Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սուրբ Գրքի ընթերցանությունը

Սուրբ Գրքի ընթերցանությունը
07.07.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների աթոռին չի նստում։
Այլ Տիրոջ օրենքի մեջ է կամքը նրա և գիշեր-ցերեկ Նրա պատվիրանների մասին է խորհում (Սաղմ. Ա 1,2)։
Գիրք գրոցի հարատև ընթերցանությունն աստվածային պատվիրան է և յուրաքանչյուր քրիստոնյայի սրբազան պարտականությունը, եկեղեցու ծիսական կյանքի անքակտելի մասն ու հավատացյալների աստվածապաշտության, այսինքն` աղոթքի, պահքի, ողորմության և պատվիրանապահության օրհնաբեր աղբյուրն ու զորությունը։ Ավելին, այն մարդու կյանքի, գոյության կանոնն է, հաջողության, երջանկության, հասարակական կյանքի ներդաշնակության առհավատչյան։
Ս. Գիրքը բազմիցս կոչ է անում մեզ հարատևելու Աստծո շնորհաբեր խոսքերում. «Այս խոսքերն ի պահ դրեք ձեր մտքերում և ձեր հոգում։ Դրանք որպես նշան կապեցեք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։ Դուք դրանք սովորեցրեք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցեք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք գրեցեք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որ ձեր կյանքը երկար լինի» [Բ Օր. ԺԱ 18-21]։
Հեսու Նավեի գրքում կարդում ենք. «Այս օրենքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպեսզի գիտենաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները, այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս` խելամտորեն կգործես» (Ա 8)։
Աստվածաշնչի հարատև ընթերցանության կարևորությունը, նախ և առաջ, պայմանավորված է Աստծո խոսքի` մարդկությանը շնորհման նպատակով, որը ճշմարտության գիտությանը վերահասու լինելու համար է, ու նաև, ինչպես ասում է Պողոս առաքյալը, «ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ բոլոր բարի գործերի համար» [Բ Տիմ. Գ 16]։
Չափազանց գեղեցիկ խոսք ունի այս մասին տիեզերական վարդապետ ս. Բարսեղ Կեսարացին. «Ինչպես գեղանկարիչները որևէ նկար արտանկարելիս ուշադրությամբ զննելով այն, ջանում են նրա գծերը փոխանցել իրենց ստեղծագործությանը, այդպես էլ առաքինության բոլոր մասերի մեջ նախանձախնդրորեն կատարելություն տենչացողը պետք է ամեն առիթով ուշադրությամբ զննի [աստվածաշնչական] սրբերի վարքը և ընդօրինակելով, ինչ որ բարի է, յուրացնի դրանք»։ Փաստորեն Ս. Գրքի սերտողությունը մարդու մտքի, հոգու և սրտի դաստիարակության, վերափոխման առհավատչյան է, և իբրև այդպիսին եզակի է իր տեսակի մեջ և նմանօրինակը չունի գրքերի աշխարհում։
Վերհիշենք Հայ եկեղեցու մեծ վարպետ Խոսրով Անձևացու խոսքը. «Աստվածասիրությունը Գրքից է ծնվում մարդու մեջ։ Աղոթքների և արտասուքների, պահքի և ողորմության խոնարհության և սիրո հանդեպ սերը Գրքից է ծագում մարդկանց մտքում։ Արիության և համբերության, հուսո և երկյուղի և բոլոր բարեգործությունների պատճառը մեզանում Սուրբ Գիրքն է լինում` մաքուր մտքով կարդալիս»։
Վարք սրբոցը բազում ճշմարտապատում նկարագրություններ է պարունակում այն մասին, թե ինչպես էին սրբերը, Աստվածաշնչի հանապազ ընթերցանությամբ ու Տիրոջ կամքը կատարելով, վերակերտում իրենք իրենց աստվածային լույսով ու առաքինությամբ։ Ինչպես էին Աստծո խոսքում, ինչպես զարմանահրաշ հայելում, տեսնում իրենց մեղքերը, անկատարություններն ու արատները, անկեղծ ապաշխարում, քանզի Աստծո խոսքը ոչ միայն մեր հոգու սնունդն է, այլև, իբրև «երկսայրի» սուր, «կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը, նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» [Եբր. Դ 12]։
Իսկ ինչո՞ւ է հարկավոր Աստծո խոսքով նորոգվելը, մի՞թե մարդը կատարյալ չէ։
Ըստ եկեղեցու ուղղափառ վարդապետության` մեր նախածնողների` Ադամի և Եվայի անհնազանդությունը խաթարեց նրանց սրտի սրբությունն ու ներդաշնակությունը, որը կործանարար հետևանքներ ունեցավ նաև նրանց ժառանգների` մարդկության համար` մի սերնդից մյուսին փոխանցելով։ Մարդու միտքը, կամքը, զգացմունքը մթագնեց, նրա մեջ հաստատվեց «մեղքի օրենքը»։ Մարդը ծնվելուց ի վեր ավելի հակված է չարին, քան բարուն, ինչպես և վկայում է Ծննդոց գիրքը. «Մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է» [Ը 21]։ Իսկ բնածին կամ ձեռքբերովի արատներն ու անկատարությունները, առանց Աստծո խոսքով հոգին հանապազ կատարելագործելու, էլ ավելի ահագնանալու և զորանալու միտում են դրսևորում։
Ահա թե ինչ է այս կապակցությամբ գրում մի իմաստուն հեղինակ. «Աստծո խոսքը սերմ է. արտը, ուր ցորեն չի ցանվել, աճեցնում է մարդու սննդի համար անպիտան որոմ, որը հյութեղ ու գեղեցիկ է, քանի դեռ մատաղ է, և այլանդակ, երբ չորանում է։ Այդպիսին է նաև այն մարդու սիրտը, որի մեջ չի ցանված Աստծո խոսքը, այն մեղքով ապականված իր բնությամբ ոչ մի բարի, աստվածահաճ բան աճեցնել չի կարող»։
Մեր բնատուր հատկությունները կարող են գրավիչ լինել, քանի դեռ լեցուն են պատանեկան եռանդով, խանդավառությամբ, երիտասարդության պոեզիայով։ Ծերանալիս, մի քանի երջանիկ բացառությամբ, մարդու մեջ գերիշխում է բոլորիս այնքան հայտնի չոր, վանող եսասիրությունը։ Սակայն երբ մարդու սիրտը հավատով ընդունում և պահում է Աստծո խոսքի` կենդանի խոսքի սերմը, մաքրագործվում է անպիտան որոմներից` կրքերից և բղջախոհությունից։ Սերմը սրբագործում և կերպարանափոխում է սիրտը և թթխմորի պես, որ խառնվում է ալյուրին, մնալով նրա մեջ, վերածվում է հավիտենական կյանքի սերմի, ինչպես ինքն է հավետ կենդանի ու «կյանքի խոսք»։ Այդժամ նաև ծերության մեջ, ինչպես գրված է սաղմոսում, «երիտասարդությունը նորոգվում է արծվի պես»։ Արդեն ասել ենք, որ հեթանոսության դաժանաբարո և ճղճիմաբարո բարքերը մարդու մեղսալից սրտի և ցանկությունների արտացոլումն էին, և որ աշխարհն իր ներկայիս վիճակով, նախ և առաջ, պարտական է Աստծո խոսքի` մարդու սիրտը վերափոխող և սրբացնող զորությանը։ Սակայն քրիստոնեական դարաշրջանում էլ միշտ եղել են կարճ ու տևական շրջաններ, երբ նկատվել է հեռացում Ս. Գրքից, ինչն անհետևանք մնալ չէր կարող` պայմանավորելով հասարակական կյանքի խոր ճգնաժամը։ Այսպես, 17-րդ դարի պատմագիր Առաքել Դավրիժեցին իր հույժ արժեքավոր «Գիրք պատմությանցում» անդրադառնալով իր ժամանակի ողբալի կացությանը և չար բարքերին, որոնք, անկասկած, աղերսներ ունեն ներկայիս հետ, եզրակացնում է. «Եվ սրանց բոլորի պատճառը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հեռացումը Աստվածաշնչից և Աստծո երկյուղից. բնավ Գրքեր չէին կարդում, աստվածային մատյանները փակվել ու լռել էին, որովհետև խափանվել էր Աստվածաշնչի ընթերցումը, որ արհամարհված էր նրանց աչքում, հողով ու մոխրով պատված` ընկած էին որևէ անկյուն, որովհետև, ըստ Տիրոջ խոսքի, ո՛չ Գիրքն էին ճանաչում, ո՛չ գրքերի զորությունը»։
Ամեն անգամ, ինչպես վկայում են մեր պատմիչներն ու աշխարհի պատմությունը, երբ մարդկությունն անցողիկը գերադասել է հավիտենականից, մարդկայինը` աստվածայինից, սին գաղափարախոսությունը` Աստծո խոսքից, երբ մարդու հոգևոր զգացմունքները զիջել են ստոր բնազդներին, հասարակական կյանքը վատթարացել է, բարոյականությունը խոր անկում ապրել և պայմանավորել քաղաքական, տնտեսական հարատև ճգնաժամը։
Աստվածաշունչն իրեն հատուկ հակիրճությամբ բացահայտում է այս մեծ խորհուրդը. «Առանց մարգարեության և տեսիլքի [այսինքն` Ս. Գրքի] ժողովուրդը կխոտորվի»։ Իսկ Ամոս մարգարեն տալիս է մարդկության թերևս մեծագույն ողբերգության` «հոգու սովի» խորհուրդը։ 10-րդ դարի մատենագիր և մեկնիչ Խոսրով Անձևացին, մեկնելով այս հռչակավոր խոսքը, գրում է. «Մարգարեն նկատի ունի, որ այս սովից սմքում և ապականվում են այն հոգիները, որոնք չեն լսում Աստծո պատգամները։ Քանզի ինչպես մարմինն է մահանում առանց կերակուրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Գրքի խրատների։ Այս մասին է Մովսեսի խոսքը [Բ Օր. Ը 3]»։ Նույն բանը վկայում է նաև Տերն իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» [Ղուկ. Դ 3]։
Եթե առանց Աստծո խոսքի սմքում են մեր հոգիները, ապա սին չե՞ն արդյոք մեր այն հույսերը, որոնք կյանքի բարելավումն ակնկալում են միմիայն քաղաքական, տնտեսական, մշակութային անդաստանների բարեփոխումներից։ «Ավետարանն իբրև կյանքի հիմք» գրքում կարդում ենք. «Լեբրոն` «Ժողովուրդների և զանգվածների հոգեբանությունը» աշխատության հեղինակը, այս կապակցությամբ գրում է. «Միայն մութ զանգվածների և որոշ նեղմիտ մոլեռանդների գլխում դեռ կարող է փայփայվել այն գաղափարը, որ կարևոր հասարակական վերափոխությունները կարելի է կյանքի կոչել բարձրագույն իշխանության օրենքի ուժ ունեցող որոշումներով։ Որոշումների միակ օգտակար դերն այն է, որ դրանք սրբագրում են այն փոփոխությունները, որոնք արդեն կայացրել են բարքերն ու հասարակական կարծիքը։ Այդ որոշումները ոչ թե նախորդում, այլ հաջորդում են դրանց։ Որոշումներով չէ, որ փոխվում են մարդկանց բնավորություններն ու մտքերը։ Հավատալ, որ կառավարման ձևերը բախտորոշ են ժողովրդի կյանքում, նշանակում է անձնատուր լինել մանկական երազանքներին։ Ժողովուրդը չի կարող ազատվել այն ամենից, ինչ բխում է իր իսկ հոգեկան կերտվածքից։ Իր իսկ մեջ է իր ճակատագիրը, այլ ոչ թե արտաքին հանգամանքների»։ Կամ, այլ կերպ ասած, մարդու սիրտն է միայն նրա բովանդակ գործունեության աղբյուրը, հասարակական կյանքի հիմնարար սկզբունքը նրա բարոյական բնությունն է։ Հասարակական կյանքի կատարյալ ձև ի զորու են ստեղծել միայն բարոյապես կատարյալ մարդիկ։
Եվ մի՞թե մեր ներկան, մեր կյանքի ներդաշնակությունը խաթարողը, խորունկ ըմբռնմամբ, մեր մեջ հաստատված մեղքերը չեն` հպարտությունը, ագահությունը, նախանձը, սնափառությունը, եսասիրությունն ու ատելությունը մարդկանց նկատմամբ ու անբարյացակամությունը` ինչ չափով էլ դրանք ի հայտ գան։ Այսինքն` երբ մարդիկ Աստծո խոսքով իրենց վերակերտելու փոխարեն հետևում են իրենց սրտի և աչքերի մեղսալից ցանկություններին` այսպիսով կյանքը վերածում են դժոխքի։
«Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և արդարությունը, և այդ բոլորս Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. Զ 33). այսպիսին է Ավետարանի տեսակետը խնդրո առարկայի մասին, այսինքն` նախ և առաջ հոգու կատարելություն, ապա ամենայն նյութական բարիքներ։ Առանց փոխադարձ սիրո, որը քրիստոնեության էությունն է, կյանքը վերածվում է դժոխքի` ուզենք, թե չուզենք։
Հակոբոս առաքյալը գրում է. «Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում եք և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը, պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին»։
Միով բանիվ` Աստվածաշունչը ոչ միայն խոսում է կատարելության, այս աշխարհում իսկ մեղքերի թողության, ապաշխարության մասին, այլև ունի իր ասելիքը յուրաքանչյուրիս համար։ Նա բացահայտում է մարդու սրտի առեղծվածային խորքերը, տալիս ամեն իրավիճակի ճիշտ, աստվածահաճ գործելու բանալին և ապրելու կանոնը` հիգիենայի, առողջության ոլորտից մինչև ընկերային, քաղաքական ու տնտեսական ոլորտը, դառնում մեր ամենօրյա իմաստուն ու հավատարիմ խորհրդակիցը մեր ոչ դյուրին երկրային կյանքում։ Ճիշտ կատարյալ կյանքով ապրելուն, սակայն, նախորդում է զօրուգիշեր Ս. Գրքի ընթերցանության մեջ հարատևելը։
Այդպիսի մեկը, ով հարատևում է Ս. Գրքի ընթերցանության մեջ, ըստ առաջին սաղմոսի. «Նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան» (Ա 3)։
Սակայն Աստվածաշունչն ուղղափառորեն և առավելագույն արդյունավետությամբ յուրացնելու համար անհրաժեշտ է ճանաչել ու տիրապետել հոգևոր ընթերցանության կերպերը, որոնք ընդհանրության եզր չունեն աշխարհիկ գրքերի յուրացման հետ և էապես ու շահեկանորեն տարբերվում են վերջիններից։ Եկեղեցու շնորհակիր հայրերը դարերի ընթացքում ստեղծել ու մշակել են Աստծո խոսքը սերտելու մի կուռ համակարգ, որը համաշխարհային պրակտիկայում իր նմանօրինակը չունի և, անկասկած, կօգնի մեզ խորապես ընկալելու այս հույժ օրհնյալ Գիրքը և ապրելու նրա սուրբ կանոնների համաձայն։
Մեր հոդվածաշարում, կամոքն Աստծո, բազմիցս կանդրադառնանք սուրբգրային այս բազմուսույց և հոգեշահ ավանդությանը։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Ինչպես էլ լինեն մեր գիտելիքները, Փրկչի Լեռան քարոզը կմնա իբրև հավիտենական ճշմարտություն, որին չենք դադարի դիմել, քանի դեռ դժբախտ ենք ու նվաստացած, քանի դեռ մարդ ենք... Ավետարանում ամփոփված է լուսավոր խնդության հոգին, ներողամտության հոգին, սերը մարդկանց հանդեպ։ Փրկչի ամեն խոսքում և գործում խորապես նվիրական մի բան է ճառագում յուրաքանչյուր սրտի համար, առինքնում ինչ-որ բանով, որը թույլ չի տալիս ինքնամփոփվել, այլ ընդհակառակը` ստիպում է բաց անել հոգին։ Նա արդեն Զորությունների տերը չէ, որ սպառնում ու զայրանում է Իր ժողովրդի` Իր «անդրանիկի և ընտրյալի» վրա, այլ Աստվածամարդն է, Ով իջավ ու հայտնվեց մարդկանց, ապրեց նրանց մեջ, սիրեց և հասկացավ ամեն ինչ, որ նրանց մեջ տկար է և ոչինչ։ Հիշենք գալիլեյան Կանայի հարսանիքը. ինչպիսի՜ հոգատար ուշադրություն փոքր մարդկանց ուրախությունների հանդեպ. հիշենք նաև Անառակ որդու առակը»։
Վ. ՌՈԶԱՆՈՎ
Ռուս հրապարակախոս և քննադատ

«Հազիվ էի տիրապետել վարժ ընթերցելու արվեստին, երբ մայրս սկսեց ինձ հետ Աստվածաշունչ ընթերցել, ինչը երբեք չընդհատվեց ընդհուպ մինչև Օքսֆորդի համալսարան ընդունվելս... Այժմ բացել եմ իմ ամենահին Աստվածաշունչը` հնամաշության առումով հինը, 1816 թ. Էդինբուրգում շատ սեղմ տպագրությամբ հրատարակված այս փոքրիկ գիրքը։ Այս տարիների ընթացքում այն դեղնել է և ճմրթվել, բայց գործածվելուց չի կեղտոտվել, բացի միայն Թագավորաց գրքի Ը գլխի և Երկրորդ Օրենքի ԼԲ գլխի էջերի ստորին մասերից, որոնք մաշվել են ու սևացել, որովհետև այդ գլուխների ուսումնասիրությունն ինձ հաջողվել է մեծ ջանքերի գնով։ Եվ հենց այստեղից դուրս սահեց մայրիկիս ձեռքով կազմված գլուխների ցանկը, որոնք նա պարտադրում էր ինձ սերտել, և որոնք ծառայեցին իմ հոգու զարգացմանը։ Եվ իսկապես, թեև հետագայում ես զգալի գիտելիքներ ձեռք բերեցի մաթեմատիկայի, օդերևութաբանության և այլ գիտությունների մեջ, աշակերտեցի բազում ուսուցիչների, սակայն համարձակ խոստովանում եմ, որ այս գլուխների յուրացումը (որի համար պարտական եմ մայրիկիս) իմ բովանդակ կրթության ամենաարժեքավոր, ուստի և միակ էական մասն է եղել։
Ո՛չ վախը, ո՛չ կասկածը, ո՛չ էլ սխալները երբեք չեն խանգարել ինձ հավատարիմ մնալ Ս. Գրքի այս գլուխներին։ Եվ երբեք չեմ դավաճանել այն հորդորին, որը պետք է ամենից հաճախ կրկնեի. «Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից» (Առակ. Գ 3)։

Ջոն ՌՅՈՍԿԻՆԻ
Անգլիացի գրող, գեղագետ և բարոյախոս

Դիտվել է՝ 2609

Մեկնաբանություններ