38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
05.02.2010 | 00:00

Հյուսիսարևմտյան Չինաստանը, այդ թվում` Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանը, սահմանակից է Կենտրոնական Ասիային։ Այս տարածաշրջանների բնական և կլիմայական պայմանները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը, համարժեք են։ Բայց հենց այստեղ էլ նրանց ընդհանրությունն ավարտվում է։ Եթե 1960-70-ականներին համաշխարհային էքստրեմիզմի ու ահաբեկչության «պիկն» առնչվում էր հիմնականում Եվրոպային, ապա հիմա այն տեղափոխվում է հետխորհրդային տարածք։
Իսկ Կենտրոնական Ասիայում ստեղծվել են իսկապես բարենպաստ քաղաքական, սոցիալական, տնտեսական, հոգևոր, հոգեբանական ու աշխահաքաղաքական պայմաններ այդպիսի գործունեության համար։ Վերջին իրադարձությունների վերլուծությունը հաստատում է, որ այդպիսի սպառնալիք գոյություն ունի նաև Հյուսիսարևմտյան Չինաստանում։ Այս տարածաշրջանում կրոնական գաղափարները համադրված են ազգային ազատագրական ձգտումների հետ։ ԽՍՀՄ-ի փլուզման հետ մեկտեղ Կենտրոնասիական տարածաշրջանը դարձավ առավել անկայուններից մեկը։ Կենտրոնական Ասիան իր խորհրդային ու չինական հատվածներով միշտ էլ եղել է մրցակցության հրապարակ արևմտյան տերությունների, Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Ներկայումս այդ տարածաշրջանում անկայունության հիմնական նախաձեռնողներն ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան են, ինչպես նաև նրանց հետ սերտ հարաբերություններ ունեցող պետությունները` Պակիստանն ու Թուրքիան։ Չինաստանը, իբրև սոցիալիստական պետություն, ժամանակին միշտ մեծ նշանակություն էր տալիս ազգային-պետական ինքնավար կազմավորումների ստեղծմանը և զարգացմանը ինչպես այս, այնպես էլ այլ տարածաշրջաններում։ Գտնվելով Չինաստանի կազմում` այդ տարածքները նկատելիորեն վերափոխվեցին ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային առումով` ընդգրկվելով արտադրողական ուժերի զարգացման ընդհանուր գործընթացի մեջ։ Բայց, չնայած որոշ մշակութային և սոցիալ-տնտեսական ձեռքբերումներին, այդ տարածաշրջանի էթնոսները միշտ ենթարկվել են մշտական խտրականության, ստորացման, նրանց մշակույթն ու լեզուն անտեսվել են։
Չինաստանի Սահմանադրության և ազգային շրջանային ինքնավարության մասին օրենքի համաձայն, 1955-ի հոկտեմբերին հռչակվեց Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանը, որի մայրաքաղաքը դարձավ ՈՒրումչին։ Այն ներառում է երեք օկրուգ, այդ թվում` հինգ ինքնավար գավառ, 19 քաղաք, 849 քաղաքատիպ ավան։ Շրջանի տարածքը գերազանցում է 1 մլն 660 հազար քառակուսի կմ-ն ու կազմում է Չինաստանի ամբողջ տարածքի 1/6 մասը։ Դա Չինաստանի սահմաններում խոշորագույն ինքնավար շրջանն է, որի բնակչությունը շուրջ 17 մլն է` բաղկացած 47 ազգություններից։ Էթնիկական խմբերը, իբրև ազգային փոքրամասնություններ, էթնիկ չինացիներից բացի, կազմում են 10 մլն 460 հազար մարդ, կամ ամբողջ ինքնավար շրջանի բնակչության 62 տոկոսը։ Դրանցից ույղուրներ են 7 մլն 916 հազարը, 1 մլն 257 հազարը` ղազախ, 760 հազարը` խեյ-դունգաններ, 165 հազարը` ղրղզ, 33,5 հազարը` տաջիկ, 13,5 հազարը` ուզբեկ։ Ավելի քան 10 ազգությունների ներկայացուցիչներն իսլամ են դավանում, ընդ որում, միաժամանակ ունեն լեզվական առումով ընդհանուր թյուրքական արմատներ և ընդհանուր պատմական ավանդույթներ։ Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանի սահմանները Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Աֆղանստանի ու Պակիստանի հետ կազմում են 5400 կմ, որը Չինաստանի ցամաքային սահմանների 25 տոկոսն է։ Հսկիչ անցակետերի թվաքանակով այս տարածաշրջանն առաջինն է ողջ Չինաստանում։ Ընդ որում, սահմանային գոտին հիմնականում անցնում է բարդ լանդշաֆտ ունեցող տարածքով և անմարդաբնակ է։ Այդ իսկ պատճառով սահմանի խախտումը և Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջան ու ավելի հեռու թափանցելն այնքան էլ բարդ չէ։ Երբ 1995-ին կառուցվեց ՈՒրումչի-Ալշանկոուլ երկաթուղին և բացվեց եվրասիական մայրցամաքային կամուրջը, որի երկրորդ` Կաշգարից մինչև Բիշքեկ գիծը կառուցվում է հիմա, Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանը դարձավ Չինաստանի արտաքին առևտրի և մշակույթի հիմնական կապող օղակներից մեկը։ Բայց, ինչպես չինացիներն են ասում, շանսն ու վտանգը միշտ միասին են և, ըստ այդմ, այդ տարածաշրջանի վրա ուշադրություն դարձրին միջազգային ծայրահեղականներն ու ահաբեկիչները։
Չինաստանի Սահմանադրության համաձայն, ցանկացած քաղաքացի դավանանքի և աթեիզմ քարոզելու ազատ իրավունք ունի։ Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանում բնակչությունը դավանում է ինչպես իսլամ, այնպես էլ բուդդիզմ, լամաիզմ, դաոսիզմ, շամանիզմ, քրիստոնեություն և այլն։ Հետաքրքիր է նաև Չինաստանի ղեկավարության պաշտոնական տեսակետն այդ տարածաշրջանի իրադրության վերաբերյալ։ Մեջբերենք առանձին հատվածներ, որոնք բնութագրում են Չինաստանի պաշտոնական ու քարոզչական բնույթի փաստաթղթերը. «20-րդ դարի 80-ականներին Չինաստանի կառավարությունն ուղղեց սխալները կրոնական քաղաքականության ոլորտում, որոնք թույլ էին տրվել Մեծ կուլտուրական հեղափոխության գործընթացում և լրջորեն խաթարել հանդուրժողականության ավանդույթը չինական մշակույթում։ Այդ թվում` Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանում գոյություն ունեցող իսլամի նկատմամբ։ Բացի այդ, հետագայում պարզվեց, որ կուլտուրական հեղափոխության տարիներին Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանի վարչակազմի չինովնիկների միջին և ստորին շերտերը ոչ այնքան ճիշտ են ընկալել կենտրոնական կառավարության մտադրությունները և, ըստ այդմ, նախօրոք մշակված մոտեցումները տրանսֆորմացվել էին։ Լարված հարաբերություններ էին ստեղծվել հատկապես մուսուլմանական հոգևորականության հետ` հանգեցնելով նրա բազմաթիվ ներկայացուցիչների բողոքներին, ինչը նպաստում էր կրոնական էքստրեմիզմի աճին»։
Կուլտուրական հեղափոխությունից հետո, 1980-ականների սկզբին Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանի տարածքում պահպանվել էին ընդամենը մի քանի հարյուր մզկիթներ։ 1990-ականների կեսին դրանց թիվը հասավ գրեթե 30 հազարի։ Այդ ժամանակ ակտիվացան նաև «Իսլամի մաքրագործում», «Իսլամական վերածնունդ» շարժումները, որոնք հաղթարշավով անցան ինչպես կենտրոնասիական պետություններում, այնպես էլ Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանում։ Դրանց ազդեցությունը հատկապես նկատելի էր Կաշգար, Աքսու, Խոտան, Քուլջա քաղաքներում։ Անլեգալ գործում էին «Ալլահի իսլամական կուսակցությունը» և այլ արմատական կրոնական կազմակերպություններ, որոնք իսլամը վերածնելու ու մաքրելու իրենց գործունեության ընթացքում հաստատեցին նաև իրենց ծայրահեղական բովանդակությունը։ Միևնույն ժամանակ կրոնական էքստրեմիզմը սկսեց զիջել էթնիկական կամ ազգային ծայրահեղականությանը։ Չինաստանում էթնիկական իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ազգային փոքրամասնությունները մեծ մասամբ բնակվում են երկրի սահմանամերձ շրջաններում, հատկապես Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանում։ Ընդ որում, ույղուրների 80 տոկոսը Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանի հարավային հատվածի` Կաշգարի, Խոտանի, Աքսուի և այլ քաղաքների բնակիչ է, որոնք աշխարհագրական առումով բավական հեռու են երկրի և նույն ինքնավարության տնտեսական կենտրոններից։ Տարիներ շարունակ այստեղ հաջողությամբ գործում են ույղուր ազգայնականները, որոնք ազգամիջյան բախումներ են հրահրում ընդդեմ Չինաստանի կառավարության, ձևավորում ոչ լեգալ կազմակերպություններ և ձգտում ստեղծել միասնական ույղուրական պետություն, որի մեջ պետք է ներառվեն ոչ միայն Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանի, այլև ղազախական Միջագետքի, Ղրղզստանի Օշի մարզի և ՈՒզբեկստանի Ֆերգանայի հովտի տարածքները։
ՈՒյղուրական ազգայնականների գործողություններն արդեն իսկ զգալի գործոնի են վերածվել Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանի ժողովուրդների ազգամիջյան հարաբերություններում։ Նրանք հրահրում են ազգամիջյան և միջպետական բախումներ ամբողջ Կենտրոնական Ասիայով մեկ։ Դա կարևոր ցուցանիշ է Կենտրոնական Ասիան որպես միասնական քաղաքական ու աշխարհաքաղաքական «պոլիգոն» դիտարկելու տեսանկյունից։ Դա նաև նշանակում է, որ հիշյալ տարածաշրջանի ապակայունացման համար օգտագործվում են ունիվերսալ կրոնական, գաղափարական, կուլտուրոլոգիական և քաղաքական մոտեցումներ։ Ներկայումս ակնհայտ է, որ Չինաստանի դեմ կիրառվում են նույն մեթոդները, ինչ նախկին ԽՍՀՄ-ի։ Էթնիկական գործոնը դիտարկվում է իբրև հիմնական` Չինաստանի տարածքային մասնատման առումով։ Եթե ԽՍՀՄ-ում իբրև տարածքային մասնատման հիմնական գործոն կիրառվում էր արմատական լիբերալիզմը, ապա Չինաստանի նկատմամբ այդ գործոնը հիմնականում կրոնա-քաղաքակրթականն է: Իսլամի վերածննդի, մահմեդական հավատի համար սրբազան պատերազմի և վերջապես ժողովրդավարական Արևելյան Թուրքեստանի ստեղծման կարգախոսների ներքո Սինցզյանի անջատականները զանգվածներին կոչ են անում հանդես գալ ընդդեմ պետության և քաղաքականության, ուժային մեթոդներով` ներառյալ ահաբեկչական գործողությունները, սպանություններն ու պայթյունները, փորձում են սրել առանց այն էլ բարդ իրավիճակը: Իսկ թմրանյութերի և զենքի մաքսանենգությամբ լուծում են իրենց ֆինանսական և նյութական այլ խնդիրները: Որոշ եվրոպական փորձագետների պնդմամբ` Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանում կայունությունը վտանգված է նաև կառավարական քաղաքականության պատճառով, քանի որ իշխանություններն էթնիկ չինացիներին վերաբնակեցնում են երկրի արևելքից դեպի հյուսիս-արևմուտք, միաժամանակ աշխատելով սահմանափակել ծնելիությունն ույղուրական ընտանիքներում:
Չինաստանի արևմտյան և արևելյան հատվածների զարգացման անհամաչափությունն ունի խոր պատմական արմատներ: Հնում Սինցզյանը քոչվորական մշակույթի ավանդական կենտրոններից մեկն էր։ Երկար տարիներ բնակչության հիմնական մասը դավանել է իսլամ։ Թեկուզ և նստակյաց, կոնֆուցիական և դաոսական մշակույթը տարածվել է այստեղ վաղուց, սակայն տարբեր մշակույթների միջև հակասությունների հետևանքով դրանք չեն սերտաճել։ Բացի այդ, գերբնակեցվածությունը բերքաբեր շրջաններում միայն լրացուցիչ դժվարություններ է ստեղծել տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմբռնման առումով։ Տարածաշրջանում երկար ժամանակ տարածվել են պանիսլամիզմն ու պանթուրքիզմը, դրանք էական ազդեցություն ունեն առայսօր ոչ միայն ույղուրների, այլև ղազախների և այլ մահմեդական ժողովուրդների շրջանում, ինչն էլ պարբերաբար սադրում է ազգամիջյան բախումներ և նույնիսկ ծայրահեղական բնույթ ունեցող խռովություններ։ Աշխարհաքաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակը Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանում նպաստում է Աֆղանստանից, Պակիստանից, Տաջիկստանից, այլ կենտրոնասիական երկրներից ծայրահեղական գաղափարների ներթափանցմանը և ուղղակի ազդում ինքնավար շրջանի հասարակական իրավիճակի վրա։ Օրինակ, «Իսլամի վերածնունդ» շարժումը կենտրոնասիական պետություններից թափանցեց Սինցզյան։ Սահմանի երկու կողմերում էլ հնչում էին նույն կարգախոսներն իսլամի մաքրության, իսլամական պետության ստեղծման, հանուն մահմեդական հավատի սրբազան պատերազմ վարելու մասին։ Չինական աղբյուրների պնդմամբ, տարածաշրջան զանգվածաբար կրոնական գրականություն է ներմուծվում Աֆղանստանից, Պակիստանից և այլ երկրներից։ Միաժամանակ հայտնվել են նույն երկրներից եկած քարոզիչներ, որոնք քարոզում են կրոնական աբսոլյուտիզմ, դատապարտում են ավանդապաշտներին, ինչն իր դերն է ունեցել հակամարտության խորացման գործում։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ եթե 15 տարի առաջ Սինցզյանում, բացի նեղ մասնագետներից, ոչ ոք ոչինչ չգիտեր վահաբականների մասին, այժմ նրանց ժողովրդականությունն աճում է։ Չնայած այն բանին, որ քաղաքներում ու գյուղերում գործնականում շարունակաբար ոչնչացվում են բոլոր ոչ լեգալ արմատական կազմակերպությունները, նրանց առաջնորդները, միևնույն է, շարունակում են Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանում ավելի գաղտնի ու կանոնակարգված կառույցների ստեղծման աշխատանքը։ Հատկապես ուսանողների և երիտասարդության այլ խմբերի մեջ։ Նրանք շարունակում են իրենց պայքարն ընդդեմ Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանի իշխանությունների և Չինաստանի կառավարության։ Նրանց գործունեությունը չի սահմանափակվում միայն այդ տարածքով, նրանք թափանցում են Պեկին, Շանհայ, Չինաստանի կենտրոնական այլ քաղաքներ։ Նրանք երիտասարդությանը նախապատրաստվելու են ուղարկում Աֆղանստանում, Պակիստանում, անգամ Տաջիկստանում ստեղծված ճամբարներ, իսկ մարտական փորձը ձեռք է բերվում բուն մարտական գործողությունների ընթացքում։ Այսպես, 2000-ի մարտին Չեչնիայում, Կոմսոմոլսկոյե գյուղի մոտ ռուսական զորքերը գերի վերցրին անսովոր զինյալների, որոնք ույղուրական ծագում ունեցող չինացիներ էին։ Այդ շրջանում նկատվել էր նաև ույղուրական զինյալներից բաղկացած «ղազախական» գումարտակը։ Բազմիցս նշվել է, որ Սինցզյանի ծայրահեղական կազմակերպություններն անմիջականորեն կապված են և ֆինանսավորվում են Թուրքիայի ինչպես պետական կառույցների, այնպես էլ տարբեր հասարակական ֆոնդերի կողմից, որոնք, միևնույն է, գործում են պետության վերահսկողության ներքո։
Վճռականորեն խափանելով անլեգալ կառույցների գործունեությունը, Չինաստանի կառավարությունը միաժամանակ աջակցում է տարածաշրջանի կրոնական և այլ լոյալ կազմակերպություններին, երաշխավորում հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու նրանց իրավունքը։ Առավել առաջադեմ հասարակական շերտերը պետության ղեկավարության հետ մեկտեղ աշխատում են ստեղծել պայքարի լայն ճակատ ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ, իսկ կրոնական էքստրեմիզմի և ազգային անջատականության սպառնալիքն իշխանությունը փորձում է չեզոքացնել ավանդական կողմնորոշում ունեցող հոգևորականության և այլ կազմակերպությունների միջոցով, որոնք համաձայն են համագործակցելու իշխանությունների հետ։ Այդ պայքարին, անկասկած, նպաստում է միջազգային համագործակցությունը Չինաստանի և Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև։ Այս պետություններն ավելի վաղ են նկատել իրենց կայունությանը սպառնացող վտանգը։ Հենց դա էլ պայմանավորեց ժամանակին Շանհայի հնգյակի ձևավորումը, իսկ նախաձեռնությունների զարգացումն արդեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում իրականացվում է Թուրքիայի քաղաքականությանը հակազդելու միտումով, քանի որ Անկարան չի թաքցնում իր հավակնությունները Կենտրոնական Ասիայում` կասկածի ենթարկելով այդ պետությունների անվտանգությունը։ Գործնականում Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետությունները նախընտրում են իրենց ռազմավարությունը կառուցել ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ։ Բայց թուրքական աշխարհի լոկոմոտիվներից մեկը դառնալու համար Չինաստանը պետք է կարգ ու կանոն հաստատի և հանդուրժողականություն դրսևորի Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանում ու մասնավորապես թուրքական ծագում ունեցող բնակչության նկատմամբ։ Հնարավոր է` Չինաստանը հարկադրված լինի դիտարկելու Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջանի իրական իրավունքների ընդլայնման հարցը և նրա ու կենտրոնասիական պետությունների ինտեգրացիայի խնդիրն ընդհանուր սոցիալ-մշակութային տարածության մեջ` ռուս-չինական համատեղ հովանավորությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ