Ինչպես իրավաբաններն են պնդում, երեկ խորհրդարանը սահմանադրական հեղաշրջում իրականացրեց, որին մասնակցում էր միայն իշխանական մեծամասնությունը։ Մեկ մարդու նման կողմ քվեարկելով նախագծին, իմքայլականները, փաստորեն, խմբակային հանցագործություն արեցին։ Համենայն դեպս, բոլոր իրավաբանների պարզաբանումներն այս մասին են վկայում։ Այս նախագծի և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Երեկ խորհրդարանը սահմանադրական փոփոխությունների նախագիծը վավերացրեց։ Ինչու՞ հանրաքվեից հրաժարված իշխանությունը, այդուհանդերձ, արտակարգ դրության պայմաններում փորձեց ՍԴ-ի այսօրվա կազմից հապճեպ ազատվել՝ անտեսելով նաև Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները։
-Պատճառն ամենևին էլ այն չէ, թե իբր լուրջ բարեփոխումների են գնում։ Կան որոշ խնդիրներ, որոնք այս իշխանությունը մեծ մոլուցքով փորձում է լուծել։ Մեկը Քոչարյանի դատավարությունն է։ Նախօրեին, երբ դատարանը կալանքից ազատելու որոշում կայացրեց, իշխանությունը մտահոգվեց, թե ինչպես եղավ, որ առանց իր հրահանգի նման որոշում է ընդունվել։ Հաջորդն էլ այն էր, որ Ծառուկյանին չկալանավորեցին։ Վենետիկի հանձնաժողովն ընդամենը երեկ ներկայացրեց իր կարծիքը և նույն օրը խորհրդարան բերվեց նախագիծը։ Ինչ բացատրություն էլ տրվի սրան, ակնհայտ է, որ դա պետական մոտեցման մասին չի խոսում։ Արդեն ակնհայտ է, որ երկիրը միանձնյա ղեկավարելու մոլուցք կա, չնայած իշխանափոխության առաջին իսկ օրերից էր դա նկատվում։ Երբ Ծառուկյանի անձեռնմխելության հարցն էին խորհրդարանում քննում, ես սպասում էի, որ իմքայլականները լուրջ բանավեճ կծավալեն ընտրակեղծիքների, ընտրակաշառքների, այսինքն՝ երևույթի վերաբերյալ։ Բոլորը լռեցին ու զինվորի նման գնացին քվեարկեցին։ Դժվար է պատկերացնել, որ նման խորհրդարան կարող է լինել։ Դուք անձի՞ն էիք ուզում դատապարտել, պատժել, թե՞ երևույթն էիք ուզում վերացնել։ Իսկ նման երևույթ Հայաստանում սկսվել է դեռ 1990 թվականից, երբ ՀՀՇ-ն ճնշումներ գործադրեց մարդկանց նկատմամբ։ Հիշենք, թե ԵՊՀ-ից նախագահի թեկնածու առաջադրված մի կնոջ հանդեպ ինչեր արեցին, որը որոշ ժամանակ անց ինֆարկտից մահացավ։ Այսինքն, այդ երևույթի արմատները լրիվ այլ տեղ են։ Բարի լինեին, այդ երևույթը համալիր քննեին։
-Իսկ իշխանությանն ընդհանրապես հետաքրքի՞ր է ընտրակեղծիքների բացահայտումը։ Եթե Ծառուկյանը կառավարության փոփոխության մասին չհայտարարեր, նրանք կհարուցեի՞ն այդ գործը։
-Միանշանակ՝ ոչ։ Սա քաղաքական գործընթաց էր։ Եթե այդքան պինդ, ուժեղ իշխանություն եք, ինչու՞ եք վախենում, որ քաղաքական ուժերից մեկն էլ կարող է հրաժարական պահանջել։ Այսինքն, քաղաքական բանավեճ սկսելու փոխարեն ընդամենը սպառնում եք քրեական գործերո՞վ։
-Ինչու՞ արտակարգ դրության պայմաններում այս նախագիծը բերվեց, համ ասում են, թե պատերազմ է, համ իշխանության թանին թթու մի ասեք, համ էլ հենց իշխանությունն է զբաղված ոչ թե վիրուսի տարածումը կանխարգելելով, այլ ՍԴ հարցով։
-Այս իշխանությունը մի տարօրինակ մտածողություն ունի. չի սիրում, որ քննադատում են, առաջարկ են ներկայացնում։ Այլախոհությունն իրենց համար թշնամանք է։ Ոչ մեկը քաղաքական աշխատանքի և պետական կառավարման փորձ չունի, բայց փորձում են բոլորին խրատել կամ խանգարել։ Եթե սա լիներ փողոցի հարաբերություն, կարելի էր հասկանալ, բայց երբ այդ ամենը գալիս է խորհրդարան, կառավարություն, աբսուրդ է։ Արտակարգ դրություն են հայտարարել ու այդ ընթացքում հաստատեցին Լանզարոտի կոնվենցիան, գույքահարկի հետ կապված վիճահարույց օրենքը, հիմա էլ սա։ Ձեզ համար Սահմանադրությունը խաղալի՞ք է։ Դուք կարող եք հապճեպ որոշել ու ընդունել նման որոշու՞մ, ոչ հանրության հետ եք քննարկել, ոչ քաղաքական ուժերի։ Իրենց համար լոզունգ են դարձրել՝ «մեզ ժողովուրդը մանդատ է տվել»։ Լսեք, ձեզ ժողովուրդն ընդամենն ընտրել է, որպեսզի ճիշտ կառավարեք, չի ասել, թե գնացեք, ինչ գլխներումդ ծագի, արեք։ Այդպիսի բան չկա։ Բա որ ու պետության գլխին մի օյին խաղաք, ո՞վ է պատասխանատուն։ Իրենք հետևյալ կերպ են առաջ գնում, եթե որոշել են այս բանը, պիտի անեն, չեն նայում` վա՞տ է, լա՞վ է, հակասահմանադակա՞ն է։ Այս գործելակերպն ընդդիմությանը ստիպեց ավելի կոշտ դիրքորոշումներ հայտնել։ Մեր երկրում իսպառ վերացել է քաղաքական բանավեճը։ Իշխանությունը ոչ միայն բանավիճելու մշակույթ չունի, այլև համագործակցելու։ ՈՒմ հետ է այսօր Փաշինյանը համագործակցում, ոչ մեկի, անգամ իմքայլականների հետ չի խորհրդակցում, հրահանգ է տալիս, նրանք էլ կատարում են։ Կա մի հատված, որն իրեն է վստահում, բայց ժողովրդի շրջանում մի շերտ էլ կա, որ քննադատում է, սակայն քննադատողներին ամեն կերպ առաջինները փորձում են սևացնել, վիրավորել։ Այսպիսի բան մեկ էլ ՀՀՇ-ի տարիներին կար, ինչը վտանգավոր է։ Այսօր տեսնում եմ, որ ՀՀՇ-ի կադրերը թելադրում են ու իրականացնում նույն քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է վիրուսի հաղթահարմանը, մենք գործ ունենք կառավարչական ձախողման հետ։ Մյուս երկրները կարողացան կառավարչական մոդելով ճիշտ տանել այդ պայքարը։
-Եթե որոշ ժամանակ առաջ այս անհանդուրժողականությունը, ընդդիմության հանդեպ վերաբերմունքը մեր երկրում էր քննարկման հարց դառնում, հիմա սահմաններից դուրս է եկել ու դատապարտվում է նաև ԵԽ-ի պաշտոնյաների կողմից։ Սրան գումարվում է նաև մեր արտաքին հարաբերությունների տխուր վիճակը, խնդիրներ կան մեր բոլոր գործընկեր և դաշնակից երկրների հետ։ Ինչու՞ է իշխանությունն այսքան հեշտությամբ հարաբերություններ փչացնում։
-Ես դեմ չէի լինի, եթե արտաքին հարաբերություններում խնդիրները միտված լինեին մեր ազգային անվտանգությունն ավելի ամրապնդելու, մեր ներքին ուժերը կոնսոլիդացնելու, ռեսուրսները միավորելու համար։ Ցավոք, այդպես չէ։ Խնդիրներ կան ՌԴ-ի հետ, որը շարունակում են համարել մեր երկրի ռազմավարական դաշնակից, ինչը նշանակում է, որ այդ հարաբերությունները պիտի լինեն դաշնակցային, վստահելի։ Այդպես չէ։ Ինչու՞ Մոսկվա չգնաց Փաշինյանը։ Ալիևը հրաժարվեց գնալ, հաջորդ օրն էլ դու ես հրաժարվում։
-Ո՞րն է չգնալու իրական նպատակը, ըստ Ձեզ։
-Չգնալու մի քանի պատճառներ կան։ Նախ Փաշինյանն էլ է նկատում, որ կա հարաբերությունների սառեցում, հետո Քոչարյանի հանգամանքն էլ է կարևոր։ Երբ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները, Եվտուշենկովը որոշեցին Քոչարյանի գրավի գումարը փոխանցել, ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը շարունակում է Քոչարյանին պաշտանելու գիծը։ Խնդիր են նաև «Գազպրոմի» հետ հարաբերությունները, բազմաթիվ այլ հարցեր էլ կան, Լավրովը թերևս լավ ձևակերպեց, որ Հայաստանի հետ կան խնդիրներ։ Արտաքին հարաբերությունների հաջորդ ուղղությունը՝ Չինաստանը։ Այս երկիրն էլ չեղարկել է Հայաստանի ներկայությունը «մեկ գոտի, մեկ ճանապարհ» խոշոր ծրագրի քննարկմանը։ Սա նշանակում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկություն ունեցող Չինաստանը ևս մեր հանդեպ հանկարծ սառեց։ Ինչու՞։ Ինչու՞ Իրանում, ուր հայերի նկատմամբ երբևիցե չի եղել վատ վերաբերմունք, մեր դեմ ցույցեր կազմակերպվեցին, իսկ մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ ցույցերն ինքնաբուխ չեն լինում։ Ոչ մի կերպ չեն կարգավորվում Եվրոպայի հետ հարաբերությունները։ Վկայությունը` Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։
-Ի դեպ, դրան նախորդեց նաև ԵԽ պատգամավորների հայտնի հայտարարությունը։
-Այդ հայտարարության հետ կապված մենք նամակով դիմեցինք ԵԽ նախագահին ու խմբակցություններին։ Կարծում եմ, որ այն իր որոշակի ազդեցությունն ունեցավ բանաձևի քննարկման ժամանակ։ Իսկ այս իշխանավորներն այնտեղից ուրախ-ուրախ գրեցին, թե ինքնորոշման իրավունքն այս փաստաթղթերում ևս նշվեց։ Դա հիմնարար սկզբունքներից է, իսկ ինքնորոշման իրավունքի տարբեր ձևեր կան։ Հիմա ո՞ր ձևի մասին է խոսքը։ Այսինքն, ինքնորոշումը լինելու է Ադրբեջանի սահմաններու՞մ, թե՞ այն կարգավիճակով, որն արդեն Արցախը ձեռք է բերել։ ՈՒ շատերը, որ այս ամենից չեն հասկանում, հայտարարում են, թե տեսա՞ք՝ հայանպաստ բանաձև ընդունեցին։
-Վերադառնալով Ռուսաստանի հետ խնդիրներին, եթե մինչև վերջերս իշխանություններն ընդդիմադիրներին համարում էին նախկին, թալանչի, կոռուպցիոներ, հիմա հետևողականորեն մեկ գիծ են տանում, թե բոլոր ընդդիմադիրների թիկունքում Կրեմլն է։ Ինչո՞վ է պայմանավորված սա։
-Հակառուսական տրամադրությունները գնալով մեծանում են, և սա անում են, այսպես կոչված, սորոսական ուժերը, որոնք տարբեր հասարակական կազմակերպությունների անվան տակ են գործում, իսկ այս ամենն իշխանության կողմից խրախուսվում է։ Ավելին, այս իշխանությունը թույլ է տալիս ՀՌԱՀ (Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով) նախագահ Տիգրան Հակոբյանին ԱԺ ամբիոնից հայտարարել, թե ռուսական ալիքների հետ կապված տեղեկատվական և լեզվական անվտանգության հարց կա։ Հասկանու՞մ է, թե ինչ է ասում։ Այսինքն, փաստում եք, որ Ռուսաստանը, որպես դաշնակից երկիր, Հայաստանում տեղեկատվական դիվերսիա՞ է իրականացնում։ ՈՒզում եք սահմանափակել այն երկրի ալիքները, որտեղ ապրում են 2,5 միլիոնից ավելի հայե՞ր։ Հիմա փորձում եք այդ երկրի հետ գործընկերային հարաբերություններից ձերբազատվել ու ինչ-որ ծրագրեր եք իրականացնում, անունն էլ դնում եք՝ անկախություն, ինքնավարություն։ Եթե հունիսի 24-ին Փաշինյանը գնար Մոսկվա ու Պուտինի հետ հանդիպում լիներ, հնարավոր էր որոշ խնդիրներ հարթել, բայց հիմա դրանք հետաձգվում են ու հասկանալի չէ, թե ինչ կլինի դրանց հետևանքը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ընդդիմադիրների թիկունքում Կրեմլն է, այնպես, ինչպես արևմտյան կառույցներն են խանգարում ու խառնվում մեր գործերին, որևէ պետություն չի կարող անել։ Գրանտները որտեղի՞ց են գալիս։ Եթե նայում ենք, թե ով ինչ նպատակներ է հետապնդում, հասկանում ենք, որ իշխանությունն ուզում է Հայաստանը դառնա երկու բևեռների միջև կռվախնձոր։ Հաճախ եմ խոսում նաև Թուրքիա-Ադրբեջան ալյանսի մասին, որն ամենամեծ վտանգն է մեզ համար։ Նախիջևանը ձեզ վառ օրինակ։ Հռետորական հարց եմ տալիս՝ ո՞վ է շահագրգիռ լուծելու այս խնդիրը։ Իսկ թուրքալեզու պետությունների ալյանսն ու՞մ դեմ է լինելու, առաջին հերթին մեր, քանի որ նրանց կոկորդում ենք մնացել։ Այս իրավիճակում հարաբերությունները վատթարացնել դաշնակից պետության հետ, որը նաև քո անվտանգությունն է ապահովում, պարզապես անմտություն է։
-Քաղաքական տարբեր ուժեր հայտարարում են, թե օր առաջ այս իշխանությունը պիտի հեռանա։ Դուք այս իշխանության հեռացման ի՞նչ օրակարգ եք տեսնում։
-Իշխանությունն արդեն վերջին հնարավորությունն ունի երկխոսություն ծավալելու տարբեր ուժերի հետ։ Առաջիկայում դժվար ամիսներ են մեզ սպասում, ու եթե ժողովրդին տանեն քաղաքացիական հակամարտության, մեր պետության վիճակը ծանր կլինի։ Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։ Միշտ կողմնակից ենք եղել ընդդիմության գաղափարական միավորմանը, որը Հայաստանում միշտ բարդ է եղել։ Ընդդիմությունն էլ որքան էլ հայտարարի, թե իշխանափոխության ճիշտ ժամանակն է, պետք է սառը դատի, թե դրա ինչ հնարավորություններ ու ինչ հանրային պահանջ կան։ Եթե ընդդիմությունը գնում է իշխանափոխության, պետք է հստակ ձևակերպի իր օրակարգը և թույլ չտա փողոցով իշխանություն փոխվի, որովհետև առնվազն երկու անգամ նման բան ունեցել ենք՝ ՀՀՇ ու հիմա էլ այս իշխանությունը։ Երկուսի արդյունքն էլ տեսել ենք։ Եթե պիտի գնալ փոփոխությունների, դա չի կարող ֆալստարտ լինել։ Հնարավոր տարբերակն արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ