Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Ականատես ենք ոչ մեծ պետության առաջնորդի բավականին մեծ մասշտաբի քաղաքական գործունեության

Ականատես ենք ոչ մեծ պետության առաջնորդի բավականին մեծ մասշտաբի քաղաքական գործունեության
13.07.2024 | 15:17

Հունգարիայում հայ սպայի սպանությունը և մարդասպանի ազատ արձակումը շատ խորը բացասական հետք է թողել հայ հանրության մեջ, դա դեռ երկար ժամանակ կպահպանի իր բացասական ազդեցությունը հայ-հունգարական հարաբերություններում: Սակայն, եթե մի կողմ թողնենք այդ հանգամանքը և անկողմնակալ գնահատենք վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության գործունեությունը, ապա արդարությունը պահանջում է խոստովանել, որ, շնորհիվ նրա ճկուն քաղաքական քայլերի, բավականին սահմանափակ ռեսուրսներով Հունգարիան այսօր դարձել է ազդեցիկ դերակատար միջազգային գործերում: Օրբանի գործունեությունը շատ հետաքրքիր և դիտարժան է: Վերջին բանակցությունները Պուտինի, Սի Ծինփիի հիմա էլ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ֆավորիտ Թրամփի հետ, պատերազմի և կոնֆլիկտայնության ավարտի շուրջ, Օրբանին դարձրին թիվ մեկ գործիչը: Արմատական եվրաբյուրոկրատիան կարծում է, որ, ստանձնելով Եվրոպական խորհրդի նախագահությունը, Օրբանը խայտառակել է ԵՄ-ը, սակայն, հակառակ դրան, նա դարձել է խիստ պահանջված գործիչ, եթե նկատի ունենանք Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն-Պեկին-Կիև քաղաքական-դիվանագիտական կոմունիկացիաների վերագործարկման խիստ անհրաժեշտությունը: Երկար ժամանակ է, որ Օրբանը Զելենսկու վարչակարգի խիստ քննադատներից է, բայց իր պատվից վեր չհամարեց ժամանել Կիև և հստակեցնել նաև ուկրաինական կողմի մոտեցումները խաղաղության հասնելու գործում: Ո՛չ Մակրոնը, ո՛չ Շոլցը, ո՛չ էլ մյուս եվրոպական լիդերները չկարողացան անել այն, ինչ հիմա անում է Օրբանը: Աստված տա՝ նրա խաղաղարար առաքելությունը հաջողությամբ ավարտվի: Դա կփրկի տասնյակ հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդների կյանքեր: «Ավտորիտար» և «ոչ ժողովրդավար» պիտակվող հունգար վարչապետը կարժանանա համաժողովրդական երախտագիտության, ի տարբերություն «ժողովրդավարության համար մարտնչող» ռահվիրաների, որոնք հաստատ ռազմաճակատում զոհվող զավակներ չունեն: Ի դեպ, Օրբանի ներկա առաքելությունը նշանավորվեց նաև նրանով, որ Էրդողանն այլևս չի կարող համարվել Արևմուտք-Ռուսաստան մեծ բախման մեջ միակ միջնորդը: Իմ տպավորությամբ՝ Պուտինն այլևս չի ցանկանում օգտվել այդ միջնորդությունից, հավանաբար, այստեղ կա որոշակի անվստահություն Անկարայի նկատմամբ. վերհիշենք Կիևին «Բայրաքթարների» մատակարարումը և Ղրիմը Ուկրաինայի անբաժան մաս համարելու թուրքական պաշտոնական դիրքորոշումը: Եվ վերջում նշեմ նաև, որ Օրբանը շատ պարտաճանաչ մասնակցում է թյուրքախոս երկրների բոլոր միջազգային համաժողովներին և հավատարիմ մարդ է նաև այս ձևաչափում: Այնպես որ, ականատես ենք ոչ մեծ պետության պետական առաջնորդի բավականին մեծ մասշտաբի քաղաքական գործունեության, որի գնահատականը պատմությունը կտա, միայն թե, հաջողությամբ ավարտվի:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ