարհային քարտեզի» ձևով։ Դուք մտավախություններ չունե՞ք այս կապակցությամբ։
-Մտավախություններ միշտ էլ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ չպետք է աշխատել բոլոր ուղղություններով։ Կարծում եմ, «ճանապարհային քարտեզի» հետ կապված ցավագին ընկալումը մեր հասարակության մեջ բոլորովին այլ պատճառ ունի։ Մեր հասարակությունը մասնատված է, տարաբաժանված, և եթե «ճանապարհային քարտեզի» փոխարեն հրապարակվեր, ասենք, բազմապատկման աղյուսակը, միևնույն է, նույնքան ցավագին էր ընդունվելու հասարակության կողմից։ Որովհետև հանրությունը հակված էր բացասական արդյունքների, դավաճանության, ցավագին է ընդունում ամեն ինչ Թուրքիայի հետ կապված և ցանկացած քայլ, որ կատարում է կառավարող էլիտան։ Մասնավորապես Ղարաբաղը վաճառելու մասին լուրերը ես լսում եմ 1992-ից սկսած։ Այսինքն, հասարակական տրամադրություններն են պատճառը, ոչ թե այն, ինչ գրված է այդ թղթի մեջ, և որը մենք դեռևս չենք տեսել։
-Բայց ոչ միայն հասարակությունը, այլև տասը տարի իշխանության մաս կազմող կուսակցությունը` ՀՅԴ-ն, դուրս եկավ կառավարող կոալիցիայից միայն այդ հայտարարության ստորագրման պատճառով։ Սա հիմնավորված մտահոգություն չէ՞, թե՞ միայն գաղափարախոսական, նեղկուսակցական շահերի դրսևորում։
-Հիմնավորված մտահոգությունները, գաղափարախոսական ու նեղկուսակցական շահերը միասին կազմում են քաղաքականությունը։ Դաշնակցությունն արեց այն, ինչ արեց, այն պարզ պատճառով, որ դա դաշնակցությունն է։ Կան բաներ, որ քաղաքական գործիչները չեն կարող չանել։ ՀՅԴ-ն ունի իր ընտրազանգվածը, հեղինակությունը, սփյուռքի գաղթօջախներում համակիրների զանգվածը և արեց այն քայլը, որը պարտավոր էր անել իբրև քաղաքական կուսակցություն։ Այս հարցի շուրջ կարելի է վիճել կամ չվիճել, չեմ կասկածում, որ քիչ վեճեր չեն եղել հենց դաշնակցության ներսում։ Այս որոշումը նրանց համար հեշտ որոշում չէ, բայց դաշնակցականների ընտրությունը տրամաբանական է, պատահական չէ, դա քաղաքական կեցվածք է կամ գործելաոճ։
Ինչ վերաբերում է պատճառների հիմնավորվածությանը, ապա պատճառը հաստատ այն չէ, որ ստորագրված է մի թուղթ, ուր ոչինչ չկա գրված կամ գրված են ինչ-որ բաներ, որից մենք տեղյակ չենք։ Հասարակությունը հակված է ցավագին ընդունելու հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ցանկացած դրսևորում, և դաշնակցությունը, տվյալ դեպքում, իրեն պահել է հասարակական կարծիքին համարժեք։
-Ըստ Ձեզ, իշխանության դիրքերն այս հայտարարության ստորագրման և ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու արդյունքում թուլացա՞ն, թե՞ ոչ։
-Իշխանության դիրքերը, լեգիտիմության առումով, այնքան էլ ուժեղ չեն, բայց դա վերջին ամսվա զարգացումների հետևանքը չէ, այլ ավելի երկարատև գործընթացի։ Ինչ վերաբերում է ստորագրված «ճանապարհային քարտեզին», ապա եկեք ընդունենք, որ խաղն առայժմ ավարտված չէ։ Պարտիան սկսվել է, բայց կավարտվի այն ժամանակ, երբ հասկանալի կլինի, թե ինչ քայլեր են սպասվում Թուրքիայից որպես զիջում, և ինչ քայլեր ենք կատարելու մենք։ Ի վերջո, այդ փաստաթուղթը կհրապարակվի և կպարզվի, որ, ասենք, Ղարաբաղի հետ կապված այնտեղ ընդհանրապես ոչ մի բան չկա։ Ինչպես նաև Կարսի պայմանագիրը որևէ ձևով հիշատակված չէ, և այդ հանգամանքը, բնականաբար, կազդի հասարակական կարծիքի ու տրամադրությունների վրա։
-Իսկ Դուք վստա՞հ եք, որ Ղարաբաղի հետ կապված և Կարսի պայմանագրի առնչությամբ հղումներ չկան այդ փաստաթղթում։
-Այո՛, վստահ եմ։ Բայց, մի կողմից, հնարավոր է, որ լինեն ձևակերպումներ պատմաբանների հանձնաժողով կամ ենթահանձնաժողով ձևավորելու մասին, ուր ենթադրվում է քննարկման առարկա դարձնել որոշ խնդիրներ, որ կողմերը կարևորում են կամ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա։ Եվ դա էլ իր ազդեցությունը կունենա հանրային տրամադրությունների վրա։ Բայց, կրկնում եմ, պարտիան ավարտված չէ, և մինչ այդ դեռ ճանապարհ կա անցնելու։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3008

Մեկնաբանություններ

վազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am