Կապանը ճեղքում էր
26.05.2020 | 00:05
Դեռ կհասցնենք խոսել վարչապետափոխության սպասվելիք թեկնածուների «հմայքներից», առայժմ` կիրակի օրը Կապանում տեղի ունեցածի մասին:
Բայց նախ` մեկ շատ կարևոր նրբության` կիրակի-նշանային համակարգի մասին։ Կիրակին համարվում է նաև Հարության օր. այն հոգևոր օր է, տիեզերքը արարած Արարիչը վեց օր աշխատեց-ստեղծեց, յոթերորդ օրվա` կիրակիի համար հանձնարարեց` հանգստանալ աշխարհային զբաղմոււնքներից, այն նվիրել Աստծուն:
Փաշինյան Նիկոլը իր «պաշտոնավարման» առաջին իսկ օրից (կամա, թե ակամա, դժվար է ասել) անում է ամեն ինչ, որ կիրակի օրերը «նվիրված» լինեն իրեն. գտնում է մի բան, որ հանրության միտքը, հոգին զբաղվի իրենով:
Բացառություն չէր նաև այս կիրակին, որը սակայն խիստ առանցքային դարձավ Նիկոլի իշխանության համար: Առաջին անգամ փողոցը լցվեց ոչ թե Նիկոլի համակիրներով, այլ հակընդդեմ «ճամբարով»: Արձանագրենք այս անչափ կարևոր նախադեպը, անցնենք առաջ. նշանային «միջադեպը» տեղի ունեցավ Սյունիքում: Այլ կերպ ասած` Լեռնահայաստանում։ Այն Լեռնահայաստանում, ուր բաբախում են Նժդեհի սիրտն ու հոգին, գործն ու ոտնատեղը: Այն Սյունիքում, որտեղից 98-ին տեղի ունեցավ իշխանափոխությունը` Արցախյան հարցով, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով (այն ժամանակ էլ քննարկվում էր «փուլային» տարբերակը, ԼՏՊ-ն կողմ էր այդ տարբերակին):
Միջադեպի հաջորդ բաղկացուցիչն այն էր, որ վերջապես ստատուս-բողոք-լայվ-թնկթնկոց ձևաչափից (մտածված, թե ինքնաբերաբար) անցում կատարվեց բուն գործի: Եվ չնայած իշխանական թիմին հաջողվեց ձերբակալված տղաներին տանել Երևան, այնուհանդերձ, առաջին անգամ դա կատարվեց փոխհամաձայնության արդյունքում` արձանագրելով բողոքի ելածների կառուցողականությունը:
Մեր քննարկման շրջանակներում չէ` ինչու են ձերբակալվել այդ տղաները, ինչու են տարվում Երևան, քրեական գործը ինչ նրբություններ ունի։ Թե՞ այն, ինչպես մնացած քրգործերը, ջուր է, որ շուտով կհոսի այն «կարողների» վրա: Խնդիրն այլ է: Հերիք չէ, որ Սյունիքը խիստ նշանային է ինքնին, ինչպես Արցախը (ոտքդ նաև շատ զգույշ պետք է դնես նրա հողին. հիշատակներն են զարթնում այդ հպումից. ուրեմն Սյունիքում տեղի ունեցավ քաղաքական ճեղքում. Սյունիքը կանգնեց ու ասաց` ո՛չ Նիկոլին:
Եթե անկեղծ, ոչ թե իշխողին, այլ նրան խաղացնողներին: Արդեն նշել ենք` Սյունիքի «իշխանները»` քաղաքապետերը, մարզպետը, այլ խմորից են: Ասել է` իրական-հայաստանակենտրոն խաղացողներն արել են ամեն ինչ, որ Սյունիքում ՔՊ-ականությունը չգերիշխի, ընտրվել են ոչ ՔՊ-ական տեղական իշխանավորներ, որոնք էլ նախորդ օրը մաստեր-կլաս ցուցադրեցին:
Հասկանալի է` խնդիրն ունի մի քանի շերտ, «քրեականն» ասացինք, կա նաև բիզնես շերտ. Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը ինչպես մնացյալը Հայաստանում, պետք է բաժանել-տիրել, որովհետև ողջ սյունիքյան «բողոքականությունը պայմանավորվում է հենց այս գործարանի գոյությամբ:
Այնուհանդերձ, հակված ենք կարծելու, որ «Արցախը Հայաստան է` ու վերջ» կարգախոսը շրջանառության մեջ դրած հայոց ու արցախյան նորիշխողների համար կիրակի օրը «հարություն» ապրելու լուրջ ազդանշանում ուներ իր մեջ: Այն արձանագրում էր նոր խաղացողների համար` չեք ճեղքելու Արցախի հարցում ձեր ուզածի պես, մենք Լեռնահայաստանի դարպասների մոտ կանգնած ենք, որքան էլ փորձեք վախեցնել, հատուկջոկատայիններ ուղարկել, մեր տղերքին խոշտանգել, մենք այստեղ ենք, ժամանակվորապես տուն կգնանք, ի անհրաժեշտություն վերադառնալու հզոր կամքով, բայց Արցախի հարցում «խաղեր» թույլ չենք տալու:
Անկեղծ լինենք` կիրակնօրա Կապանը իսկապես Հարության շունչ ուներ. թվում էր, թե նոր իշխողը, որը մանրամասնորեն ջլատում է հայաստանյան ոգին, միտքը, տունը, շունչը, ինստիտուտները, մատաղ սերունդը` կլլելով էթնոսի բոլոր կենսահյութերը, կորոնավիրուսը բաց թողնելով ազգի վրա` հիվանդների ու զոհերի քանակը հրճվանքով մեծացնելով, փորձելով կյանքի իրավունքը խլել հայից, մարդուց, Կապանի օրինակը սիրելի էր, պատվարժան:
Հասկանալի է` Հարության կիրակին իր հետ նոր բռնաճնշումների ալիք է բերելու, սակայն դա այլևս չի աշխատելու բացառապես հենց այդ ճնշումների հույսին մնացած իշխողի օգտին:
Իրական հետհաշվարկն սկսվել է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ