Ովքեր միայն 2018-ից են տեսնում մեր խնդիրները, վստահ եմ, որ մինչև վերջ չեն ընկալել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Բայց ես մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել, որը կարծում եմ տեղին կլինի այստեղ նշել։
2015 թվականին Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա իշխանությունները գնացին սահմանադրական փոփոխությունների։
Ընդ որում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե իր կամքին հակառակ գնան պառլամենտական կառավարման ճանապարհով, ապա ինքը չի հավակնի բարձրագույն պաշտոնների։
Ինձ համար ի թիվս այլ չափազանց վիճելի կետերի, ամենավիճահարույցը ՀՀ Սահմանադրության նոր նախագծից «ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորի» ինստիտուտը ջնջելն էր։
Նախկին Սահմանադրությունը հստակ սահմանում էր.
«ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ՀՀ Նախագահն է»:
Իսկ նոր Սահմանադրության մեջ տարածքային ամբողջականության մասին միայն մեկ անդրադարձ կա.
«ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ տարածքային ամբողջականությունը»:
Ի դեպ, հանուն նոր Սահմանադրության նախագծի անխոչընդոտ ընդունման և
Ալիև-Պուտին-Սարգսյան դեկտեմբեր-հունվարյան հանդիպման չեղարկման (որի մասին ի դեպ Ալիևը բողոքում էր, թե Սերժը ամեն անգամ մի պատճառ գտնում է, հանդիպումից խուսափելու համար) բեմադրվեց «Զինված հեղաշրջման տրագիկոմեդիկ» գործը, և ըստ էության, հենց այդ պահից սկսվեցին Հայաստանի համար ճակատագրական անցուդարձեր` շախմատային պարտիաներ, որտեղ Հայաստանի և Արցախի շահերը ինչպես հետագա ժամանակահատվածը պետք է ցույց տար, զոհաբերվեցին «ավելի զորեղ ուժերի նպատակներին», ինչպես հետագայում պետք է խոստովաներ Սերժ Սարգսյանը, թե ինքը ո՛չ թե Նիկոլին է պարտվել, այլ ավելի զորեղ ուժերի։
2016 թվականին սկսվեց «4-օրյա պատերազմ» անվանումը ստացած ռազմական օպերացիան։
2016 թվականին Հայաստանը ցնցվեց ՊՊԾ գնդի գրավմամբ, որը կարող էր վերածվել լոկալ քաղաքացիական բախման։
2018 թվականին Հայաստանը «ցնցվեց» «թավշյա հեղափոխության» ալիքով, որը որևէ կերպ չի կարող տեղավորվել իրական հեղափոխության տրամաբանության մեջ, և իր բնույթով, իշխանությունների կրավորական կեցվածքով, զարգացման ժամանակահատվածի վերլուծությամբ, հատուկ ծառայությունների անհասկանալի վարքագծով ավելի շատ հարցեր են առաջացնում։
2020 թվականի սեպտեմբերին սկսվեց 44-օրյա պատերազմը։
2022 թվականի սեպտեմբերին` Ադրբեջանը լայնածավալ հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, որտեղ ունեցանք 200-ից ավելի զոհեր և տարածքային կորուստներ։
Հիմա Ալիևը խոսում է Արցախին ժամանակ տալու, և նոր օպերացիա ձեռնարկելու հնարավորության մասին, որը, դատելով վերևում բերված տարեթվային լոգիկայից, հնարավոր է, որ կլինի 2024 թվականին։
Հետաքրքիր է չէ՞, մեզ համար բոլոր անկյունաքարային իրադարձությունները տեղի են ունեցել` 2016, 2018, 2020, 2022,..
Ռազմական գործողությունները` 2014, 2016, 2020, 2022, ...
Շախմատային այս պարտիան դեռ շարունակվում է։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ