Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինքնություն և պարտականություն, կամ լրջանալու պահը

Ինքնություն և պարտականություն, կամ լրջանալու պահը
06.08.2023 | 11:45

Ամենակարևոր բանը, որը, սակայն, տարրալուծվում է աշխարհի բազմազանության մեջ, հավաքական ինքնությունն է։ Հատկապես մեզ՝ հայերիս համար դա անհրաժեշտ ու ամբողջական համակարգ է՝ մեր ազգի տեղն ու դերը տիեզերքում պահելու համար։ Ահա մի հարց, որին բովանդակային առումով չենք անդրադառնում ու չենք ներառում մեր կյանքում կրթության, միջավայրի ձևավորման, բարոյական արժեքների կարգավորման, օրենսդրական և, վերջապես, պետական մակարդակներում։

Նախ անդրադառնանք բուն ինքնությանը և նրա նշանակությանը քսանմեկերորդ դարում։

Նախկինում ինքնությունը պարտադրված էր զանազան պատճառներով՝ հանրության պաշտպանության, համատեղ գոյատևման, մշակութային միասնականության և այլն։ Դրանով, բնականաբար, որոշվում էր ազգային լինելիության հարցը։ Նախորդ դարերում այն հիմնականում պայմանավորված էր ծնունդով ու ընտանիքով, և գրեթե չկար ընտրության հնարավորություն։ Սակայն հենց այդ պարտադրանքն ու ձևավորված միջավայրն էին խթանում ինքնության պահպանությունը։

Այժմ, քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց, փոխվում են մարդու պատկերացումները, մշակութային պատկանելությունը, ինչը թափանցում է գրեթե բոլոր բնագավառները՝ հասնելով մինչև լեզվամտածողության տիրույթ։ Համաշխարհային գործընթացները տանում են հիմնական կողմնորոշիչների համահարթեցման և բոլոր մարդկանց նույնական մտածողության դաշտ, ինչն արվում է ծայրահեղ ցածր շեմային արժեքների միջոցով՝ լուրջ խոչընդոտներ առաջացնելով մարդու և հանրության ամբողջական զարգացման համար՝ նրանց եռաշերտ բովանդակությամբ։ Այս երևույթն առավելապես խոցելի է դարձնում թույլ զարգացած ազգերին ու պետություններին։

Այսպիսով, դիտարկելով այս խնդիրները և ազատության աղճատված ընկալումները, մարդու ինքնության պատկանելությունը դառնում է խնդրահարույց։ Արդյունքում պատկանելության հարցն անհատականացվում է՝ հեռացնելով մարդուն իրեն բնորոշ առանցքից։ Ինքնության պատկանելության խնդիրը պարտադիր պատասխանատվությունից ինքնաբերաբար վերածվում է կամավոր պարտականության, իսկ կամավորության դեպքում հանրության հանդեպ պատասխանատվությունը նվազում է և վերածվում անհատական ընտրության ու գնահատանքի։ Ահա այս պայմանները և աշխարհի անկանոն ու հեգեմոն շարժումները չափազանց բարդացնում են ազգային ինքնության պահպանման ու զարգացման հնարավորությունը։

Հետևություն։ Սիրելի՛ հայեր, քսանմեկերորդ դարում, երբ ցնցվում են ինքնության և մշակութային հիմնարար արժեքների հիմքերը, հարց է առաջանում․ կամավորական հիմունքներով պատկանելության պարագայում, երբ պետությունն էլ, ցավոք, որդեգրել է վերը հիշատակված խնդրահարույց արժեքները՝ չունենալով երկրի կայուն զարգացման հեռանկար, ինչպե՞ս ենք ապահովելու մեր հավաքական ինքնության պաշտպանությունը։ Այս հարցին հիմնարար կերպով պիտի անդրադառնան հատկապես Հայ առաքելական եկեղեցին և մեր ողջ մտավորական ներուժը, մնացյալը, սիրելինե՛րս, պատրանք է։ Ասում եմ ու կրկնում եմ՝ քանի մենք չկանք որպես կազմակերպված ուժ, ոչ ոք մեր կիսատ-պռատ ձայնը չի լսելու։

Հետևություն։ Մեր գոյության իրավունքը հնարավոր է ապահովել այս բովանդակության մեջ։ Անշուշտ, Արցախն էլ ներառյալ, քանի որ դա մեկ խնդիր է, և իրարից տարանջատելը փակուղի է ու մոլորություն։

Եզրակացություն։ Սիրելինե՛րս, ազատվե՛նք բոլոր կողմնորոշումներից, կարծրատիպային արժեքներից և մեր բնորոշ արժեքների ու զորավոր հավատի ներքո քսանմեկերորդ դարում նոր Ավետիս բերենք՝ հանրությունների ներդաշնակ հարատևման ավետիսը։ Գիտակցենք ու հավատանք, և այդժամ, Աստծո օգնությամբ հզորացած, ի վիճակի կլինենք իրացնելու մեր հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, մի անխորտակելի իրավունք, որը բխում է Արարչակարգից, ուստի և մղում է կազմակերպված գործողության։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 4429

Մեկնաբանություններ